Աշխատանքային այցը՝ Վայոց ձոր, ինչպես միշտ, Հայաստանով մեկ՝ Շիրակ-Գյումրի, թե Աշտարակ-Արագածոտն․․․ աշխատանքային խմբով էր՝ ուսուցիչ-սովորողներ, կամավորներ՝ կրթահամալիր մուտքի ճամբարով աշխատանքի համար դիմածներ, ճամփորդական հարմարավետ միկրոավտոբուսով, հայրենագիտական-ճանաչողական շրջայցով այս անգամ Վայոց ձորի Եղեգիսի կիրճով, վերադարձը՝ Երևան Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով, Մարտունի-Սևանով․․․ արկածով-փորձաքարով Շատին գյուղում․ մեր օրերի Հայաստանում ենք, չես փախչի․․․ Չենք եկել դրա համար։
Մի խումբ մարդիկ Շատինի դիրքն օգտագործում են ամիսներ, ամեն անգամ տարբեր առիթներով փակում են կամ դեպի Մարտունի հանրապետական կամ դեպի Եղեգիս միջգյուղական ճանապարհը․․․ Ուղիղ եթեր, 1988-ի Շարժման 30 տարվա հեղինակային վերաշարադրում, դատավճիռներ հրապարակային․․․ միտինգ հե՛նց ճանապարհի վրա։ Մարդկանց այս խումբը Նիկոլի առաջնորդությամբ սկսած 2018-ի ապրիլյան շարժումից այս մի գործիքն է յուրացրել՝ բովանդակությանը, սկզբունքներին, սիրո և համերաշխության էությանն օտար, 2018-ի Շարժման հաստատած իշխանության օրինական գործելակերպից կտրված։
2017-ին ձևավորված Եղեգիս խոշորացված նոր համայնքը՝ իր ընտրած ղեկավարով, ավագանիով, Վայոց ձորի մարզպետարանը՝ իր նոր ղեկավար կազմով՝ մարզպետ ու երեք տեղակալներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ, մարզի ոստիկանությունը տևական շրջան չեն գտնում ՀՀ օրենքով տասներկու գյուղից ձևավորված համայնքի (անունը՝ Եղեգիս, կենտրոնը՝ Շատին) առաջացած-առաջացող, հորինված-հիմնավորված հարցերի այնպիսի ներկայացում-քննարկում-լուծում, որը կապահովի համայնքի բնականոն գործունեությունը, կբացառի հակաօրինական գործունեություն-քայլ, ինչպիսին ճանապարհների փակումն է, մարդկանց հրապարակային անվանարկումը, ստորացումը, բռնությունը․․․ Այսպես ոչ միայն ջուրը չի զուլալվի, այլ կպղտորվի շարունակ, պղտոր ջրում ձուկ բռնողների ուզածով․․․
Շատինում․․․
Շատինը Ամուլսար չէ, նրա խնդիրը համահայկական չէ, անգամ մարզային չէ․․․ համայնքային է։ Հենց դրա համար են ստեղծված խոշորացված համայնքները, հենց այստեղ է գյուղի խնդիրը մարզի մի ամբողջական տարածքում՝ համայնքում լուծումներ գտնելու-փորձարկելու բանալին։ Եղեգիս համայնքի 12 գյուղերից յուրաքանչյուրն ունի նմանատիպ այլ խնդիրներ։ Մարդկանց խումբը, անհատը, հարգանքով նրանց իրավունքների-ազատությունների նկատմամբ, ինչպե՞ս են հանդես գալիս Եղեգիս խոշորացված համայնքի անունից, երբ ՀՀ օրենքով որոշված համայնքի կենտրոնը Շատինում չի գործում, երբ համայնքի ղեկավարը-ավագանին օտարված են Շատինից ու օրենքով իրենց որոշված լիազորություններից․․․ Ո՞ւմ պիտի նախ և առաջ դիմի գյուղի բնակիչը՝ հողագործը, ֆերմերը, երկրագործության թե կրթական-բնապահպանական, այլ հանրային խնդիրներով, եթե ոչ համայնքին, նրա ղեկավարին կամ ավագանուն, որտե՞ղ պիտի քննարկվեն-ստուգվեն, որպես լուծում առաջադրվեն դրանք, եթե ոչ նախ և առաջ համայնքում, հրապարակային, ավագանու բաց նիստում, համայնքի ղեկավարի մասնակցությամբ։ Սրա շրջանցումը անիշխանության հաստատումն է, համայնքը, մարզը մի խմբի կողմից ցնցումի մեջ պահելը։
