Բարի առավոտ, Հայաստան: Թբիլիսիի Բոմոնդ Գարդեն հյուրանոցի 706 սենյակի պատշգամբում եմ սկսում իմ օրը-գիրը. պայծառ կիրակի քեզ և կենսական-հասունացած խնդիրների լուծումների ամառ յուրաքանչյուրիս, սեբաստացի-ոչ սեբաստացի… Միստր Յուրան իր սիրալիրությամբ վերականգնեց-հավաստեց օրագրի անընդհատությունը, շնորհակալ եմ: Այսօր ամբողջ օրը վերադարձի է, ու մենք այն կանենք ավելի անշտապ, ճանաչողական, ճամփորդական, ինչպես մեկնումինը:
Պայմանավորվել ենք. կրթահամալիրի արհմիութենական կազմակերպությունը, մեզանից յուրաքանչյուրը մատչելի-ճանաչողական, ասել է թե՝ կրթահամալիրի փոխանակումների հնարավորությունների լիուլի օգտագործմամբ, կարող է իր-մեր ընտրությանը ներկայացնել նորանոր ճամփորդական երթուղիներ… Հանգստի լավագույն միջոցը ճամփորդությունն է. ես նախընտրում եմ հիմա արշավախմբայինը՝ նոր գագաթների նվաճմամբ…
Երեկ աշխատանքային հագեցած քննարկումներից հետո Արմինեի ու Դավիթի հետ ունեցանք երեկոյան Թբիլիսին միստր Յուրային ներկայացնելու հնարավորություն… Երկու դիտարկում, որ ինձ ակնհայտ թվաց: Մեկ՝ որ Թբիլիսիի կանաչը, հատկապես ծառերը, սոսիները նշանավոր Ռուսթավելիի, ավելի սլացիկ-գերող երևացին… Աչքս կտրել սրանցից չէի կարողանում, ամեն մեկը, մի-մի երկինք բռնած, քաղաքային տեսարան ստեղծած-դառած: Ծառերը ամենուր Բանդլադեշից-Թիֆլիս, ողջ ճանապարհին, ինձ զբաղեցնում են հիմա. նկարեցի ու նկարեցի, տեսնենք ինչ կկարողանամ փոխանցել: Մյուսը, որ Թբիլիսիում իմ հայտնի թուլությունն ու կարոտն է, իմ Երևանի անվերադարձ կորուստներից է, քաղաքային ներքին բակերը՝ փողոցների կամար-անցումներով սկիզբ առնող։ Թբիլիսիի ներքին բակերն ավելի խնամված միջավայրեր ներկայացան, ամեն մինը՝ մի գողտրիկ-նազելի բնակարան… Օրեր ունենամ, սիրով, որպես նախագիծ, հատուկ պատրաստված լուսանկարչական խցիկով կանցնեմ բակ առ բակ, դառնամ այս մարդկային Թիֆլիսի արձանագրողը… Մարդը իր քաղաք ծննդավայրում, իր պապենական-հայրական տանը, պաշտպանված՝ մետր առ մետր արդիականացնելով իր կենցաղը ու պահպանելով, զարգացնելով բնակավայրի էսթետիկան:
Թիֆլիսյան բնակավայրը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։
Հարթություն փոխեմ՝ զարմանաք. կրթահամալիրի դպրոցների հեծանվուղիների-անցումների ավարտումը-ամբողջացումը՝ որպես նոր ուսումնական-բնակելի միջավայր. երեկ հետևում էի Գեղարվեստի հարավային ճակատով հեծանվավազքին, սպասում Շամիրամի դպրոցի հեծանվաուղու անվտանգության գոտու լուսանկարներին․․․ Չստացա… Իմ, Նվարդի և Էլյայի աշխատանքային ջոկատի օրակարգում Քոլեջի հեծանվուղու կառուցման ավարտումն է, առանց որի մեր կրթական կասկադը՝ արևելք-արևմուտք ճառագայթով, մինչև ե՞րբ շարունակի կիսատ մնալ: Կլինի՞ հունիսին:
Սիրելի են ինձ տարատարիք սովորողների հեծանվային-լողափային խոսակցությունները, ինչպես իմն ու Դավիթինը, հյուրատան խորոտիկ «ծովից»… Իրիկունը ես ու Դավիթն էինք միայն լողավազանում. Թիֆլիսից այս տպավորությունը կմնա, մեզ հետևող միստր Յուրան ու Արմինեն… Ողջ ամառ կրթահամալիրի լողափերից եթեր սփռվող ամենատարբեր պատումները չեն թողնում, որ քաղաքը, արվարձան-բնակավայրը կորցնեն իրենց մարդկային կերպարը-նկարագիրը. ինչպես թիֆլիսյան ծառերն ու ներքին բակերը, այնպես և բանգլադեշյան հեծանվաուղիները, անցումներն ու լողափերը կյանքի հետ իմ ամուր կապերն են քաղաքային… ինչպես գետափերը՝ գյուղերում… Առանց գետափի ի՞նչ գյուղ:
Երեկոյան Թբիլիսին` կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:
Ուշադիր եմ և մեր «Ամառ 2017»-ի Բանգլադեշյան մոտեցող պլեների զարգացումների նկատմամբ… Հանկարծ դատարկ, առանց իրական մարդու չմնա՞ն անունները, անվանակարգերը… Բանգլադեշն առանց ցանկապատի կամ Բանգլադեշը՝ նոր լանջաղբյուր. բազում լուծումներ զարգացան-առաջացան 2016-ին. պլեներից պլեներ ի՞նչ փոխանցումներ կլինեն-եղան, մի քայլով անգամ կմոտենա՞նք Բանգլադեշում ապրող մարդուն, կմտնե՞նք նրա թաղային-շենքային բնակավայր: Անցյալ տարի իմ հնչեցրած կոչը՝ «ոչ մի ժանգոտ մետաղ Բանգլադեշում»-ը առարկայական կդառնա՞: Այսպիսի մտքեր, որ Երևանից ինձ հետ են, Թիֆլիսում ինձ չկորցրին, կարոտի՞ց է, այդ զորեղ, զորեղ կարոտից: Ես եմ: Չե՛մ փախչի, ոչ էլ ճամփորդությունը փախուստ է քո իրական կյանքից, քո իրականությունից… Եկել է, ասեմ:
Ժամը 12։30 է։ Թիֆլիսի Խոջիվանքի հայոց պանթեոնում ենք: Դավթի հետ ծնկի եմ եկել իմ ու Դավթի, բոլորիս պապիկ Հովհաննես Թումանյանի շիրիմի առաջ։ Մեզ շատ լավ ենք զգում պապիկի մշտական ներկայությունից։ Կես ժամից կշարժվենք դեպի Երևան…
#1059