Իմ օրագրի ուշադիր ընթերցողը հիշում է, որ հուլիսի 2-ին Փարիզ-Մոնակո ճամփորդության ընթացքում Դավիթ Բլեյանի ուսապարկում հայտնվեց և Աստրիդ Լինդգրեն հայտնի շվեդի ամենակարդացված, երեք մասերից կազմված «Մանչուկն ու Կառլսոնը» գրքի «Ամեն ինչ տանիքում ապրող Կառլսոնի մասին» հատորյակը՝ նոր թարգմանությամբ-հրատարակությամբ, որ նվիրել էր Դավթին մեր սքանչելի Մարի Գաբանյանը։ Գիրքը, որ ինձ այդպես էլ խորթ մնաց թարգմանությամբ, մեծ էր, ծանր․ երկմտում էի՝ կկարդա՞ Դավիթը, բեռ չի՞ դառնա․․․ Չկարդաց մեր ճամփորդության հերոսը, խթանիչ-կազմակերպիչը, բայց կարդալ տվեց՝ ծայրից-ծայր, մաս-մաս, առավոտյան, թե իրիկունը՝ քնելուց առաջ, ծովում, օդում, ցամաքում․․․ Լսեց համակ քրքիջով, ինքը երեք դարձած՝ մի Կառլսոն, թե Մանչուկ, թե հեղինակ․․․

Մեր հերոսը, գիտեք, ամենօրյա ճամբարական է, աչքերիս առաջ առնականացող, թխացած-մարզական-ինքնավստահ․․․ Միջերկրական ծո՜վ է տեսել քանի տեղով-քանի կողմից՝ վերևից, նավից, բարձրացատկի աշտարակից․․․ տկլոր աղջիկնե՜ր․․․ Երեկ չէ նախորդ օրը կրթահամալիրի արևմուտքի ճամբարում փոխվելիս, հանդերձարանի՝ տղաների հատվածից ծիկրակել է աղջիկներին, լողափում դիպել իր հասակակից աղջկա լողազգեստի թելին․․․

Գիտեք՝ Դավթի քույրիկ երեք Բլեյանները՝ Լիլիթը, Տաթևը, Շուշանը, սեբաստացի շրջանավարտներ են. դպրոցական բողոքի որևէ միջադեպ չեմ հիշում… չի եղել․․․ Ըհը՜, տղա է, յոթ տարեկան դարձող, ու առաջին բողոքը՝ մայրիկ Արմինեին, այն էլ այսպիսի նուրբ, մոր ինքնասիրությանը դիպչող խնդրով․․․ Սա քիչ է՝ ճամբարի ղեկավարին էլ չի լսում․ Արևմուտքի ճամբարը՝ իր լողափով, ագարակով փոքր է թվում մեր հերոսին. շարժի՞չ է փնտրում գետնից կտրվելու, Կառլսոնի կյանքով ապրելու համար… Ձանձրանում է Բլեյանը․․․

Դավթաշարը՝ Արմինե Աբրահամյանի։

Ինձ Արմինեն իրիկունը փոխանցեց այս հույժ կարևորը․ մեր տղամարդկային զրույցը թողեցի առավոտյան, ցնցուղի տակ, հոր և որդու առերեսման միջոցով․․․ Միշտ չէ, որ անմիջական արձագանքը ամենատեղինն է։
— Դավի՜թ,- լուրջ դադար առնելով, խոսքեր փնտրելով՝ սկսում եմ,- էս ինչե՞ր ես անում ճամբարում․․․
— Ի՞նչ անեմ, ո՞նց անեմ, որ չխոսաք․․․ Քույրիկներին նայում եմ, ասում եք՝ ամոթ չի՞, քո քույրիկն է․․․ Մայրիկին ասում եմ՝ ինձ մոտ հանվի, տեսնեմ, ասում է՝ չե՞ս ամաչում, ա՛յ, տղա, մայրդ եմ․․․ ճամբարում էլ՝ չէ․․․ լողափում էլ՝ չէ, լողալիս էլ՝ չէ․․․ Բա ես աշխարհի ամենահայտնի հետազոտողն եմ, ամեն ինչ պիտի իմանամ, ճանաչեմ, առանց հետազոտելու ո՞նց կարող եմ․․․ Ես Կառլսոնն եմ․․․
Լսեի՜ք, տեսնեի՜ք ցնցուղի տակ կանգնածի բողոքը․․․ Սա իրեն կպաշտպանի՜, կողի ընկնող չէ Բլեյան ժառանգս։

