Յոգայի գուրու Ար Սանտեմայի կողմից կազմվել են կյանքի ներդաշնակությունն ապահովող կանոնները՝ 12 բնական օրենքների տեսքով։ Այնքա՜ն պարզ, որ յոգայից հազար կիլոմետր հեռու ձեր տիարին էլ է ընդունելի, ու իմ նոր բարեկամ գուրուի թույլտվությամբ (միշտ և ամենուրեք թույլտվություն հարցնելը 12-րդ կանոնն է), դրանցով եմ սկսում իմ թվով 1437-րդ գիրը։ Ի՞նչ մնաց հոբելյանական 1500-րդին, մի կարգին պատրաստվեք։ Հրե՜ն, մեր Նիկոլ վարչապետը կառավարության 100-րդ օրը տեսեք՝ ինչ խնամքով պատրաստում է, հրավիրում, ընթերցող ջան, ո՞նց չմասնակցես․․․ Ձեր գիրն է, չէ՞, ա՜յ սիրասուն խալխ, ձեզ համար եմ, չէ՞, պատմում իմ օրը, ա՜յ ղուրբան՝ Աբովյան Խաչատուրը կասեր, նախաձեռնող խումբ ստեղծեք… տեսե՜ք՝ նեկտար չէ՞, որ շաղ է տված… Ի՜նչ մեղր է ստացվել․․․
2-4 տարեկանների ամառային պարտեզ կրթահամալիրի հյուսիսում։ Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։
Հասմիկ Պողոսյանը Հարավից, իմ սպասված անձն էր, ու մեր հանդիպումը Մեդիակենտրոնում՝ աշխատանքային լեցուն օրվա համար պարգևներից։ Հասմիկը տարատարիք ջոկատով նոր է վերադարձել Սևանի մեր «Ժայռ»-ից, հմայքը բազմապատկած՝ ճամբարը զիջելով Գոհար Սմբատյանի, Անուշ Աղաբաբյանի, Լարիսա Գևորգյանի նույնպիսի ջոկատին․․․ Ճամբարի, Փարիզից մեր հայրենակիցների համալրումով՝ այս էստաֆետը կընդունի Սոնա Փափազյանը․․․ Ի՜նչ ճամբար ուզում ես՝ մտածի հուլիս-օգոստոսին, Երևանում, թե Ոսկեհատում Օշականի, մեր Կիմից ու Մարինե Մխիթարյանից լավ ի՞նչ պիտի անես… Բայց առանց ջրի-լողի ճամբա՞ր ամառային…
— Կմեռնե՜նք,- հարցիս պատասխանն ստացա ճամբարական Եվա Պապյանից, երբ հընթացս Հյուսիսում դարձա մասնակից սիրելի Սիդոնյա ճամբարի ղեկավարի կազմակերպած աստիճանազրույցին… Ահա ինչու՝ խոստում-պայմանավորվածություն կորզեցի Կիմից-Մարինեից, որ հաջորդ տարվա ամառային համայնքային գյոզալ ճամբարը Ոսկեհատում պիտի իր լողափը ունենա Ամբերդ գետի ափին… Սրա համար պետք կլինի այսօրվանից «Գետը համայնքում» նախագծին միացնել Ամբերդի գետեզերքի բոլոր բնակիչներին՝ մեծ ու փոքր․․․
Ահա ձեզ Սևանի փրկության-պաշտպանության կարևոր լուծումներից առաջինը՝ որպես նաև Հայաստանով մեկ ուսումնական աշխատանք… Հայաստանն ու Սևանը իրար որպիսություն որոշող կարգավիճակում են, իսկ այսպես՝ մեջքով դեպի Սևանը, Սևան ստեղծող առուներ- գետակներն աղտոտելը, ոչ միայն Սևանը՝ Հայաստանը կորցնելու ճանապարհն է՝ Սևանը որպես ջրի տարա ու էլեկտրաէներգիայի աղբյուր անխնա գործածելով, աղբանոց դարձնելով ոռոգման համար Աստծու ստեղծած գետեր-գետակները մեր…
Կեսօրը կրթահամալիրի արևելքում։ Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
Իրավաբան Վահե Գրիգորյանին հավանում եմ ակնածելու աստիճան։ Երբ խոսում է Վահեն, ես լսում եմ ուշադիր համակ ու մինչև վերջ․․․ Ահա մարտի 1-2-ի՝ Քոչարյանի գործով ընթացող այս հարցազրույցին ավելացնելու բան չունեմ։ Շնորհակալ եմ, Վահե, դու մեր ժամանակին ազնվականություն ես հաղորդում։
Յուրա Գանջալյանն իր այս գրածով, Արատեսյան պատմությամբ, դպրական կենտրոնի բլոգը կենդանի է դարձնում․․․ Երեկ Վահագն Այվազյան սեբաստացին Մոսկվայից փոխանցում էր իր ողջույնները դպրական կենտրոնին։ Հոկտեմբեր-նոյեմբերին Վահագնը կլինի Երևանում, ու միասին, աշխատանքային այցով կլինենք Արատեսում, միայն թե մինչ այդ պիտի գտնենք ճարտարապետաշինարարական ինստիտուտի 2001-ի շրջանավարտի «Արատեսի վանքային համալիրի վերականգնման նախագիծ» թեմայով դիպլոմային աշխատանքը՝ ճարտարապետ-ռեստավրատոր Հովհաննես Սանամյանի ղեկավարությամբ, 200 տպագիր էջ վերլուծությամբ, լուսանկարներով, 12 մեծ գծագրով։
Հայ-ֆրանսիական բարեկամության ճամբար։ Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։
Երևանն էլ մեգապոլիս է։ Երեկ երեկոյան, երբ Առնոլդ Բլեյան—Աստղիկ Իսրայելյան ներդաշնակ զույգին (ստուգեք խնդրեմ ձեր կյանքը-հարաբերությունները նույն կանոններով) Հացավանում այցելելուց հետո, իմ եղբայր Ստեփանի հոգածությամբ վերադառնում էինք, տան ճանապարհին նկատեցինք, թե որքա՜ն շատ են մեքենաները, որքա՜ն շատ երևանցիներ մնացել են քաղաքում, օգոստոսին, երբ ուժեղ շոգից դանդաղ, ոչ միայն ասֆալտը, այլև ողջ քաղաքն է հալվում՝ իր բնակիչներով, ու ստիպված են ո՛չ միայն գոյատևել, այլև աշխատել-ստեղծել, հազարներին խնամել․․․ուրախանալ։ Հրեն՝ իմ սանուհի՝ սեբաստացի Օլյայի (կնունքի անունը՝ Մարիամ) մայրանալը բոլորիս ուրախությունը չէ՞․․․ Այս առիթով, Օլյայի Գեղարվեստի այսօրվա ճամբարականներին պաղպաղակ հյուրասիրենք, իսկ Օլյայի ու իր ընտրյալ Էրիկի, իրենց մի օրական Նատալիի նվերը… ասե՛ք, լսում եմ…
Ահա ձեզ չինական բժշկության 6 կանոն, այս ինձ համար «ո՜ւխ» տապը ուրախ ու հեշտ հաղթահարելու համար։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1437