Չարենցի 1936-1937թթ տնային կալանքի, բանտի, կյանքի վերջին՝ դատապարտվածի գիրն է իմ սեղանին, Հրանտ Մաթևոսյանի ճաշակով հրամցված վերջերգը Չարենցի։

…Շնորհակա՛լ եմ, Տե՜ր, այն ամենի համար,
Որ տվեցիր դու ինձ կյանքում իմ խեղճ. —
Ե՜վ տքնությամբ ազնիվ իմ վաստակած հացի,
Ե՜վ կանացի մարմնի՝ հացի՜ պես սուրբ, —
Ե՜վ պարտությանց համար այս բիրտ մարտում,
Ե՜վ հաղթությանց համար երբեմնակի: —

— Ոստիկաններն ինչի՞ են էսպես շարվել,- Դավիթ Բլեյանն է հարցնում Արմինե ուսուցիչ մայրիկին, երբ մեքենայով փորձում են Մելիք-Ադամյանով մտնել Բյուզանդ-Չայկովսկի՝ մեր տուն։
— Սերժ Սարգսյանին են պաշտպանում․․․ մարդկանցից, մեզանից։
Քաղաքացիական անհանզանդության պայքարի մասնակիցն իր բացասական վերաբերմունքը իշխանության, վիճակի նկատմամբ չարտահայտել-չփոխանցել չի կարող…
— Ինչի՞ց են պաշտպանում․․․ ի՛նքն ա վարչապետը, ինքը պիտի բոլորին պաշտպանի․․․ Ոստիկանը մարդկանց պաշտպանելու համար է, ես գիտեմ, սովորել եմ, դրա համար ես չեմ վախենում․․․,- ու պատմում է իր յոթ տարեկան ընկերների կարծիքները՝ դպրոցական քննարկումները շուտ-շուտ մեջ բերելով․․․ Վերջում էլ թե.
— Բա ո՞վ պիտի ոստիկաններին էս իրենց գործին ուղարկի․․․

Գնացքի գծերից անդին՝ խաշխաշներին հյուր:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Երեկ առավոտյան շուտ-շուտ հավաքվում ենք՝ տանից դուրս գալու։
Հոգնած-ջարդված սեբաստացի միտինգավոր Մելինեն դեռ քնի մեջ է։
— Դավի՛թ, վեր կաց, քույրիկդ ու իր միտինգավոր ընկերները խաղաղ-անհնազանդ փակելու են քո դպրոցի ճանապարհը, մի քիչ էլ ուշացար, կմնաս տանը, կգնաս միտինգի․․․
— Մելինե՞․․․
— Հա, Դավի՛թ ջան․․․
— Մելինե՛, դու ինչի՞ Սերժ Սարգսյանին չես հավատում․․․,- հարցնում է Դավիթը շորերը հագցնող, քնի մեջ գործող քույրիկին։
Մելինեի պատասխանը իմ գրում, անվտանգության նկատառումներով բաց եմ թողնում․․․

— Դավի՛թ, մայրիկի կոշիկները բեր․․․
— Ո՞ւր ա, որտե՞ղ ես դրել։
— Դավի՛թ, չես ճանաչո՞ւմ մայրիկի կոշիկները, դիմացդ դրված են,- Արմինեին սիրաշահում եմ ես։
— Էդ դու չես ճանաչում, դրանք Մելինեի կոշիկներն են։ Էլի ամեն ինչ խառնեցիր․․․

