Այնքան սպասված աղջնակը մեր` Մարիմյան Թամարիկ մայրիկի առաջնեկը… Ծնվեց։ Առավոտ բացվե՜ց, դուրս գալ-քայլելս եկավ, որքան էլ ժամը 3-ի, 4-ի արանքն է գիշերվա։ Նոր արթնացած, գոլ ջուրը սեղանիս՝ mskh.am-ի առաջին լուրը Շամիրամով ինձ հասավ, ու տարոսը քեզ, քույր իմ… Կարելի է պատկերացնել Թամարիկի վայելքը-գոհությունը…
«Սեբաստացիներ» երգչախմբի ձայները ականջիս են հիմա… «Գոհանամք զքէն»… Մաեստրո Հարություն Թոփիկյան, առանց պատարագի հաջորդ մեր քայլը ո՞րն է… Գյումրվա հայերի նման ասեմ՝ չի էղնի, Պատարագո՛վ կեղնի… Իմ գրասեղանին գրադարակից հայտնվեցին Սրբազան հոր նվիրած ժամագիրքը, Մաշտոցը (ծիսարան), Պատարագամատույցը… Սա էլ 2016-ի իմ ամառային շրջանն է. մեկնարկեց ծնունդով…
Կրթահամալիրի աշխատանքի անդրանիկ ճամբարը մայիսի 30-ին «Ամառ 2016»-ի ծրագրով մեկնարկում է այսպիսի կազմով՝ Քոլեջի ջոկատ, հրամանատար՝ Անահիտ Մելքոնյան, Գեղարվեստի ջոկատ՝ Քնարիկ Ներսիսյան, հնգամարտ-բնասերների ջոկատ, հրամանատար՝ Խորեն Հազարումյան։ Սա էլ ծնունդ է։ Ամառային դեռ քանի՜ ծնունդների ավետիս կլսեք իմ գրով։ Մանկավարժական լաբորատորիայի ներկայացմամբ ես հաստատել-հրապարակում եմ ճամբարի աշխատակարգը… Տեսաք, որ դրանք բաց են նաև ոչ սեբաստացիների համար. իսկ տարիքային սահմանափակումը թելադրված է Աշխատանքային օրենսգրքով… Մենք աշխատանք-աշխատանք չենք խաղալու, իբր մանկավարժական ինչ-ինչ խնդիրներ լուծելու… Երբեք: Կա՞ ավելի գործուն միջավայր, քան իրական ու ստեղծական աշխատանքը: Իսկ մինչև 14 տարեկանները կարող են հանդես գալ աշխատանքի նախագծերով՝ ձևավորելով դրա համար խմբեր: Կրթահամալիրի սոցիալական-պարգևատրման ֆոնդը նախատեսված է նաև այսպիսի աշխատանքներում աչքի ընկածներին պարգևատրելու համար… Ինչո՞վ ջոկատներ չեն: Աշխատանքային ջոկատներն ունեն լայն ինքնավարություն, երևակայություն՝ իրենց կենցաղը-կյանքը տպավորիչ կազմակերպելու համար… Ուժեղ ցանկություն՝ միասին լինելու, ինչպես ես իմ ընկերների հետ ուսանողական տարիներին, անծայրածիր Խորհրդային Միության մարզերում…
Կրթահամալիրի շրջանավարտների «Յարխուշտա»:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ես, գիտեք, ավարտել եմ Երևանի Տերյանի անվան թիվ 60 դպրոցը, 1972-ին դարձել Երևանի պետական համալսարանի ֆիզիկական ֆակուլտետի ուսանող: Ծնվել ու միշտ ապրել եմ Երևանում ու միայն 9-րդ դասարանի ամռանը 8-10 օրով բացակայել Երևանից. եղել եմ Բաթումի քաղաքում՝ քեռիներիս մոտ: Եվ ահա առաջացավ ֆակուլտետում ձևավորվող շինարարական ջոկատի կազմում 1973-ի ամռանը Ղազախստան՝ Կոկչետավի մարզ, Կոմսոմոլսկոյե շրջանի Վելիխանովո բնակավայր մեկնելու հարցը… Որտե՞ղ ես… Հե՞շտ էր ինձ համար մորս դիկտատը հաղթահարելը… Ուժեղ էր իմ ցանկությունը, մղումը… Անծայրածիրի-անվերջի ցնցող տպավորությունը ես Ղազախստանում ճանաչեցի… Յոթ օր, գիշեր-ցերեկ գնացքում, պլացկարտ վագոնում, շոգ ու կրակ. չես հասկանում՝ ժամը կանգնե՞լ է, դուրս ես քեզ 17 տարի ծանոթ ընթացքից… Հետո 12-14 ժամ ավտոբուսով, տափաստանով-ծով դաշտերով՝ Շոլոխովի հայտնի «Խոպան» աշխատությունից… Կարդացե՞լ եք, հիմա կարդո՞ւմ են Շոլոխով։ Հետո համատեղ-իսկական շինարարական կյանք՝ դաշտային մի կայանում… Այսպես-այստեղ կոփվեց ձեր այսօրվա տիարը, ինչպես պողպատ… Իսկ կարդացե՞լ եք, հիմա կարդո՞ւմ են Օստրովսկու «Ինչպես է կոփվում պողպատը»։ Գուցե ֆիզիկապես ամենաթույլը տղաների