Կիրակին եղավ ինչպես իմ օրվա գրերից մեկում նկարագրված է, ընտանեկան-հարազատական… Երկար քնեցինք՝ մինչև ժամը 9.00, իրադարձություն, որ չէր եղել այս էլ քանի՜ տարի… Դավիթը լոգարան-լողավազանում անցկացրեց կրկնակի ժամանակ…
Հետո, երբ միասին Դավթի պատվիրած շիլան կերանք, ես հիշեցի Դավթի երաժշտական գործիքները, որոնք տանը չեն գործածվում՝ իոնիկա, դհոլ, դափ, կլարնետ, զանգուլակ, քսիլոֆոն, փչովի մի բան, հետո էլի զանգակ… Չգիտեմ՝ կուրախանա՞ տիկին Սոֆյան, բայց ես կուզեմ՝ կրթահամալիրի ամեն մի դպրոցի երաժշտության սրահ-անկյուն-կաբինետ ունենա գործիքների մեծ ընտրանի… Ես կուզեմ, որ օր առաջ սկսի գործիքներ արտադրել-նորոգել մեր Արհեստագործական դպրոցի գործիքաշինական լաբորատորիան… Ես տաք ջրի տակ լվացքի փոշով խնամքով լվացի բոլոր գործիքները, չորացրի… Բոլոր դեպքերում աշխատանքի այս փուլն իմաստ ուներ և արվեց: Հետո՞… Հետևեք իրադարձությունների զարգացմանը կրթահամալիրի տնօրենի բլոգում ամեն օր…
Իսկ կիրակի իրիկունը մենք այցելեցինք իմ Նեկտար ավագ քույրիկին ու իր ըիտանիքին՝ Դավթի Արտաշես պապիկ իմ ավագ փեսային, Գայանե հարսիկին, Մանուկ հորեղբորը, Արտաշես կրտսերին։ Դավիթը անակնկալի էր եկել.
– Հա՛մ դու ես Արտաշես, հա՛մ էլ Արտաշես պապիկն է Արտաշես էս տանը։
Սեբաստացի Մկրտիչ Բազեյանը իր զինվորական ժամկետային ծառայությունն է շարունակում Տավուշի մարզում։
Եթե ձմեռը՝ իր դեկտեմբերի մեկով, մեր Սոֆին պիտի բերի, բարով գա: Իմ ընթերցողին սիրով ներկայացնեմ, որ Սոֆին կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի և ողջ կրթահամալիրի Այա Սոֆյա Այվազյանն է, ում ծննդյան օրվա շնորհավորանքների տարափին միացեք…
Օրվա ընթացքում ընթերցողը հեռախոսային անակնկալ զրույցով ինձ առաջարկ արեց, որ առանձնացնեմ մեկական լուր-իրադարձություն հայաստանյան և այլոց կյանքից՝ որպես օրվա իմ հասարակական-քաղաքական կյանքի արձագանք-մեկնաբանություն… Իմ օրագրի ձևաչափն այնպես չէ, որ իմ սրտով է ու անփոփոխ. ուղղակի կարձագանքեմ յուրաքանչյուր առաջարկի: Սկսեմ. նախ, որ կիրակի է, աշնան վերջին օրը, և որ սա կստիպի ծավալուն և ուշադիր հետևել մեդիայում հայաստանյան և ոչ հայաստանյան իրադարձություններին: Չգիտեմ՝ ինչ չափով կանեմ մեկնաբանություններ ընտրված նյութերի-լուրերի… Կերևա, բայց չափի մեջ՝ հաստատ…
Լուր առաջին՝ հայաստանյան։ Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Գարեգին Բ կաթողիկոսին ուղղված նամակից համացանցում իմացա, որ 2-րդ համաշխարհային պատերազմին Ուինսթոն Չերչիլը Գերմանիայի ղեկավարներին զգուշացրել է, թե «Հով սերմանողը փոթորիկ կը հնձե»: Հով՝ ասել է թե թեթև քամի: Ընթերցեք ու որոշեք՝ ինչ փոթորիկ է առաջանում ձեր ներսում, դրա ազդեցությունը գնահատեք։ Բոլոր դեպքերում, լավ է, որ կա մեդիան, որ քամին ու փոթորիկը՝ չգիտեմ, բայց արտահայտվելու և տեղեկություն ստանալու փաստացի հնարավորություն է տալիս։ Ով ինչպես կօգտվի. մեդիայի մեղքը ո՞րն է։