Մենք ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով հեղինակային մանկավարժության մշակման, կազմակերպման, տարածման 2018-ի աշխատանքների շրջանակում, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի, մարզպետարանի աջակցությամբ, մեր շաբաթօրյա այցով-հանդիպում-ներկայացմամբ սկսեցինք կրթությունը համայնքային խնդիրներին ծառայեցնելու՝ համայնքային խնդիրները որպես ուսումնական նախագծեր-ուսումնական աշխատանք ձևակերպման ու լուծման մեր փորձի փոխանցումը։ Դժվարությամբ, բայց սկսեցինք․․․ Տարին կիսվում է, և արձակուրդային օգոստոսը մեր այսպիսի հեղինակային-հրատապ գործի պատրաստության վերջին ամիսն է։ Ցավոք, մենք արդեն ամիսներ կորցրեցինք այս շփոթի-հակամարտության, չպարզվող անորոշության արդյունքում։
Հանդիպում Եղեգնաձորի մարզկենտրոնում, Երիտասարդական կենտրոնում։
Մարզկենտրոն Եղեգնաձորում ունեցանք շատ ավելի անմիջական հանրային-անձնային աջակցություն, քան կարելի էր ենթադրել։ Ե՛վ մարզկենտրոնի դահլիճում, և՛ մարզի Երիտասարդական կետրոնի բացօթյայում, և՛ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հայրական տան բակում մենք յուրայիններ էինք մեր բերած աշխատանքով խանդավառների հետ՝ փոխմարզպետ Նանե Ասատրյան-Բագրատունուց սկսած։ Մեզ այստեղ ամենուր ճանաչում են, խանդավառ են, ընդառաջող։ Մենք՝ հավատարիմ մեր ստեղծարար-համախմբող-հանրային համերաշխություն հաստատող հավատամքին, քայլ առ քայլ, հետևողական իրենց կյանքի-խնդիրների հեղինակ-պատասխանատուներ կդարձնենք համայնքի 12 գյուղերի, մարզի այլ համայնքների, գյուղերի, քաղաքների յուրաքանչյուր, ուսուցչի, սովորողի, բնակչի։ Մենք մարզին, համայնքին չենք պարտադրում մեր ծրագրերը, չենք բերում մեր լուծումները։ Իմ ասածը վերաբերում է նաև Արատեսի բնության գրկում դպրոցին, անավարտ դպրական կենտրոնին։ Մենք վճռական ենք միասին ստեղծելու կառուցման նախագիծը, որպեսզի նորացված-վերաստեղծվող ճամբարը-կենտրոնը բաց լինի բոլոր փուլերում, ասել է՝ թե համայնքային մասնակցությամբ։
Եղեգնաձորում Համլետ Խաչատրյանի հայրական տանը, եղբոր՝ Խաչիկ Խաչատրյանի հյուրընկալությամբ։
Ահա ինչու՝ եկել էինք երիտասարդ, եռանդուն մի խմբով, որը չնայած լարված-աշխատատար օրվան, վերադարձավ իր անելիքը ճշտած, օր առաջ Վայոց ձոր վերադառնալու որոշումով։ Հուզիչ էր սեբաստացիական տոկուն խմբից Արմինե Թոփչյանի արձագանքը. «Դուք այսօր այնքա՜ն նման էիք Ձեր ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին․ սիրո ուժի աներևակայելի դրսևորում-ցուցադրություն… այդ ի՞նչ էր, լինո՞ւմ է էդպես․․․ Ողջ ընթացքում Ուսուցչի մարմնացումն էիք, գրքում չէ, ոչ էլ կինոյում, իրական․ փոխանցվեց, հուզեց, ցնցեց ինձ, շնորհակալ եմ։ Այնքան, որ չնայած իմ շատ սիրելի, շատ հարազատ մարդու նկատմամբ անհեթեթ հերյուրանքների տարափի, լարվածության, ես չալեկոծվեցի, ու որ ամենակարևորն է, բացահայտում է, չարություն չունեցա. ալեկոծվեցի մի բանից՝ չարացվածության դեմ սիրով դեմառդեմից, մարդու նկատմամբ Ձեր ունեցած սիրուց, դրա ուժից։ Շնորհակալ եմ իմ կյանքում այսօրվա համար, անկախ ամեն ինչից, ուրիշ ուժ տեսա, ստացա»։
Այստեղից և իմ գրի վերնագիրը՝ եկանք, տեսանք… Շարունակում ենք։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1428