մեջ ծանոթ-անծանոթ՝ ես ատամներս կրճտացրի ու բահով, քլունգով, պատգարակով տուն ու գոմ կառուցելով, դարձա լավագույն մարտիկը ջոկատի… Միշտ առաջինը, առջևից գնալը-ետ չմնալը ինձ մոտ պարտադրանք է եղել մորից… 1973-ի սեպտեմբերին համալսարան, ֆակուլտետ վերադարձա հայտնի այնքան, որ 200 հոգիանոց կուրսը ինձ սեպտեմբերյան հավաքում ընտրեց կոմերիտական կազմակերպության քարտուղար… Այսպես, շինջոկատների աշխատանքային թրծումով սկսեց իմ հասարակական-քաղաքական գործունեությունը։
Մարզումներ «Ժայռ» ռազմամարզական ճամբարում :
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի:
Դավիթ Բլեյանի հետ առավոտվա անընդհատ լողը ես չեմ զիջի (վերցնող էլ չկա), սա տղամարդու գործ է՝ տղամարդկանց կարևոր զրույցով. ամեն ինչ՝ Դավթի հասունությունը, տանում է նրան, որ սեպտեմբերին, երբ Դավիթը լինի հինգ տարեկանների ուսուցման ծրագրում-խմբում, ինքը ինքնուրույն ցնցուղ կընդունի, կփրփրացնի լողավազանը… Փրփրաջուրը նրա տարերքն է, խաղերը դրա մեջ, ժամերով…
— Պապ, ես օճառաջուր եմ խմել, ոչի՞նչ…
— Փրփուրը դրսից մաքրելու համար է, Դավիթ, ներսից մաքրվել-մաքուր մնալը-չկեղտոտվելը ուրիշ միջոցներ ունի…
— Գիտեմ, պապ, բայց փորձեցի, Նազենի քույրիկն ասել էր, ես էլ փորձեցի…
— Միշտ ինքնուրույն ես կայացնում քո որոշումները, ուրիշի վրա չգցես, Դավիթ տղա…
— Ինչո՞ւ ես դու ուզում, որ ես արթնանամ ու լողանամ ամեն օր, պապ,- քանիերորդ անգամ է նույն հարցը տալիս։
— Փրփրաջուրը, լողը, մաքրությունը՝ որպես լուսաբաց… որ լույսը շուտ բացվի,օրը պայծառ սկսվի…
Ցնցուղն ինձ վրա, ինչպես Դավթի վրա, մոգական է ազդում։ Ես սկսում եմ իմ օրը, ինչպես մանուկը, լուսաբացը…
«Այո, 2004թ. օգոստոսին ես Սվիր Աարսեթի՝ Քեմբրիջի աստղագետի հետ Արարատ բարձրացա լեռան՝ Երևան նայող լանջով, 175 տարի անց կրկնելով առաջինը Արարատ բարձրացած Պարրոտի և Աբովյանի երթուղին։ Մեզ՝ որպես գիտնականների տրամադրվել էր ռազմականացված և արտասահմանցիների համար փակ այդ կողմում լինելու բացառիկ իրավունք։ Արդյունքում իմ կողմից երկու հոդված է հրապարակվել՝ 2100 մետր բարձունքում V–VI դդ. հայկական բազիլիկ եկեղեցի հայտնաբերելու մասին (ՀՀ ԳԱ ամսագրում, Վարազդատ Հարությունյանի համահեղինակությամբ, որը իմ արած լուսանկարների միջոցով նույնականացրեց հուշարձանը), ինչպես և անհայտ, հավանաբար երկնաքարից առաջացած խառնարանի մասին (երկրոդ հոդվածը հրապարակվել է բրիտանական աստղագիտական ամսագրում)»։
Սա «Գոլոս Արմենի»-ում մեր կուրսեցի Վահագն Գուրզադյանի հետ մայիսի 24-ի «Տիեզերքի փոշին զգալ» հարցազրույցից է։
Մարզումներ «Ժայռ» ռազմամարզական ճամբարում :
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի:
Հանրապետության օրով՝ 2016-ի մայիսի 28-ին, առավոտը 9-ը չկա, հեծանվով, Սեբաստիա փողոցի՝ իմ ընթերցողին հայտնի բարձունք-հարթակից Արարատին եմ ուղղում հայացքս… Ինձ բռնեցի, որ կարծես մենակ չլինեմ՝ երեկվա մեր ցնծության-տոնախմբության ժողովրդով, Հանրապետության հրապարակի իրիկվա շրջանավարտներով… Ես կանցնեմ իմ կուրսեցու, Խաչատուր Աբովյանի ճամփով, որպես ուխտավոր… Ես իրավունք ունե՞մ 2016-ի բոլոր շրջանավարտներին, 9-րդ, 12-րդ դասարանցիներին բարձրաձայն հարցնելու….
— Հանրապետություն, մենք քո օ՞րն ենք, մենք քո օրվա հոգսով ենք ապրում, այնպես ու այն չափով, որ օրվա հոգսը մեր բավ լինի քո օրվա համար, Հանրապետություն ջան…