Ասիկա՝ 2018-ի հուլիսը, իմ կյանքում բացառիկ եղավ նորանկախ Հայաստանի շրջանում  իմ ամենաերկարատև բացակայությամբ… Արթնացա իմ ընթերցողներին հայտնի ժամին՝ գիշերը 3-ին։ Անիկա՝ այսօրվա լուսումութը, ինձ այնքա՜ն հարազատ դիմավորեց-բերեց-իմ գրասեղանի առաջ նստեցրեց, որ պատմելս, գրելս եկավ, ուզեցի շարունակեմ իմ երեկվա գիրը․․․ Իմ շուտ արթնանալը Հունաստանում բռնկած սարսափելի հետևանքներով սանձված հրդեհի ծխի ազդեցությունից չէր միայն…

Կեցության նոր պայմանների, ժամային գոտու 2 ժամ տարբերության, նոր իրավիճակի, նոր սննդի, և ընդհանրապես, նոր ռեժիմի, հատկապես անհեծանիվ ժամանակի այդ  գոյությունը երեկ ու այսօր վերջնականապես հաղթահարված համարենք։

Անոնք՝ հուլիսի 3-ի, 4-ի, 5-ի աշխատանքային օրերը մեծ արվարձան-քաղաքների Փարիզում, նրա հայկական աշխարհում, իմ այցելությունները դպրոց-վարժարան, այլ հաստատություններ հայկական, պատրաստված էին. իմ գործընկեր, հյուրընկալ Ժիրայր Չոլաքյանը ջանացել էր։ Հեշտ է, երբ քեզ ճանաչում են, քեզ սպասում են։

Վերահաստատվեց 2001-ի Փարիզից իմ ունեցած ամենաուժեղ տպավորությունը՝ մետրոպոլիտենը․․․ Մի ամբողջ, ուրույն կյանք, վերգետնյա փարիզյան իրականությունը գիշերուզօր սնուցող երակների ցանց․․․ Ի՞նչ պիտի անեն Փարիզը, Եվրոպան, աշխարհը առանց մետրոյի ամենաթափանց, անընդհատ երթևեկի․․․

5 տարեկանների լողափ կրթահամալիրի հյուսիսում։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։

Այսօր՝ ժամը 13։00, Գեղարվեստի «Հարթակ»-ում  «Ընդմիջում» դիպուկ անունով հանդիպումը փարիզյան մեր՝ պայմանավորվածություն դարձած պարտավորությունների շուրջ է, աշխատանքային մի խմբով բաց, որի կարևոր միջուկը Երևանում գտնվող, Փարիզում բնակվող հարազատներն են՝ Արթուր Ահարոնյանը, Ծովինար Բանուչյանը, Ժիրայրը մեր․․․ Կլինեն հայ-ֆրանսիական մեր հանրակրթական կամուրջներով այլ ոգևորվածներ․․․

Փարիզի դպրոցներում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 3-ին, և այս շրջանը պատրաստությունների համար է՝ 2018-2019-ի օրացույցում նոր կամուրջներով մեր անելիքը տեղավորելու համար․․․ Այսօրվա հանդիպումը համարենք կարևոր մեկնարկ։

«Պարտադիր չէ, որ համահայկական ռեսուրսները մոբիլիզացվեն և հավաքվեն պատերազմից հետո։ Դա պետք է արվի հենց խաղաղության ժամանակ՝ ապահովելով Արցախի զարգացումը, նվազեցնելով պատերազմի հավանականությունը»։ Մեջբերումը Վահե Հովհաննիսյանի «Այլընտրանքային նախագծեր» խմբի արված վերջին հրապարակումից է, որ շեղեց ինձ իմ պատումից ու տարավ այլ աշխարհ․․․

Երեկ, Մարմարյա սրահում Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի երևանյան փուլի հավաքին ես մասնակցեցի․ մեկ շաբաթ կրթահամալիրի Ավագ դպրոցի պատանիները Միքայել Ղազարյանի, գնդապետ Արմեն Դավթյանի ղեկավարությամբ օրացուցային ուսումնամարզական վարժանքներ կանցնեն՝ լող, մարմնամարզություն, ձիասպորտ, հրաձգություն․․․ Այսպես կձևավորվի հայաստանյան ջոկատը, որը ՀՀ պաշտպանության նախարարության ապահով փոխադրմամբ հունիսի 30-ին Բալուջա գետի ափին, Նոր Այգեստանում կմիանա Ստեփանակերտի իրենց հասակակիցներին․․․ Այսպես արդեն 6-րդ անգամ, տարին մեկ՝ հուլիս-օգոստոսին․․․

Ջրային խաղեր հարավի ամառային ճամբարում։ 
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Հայտնի լրագրող, Արցախյան շարժման ընկեր-ուղեկից Վասակ Դարբինյանին վաղուց չէի հանդիպել․․․ Մենք նման ենք հաստատ Վանո Սիրադեղյանի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքով․․․ Վասակը լրագրական կարևոր նախագիծ է իրականացնում՝ այդպիսի նմաններով, Վանոյի միջոցով մեր կյանքը պատմելու-վերապատմելու։ Մեր զրույցը Օղակաձևի մի անկյունում, լճի ափին, երկար տևեց։ Կկարդաք։ Հիմա ավելացնեմ, որ Վանոյի բացակայությունը մեր կյանքից խլեց, մեր զավակներին զրկեց այդպիսի վառ անհատականության ազդեցությունից․․․ Իմ սեղանին էլ հայտնվեց Վասակ Դարբինյանի «Օտար ժամանակներ» խորագրով արձակը՝ «Աշոտ Բլեյանին՝ հրաշալի ուսուցչին ու կարգին մարդուն․․․ Հարգանքով․․․» մակագրությամբ։ Շնորհակալ եմ, ընկեր։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1425

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթերում «Սեբաստացի» ռադիոն է

Մայր դպրոցի՝ Ավագ դպրոց-վարժարանի նորանորոգ 3-րդ հարկ մտա որպես օտար՝ իրավունքի դասընթացը պարապելու. անգամ կրթահամալիրի համար ամբողջական թարմ ու հետաքրքիր կրթական միջավայր է ստացվել՝ տրամադրող, թափանցիկ, արևոտ էր հարկը, Գեղարվեստի ավագ դպրոցի

Արծվենի հայացք քաղաքին, մեր կյանքին, մեր գործերին…

Անսովոր-անհամեմատելի, իր անսպառ հնարավորությունների, յուրահատուկ ուժի ցուցադրության օր եղավ ուրբաթը։ Ես խոսում եմ, այո, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին. օրն ուսումնական առօրյայով-ժամանակացույցով-ընթացքով՝ կրթահամալիրի հաստատություններում, ինչպես շաբաթվա, տարվա բոլոր օրերին, ինչպես

Կապույտի մեջ, կապույտի մեջ… Նոր տարվա ոգի՞ն…

Որտե՞ղ փնտրես նոր տարվա ոգին… Իմ գիրը այս շրջանում այդպիսի մի փնտրտուք է… Այս գիշեր, ողջ գիշեր, երեք անգամ արթնացումով ջանում եմ պատմել իմ հայտնագործությունների մասին… Չի ստացվում… Չե՞մ գտել…