Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք…

Հենց Տերյան Վահանի հետ կապը կորցնում ենք…
— Ի՞նչ է լինում, հայրիկ,- Դավիթն է հարցնում…

— Օ՜, վերջին ընկեր իմ, օ՜, Տերյան Վահան…

Շուշան Բլեյանը նստել է երեկ Վիեննա-Փարիզ ավտոբուսը. ընկերուհին ամուսնանում է Փարիզից 2 ժամվա հեռավորության մի քաղաքում և… Կեցցե´ս, Շուշան, ամենահաս ես։

Այո, հաստատում եմ. այսօր իմ ծննդյան օրն է. շատ էի՞ք ուզում, ստացեք, ես 59 տարեկան եմ: Հնարավոր է՞ ամեն օր մի նշանավոր գործ կատարել ու ներկայացնել այն բլոգի օրապատումում՝ դեպի 60 տարին ամեն օր գնացող մարդն ու գործը: Մարգարիտ Սարգսյանն ինձ մանկավարժական ընթերցանության նյութ է ուղարկել. կարդացի, ահա, կարդացեք: Մերի Առաքելյանի երաժշտությունը նոր լսեցի. տեղին է։ Լավ երաժշտությունը պակասում է մեր կյանքում ու միշտ տեղին է նրա ունկնդրումը: Ես, օրինակ, անհամբեր սպասում եմ այսօրվա  համերգին.
— Ինչպե՞ս են մարդիկ սպասում, հայրիկ,- հարցնում է Դավիթ Բլեյանը:
— Մասնակցությամբ: Ես կոնկրետ ջանքեր եմ գործադրում, որ Կենտրոնի համերգային դահլիճի տեսքը լինի պատշաճ:

Գոհար Բալջյանի փաստարկները կոնկրետ ե՞ն, հարցնում եմ, իմ երեկվա գրով ներկայացված «Պատշաճ անցում»-ին։ Ես, օրինակ, այն կարդալուց հետո Գոհարիկին հագցրի, ինչպես Կարմիր գլխարկ: Հիացա… Թռվռալով գնա՛, Կարմի՛ր գլխարկ, մութի (անտառի միջի) այս արահետով. մի´ վախեցիր գայլից, որ չզրկես քեզ անտառից: Դպրոցի ճամփան չենք կարող դարձնել երեխայի չարչարանքի ճանապարհ, բայց եկեք զվարթ անցնենք օրվա ճանապարհը, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք, զրնգուն երգով, թռվռալով, թեթև… Մեր կյանքում ճախրանքի պակաս կա:

Գևորգ Հակոբյանի հետ խոսում էինք հեծանվակայանատեղիի մասին… Սիրով. այսօր տեղը որոշենք, ու թող Մայր դպրոցի տարածքում լինի մեր առաջին կայանատեղին, հետո՝ Կենտրոնի տարածքում, այսպես՝ հեծանվային 7 կայանատեղի: Ես, օրինակ, իմ սանիկ Գևորգ Հակոբյանին նվիրում եմ հեծանիվ, պայմանով, որ ինքն այն ուրիշին չի տա, որ 1980 թ.-ի, ես պատմել եմ, մեր սխալը չկրկնվի… Հեծանիվը, ինչպես ուսապարկ-քնապարկ-արշավականի կոշիկ-հանդերձանքը, պիտի անհատական լինի. ավտոմեքենա չէ՝ ով ուզում է, քշի: Հեծանիվ է, ինչպես ձին: Հեծանիվ եմ նվիրում, ոչ այսօր, Դպրոց-պարտեզի հեծանվուղու բացման օրը՝ սեպտեմբերի 10-ին, Դավիթին…

Երեկ 8.45, ինչպես խոստացել էի, իջանք մեքենայից 3 տարեկան դարձող Դավթի և 8 տարեկան դարձած Արմենի հետ, խնձոր ուտելով վերգետնյա անցումով, տասնյակ սեբաստացիների ողջունելով (կա՞ ավելի մեծ ուրախություն առավոտյան, քան Բաբաջանյան պողոտայի վերգետնյա անցումի վրա Մասիս սարին, սեբաստացուն ու Բաբաջանյան ձգվող պողոտային ողջունելը), մաքրված-խնամված մանկական այգով, գլորվելով կտրեցինք այգի-թաղամաս թեք անցումը (սրա լուծման վրա ես մտածում եմ) ու հասանք գլխավոր դռանը… Տասը մեկը մյուսից հետաքրքիր րոպեի ընթացք:

