Վարչափոխության համազգային աղմուկը մարել է փողոցում մեր։ Իրիկուն է, Դավիթ Բլեյանի համար ես կարդում եմ բազմոցին։ Արմինեն հիշեցնում է, որ Դավիթը սկսել է քնից առաջ ընթերցանությունը նախընտրել Մոցարտ-Բախի ունկնդրումից․․․ Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուից «Թարս հարցեր»-ն եմ կարդում, «Մուկ, որը կատուներ էր ուտում», «Հանած ինը», ու Դավիթը դիմադրում է, պնդում իր ուղիղ ընկալումը․․․ մինչև լողավազան։ Ցնցուղը մեզ բերեց-տարավ ռոդարիական աշխարհ ու Դավիթը ջրի տակից․
— Ինչո՞ւ նոր մորուքը վարչապետ ունի․․․
Լավ ծիծաղեցինք մեր թրջված պատասխաններից, մինչև որ Դավիթը կտրեց․
— Նիկոլին, պա՜պ, կհանդիպենք, կհարցնենք։
Իսկապես, ինչո՞ւ ենք ամեն ինչ այսքան ոլոր-մոլոր տանում, երբ կա ուղիղը։ Հետո էլ թե՝ ե՞րբ ես քո հեռախոսը ինձ տալու։ Չե՞ս հոգնել, քեզ ուրիշը վերցրու, ավելի լավը։ Չգիտեի, որ իմ հեռախոսի վրա է աչքը։ Իմացա, տվեցի․ քե՛զ լինի։ Այդ պահից, ես իմ խողովակով ինտերնետ ներխուժումների համար պատասխանատվություն չեմ կրում․․․
Սեբաստացիները՝ մեծով-պստիկով Հրապարակում:
Լուսանկարները՝ սեբաստացիների ՖԲ էջերից:
Ծիծաղեցի, մեր Արեգ Սերոբյանի վերջին (վերջի՞ն) գրառումը հիշեցի Եվրոտեսիլից․․․ Հրապարակում մոռացե՞լ էինք Եվրատեսիլ ճամփած մեր Սևակին։
Անձրևն ու հրապարակի ստեղծած աղմուկը՝ Բանգլադեշից, կրթահամալիրի Մեդիակենտրոնից, Սեբաստիայով-Ծովակալ Իսակովով մինչև հրապարակ ուղեկցող, հետ չպահեցին ինձ հեծանվի մտքից․․․ Առանձնանալ էր պետք բոլորիցդ․ ինքս ինձ հետ լինելու ուժեղացող պահանջը, իմ ու հեծանվի ընկերությունը ոչ միայն ամուր են հեղաշրջում-իշխանությունից, բռնի-հակաբռնի որևէ վտանգ չի երևում, այլև առաջիկայում ես պատրաստ եմ երկարատև հեծանվային ճամփորդությունների, պարզապես․․․ Ընկնում ես ու քո ճանապարհով գնում՝ քո չշեղվելու իրավունքով, Ռոդարիի հաշվապահ Բիանկիի նման։ Շաբաթվա յոթ օրերից վեցը շրջեմ իմ Արևմուտք-Արևելք-Հյուսիս-Հարավով, գործի դնելով իմ ձեռքի տակ եղած հակաաղմուկի-հակաքաոսի օգտակար դեպրեսանտ-միջոցները, վաճառելով վերջապես ակտիվացված-ակտիվացող բյուր մարդկանց․․․Իսկ իրիկունները, ամեն իրիկուն, Դավիթ Բլեյանի համար նոր հեքիաթ կպատմեմ, քանի որ մայրիկ Արմինեն երեք անգամ պատմել է իր իմացած բոլոր հեքիաթները։
Քանի որ մնացած ճանապարհները ոչ մի տեղ չեն տանում, ամեն մեկը պիտի ինքնակազմակերպվի, ընտրի-որոշի-գնա իր ճանապարհով ու բաժանի, վաճառի ճամփին ի՛ր դեղամիջոցները՝ չմոռանալով ամեն երեկո ճիշտ նույն ժամին հեքիաթին սպասող երեխային․․․
Հանրապետության Հրապարակը մայիսի 8-ին:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:
Երկու բան կա, որ մեզ բոլորիս այս ճանապարհներին տարբեր, որպես հեղափոխության-հեղաշրջման մասնակիցներ, միշտ կպահի ճերմակ-մաքուր, հրապարակում․․․ Ամեն մեկս ոչ միայն չպիտի կեղտոտի, այլև պիտի հավաքի հանդիպող աղբը շարունակ, ու մեր շուրջ, մեր ճանապարհին թավիշ կանաչ շատացնի-խտացնի․․․ Ճերմակ, ձեռքերը՝ վեր, հակաբռնի, թավշե կանաչով շրջապատված ու մաքո՜ւր- մաքո՜ւր․․․ Այսպիսի Հայաստան ստեղծող քաղաքացին ո՞նց կարող է հպարտ չլինել։
Ի՞նչ էինք տանում մենք Հրապարակ ու բերում Հրապարակից ապրիլ-մայիսին այս։ Երեկ՝ մայիսի 8-ին, Հյուսիս-Արևելք-Արևմուտք անցումներով Նիկոլի հրամցրած տոնով, իմ ընտրած ուղուց չշեղվելու փաստահավաք առաքելության մեջ էի իմ մի խումբ ընկերների հետ․․․ Ամեն մեկս մեր հաղթանակով, որպես Տոնը հաստատելու-ապրելու մեր անօտարելի իրավունքով, հարգանքով կրթական ծառայությունը (մանկապարտեզ, երկարօրյա ուսուցում) պատվիրատու ծնողի անհատական, աշխատանքի անընդհատությամբ պայմանավորված պատվերի նկատմամբ։ Լավ է, եթե հեղափոխության հովերը, նշանավոր օրով միասին լինելու կանչը՝ բնական-եզակի, չշեղեցին պատվերը կատարելու քո ճանապարհից։ Լավ է, որ կրթահամալիրով մեկ բոլորած կանաչը ոռոգվում-խնամվում-ավելի կանաչ՝ զմրուխտ էր դառնում։ Լավ է, որ միտքը՝ մանկավարժության լաբորատորիան, Մեդիակենտրոնում աշխատում էր․․․ Ափսո՜ս, որ մեր Սուսան Մարկոսյանի ուժեղ գլխացավը հանրապետական պատգամավորի ելույթի-քվեարկության նման ազդում էր մեր տրամադրության վրա․․․ Ու միակ դեղամիջոցը կիտրոնն էր մնացել․․․ Կիտրոն ու սոխ ավելի շատ գործածեք, որպես բնական միջոց, որպես հակադեպրեսանտ։
Կրթահամալիրի արևելյան լանջերն ու ճամբարականները:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1369