Ամառային հուլիսն իրավունքների մեջ է. անտեսել չես կարող, իմ օրագիրը՝ վկա։ Ես Երևանում եմ, ավելին՝ ամենօրյա աշխատանքային նույն անցուդարձով (փաստ, որով հիացած չեմ), բայց…  Նայելով մեքենաների չմաշվող հոսքերին՝ տեսնում եմ, որ բազում-բազում երևանցիներ են հուլիսն անցկացնում Երևանում։ Ափսո՜ս։ Քաղաքն այլ բնակավայրից, ասենք՝ մեզ ծանոթ գյուղից, տարբերվում է հենց հանրային (ընդհանուրին և յուրաքանչյուրին պատկանող) տարածքների գոյությամբ. գյուղում դրանք կարող են և չլինել։ Եվ մենք քաղաքային իշխանություն ունենք, դրան լիազորում ենք հենց հանրային խնդիրներ լուծելը՝ սկսելով, բնական է, անտառ-այգի-պարտեզ-պուրակներից՝ ընդհանուրի զբոսավայրից կամ առանձնավայրից կամ ընդհանուրի համար պահպանվող բնությունից։ Ինչպիսին են սրանք, ինչպես ենք մենք ամենատարբեր տարիքի, կենցաղի, մարդիկ զգում, վերաբերվում օ-բնություն-օ-մայր քաղաքային կտորներին։ Ես կարող եմ, չէ՞, իմ, իմ ընտանիքի, իմ համաքաղաքացիների համար պահանջել աղմուկից, փողից, բետոն-ասֆալտ-մետաղից ազատ, բարեխիղճ խնամված, զբոսանքի ու բնական աղմուկով խաղի, շփման, միասին լինելու, առանձնանալու, ծաղկի, ծառի, թփի վրա կենտրոնանալու, մարդու ստեղծած-պահպանած բնությամբ սքանչանալու զով, ջրաշատ տարածքներ, որոնք ես անվանում եմ պուրակներ։ Մենք կարո՞ղ ենք երևանյան այսօր սոդոմ-գոմորները, որոնք փաստացի ամենատարբեր կոմերցիոն ծառայությունների (ուտուշ-խմուշ, ատրակցիոններ) աղմկոտ վայրեր են, սկսել փոխել։

Մանկություն իմ, որ անցար… Ու իմ գիրը նաև այդ մասին է։

Խանջյան փողոցի ողջ երկայնքով ձգվող, Իսահակյան, Մոսկովյան փողոցներով շարունակվող, մինչև Կասկադ… Այս այգին՝ Օղակաձև կոչվող, այն կառույցն է, որի շինարարությանը ես մասնակցել եմ։ Իմ ուսանողական (1972-1977թթ), հետո համալսարանում աշխատանքի (1977-1979), հետո 26 կոմիսարների անվան թ. 10 դպրոցում փոխտնօրեն աշխատելու (1979-1985) տարիներին ես առօրյա կապ եմ ունեցել այգու տարբեր հատվածների հետ։ Հեշտ էր բնակավայրից տրամվայ-տրոլեյբուս-ավտոբուսով հասնել Ռոսիա, հետո ոտքով այգով քայլել ու քայլել։ Քայլել միշտ եմ սիրել։ 1997-ից հետո, երբ սկսեցի բնակվել Խանջյան-Չայկովսկի փողոցների խաչմերուկում՝ քառահարկ շենքում, հայտնվեցի Օղակաձև այգու դեմ-դիմաց, բայց վերջնականապես կտրվեց կապը Օղակաձև կոչվող այգու հետ… Դավթի ծնունդով-հասունությամբ ես փորձում եմ բնական առօրյա կապ հաստատել. բարձր ասեմ՝ ավելի ու ավելի չի ստացվում, հակառակ հայրական իմ ջանքերին։ Երկու շաբաթ և ավելի մենք այգում չենք եղել. շրջանցելն էլ հեշտ չէ, միասին չարչարվում ենք առանց այգու…

Օղակաձև այգու սկիզբը համարվող «Լուսնայգին» (այդպես է գրված մուտքի վրա) կամ երևանցու խոսակցականում՝ «լունապարկը», տանել չեմ կարողանում։ Փողատեր լինեի, կգնեի այն, կմաքրեի այս էլեկտրական բոլոր չխկչխկաններից, որ կարուսել են կոչվում, իստակ կմաքրեի, որ Օղակաձևը սկսվեր որպես զբոսայգի։ Անդրանիկ Զորավարի արձանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որպես կոթողներ, ինձ համար այլևս փաստ են, որպես ճարտարապետություն և քանդակ՝ իմ հավանել-չհավանելուց անկախ. հարգանքով վերաբերենք նրանց ու պատշաճ միջավայրում ներկայացնենք, ինչպես երևանցու՝ իր երեխայի, իր ընտանիքի, իր մտերիմի հետ զբոսնելու, պարզապես զբոսնելու կենցաղային իրավունքին, որպես առօրյա։

