Սուրբ Աննայի եկեղեցում, խիտ-լեցուն հավատացյալ ժողովրդով, Դավիթ Բլեյանը, որ մասնակից էր, ուշադիր հետևում էր լսելի-ազդեցիկ պատարագիչ Տեր Զենոն քահանայի առաջնորդությամբ ընթացող պատարագին… Կայացավ հաղորդությունը. սա նաև պատարագի մշակույթին քաջածանոթ, ոչ միայն Հայաստանյայց, այլև աշխարհով մեկ հայ առաքելական եկեղեցիների պատարագների մասնակից Նազենի աստղ Հովհաննիսյանի հաստատումն է… Դավիթը երկու ժամ և ավելի եկեղեցու մեծ սրահում, թվում է, հաղորդակցվեց բոլոր ներկաների հետ, շփվեց, սիրվեց դպիրների, սարկավագների, քահանաների կողմից… Դավթին անծանոթ մարդուն անսովոր է այս հարազատությունը, որ գալիս է Դավթի վստահությունից յուրաքանչյուրի հանդեպ. ծանոթ-անծանոթ չկա, գործում է անափ հետաքրքրասիրությունը տեղում հագեցնելու մղումով…
Իսկ Բլեյանների մեծ խմբում առանձնանում էր Արթուր Բլեյանն իր ամբողջական ընտանիքով՝ Աննա հարսով, Մարիամ և Արման սեբաստացի Բլեյաններով… Արմանը երեկ է եկել Հադրութի զորամասից. զինվորական արձակուրդի մեջ է։ Արթուրի համար կարևոր էր, որ Սուրբ Պատարագով նաև Ռոզալիա մայրիկ բարեպաշտ հավատացյալը հիշատակվեց… Պատարագը՝ իր պատարագիչով ու մասնակիցներով, պատշաճ էր:
Գարնանամուտի աշխատանք Հարավում։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։
— Ո՞վ է գրել այս գիրքը,- հարցնում է առաջադրանքը մատիտով հավեսով կատարող Դավիթը:
Ասացինք՝ իմացավ։
— Տիկին Մարիետին փոխանցեք, որ այս գիրքը լավն է, ես հավանում եմ…
— Ինչո՞ւ դու չես ասում Դավիթ… Առավոտ շուտ գնանք Մեդիակենտրոն կամ շախմատից առաջ…
Դավիթը, գիտեք, Առնոլդ Միքայելյանի շախմատի ակումբի սան է։
— Ես արդեն ասացի….
Ահա, ես էլ արդեն փոխանցեցի…
Իրիկունը Դավիթը դժվար է կտրվում սիրելի նոթբուքից գիրք-տետրում տնային առաջադրանքը շարունակելու համար…
— Քո սիրելի գիրքն է, բա տիկին Մարիետին արդեն շնորհակալություն ենք փոխանցել, չիմանա՞-նեղանա…
— Դե, ես լրիվ գիրքը չէի թերթել…
Արմինեն առիթը բաց չի թողնում Դավթի տեսողության համար իր անհանգստությունը հայտնելու, երբ Դավիթը չարաշահում է նոթբուքով զբաղվելը, աչքերն էլ բռնացնում է կկոցած…
— Քոռանամ ես, մինուճար ունեմ, էսքա՛ն դժվար ունեցա, պահեցի, որ աչքիս առաջ…
Դավիթը թե՝
— Որ վատ եմ տեսնում, ո՞նց է, որ գիշերով գիրքը ձեռքիս գալիս եմ ձեր սենյակ, ու ճանապարհին ոչ մի բանի չեմ կպնում…
Իսկապես որ, հիշել է «Իմ առաջին գիրքը» շարքից 87 (հաշվել է) ամենատարբեր մեքենաների նկարներով գիրքը ու ձեռից բաց չի թողնում, գիշերով բերում է մեր անկողին, հետը տանում Պատարագի, կարդում, շոյում, սիրում, քննում… Պատարագին գնաց ամենաառաջին շարքում բազմեց բազկաթոռին, ձախից՝ սարկավագը, աջից՝ քահանան՝ քարոզիչը, ու մտավ զրույցի մեջ իր գրքով… Իսկ հոգեհանգստյան հիշատակի կարգի ողջ ընթացքում իր վաղեմի ծանոթ, Երուսաղեմի ուխտից հարազատ դարձած Տեր Զենոնին բաց չթողեց…
Դավիթը իր զգեստապահարանում, աթոռի վրա կանգնած առավոտ շուտ ինչ-որ բան է փնտրում…
— Դավիթ, էս շոկոլադի ետևից խոհանոցի պահարաններից հասել ես զգեստապահարա՞ն, կոնֆե՞տ ես մոռացել քո հագուստի գրպաններում…
— Չէ՜,- ծիծաղում է նշանավոր,- գտել-կերել եմ… Ակորդեոնն եմ փնտրում…
Ու գտնում է. կարմիր, փոքր չափերով, իսկական, նոտաներով նվագելու համար, որ իմ ընկեր Տիգրան Ջերջյանը Մոնակոյից 2015-ի մայիսին էր նվեր ուղարկել… Պատմել եմ: Չի մոռացել Դավիթը, հիշել է ու հիմա հետը ման է տալիս, նվագում… Սա էլ՝ Սվետա Ճաղարյանի «Նորամուտ» համերգի ազդեցությունը… Մերը նվագախումբ-ընտանիք է… Կրթահամալիրի հոմանիշ կլինի «համույթը», սեբաստացի ընտանիքի հոմանիշ չի՞ լինի։
Մայր դպրոցի մուտքի պարտեզի վարդերի խնամք։
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի։
Դասավանդող-կազմակերպիչների հեծանվային պարապմունքը կրթահամալիրի Բանգլադեշում՝ փետրվարի 26-ի մեր օրացույցով նախատեսված, ինձ հետաքրքրեց: Կմասնակցեմ առաջին պարապմունքին, հետո… կտեսնենք… Հեծանվի՝ ճամփորդությամբ ուսուցման, մոտակա հայրենագիտության կազմակերպիչ լինելը ենթադրում է, որ մեր բոլոր կազմակերպիչները օր առաջ անցում կատարեն հեծանվի, որ ինքնավարությամբ-հեծանվային ակումբների գործունեության զարգացումը նման սեմինար պարապմունքների նորանոր խմբեր պիտի լինեն, հեծանիվը որպես անհատական փոխադրամիջոց գործածողների՝ սեբաստացի սովորող-ուսուցիչ-ծնողների շրջանակի ընդարձակում… Սկսենք ունեցած տեխնիկայի, կազմակերպման ու մարդկային ներուժի լիարժեք գործածումից… Վաղուց գարուն է, ու դրա ժամանակն է: Փորձենք կարևորել, որպես ուսումնական գործիք՝ սեբաստացի անհատի կողմից անձնական հեծանիվ ունենալը… Ինձ մենակ մի՛ թողեք. ես իսկապես լավ եմ զգում հեծանվով, որպես առանձնացման-միայնության միջոց, բայց պատրաստ եմ առավելագույն չափով ձեզ օգտակար լինել… միայն թե օր առաջ մոտեցեք հեծանվին…
Գարնանամուտի աշխատանք Հյուսիսում։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
Ֆոտոխմբագիր Արմինե Թոփչյան
#1312