Հարցնում եմ՝ ինչի՞ են պետք Դպրոց-պարտեզի Բ-4 թաղամասն անարգող մեր՝ սեբաստացիներ տեղափոխող մեծ ու փոքր մարդատարները… Անարգում ենք բնակավայրը, ծանրացնում օրը, զրկում սեբաստացուն ճախրանքից, դառնում մերժելի սովորական… Սեբաստացու ծնողը պիտի իր ավտոմեքենան կայանի Բաբաջանյանի վերգետնյա անցումից քիչ ներքև, պողոտայի վրա, մանկական այգու մուտքի ուղղությամբ… Թեթև իջավ սեբաստացին ու թը՜ռռ… ուղեկցությամբ կամ առանց դրա անցավ ճանապարհը: Կարող է այգում ժամը 8.30-9.00 րոպե հերթապահ սեբաստացի ավագ լինել:

Մենք, իհարկե, մեղավոր չենք, որ թաղամասն այսպիսի կառուցապատում ունի, որ քաղաքապետարանը դպրոցն իրենը չի համարում ու բնակիչների այս և այլ խնդիրները չի համարում քաղաքային նշանակության։ Ես վիճակից ելնող իրավիճակին համապատասխան մանկավարժական լուծում եմ առաջարկել դպրոցի ղեկավարին, ուսուցչին, սովորողին, նրա ծնողին։ Ի դեպ, սա ծնողական ակումբի հրատապ քննարկման թեմա է։ Մենք պիտի շուտափույթ համաձայնության գանք։

Սովորականության մասին: Մեկ մեքենա խիճը, որ լցված է Դպրոց-պարտեզի մուտքի մոտ, բեռ է թվում… Դավթի նվնըվը հնարավոր եղավ միայն այդ խճե բլրակով կտրել… Ի՜նչ բլրակ, Դավթի համար լավ էլ սար է։ Ինչպիսի՜ վարժանք ոտաբոբիկ սեբաստացու համար։ Հետո ես կանգնեցի երկու խմբասենյակների մուտքը միացնող տարածքում, մտովի տեսա սպիտակավազե ափը՝ իր դույլ ու գործիքներով, որ կարող է կտրել շատերի լացը։ Ինչո՞ւ մտովի, երբ արդեն մի շաբաթից ավելի ավազե բլուրներ են ավելանում Մայր դպրոցի դաշտում։ Ո՞վ պիտի նախաձեռնի-իրականացնի, եթե ոչ դաստիարակն ու սաների ծնողները։ Ես բերում եմ Դպրոց-պարտեզի օրինակը, հասկանալի է, բայց սա փոքր առանձնահատկություններով վերաբերում է նաև «Անկախ մայլի», Բ-1 թաղամասի մեր մյուս 3 պարտեզներին։ Եթե 1989-1995-ին Ավագ դպրոց-վարժարանի 9-10-րդ դասարանցի «ծանրաքաշներն» ու նրանց ուսուցիչները օրը 2 անգամ առնվազն անցնում էին այդ ճանապարհը, ի՞նչ է եղել մեր կայտառ-թռվռան 1-5-րդ դասարանցիներին ու ամենաջահել ուսուցչակազմին (հենց նոր հաշվեցինք. Հիմնական դպրոցի ուսուցիչների միջին տարիքը 31 է)։

Ինչո՞ւ են ամեն օր  առավոտյան նյարդայնանում-անհանգստանում, լալիս մեր 2-4 տարեկանները։ Դա միայն ետարձակուրդային սեպտեմբերո՞վ է բացատրվում։ Սովորական են առավոտյան մեր դիմավորումները։ Ինչո՞ւ հաճախ (ամեն օր) չեն գալիս մեր երեխաները այգի՝ Բ-4-ում կամ Մայր դպրոցի խաղադաշտի մոտ։ Ինչո՞ւ սեպտեմբեր-նոյեմբերին Դպրոց-պարտեզի դաստիարակներից-օգնականներից մեկը երեխաներին հենց մանկական այգում չդիմավորի։ Ճախրանքի պակաս կա, բարեկամներ. մի տեսակ ծանր գործ է դարձել մանկավարժությունը… Այնինչ հարկ է, որ մեր գործը շարունակ թեթև լինի, հավեսով, քանզի ամենօրյա է, դիմանալ-անցկացնելով չես պրծնի…

