Ես այն չեմ, այն չեմ… Փոխվել եմ, իհարկե. ինձ համար եղել է շաբաթն աշխատանքային՝ իր շաբաթ-կիրակիով, անընդհատ, իսկ հիմա, երեկ, ողջ կիրակին, ինչպես պատվիրան, անցկացրեցի իմ հարազատների-մերձավորների-ազգականների հետ… Ես, որ չեմ սիրել տարբեր խմբերով սեղանային-սեղանի շուրջ հավաքներ, 2016-ում այս էլ որերորդ կիրակին  նախաձեռնում եմ հենց մեր տանը: Շուշանի արձակուրդը Երևանում վերջանում է, ու ես առավելագույն ժամանակ եմ անցկացնում Շուշանի հետ: Երեկ Շուշանը երկար ժամանակով այցելեց մեր սիրելի Սեյրան Ավագյանին, ով տնային պայմաններում ու տոկուն շարունակում է իր բուժումը: Ես ու Դավիթն օրվա երկրորդ կեսին այցելեցինք Նազենի ավագին՝ աստղ Հովհաննիսյանին… Եվ ողջ երեկո երեքով անցկացրինք Նազենիի՝ իր ջանքերով-աշխատանքով ստեղծած, այո՛, ստեղծած բնակարանում՝ նույնքա՜ն գրավիչ-հետաքրքիր ու միշտ խնամված, ինչպես իմ քույրիկը, ով մի երեկոյի մեջ լիուլի դրսևորեց Դավթի հետ խաղալու հեղինակային մանկավարժություն… Ականջներումս է հիմա Դավթի անհամբեր կանչը՝ խոհանոցից Նազենիին շտապեցնող.
— Ավա՛գ Նազենի, շուտ արա, արի՛, տես՝ ինչ եմ սարքել…

Ուսումնական հետաքրքիր լուցկիախաղ դպրոց-պարտեզում:
Լուսանկարները` Կարինե Խառատյանի:

Երեկոյան ուշ մեզ միացավ Նազենիի անբաժան Սոֆի Մխեյանը, ու մենք չորսով կարճ զբոսնեցինք Նազենիի մեքենայով երեկոյան Երևանում… Դավիթը մինչև վերջ չտրվեց աստղային զույգի գայթակղությանը՝ պահանջեց տան ճանապարհը շարունակել իմ խոստացած մետրոյով… Ես ու Դավիթը իրիկունն ուշ, համարյա դատարկ «Բարեկամության» կայարան մտանք։ Այստեղ զարմանալի բան տեղի ունեցավ. Դավիթը հասցրեց կանգնեցնել մեքենավարին, ու ենթարկվեց մեքենավարը… Իջավ՝ ողջունեց… Երեքս՝ մեքենավարը, ես ու Դավիթը, արմանք-զարմանք կտրած, իրար էինք նայում… Իսկ այսօր երեկոյան Շուշանի, Դավթի ու Արմինեի հետ մենք այցելելու ենք Նիկոլ Փաշինյանին ու իր ընտանիքին… Տարիների հարազատություն, որ մեր կյանքն է, մեր հարստությունը, նրա պահպանումը բարեխղճություն-անընդհատություն է պահանջում և ամեն անգամ կոնկրետություն… Կոնֆուցիոսի՝ երեկվա գրի տասը պատվիրաններն այս մեկում չե՞ն. «Կարևոր չէ` որքան դանդաղ եք դուք ընթանում, շարունակեք այնքան ժամանակ, մինչև կանգ կառնեք»:

Դպրոց-պարտեզի վեց տարեկանները մարզական ստուգատեսում :
Լուսանկարները` Մարի Միքայելյանի:

Սիրելի՛ Մանուշակ Աբրահամյան, էս հո մենախոսությո՜ւնն էր մեր Արփիի, կեցցե՛ս, լսվեց, բե՛ր նաև քո խոսքը՝ քո խոստացած զրույցի. ի՞նչ են զրուցում Մանուշակ Աբրահամյանն ու իր ստեղծագործություն Արփին, որ հասկանանք՝ ոնց է Արփի-Արևից նորից առաջանում ծաղիկ Մանուշակը…
Իմ՝ կրթահամալիրի տնօրենի բլոգում նորից նախագծային ուսուցումն է, առարկայական ուսուցման կամ անգիրի դպրոցի այլընտրանքը` որպես հոմանիշ կյանքի դպրոցի… Ավագ դպրոցի հասարակագիտության սրահում (իսկական սրահ, կաբինետ չես ասի) հանդիպել էին Արմինե Աբրահամյանի սաները՝ չորրորդ-հինգերորդ դասարանցիներն ու Նունե Մովսիսյանի տասներորդ դասարանցիները՝ mskh.am-ի «Առականի» բլոգի հիմնադիր-խմբագիրները՝ Տիգրան Աբրահամյանը, Գեորգի Թևոսյանը, Արտակ Նշանյանը… Իրական պատմություն է. ոչինչ հորինված չէ, և մեծարման-ինքնագնահատականի-ինքնավստահության ժամը, որ ունեցան մեր պատանիները իրենց մրցանակակիր ուսուցչի հետ, շա՜տ մեծահասակներ կերազեին: Այսպիսի վարկն՝ իր նիշով…