Ե՛վ եկեղեցին, և Զորավարի արձանը ավելի ուշ կառուցվեցին, երբ Օղակաձևն արդեն կար։ Ինչպե՞ս ազդեցին սրանք այգու վրա։ Այգու և եկեղեցու ողջ երկայնքով աղբանոց-ավերակն այգո՞ւնն է, թե՞ եկեղեցունը, որքա՞ն պիտի տևի այս թշվառությունը։ Կարող էր Օղակաձևը եկեղեցուն հարող տարածքում լինել եկեղեցապատկան մեծ պուրակ՝ առանց կարուսելների, սրճարանների, ինչպես Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցու ընդարձակ պուրակն է։ Մի ուրիշ՝ քաղաքային հաճույք է զբոսնելն այդպիսի պուրակում, մտնել պուրակից (ոչ թե փողոցից, ավերակից, աղմուկից) եկեղեցի, հետո դուրս գալ եկեղեցուց դեպի պուրակ։

Այգի-պուրակների խնդիրը Երևանում շրջանցել չես կարող։ Սրանք այսօր մեկ-երկու բացառությամբ, ասենք՝ Սիրահարների այգին Բաղրամյանի պողոտայում, կոմերցիոն տարածքներ են։ Ես համոզված եմ, որ այգի-պուրակներում փոփոխություններ կարող են սկսվել, եթե դրանք հայտարարվեն ազատ հանրային, ոչ կոմերցիոն գոտիներ։ Խնդիրը տարածքի մեծությունը չէ, այլ այգի-պուրակի բնույթը։ Ահա ինչու մեզ մարդու և այգու հարաբերության նոր մոդել է հարկավոր, և սա՝ որպես նախաձեռնություն, կարող է գալ հենց պետական իշխանությունից։

Օրագրի առաջարկը։ Ազգային ժողովի այգին տարին 2 անգամ է բացվում հանրության առաջ։ Ինչո՞ւ այդ չօգտագործվող խնամված կենտրոնական պուրակը չդարձնել հանրային։ Ես ժամանակ ունեցա ուսումնասիրելու այս տարածքը։ Բաղրամյան պողոտային հարող ցանկապատի մետաղե ճաղավանդակները ողջ պարագծով ինչո՞ւ չտեղաշարժվեն մինչև ԱԺ շենքի ճակատային մուտքի աստիճանները. կանաչ թեքահարթակների առկա հենապատը լավ պարիսպ կարող է դառնալ ցանկապատի նոր դիրքի համար։ Հանրային շահի պաշտպանության սրանից էլ էժան լուծո՞ւմ…

Առաջարկ 2։ Զորավար Անդրանիկի արձանից մինչև Վարդան Մամիկոնյանի արձանը (հրապարակը) ինչո՞ւ չհայտարարվի ոչ կոմերցիոն տարածք՝ եկեղեցամերձ պուրակ-զբոսատեղի։

Ես, գիտեք, սոսկ երազող չեմ. կարողացել և կարող եմ համախմբել տարբեր տարիքի ու մասնագիտության մարդկանց Բանգլադեշի քարուքռում կրթական միջավայր՝ ոչ կոմերցիոն գոտի ստեղծելու համար։ Ինչո՞ւ չփորձեն երևանյան իշխանությունները Հայաստանի կառավարության գործուն աջակցությամբ մի քանի սոցիալական ծրագրի մոդել ստեղծել. ինչո՞ւ դրանց շուրջ չենք կարող համախմբվել մենք։ Ես, իհարկե, սեփականության անձեռնմխելիության իրավունքն անօտարելի եմ համարում, և իմ առաջարկները չեն ենթադրում որևէ ձևով, անգամ իմ գլխում, քողարկված, կոչեր, ցանկություններ Օղակաձև զբոսայգում տնտեսական գործունեություն ծավալող և սեփականություն ունեցող մարդկանց ունեզրկելու։ Երբեք։ Փոխհատուցել է պետք։ Սկսենք հենց դրանից։

IMG_0434 img_2489 IMG_2531 IMG_3530 IMG_3536img_0446 IMG_2570 IMG_2623 IMG_3444 IMG_35101904132_770852402938531_1363760932_nIMG_2610

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նախատոն, Տոնի ավագ շաբաթ, ու ես sos եմ հնչեցնում…

Արփինե անունով երիտասարդ ծնողը Դպրոց-պարտեզից ինձ հուզեց իր ուշադրությամբ-հետևողականությամբ-նրբանկատությամբ… Տպավորվել էի նրա ակտիվությամբ-բարեկրթությամբ՝ կլոր սեղանից։ Իսկ հիմա Մայր դպրոցում դեպի երաժշտական ուսումնական կենտրոն քայլելիս լսում եմ նրա շփոթեցնող հարցը. —

Սեբաստացի պարտեզ, ողջույն Գյումրիից…

Արթնացել եմ Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի հարմարավետ, խելամիտ համարում: Ժամը 5- ն է առտու: Նախօրոք, իրիկունը պատրաստել եմ իմ աշխատանքային անկյունը հյուրատան պարտեզում: Այստեղ ամենուր գերմանական խնամվածություն կա, կոկիկություն, պարզություն` գումարած

Որ թաս թասի խփելը գա…

Հավաքից հավաք… Նունե Մովսիսյանի բլոգում… Այսպիսի ներկայացումը տպավորիչ՝ ծավալով-կառուցվածքով, հեղինակի պարզաբանումով հեշտ կմարսվի, գործածական-փոխանցելի կդառնա… Մեր ստեղծագործական հավաքը՝ թվով 14-րդ, ամենամյա է… Ահա ինչու՝ տիար-տնօրենի իրավունքով փաթեթն այս Նունեի պարզաբանմամբ