Դավթին երեկ որոշեցինք պատժել-մեկուսանցնել, ավելի հսկելի միջավայրում պահել։ Ընտրվեց կրթահամալիրի Քոլեջի պարտեզի ճամբարը. հա՛մ երկու տարեկան դարձող, լողացող Վահանին կտեսնի իր խմբում, իր ընկերների հետ, հա՛մ քրոջ՝ Տաթևի  հսկողության տակ կլինի․․․

Երեկ երեկոյան մենք ու Տաթևը ընտանիքներով, կրթահամալիրի մեր Ագարակի Խորեն-Լուսինեի՝ Արգավանդի ընտանեկան հարկի ներքո էինք։ Լուսինեն՝ ծոցվոր, ավելի ու ավելի նկատելի, Տաթևիկի Արևիկն ու Լուսինեի Մարինեն՝ անբաժան ընկերուհիներ, միջավայրը՝ հարազատական, տուն՝ բազում ծրագրերով, ուրախ, Խորենի նշանավոր հումորով, Ռոբի պես տղա, առատ սեղան բացօթյա, մեզ հետ չեմուչում անող անձրև․․․ Կատուների աշխարհ, Լուսինեի՝ մարդուն-կենդանուն չզատող անցումներով, բոլորի կենտրոնում էլ Վահանը՝ գրավիչ մի կինո, չես հոգնի, աչքդ ո՞նց կկտրես․․․ Տաթևը՝ միշտ պոստում, Սամվել ամուսինն էլ՝ համբերող-օգնող․․․ Մեկ էլ Դավիթը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ փոքրերի ճամբար չի գնա, իրենց ճամբարի հա՛մ լողավազանն է մեծ…
— Համ էլ ․․․ աղջիկները,- ավելացրի ես։
Արմինեն խեթ նայեց․․․ ուրիշ լուծում է փնտրում երկու Բլեյանների արանքում։ Թող փորձի…

Բարի ախորժակ․ Արևելյան ամառային պարեզ։

Խելացի որոշում է կայացրել մեր Արատեսի դպրական կենտրոնի նախագծային խումբը՝ բլոգ բերելով նախագծի երեսուն տարվա մասնակիցներին… Ահա ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն է պատմում, որ 1990-ականներին իր 7-8-րդ դասարանցի դասընկերների հետ Արատեսում ճամբարային օրերին է առաջին անգամ ձի նստել։

Վաղը սեբաստացիներիս, մեր կրթահամալիրի ճամբարական սովորող-ուսուցիչներին այցելում է մեր հայենակից Արա Խաչատուրյանը, որ 2018-ի ապրիլի սկզբից վազելով 15 երկիր, Միլանից Երևան է հասել հունիսին։ Նա կհանդիպի մեր նախագծային խմբին, նրանց հետ Բեսթ-Վեսթերն-Կոնգրես հյուրանոցից կքայլի-կվազի մինչև կրթահամալիրի Արևմուտք, կքայլենք մեր Արայի հետ մեր կրթահամալիրի Բանգլադեշում, որ իր քայլը Հայաստանում լինի ամբողջական։

Լվացք կրթական պարտեզում։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1432

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խորանանք՝ խութերը շրջանցելու համար

Միշտ զարմացել եմ, ասենք, Եգիպտոսի կամ այսօր՝ Սիրիայի… Ուկրաինայի վրա… Ո՞նց է, որ երկրի մի մասում պատերազմ է, մարդիկ են զոհվում, ահաբեկչություն է, իսկ քիչ էն կողմում մարդիկ ապրում են

Դինոզավրերն այսօր՝ օդում, ջրում, ցամաքում… տիեզերքում…

Դու էլ արի, Նորեկ տարի, Գըլխիս վերից Անցիր — գընա…. Անհետ, անտես Կորչենք, ինչպես Ջոկ հընչյուններ Մի մեծ երգի,– Լոկ հյուլեներ Տիեզերքի: Հովհ. Թումանյան Գևորգ Հակոբյանի հետ, ինչպես մանրակրկիտ-արշավական, հասել էինք Դպրոց-պարտեզ՝ ետևում թողնելով Մայր

Քաղաքացիությունը կորցնելու ճանապարհի՞ն

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում… Այս նյութն էի կարդում ուշ երեկոյան, երբ ինձ զանգեց զինծառայող, 2013-ի կրթահամալիրի շրջանավարտ մեր Վիտալի Գրիգորյանը… Մոբիլ կապը, ա՜յ, հենց սրա