Մեր հեղինակային մանկավարժությունն ու մեր կրթական միջավայրը՝ իր բոլոր դպրոցներով, պարտեզներով, քոլեջով ստեղծվել-կառուցվել են անընդհատ՝ բաց դռներով․․․Դրանք չփակվեցին նաև խաղաղ անհնազադնության երթի մասնակիցների առաջ։ Նրանք անցան Բանգլադեշով, մասնավորապես Բաբաջանյան փողոցով, որի 25-րդ համարի կրթական օբյեկտը՝ մեր 6-12-րդ դասարանցիների դպրոցը՝ մեր Մայր դպրոցը, նախկինում՝ մինչև 1988-1989թթ, հանրահայտ երեք Աշոտների ղեկավարած թիվ 183 դպրոցն է․․․ Եվ ի՞նչ․․․ Դռներն իհարկե՛ չփակվեցին, սովորողների 2-3 խումբ, անարգել, իրենց նախաձեռնությամբ միացավ երթին՝ և՛ հետաքրքիր է, և՛ սովորելու-ճանաչելու-գործելու պահանջով, երևի․․․ Ավագ դպրոցի ղեկավարը, բնական է, ուսուցիչների մի խմբի հետ միացել է նրանց, ուրիշ ի՞նչ կերպ ապահովես սովորողների անվտանգությունը, և ուղեկցել երթը․․․ Մնացածը Մարթա Ասատրյանն ու սովորողները կպատմեն իրենց բլոգներում, սոցիալական ցանցերում․․․ Ժամը 15.00, էլի երեկ, Մայր դպրոցի լեփ-լեցուն «Սեբաստիա» համերգասրահում օպերային և բալետի ակադեմիական թատրոնի համերգային մեծ խմբի հետ սովորողներով-ուսուցիչներով-ծնողներով «Անուշ»-ի համատեղ ներկայացումն էր․․․ Մեր առաջին համատեղ նախագիծը, որ իհարկե, շարունակություն կունենա․․․ Իսկ դրանից առաջ Մարմարյա սրահում հանրապետության մանկապարտեզների դաստիարակները՝ հնգօրյա վերապատրաստման դասընթացի մասնակիցները, ներկայացնում էին իրենց սովորածը։

Հայաստանի դաստիարակները՝ մեր դպրոց-լաբորատորիայում:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Մարգագետին բառի հայտնաբերումով-գործածումով, իմ գրով, ահա, դրա շրջանառումով նշանավոր դարձավ երեկվա օրը․․․ Իմ գրի բառարանով ինչպե՞ս չստուգենք*․․․ Եվ քանի որ մարգագետինը բնության, դաշտերի, ոչ քաղաքային՝ գյուղական վայրի նկարագիր է, լավ է, որ կրթահամալիրի Բանգլադեշը մեր՝ իր առաջացող-թավիշ կանաչով ծնեց այսպիսի նկարագիր. հանկարծ ջրառատ դարձած, ուրախությո՜ւնը այս գործով ամիսներ չարչարված սեբաստացիներիս մի խմբի, մոտիկ գտնվողների, ովքեր ոռոգման ցանցով ցայտող ջրի ձայնը լսեցին, հավաքվեցին Վահրամ Մարտիրոսյանի, ավագ պարտիզպան Էդմոնի Փաշինյանի ու պատիզպան Գևորգի շուրջ, տարերքի մեջ․․․ Տարերքի՞ց ծնած եղավ մարգագետինը… Եվ հյուսիս-արևելք անցումով, անշտապ վայելքով հայտնվեցինք, ինչպես սեբաստացիներն են ասում՝ Մայրում․․․ Անուշի և Սարոյի հուզիչ սիրո պատմության կանչով․․․

Կրթահամալիրի Բանգլադեշի արևմտյան բարձունք-քարափում:
Լուսանկարները՝ Շուշան Ալեքսանյանի:

Իսկ  Չարենցի վերջերգի իմ ընթերցումները ես գիր կբերեմ առաջիկայում։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1351

* Մարգագետին։ Կանաչով ու ծաղիկներով պատված դաշտ (սովորաբար ջրարբի)։
Աղբյուրը՝ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էլ ի՞նչ ձմեռային ուսումնական ճամբար՝ առանց սահադաշտի…

Ես չգիտեի. Էմանուել Ագջոյանը մեր իր սքանչելի տիկնոջ՝ մեր Անահիտ Գրիգորյանի հետ հետևում է իմ օրագրին, Դավթապատումին… Էմանուելի կլոն Յուրայի օրագիրն այն մանկավարժական արժեքներից է, այն կենսափորձը, որ մեդիահմուտ սեբաստացի

Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն…

Գյումրիում եղանակը՝ ոնց որ Երևանում, լրիվ աշնանային․․․ ձյան ոչ մի հետք, թաց, մեղմ, արևը՝ ծառերի ճյուղերի մեջ խճճված․․․ Այդպես և երեք ժամ տասնհինգ րոպե տևած ողջ ճանապարհին։ Լավագույն դեկտեմբերի 31-ն

Հրապարակ-փողոց չէր երեկ, այլ համազգային մի գրկախառնություն

Կիրակին ես անցկացրի Հանրապետության հրապարակում․․․ Մեր տունը, շենքը հրապարակից երկու քայլի վրա է, բայց ես, եթե հեծանվով չեմ, շրջանցում եմ․ մեր հրապարակը առօրեական, մարդու համար չէ, չգիտես՝ մեքենաների՞նն է, դեպի