Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն Բաքվում է՝ Ծիծեռնակաբերդից Բաքու։ Ախ, այս ծվծվան ֆրանսիացիք, ասում էր պատմաբան Լեոն։ Իսկ Բելոռուսի նախագահ, Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից Լուկաշենկոն ապրիլի 23-ին Թբիլիսի հասավ, Երևան՝ ոչ։ Թբիլիսիում դեսպանատուն է բացելու։ Եվ «24/04.» համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ ելույթը Երևանում ես լսեցի մինչև վերջ… Ապրիլի 24-ն ազգովին անցկացրինք արարողակարգի մեջ։ Սոցիոլոգ Տիգրան Մաթոսյանը սա անվանում է ««արարողակարգ առանց մտորումների», որը չի համապատասխանում երկրի կարիքներին: «Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, և ես ցանկանում եմ, որ հարյուրերորդ տարելիցը առիթ լինի դրանց վրա ազդելու համար»,- ասել է նա: «Հայաստանը ցանկանում է լինել ժողովրդավարական, բայց դա այդպես չէ: Կա հսկայական սոցիալական անարդարություն: Դա անընդունելի է ցեղասպանությունից տուժած ժողովրդի համար»:
Դավիթ Բլեյանը շարունակ ուզում է հասկանալ՝ ոնց է, որ ապրիլի 24-ը կիրակի չէ, բայց հայրիկը տանն է… Ուշադիր հսկում է, որ հանկարծ չանհետանամ։ Իսկ ես այս ծավալվող-սաստկացող խոնավությունից խեղճացել եմ, անձայն ամբողջ օրը նվվում եմ։
Դավիթն ու ես հաղթահարեցինք Արմինեի դժգոհությունը և հյուրասենյակում ընդարձակեցինք մեքենաների ցուցադրության տարածքը։
— Սենյակ ունեք, տարեք ձեր տարածք,- պնդում էր Արմինեն։
— Լավ, հասկացանք, ի՞նչ ես թութակի պես կրկնում,- լիցքաթափում է ընտանեկան վեճը Դավիթը։ Մենք պայթում ենք ծիծաղից։
Մարիետ Սիմոնյան-Սուսան Մարկոսյանի 5-6-րդ դասարանի ընթերցարանից Արմինեն կարդում է Ավետիք Իսահակյանի «Սասունցի Դավիթ» մշակումը։ Մենք լսում ենք։ Ինձ հետաքրքիր է Դավթի ընկալումը։ Հինգ րոպե… տասը… տասնհինգ… Ինձ տարավ նստեցրեց բազմոցին, բերեց Թումանյանի «Սասունցի Դավիթը» գիրքը, տվեց ինձ, նստեց իմ ու Արմինեի մեջտեղը, նշանավոր՝ դավիթավարի ծիծաղեց.
— Հիմա էլ թող հայրիկը կարդա։
Մեր հերոսը մի ժամի չափ անցկացրեց Մհեր-Դավիթ միջակայքում…
Կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի սովորող Մարինե Մնացականյանի պատումով սկսված «Վերապրածները» խորագիրը կարո՞ղ է չընդհատվել, հարցնում եմ։ Իրեն ծանոթ մարդու, իր գերդաստանի պատմությունը՝ հայոց ողբերգությունն անհատականացնելու-մարդկայնացնելու-ճանաչելու և ճանաչել տալու՝ ապրելու ճանապարհ է՝ շարունակական ուսումնական նախագիծ… Ի՜նչ լավ է, որ Գայանե Առաքելյանն ու Գեղարվեստի ավագ դպրոց-ընտանիքը պահեց այդքան դժվարությամբ-սիրով ստեղծված նախաձեռնությունը՝ ապրիլի 24-ին հայոց երկիրը մեծացնել-շենացնելու… մի փոքր, բայց կոնկրետ… Հանրակրթական էկոտուր 2016-ում սրա նկատմամբ վերաբերմունքն ինչպե՞ս այլ դարձնենք՝ Ծառի օրվան ձեռք չտալով։ Այնքան քարքարոտ-անմշակ է մեր երկիրը, որ ապրիլյան տոնացույցը երկրագործի ոչ մի ազատ օր կարող է չունենալ։ Չպիտի ունենա։ Այ, մայիսի 7-ին կրթահամալիրի գյուղացիական տնտեսության նորամուտն ենք անելու. այնքա՜ն գործ կա՝ գործուն-տպավորիչ ներկայացնելու համար, իսկ այսպես, ընդհատումներով, «հիշելով-պահանջելով» չի արվի… Ապրիլի 24-ը Հայաստանում ընտանեկան արձագանքման օր է, չէ՞, և լավ է, որ այդպես է։ Ամենաշատը ազդում-հուզում-միավորում է խմբերով-ընտանիքներով մարդկային անվերջանալի ելքը դեպի հուշահամալիր-Ծիծեռնակի բերդը… զուսպ, միասին, անխոս, անընդհատ… Տեղին էր մարդկային հոսքին ուղեկցող կենդանի-չընդհատվող երգեցողությունը։ Նույնքան տպավորիչ էր դա, ինչքան «Սիսթեմի» ռոք-համերգը, որից, մեր մեջ ասած, ինձ պատանիների-երիտասարդների ուրախությունը մնաց, և Համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը, այ, իմն է… Լավ է, որ ընտրություն կար…
Կավճանկարչություն Սուրբ Երրորդության բակում։
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։
Ապրիլքսանչորսյան լրատվությունից առանձնացնում-կարևորում եմ Թուրքիայում կատարվածը, հատկապես հիմա։ Ես առանձին հանդես կգամ, բայց տպավորություն է, որ Եվրոպան և Ռուսաստանն օգտագործում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անկախ քաղաքականություն վարող Թուրքիային սանձելու համար։