Լուր երկրորդ՝ ոչ միայն հայաստանյան։ Միխեիլ Սահակաշվիլին (չեմ թողնի, որ մոռանաք Վրաստանի «Վարդերի հեղափոխության» ասպետ նախագահին) Կիևի Անկախության մայդանում անցկացվող «Հիշատակի գիշեր» ակցիայի ժամանակ այսպես է խոսել. «Այժմ շատ հետաքրքիր և վճռորոշ պահ է Ուկրաինայի համար: Սա համախմբման ժամանակն է, ժամանակ, երբ և՛ կառավարությունը, և՛ նախագահը, և՛ առաջին հերթին Ուկրաինայի ժողովուրդը պետք է միավորվեն թշնամու դեմ: Ապագան ձեր ձեռքերում է: Հույսներդ միայն ձե՛ր վրա դրեք, որովհետև դուք փոխել եք ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի պատմությունը: Այժմ ողջ հետխորհրդային աշխարհի ճակատագիրը որոշվում է Ուկրաինայում»:
Կրթահամալիրի «Խաղարկային դատարանն» ընդունեց 3-րդ հայցը. այս անգամ հայցվորը Նարեկ Սահակյանն է, իսկ գործի դատավորը` Արսեն Գալստյանը… Կրթահամալիրի Վարժարանի 11-րդ դասարանի Նարեկի հայցը վերաբերում է ընդմիջում-սննդի կազմակերպմանը Մայր դպրոցում՝ մասնավորապես Վարժարանում…
Միջին դպրոցի սովորող-հայցվոր Հարություն Ղազարյանը և գործով դատավոր Աշոտ Տիգրանյանը դատարանի կարգով որոշված հաշտության համաձայնության եկան… Մենք պայմանավորվեցինք, և ես առաջարկեցի 7-րդ դասարանցի Հարությունին, որ շարունակի զբաղվել սովորողների ամենօրյա տեղափոխման կազմակերպման բարելավմամբ՝ որպես կրթահամալիրի համար մի ծավալուն-հեռանկարային հրատապ նախագիծ…
Միջին դպրոցի 9-րդ դասարանցի Տիգրան Աբրահամյանի հայցը վերաբերում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված հունվարյան և հունիսյան ուսումնական ճամբարների կազմակերպմանը, երբ 1-12-րդ դասարանի մեր բոլոր սովորողներն անցնում են ուսումնական գործի ճամբարային կազմակերպմանը… Այս գործով դատավոր է Վահրամ Թոքմաջյանը։
Որպես խաղարկային դատարանի նախագահ՝ ահա իմ բլոգով դիմում եմ սեբաստացիներին՝ բոլոր տարիքի, որտեղ էլ լինեն, իրավաբան սովորող- աշխատող շրջանավարտներին, ծնողներին՝ գործուն աջակցեք հեղինակավոր դատարանի վերակայացմանը կրթահամալիրում, որը կկարողանա գործել որպես սովորողի-ծնողի-ուսուցչի շահերի պաշտպանության և լուծման բաց-գրավիչ-ուսումնական կենտրոն…
«Խավարը չի կարող խավարը ցրել: Լույսը կարող է դա անել: Ոչ էլ բռնությամբ կարելի է բռնությունը հաղթահարել: Այն կարելի է անել սիրով միմիայն»: Մարթին Լյութեր Քինգ
Դատարանը, նրանով ուսուցման կազմակերպումը մղեցին ինձ սկսել նույն շարքից առաջին գործի՝ իրական, արխիվից վերցրած դատավճռի հրապարակումը՝ հանրայնացումը. «Նա (Բլեյանը) Նոր Բայազետի շրջանի ակտիվ հակահեղափոխական էլեմենտներից մեկն էր: Ցարի ժամանակ ստրաժնիկ էր, դաշնակների՝ ուրյադնիկ: Հետապնդում և շահագործում էր աշխատավոր գյուղացիներին: Դաշնակցականների իշխանության ժամանակ ակտիվ գործունեություն էր վարում և շատ կապված էր նրանց հետ»։ Այս դատավճռի պատճենը Հայաստանի