«Լուսանկարչություն՝ անկախ տեսախցիկից» վարպետության դասը վարում է Pan Photo-ի հիմնադիր ղեկավար, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը:
Լուսանկարները` Մարինա Մկրտչյանի:

Ուսուցանողի և ուսուցանվողի տեղերը կյանքի դպրոցում շարունակ փոփոխվում են, չկա կարգավիճակ, որ գործատուի հրամանով է տրված, սովորող թե ուսուցիչ, տարատարիք սովորողներ թե հասակակիցներ, իհարկե, կրտսերի նկատմամբ ավագի մշտական պատասխանատվությամբ, սրանից բխող խնամքով-հոգատարությամբ, ժամանակ ու ջանք հատկացնելով… Եվ այսպիսի փոխհարաբերություններով են որոշվում և՛ ուսուցիչ-սովորողի անհատական պլանն ու աշխատաժամանակը, և՛ հեղինակային կրթական ծրագրի կազմակերպումը… Պետական հանրակրթական ծրագիրը, լսե՛ք, իր դաս-դասարանային համակարգով այնքա՜ն հեշտ ինքն իրեն կազմակերպվում է, այնքա՜ն հեշտ-ավանդաբար գնացող ծրագիր է, որ  ո՞վ կհրաժարվի և ինչո՞ւ հրաժարվի… Իսկ այ, հեղինակային կրթական ծրագիրը` մի կողմից որպես «հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ), հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն», մյուս կողմից՝ որպես այլընտրանքային կրթական ծրագիր` ապահովում է առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն: Գողգոթայի մեր ճանապարհն է սա… որպես մի նախագիծ, որ Գրիգոր Խաչատրյանի դրած անունն ունի` «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն»…

Միջին դպրոցի սովորողների մարզական օրը Ծաղկաձորում:
Լուսանկարները` Գոհար Եղոյանի:

Փետրվարյան ստուգատեսային ամիսն այս նախագծով դրսևորում է մեր 2015-16 ուստարվա կիսամյա ձեռքբերումները, ցուցանում յուրաքանչյուրիս՝ սեբաստացի սովորող, աշխատող, ընտանիք թե օղակ, խոցելի կողմերը… Կա՛մ  միջավայրից դուրս ենք շարունակում մնալ, լինել, կա՛մ փոխազդեցության, կապի մեջ չենք, կա՛մ մեր ջանքերն անհեռանկար են՝ առանց գործողությունների շարունակականության… Սրանով հեղինակային կրթական ծրագիրն ազատ-ինքնորոշված, իր արածի, հետևանքների համար անձնապես պատասխանատու մարդկանց՝ սովորող թե ուսուցիչ, ամենակարգապահ գործունեություն է…

Ձմեռը վերջին օրերն է ապրում Նորավանքում:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 584

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավիթ Բլեյանը մեծերի խմբում է

Դավիթ Բլեյանը մեծերի խմբում է: Մեծ է: Ու մեծավարի քնել է: Հաշտվել ենք եղբորս հետ: — Պապա ես քեզ շատ եմ սիրում,- գնում գալիս պտտվում է այս մի նախադասությամբ: —

Իմ օրվա գիրը՝ որպես օրվա ճամբարային խճանկար

          Լողափնյա պարտեզ: Ֆոտոշարը՝ Հասմիկ Պողոսյանի: Լողափնյա ճամբար Արեւելյան դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Քրիստինե Պողոսյանի: Լողափնյա ճամբար Արեւմտյան դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Ծաղիկ Գասպարյանի: Լողափնյա ճամբար Հարավային դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Արեւիկ

Աշխարհի՝ չհրապարակված լավագույն գործերի՞ց…

Այո, ես էլ Վիլյամ Սարոյանի նման ունեմ չհրապարակված գործեր, որ աշխարհի լավագույներից են… Երեկվա իմ հրապարակված ու սովորական-շարքային 1534-րդ գրում հիշատակված «Նկատառումները», պարզվեց, չհրապարակված էլ մնացել է. շնորհակալ եմ, ես