- Աննախադեպ իրադարձություն Թուրքիայի Հանրապետությունում. թուրք նախարարը մասնակցել է Ստամբուլի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագին։
- Համաձայն 2014 թ. վերջին Թուրքիայի տնտեսական ու արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի հարցախույզի՝ Թուրքիայի բնակչության ավելի քան 9 %-ը կողմ է նրան, որ Թուրքիան 1915 թվականի դեպքերը ճանաչի որպես ցեղասպանություն։
- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձից առանձնանում են այս տողերը. «Համայն աշխարհում բնակվող օսմանյան հայերի թոռների առջև մինչև վերջ բաց են մեր սրտերի դռները»։
- Թուրքական Թվիթերում հենց հիմա ամենատարածված հեշթեգը դառնում է «ErmenilerdenOEzuerDiliyor um», ինչը նշանակում է «Ես ներողություն եմ խնդրում հայերից»։
- Ռեջեփ Էրդողանը Հայոց ցեղասպանության հարցին անդրադարձել է նաև Ստամբուլում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ…
Տիգրանյան Աշոտը վերջին 10 տարվա լրագրային այնքան կարդալու նյութ է տվել, որ մի քանի ապրիլ չի բավականացնի։ Հատուկ մեր Գևորգ Հակոբյանի համար Հովհաննես Թումանյանի քահանա ձեռնադրվելու պատմությունից առանձնացնում եմ իշխանուհի Մարիամ Թումանյանի այս խոսքը. «Առհասարակ Թումանյանը շատ բացասական կարծիք ուներ դասավանդության մասին։ Նա գտնում էր, որ դասավանդումը վերջ ի վերջո բթացնում է մարդուն և միակողմանի դարձնում» (Գրական թերթ #2954. 17.10.2008)։
2-4 տարեկաններն ավազե ժամացույց են սարքում։
Լուսանկարները՝ Ինգա Անտոնյանի։
Օրվա լավագույն լուծումը Դավիթը գտավ.
— Գնանք լողանանք, հայրիկ, մաքրվեմ, դու ոնց ես ասո՞ւմ՝ հստակվեմ։
— Ես ասում եմ՝ իստակվեմ, Դավիթ։
Բայց «հստակվել»-ը, որ ռոդարիական սխալի հնարով ստացվեց՝ իստակվեմ-հստակվեմ, տեղին է։ Ու ո՜նց հստակվեց, լողացավ, իստակվե՜ց. վայե՜լք։ Ֆիլմն էլ, նկարաշարքն էլ իր պատվերն են Արմինե մայրիկին։ [youtube https://www.youtube.com/watch?v=OrJqiMIY87g?rel=0&controls=0&showinfo=0]
Ապրիլի 25-26-ը հայտարարում եմ իստակվել-հստակվելու օրեր։ Ես, օրինակ, իմ ճարտարապետ եղբորը՝ Համլետ Խաչատրյանին պիտի հանդիպեմ, իմ եղբայր Ստեփանին հյուրընկալեմ, բարի ճանապարհ մաղթեմ Լիլիթ Բլեյանին ու շնորհավորեմ իմ փեսա Գարիկ Հովհաննիսյանին… շենքում իմ հեծանվի կայանման խնդիրը լուծեմ… Եվ դեռ հեծանվային աշխատանքային շրջագայություն կատարեմ կրթահամալիրում…
Այս ամենը նոր չէ, եղել է, կրկնվում-շարունակվում-ծավալվում է։ Ահա ձեզ 1995թ. ապրիլի 21-ի ընդարձակ-կոնկրետ հրապարակումը Հայոց ցեղասպանության 80-ամյակի առիթով, որ կարող եմ հաստատել։ Ես՝ որպես կառավարության անդամ, նախարար, կարող եմ վկայել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցումը, որ այնքան արագ կատարվեց, 1994-95-ի սուղ, շատ սուղ միջոցներով… Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, ճիշտ է, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շենքում, ոչ մարզահամալիրում, բայց պատշաճ գիտական մակարդակով… Այն, ինչ ուզում եմ ասել-շարունակել, հանդիպեցի համակարգչի իմ էկրանին. իսկ ես չեմ կարող առանց հղումի արտագրել, չի կարելի։ Ահա. «Ես պարզապես չեմ սիրում, թե ինչպես է այն հրապարակայնորեն ներկայացվում: Եվ դա միակ բանը չէ, որ ձևավորում է իմ ինքնությունը: Սփյուռքը կենտրոնացած է ցեղասպանության վրա: Դա նրանց համար ինքնության խնդիր է: Մենք քաղաքացիներ ենք, ունենք այս փոքրիկ հրաշք հողակտորը: Հայաստանի Հանրապետության հիմնական նպատակն է այստեղ ապրող հայերի համար այն դարձնել արժանապատիվ վայր»։ Հիմա ես ինտերնետում փնտրում եմ սոցիոլոգ Տիգրան Մաթոսյանին…
Իմ օրագրի գլխավոր նկարից, Շուշան Բլեյանի ՖԲ էջից ու նրա տրամադրությունից-գործունեությունից երևում է, որ իր և իր ուսանող հայ ու այլազգի ընկերների մատը խառն էր Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ։
Գարուններ։
Լուսանկարները՝ Արմինե Մնացականյանի։