Լավ նշան է, որ Առնո Բաբաջանյան փողոցից Մայր դպրոցի մուտքի մոտ քեզ դիմավորում են խանդավառ-ճամփորդական-մարզական ոճի երկու տասնյակ մանկավարժներ՝ կրթահամալիրի դպրոցների երկարօրյա ուսուցման 2018-2019 ուստարվա շուրջտարյա բաց ճամբարի կազմակերպիչները… Արմինե Թոփչյանի ֆոտոօբյեկտիվը այս ապրումը, հանդիպման, ինչպես իրենց օրվա քայլարշավի (այս անգամ՝ Հրազդանի կիրճով-ձորով-գետով, Հաղթանակի կամրջից մուտքով, Մանկական երկաթուղու-դեպի Մաշտոցի պողոտա ելքով) ուրախությունը փոխանցում է մեր մանկավարժության, մեր երկարօրյայի հարյուրավոր շահառուներին, հազարավոր բարեկամներին… Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, ողջո՜ւյն, նոր ուսումնական տարի 2018-2019։ Մենք քեզ այնպես զուգենք-զարդարենք-«փոխենք», որ մեզ հետ շարունակ հետաքրքիր լինի… Ինչպես հետաքրքիր էր Շուշան Բլեյանի համար կրթահամալիրը մեկ տարի բացակայությունից հետո… Շուշանը եղավ Արատեսում, շրջեց-քայլեց կրթահամալիրի ողջ Բանգլադեշով… Հիացավ ու փոխանցեց հիացմունքը իրեն բնորոշ անկեղծությամբ, Մայր դպրոցի Մարմարյա սրահում, ուսումնական տարվա պատրաստությունը մանկավարժական բաց ճամբարով սկսող սեբաստացի ուսուցիչներին… Շուշանը, որ այսօր արդեն Վիեննայում է, դեպի համերգային բեմ իր աշխատանքին… Բլեյան է՝ կհաջողի։
Նախակրթարանի սաները՝ դաստիարակի օբյեկտիվից։ Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։
Լավ նշան է, որ խաղադաշտից գրադարան-ընթերցասրահ անցումով հայտնվում ես Մարմարյա սրահում, ու աստիճանների վրա քեզ դիմավորում են Սլավա Մուրադյան ճարտարապետ-նախագծող ուսուցիչը նորեկ, խանդավառ, տասնյակ պատանիներ՝ խելացի-լուսավոր դեմքերով, անհատականության դրոշմներով, կրթահամալիրի Ավագ դպրոց մուտքի ճամբարով հերթական․․․
Լավ նշան է, որ Անակլիայի միջազգային ճամբար՝ առանց բացակայի, Աննա Երիցյանի ուղեկցությամբ ճանապարհվում են ճիշտ ժամին, կրթահամալիրի Ավագ դպրոցի 25 պատանիներ և ուրախ-զուրախ, ճիշտ ժամին, հայտնվում իրենց անծանոթ-ձգող հարյուրավոր պատանիների աշխարհ․․․ Դուք ձեզ ու ձեր Հայաստանն եք ներկայացնում։ Պատմեք-հետևում ենք․․․
Օրն սկսվեց կանուխ, հայտնի ճարտարապետ-հետազոտող, ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանի զանգով. օրեր առաջ մեր հանդիպումից-հարցազրույցից հետո ապրում է Արատեսով, անհամբեր է դպրական կենտրոնի գործունեությանը իր մասնակցությունը բերելու․․․
Լավ նշան է, որ Ավագ դպրոցի աշխատանքային ջոկատը պատրաստվում է այս ուրբաթ հենց Արատեսում, քայլելով-ցույց տալով ներկայացնել դպրական կենտրոնի՝ բնության գրկում դպրոցի այս օրը-վաղը, զարգացումները․․․ Կլսենք, կտեսնենք Աշոտ Գրիգորյանին․ Արատեսի ողջ գործունեությունը կլինի բաց՝ յուրաքանչյուր մասնագետի հնարավորություն տալով մասնակցելու դպրական կենտրոնի կայացմանը-զարգացմանը, բնության գրկում, արդիական ուսուցման կազմակերպմանը․․․
Մաքրման աշխատանքներ կրթահամալիրի հարավում։ Լուսանկարները՝ Արաքս Հովհաննիսյանի։
Լավ նշան է, որ Արևելյան դպրոց-պարտեզ՝ Տաթև Թամազյանի 6 տարեկանների մուտքի ճամբար մտնում ես խանդավառ ծնողներին սեբաստացիական ողջույնով նշանավոր՝ ձեռք ձեռքի․․․ ծիսական, որպես հարազատներ․․․
Կրթահամալիրի կայքը mskh.am, ֆեյսբուք ցանցը, հատուկ պտույտ կատարեցի, պակաս չուներ այսպիսի լավ նշաններով սեբաստացիների երեկվա՝ 2018-2019 ուստարվա պատրաստության շրջանի պաշտոնական մեկնարկի։ Լավ նշան է։
Չգիտեմ՝ լա՞վ նշան է, թե՞ վատ, բայց Արմինեն երեկ երեկոյան, երբ մենք վերադարձանք Շուշանին ճանապարհելուց, ու Դավիթը նորից զավթեց մայրիկի պլանշետը, սպառնաց նորից փոխել գաղտնաբառը․․․
— Դու իրավունք չունես ինձանից ու հայրիկից գաղտնիքներ ունենալու, թաքցնելու․․․ Ինչի՞ չես թողնում ազատ մտնենք քո ցանցը․․․
Արմինեն, իհարկե, անհանգստացած է այն ժամանակից, որ Դավիթն անցկացնում է պլանշետի առաջ․․․ բայց տեսե՜ք իր իրավունքի պաշտպան Դավթին. Քոչարյան Ռոբերտի պաշտպանների խումբը կնախանձի․․․
Վատ է, որ ուստարի է սկսում Դավիթը իր ընտրած դպրոց-դասարանում, ընկերների հետ, բայց ուսումնական անհրաժեշտ թվային գործիք չունի․․․ Հուշեք, օգնեք՝ պլանշետ-նոթբուքի հարմար ընտրություն կատարելու…
Միջին դպրոցի սովորողների մուտքի ճամբար։ Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1444