Սկսում է հերթական օրը…Վերջ տվեք նվնվոցին, լսո՞ւմ եք, ճախրանք պարգևենք, ինչպես բատուտը, խճե սարը, հենծանվաընթացքը, արագածյան վերելքը, ջրի մեջ գահավիժումը… Շարունակեք, խնդրեմ։

Դավիթը խոստանում է, խոստանում, հետաձգում է իր փչովի դելֆինի մուտքը լողավազան… Ապրի իր ավագ (սրա հոմանիշը իմաստո՞ւնն է) քույր Լիլիթը. փչովի դելֆին է նվիրել նաև իր Սոնուլիկի լողավազանին։ Սա ուրիշ հմայք է։ Այսօր կտանի՞ Դավիթն իր դելֆինը Դպրոց-պարտեզ։ Դելֆինարիումը ճախրանք կավելացնի՞ մեր կրթահամալիրին։ Իսկ ո՞վ է ստանձնելու «Սեբաստիա» խաղադաշտի մեծ թենիսի կորտերի շինարարության ավարտը։ Ի՞նձ եք սպասում։ Ինչո՞ւ ես՝ հարցնում եմ։ Ես կամ բոլոր գործերում, բոլոր նախաձեռնություններում. հուսալի գործընկեր եմ։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը… Նա սկսել է. հուսալի գործընկեր է, թե ոչ՝ կախված կլինի նախաձեռնողի թափից։

Ինչո՞ւ չի գործում մեր նոր հրաձգարանը՝ հայաստանյան և արցախյան ուսումնա-մարզական «Ասպետներով» անցած մեր տասնյակ ու տասնյակ պատանի ճամբարականներ, ղեկավարներ, մեյդան եկեք…

Ինչո՞ւ անշարժացավ բացօթյա լողավազանի կառուցումը։

Ինչո՞ւ Հայաստանում կյանքն այսքան ծանրացել է ու տեղից չի շարժվում կամ շարժվում է դանդալոշի պես։ Այ, այսպես, ինքնասիրահարված, իրեն խնայող, միջոցառումից միջոցառում, հերթով՝ ես արեցի այսքան, հլը թող իմ չափ անեն,  մուննաթով՝ որ ես բանը արեցի՝ ի՞նչ, ի՞նչ ստացա, ի՞նչս ավելացավ…

Զրնգոցով, ճախրանքով, հրճվանքով են անցնում մանկավարժության ճանապարհները, մեր գործը։

— Ի՞նչ ասել է մանկավարժություն, հայրիկ։

Օհո՜, տեղին է, ինչպես միշտ, Դավիթ։

Անտեղի լինում է, երբ ուրիշների հարցերն ես հնչեցնում, ինչպես «Բազեի» կամ «Միասնության» ճամբարներում։ Իսկ քո հարցը մի՛շտ տեղին է։

One thought on “Ճախրանքով ձևականության հաղթահարման մանկավարժության մասին եմ գրում”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեռնեմ-պրծնե՞մ․․․ Չեմ թողնի․․․

Երբ դժվար—անելանելի է, հայերիս փրկությունն է դառնում մեռնեմ—պրծնեմ—ը․․․ Այստեղի՞ց են մեր պատմության մեջ շատացող հերոսամարտերը․․․ Իմ մտքից չի ջնջվում Ռուսաստաններից Շուշի եկած մեր հայրենակիցը հռչակավոր, ով օրեր առաջ չէր պատկերացնում Շուշին նվաճված ադրբեջանցիներով—թուրքերով․․․

Եթե խնդիր կա, այս է խնդիրը՝ լինելը…

Թե չէ՝ հարցադրումը արքայազն Համլետի՝ «Լինել, թե չլինել. այս է խնդիրը»… — Մա՜մ, որ հայրիկը քո աշակերտը լիներ, ու դու իր գիրը գնահատեիր, ի՞նչ կդնեիր։ — Մա՜մ, հայրիկի գրավորների մեջ

Տարվա վերջին գիրը` վերջնագի՞ր․․․

Այս օրերին ինչ գրես` հարցաթերթիկ է դառնում, մի էջում հարցերն են` դեմքով դեպի անցնող տարի` ովքեր ու ինչերն են անցնող տարվա ամենա-ամենա ամենա-ամենա-ամենան, մյուսում, հայացքով դեպի եկող տարին՝ սպասում-բարեմաղթությունները․․․ Ինչո՞ւ, ինչպե՞ս պիտի