ազգային արխիվից ինձ բերել է մեր Աշոտ Տիգրանյանը: Ես համոզված եմ ու ջանքեր կգործադրեմ, որ ՀՀ ազգային արխիվի թվայնացման մեջ կարևորվի ու հրատապություն ստանա մարդու ոչնչացման ստալինյան բոլոր շրջանների, սկսելով, իհարկե, երկու մեծ շրջանների՝ 1936-37 թթ և 1949 թթ գործերի՝ դատավճիռների հրապարակումից: Շուտով ձեզ կներկայացնեմ իմ ազգատոհմի մի կառուցվածք, որ փոխանցել է ինձ իմ հորեղբայր Զալիբեկի մեծ տղան՝ Լյովա Թադևոսյանը: Ես «յոթ գյուղերի գլխավոր» Գեղամ Բլեյանին ճանաչել սկսեցի հենց այս վճռից, 2012-ին. նրա ժառանգների՝ իմ հեռավոր ազգականների հետ մեր Արամ և Գեղամ պապերի ծննդավայր Լանջաղբյուր ուխտագնացության ժամանակ գտանք նրա գերեզմանաքարը…
2015-ին, այո, ես 60 տարեկան եմ: Բայց սրա իրադարձությունը ո՞րն է, որ նշես. Դավթի ու իր մեծերի խմբի Էլենի ծննդյան օրը չէ, որ ասենք՝ բա սրանից էլ լավ առի՞թ՝ հավաքվելու, ուրախանալու… Ցանկացած տարիքի մեկը,որտեղ էլ որ լինի, 2015-ում կարո՞ղ է կատարել մի քայլ, մի գործ՝ շոշափելի, նոր մի բան, որ մինչ այդ չի եղել, ավելի իրադարձային, քան իմ 60 տարեկան դառնալը: Ու, որ զավեշտը դառնա առավել, համարյա Գրիգորխաչատրյանական, այդ նոր բանը նվիրի իմ 60-ամյակին: Գուցե այսպես հնարավո՞ր է քաշ-կարևորություն հաղորդել ամեն տարի հարյուր-հազարավոր-միլիոնավոր մարդկանց համար այս շարքային իրադարձությանը: Վիճակագրությունն այստեղ տեղին է. կյանքի միջին տևողությունը Եվրոպայում՝ 80 տարի կանանց համար, 72.5 տարի՝ տղամարդկանց, իսկ Հայաստանում կյանքի ընդհանուր միջին տևողությունը 73.9 տարի է: Դժվար չէ հաշվել, թե քանի՜ հազար 60-ը նշող մարդ կա: Գուցե այսպես կլուծվի նաև նվերի հարցը… Ընտրում ես, կատարում ես, նվիրում ես, արդեն կատարածից-եղածից ես ընտրում-նվիրում: Ինչպես տեսնում եք, ես սրանով խոստովանում եմ, որ անխուսափելի թվացող ճգնաժամը, որն իր հետ բերում է այս 60-ը, մենակ ես չեմ հաղթահարի: Լսվե՞ց: Ինչպես ինքնաբերաբար կատարվող ակտը դառնա իրադարձություն, որ կարող է ինչ-որ մի նշանակալիություն ձեռք բերի N թվով մարդկանց կյանքում…
Անցանք Դավթապատումին։
– Պապ, ես քեզնից չեմ նեղացել. ուզում եմ մռութս լվանալ…
– Շնորհակալ եմ, հայրիկ…
– Ինչի՞ համար, Դավիթ:
– Որ քաքիկ արեցի… Լավ արեցի… գիտես:
– Հայրիկ, ասա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-ը, ապուշ…
– Հիմա ասա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, ապուշ:
– Որ ես էլի մեծանամ, մենակ մուլտիկ կնայեմ, մենակ գնացք կնստեմ, մենակ կվայելեմ, մենակ կաշխատեմ, մենակ կլողանամ…
Դավիթը պատշգամբում ճոճվում է.
– Բարձր-բարձր, էլի, էլի բարձր, հայրիկ… Դավիթն առանց հայրիկի գնում ա՝ կորի… Գայլը եկավ փչեց, ուլիկները վախեցան-փախան… Էլի բարձր… Թող ուլիկները սատկեն վախից…
– Հայրիկ, էս բաժակը դո՞ւ ես բերել… Թող ինձ մնա, իմ բաժակը դառնա: Պարոն Աշոտ Բլեյանն ուրիշ բաժակ կբերի իր համար: