Հայաստանի, Երևանի, Բանգլադեշի ամենա-հուշարձանն ինձ համար Արարատն է.

Դեպի լյառը անհաս ու վեհանիստ
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը, —
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ…
Ե. Չարենց

Այս մասին՝ իմ կիրակնօրյա ընթերցարանում: Իսկ ո՞րն է աշխարհի ամենահուշարձանը՝ հարցնում է ընթերցողն օրագրի, որ մի քանի հարց է ինձ ուղղել:
— Հայաստանն ինձ համար աշխարհ է,- հաստատում եմ ես:

Երևանի ամենաարժեքավոր հուշարձանը Հրազդանի կիրճն է… Եվ մեր՝ իմ սերնդի ամոթն է, որ Խորհրդային «շկոլայով» անցած, մեր մասին մե՜ծ-մե՜ծ կարծիքի, չկարողացանք այնպես անել, որ հուշարձանը դառնար Երևանի բրենդը, խորհրդանիշը, առանձնահատկությունը, յուրաքանչյուր երևանցու անսպառ հարստությունը, կարճ թե երկար տևողությամբ Երևան այցելողի անջնջելի տպավորությունը… Հայացքով դեպի Արարատ ու Արագած՝ նրանց փեշերին այնքան մոտ փռված, Հրազդանի կիրճի աջ ու ձախ ափերով տարածվող… ու այսքան սովորակա՞ն. պետք է շատ համառ, ծույլ ու շատ սահմանափակ երևակայությամբ լինել դրա համար… Ափսո՜ս, հազար ափսոս… Այս թեման Հրազդանի կիրճի պես անցնում է իմ գրերում… Սպասեք նոր բացահայտումների, խարազանման. ես հեծանվի վրա եմ և անցնելու եմ Հրազդանի կիրճով՝ վերից վար, աջ ու ձախ, գրանցելու եմ կիրճի այսօրը՝ իր մանրամասներով… Իմ հաջորդ 60 տարում ես կուզեի Հրազդանի՝ իր կիրճով, Սևանա լճի՝ իր ավազանով, հոգսերն իմ կյանքը դարձնել։  Ես դրանք իմ բանգլադեշյան առօրյայից հիմա չեմ օտարում։

Իսկ Հանրապետության օրվա առթիվ ես իմ «բարձունքները» նվաճեցի՝ 25 րոպեում Խանջյան-Չայկովսկի խաչմերուկից իմ նժույգով հասա Մայր դպրոց, Բաբաջանյան պողոտայով Մեդիակենտրոնի բարձունքն անկանգնել հաղթահարեցի, և Մայր դպրոցից 10 րոպե տևեց Նոր դպրոց-Արհեստագործական-Մեդիակենտրոն կասկադի հաղթահարումը… Գրանցենք ու անցնենք առաջ… Ես զգում եմ, որ նիհարում եմ, դառնում ավելի թեթև, ավելի շարժուն, ավելի բնական… Կեցցե՛ս, հեծանիվ, իմ նվեր, իմ ընկեր: Конь же лихой не имеет цены (Մ. Լերմոնտով)…

«Բարձունքի հաղթահարում». Ապարանի Թուխ Մանուկ։ Դպրոց-պարտեզի  1-ին դասարան: Լուսանկարները` Սաթեն Օրդյանի:

Արհեստագործական-Նոր դպրոց-Մայր դպրոց կասկադի ստեղծումը, հետևողական զարգացումն եմ համարել 2015-ի համակրթահամալիրյան գործը՝ համաբանգլադեշյան, համասեբաստացիական նշանակության: Եվ Հանրապետության օրն այդ բարձունքով ես անցա ուրախ, հեծանվով, գործի եկած՝ հաստատելու, որ ողջ տարածքը ջրվում է, խնամվում, պահպանվում… Ինչպես հայրենիք: Ես այս հայրենիքում նոր խմբասենյակի բացումը՝ իսկական բնակարանամուտ… ինչպես խոստացված էր հունիսի 1-ին… Ես հայտարարում եմ նվիրատվության օր՝ եկեք-տեսեք-նկարվեք… Այդպես նշանավոր եղավ ինձ համար օրվա 2-րդ մասը, որն անցկացրի Դավթի, Արմինեի, Ստեփան հորեղբոր, Դանիելի ու Անահիտ հարսիկի հետ մեծ եղբորս տղաների՝ Թաթոսի, Պետրոսի, Արթուրի ընկերակցությամբ՝ նրանց Չարբախի տնտեսությունում: Արթուրն ու Պետրոսն ինձ ներկայացնում էին իրենց հայրենիքի ամիսների խնամքը՝ ամեն ծառի, քառակուսի մետր հողակտորի… Տպավորիչ է: Եվ այս հայրենիքի զարգացման մեջ եթե տեղավորենք Արթուրի որդի, 2015-ի մեր շրջանավարտ Արման Բլեյանի մասնագիտական կրթություն ընտրելու, Պետրոսի ավագ որդի մեր շրջանավարտ Էդվարդ Բլեյանի բակալավրական կրթությունն ավարտելու փաստը, նոր հեռանկարներ, նոր շարունակություն է բացվում տնտեսության զարգացման համար… Այսպես է ստեղծվում- նորանում-փոխանցվում հայրենիքը: Արթուր Բլեյանը մայիսի 25-ը՝ իր ծննդյան օրն անցկացրել էր հայրենագիտական եռօրյա ճամփորդությամբ, Դիլիջան-Գոշ-Իջևան տարածքում. հասել էր Աղավնավանք՝ այս գարուն մեր կրթահամալիրի ամենաճանաչված վայրը, ու տպավորված էր իր գյուտով… Սրանից էլ լավ նվե՞ր ինքդ քեզ, քո ծննդյան օրով. հայրենիքի վերանվաճում, բացահայտում, հիացմունք հայրենիքով, որի հետ կապն անընդհատ, ավա՜ղ, թուլանում է մեր օրերում մեծահասակների մոտ, իսկ մեծահասակները չեն կարող չփոխանցել այս թուլացումը, չեն կարող սրանով չխարխլել մեր ժառանգների ու հայրենիքի միջև անկախության շրջանում ձևավորվող կապերը…

Մայիսի 28-ի տոնական օրվա ամենակադրն ինձ համար եղավ մեր կասկադում ջրվոր Էլյան՝ շրջապատված ջրագծերի վերջին մետրերը հոգատար փռող վարպետներով՝ Օնիկով ու Համլետով, Գեղարվեստում «Բարձունքների հաղթահարման» համար հավաքված Կարինե Բաբուջյանի դասարանի ծնողական ու սովորողների խմբերը, Լիլիթ Բլեյանն ու իր Սոնուլիկի նկարը՝ Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի լուսանկարների այս շարքը… Շատ ուրախացա… Այս օրերին սեբաստացիների կողմից նվաճվող բարձունքների մասին՝  նաև վաղվա գրում։

«Բարձունքի հաղթահարում». ճանապարհը տանում է դեպի Գոշի լիճ. կրթահամալիրի Դպրոց-պարտեզի 5-րդ դասարան: Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Այսպիսով՝ անձնական ծննդյան օրը, հայրենիքի օրը (մայիսի 28, թե սեպտեմբերի 21) հայրենագիտական երթի ձևով նշենք… Կարելի՞ է, չէ՞, ընտանեկան-անձնական այսպիսի նախաձեռնություն հաստատել, սրանով ծննդյան օրվան իմաստ հաղորդել, կապեր նորոգել քո ծննդավայրի-բնակավայրի-քո հայրենիքի հետ… «Բարձունքների հաղթահարում» նախագծի 2015-ի մեկնարկը տրված է, ու ի՞նչ կա խոսելու. նվաճեք` բլուր-առ բլուր, սար առ սար, գագաթ առ գագաթ…

Երբ Թաթոս Բլեյանն ինձ հայտնեց իր անդրանիկ թոռնիկ Էդվարդի կնունքի նախապատրաստության մասին, ես չհապաղեցի.
— Եկե՛ք հայրենյաց արշավի-ուխտի վերածենք… Ասենք, Բջնիի եկեղեցում անենք մկրտությունը, կնունքի մասնակիցներով հաղթահարենք մեզ մինչ այս անծանոթ մի բարձունք, ասենք՝ Բջնիի բերդը կամ Սոլակի սուրբը, անցնենք նշանավոր մի ճանապարհով ու, պատկերացնո՞ւմ եք, փոքրիկ Էդվարդի կյանքում այսպիսի խորհուրդ-մեկնարկով մկրտությունը կդառնա ինքնության հաստատման փաստ…

Իսկ Արթուր հորեղբայրը Դավթին տվեց սերմեր, որ Արմինեն ու Դավիթը հանձնեցին թաղարին՝ մեր պարտեզ-պատշգամբում, որ դառնում է նշանավոր՝ շնորհիվ Շողիկ Պողոսյանի ջանքերի, «Պատշգամբը՝ պարտեզ» նախագծի ընդարձակմամբ… Սիրով:

Ծղոտե արևապաշտպան շիրմաների փորձ, նախագիծ:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Այս օրերին ու մինչ հունիսի 1-ը 2015թ. բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր 11 հազար 803 դիմորդները, 500-ով պակաս, քան 2014-ին, իրենց հայտերով ճշտելու են մասնագիտությունը, բուհը… Սեբաստացի շրջանավարտները՝ դրանց թվում: Սերգեյան Սևակը դարձավ մեր Ավագ դպրոց-վարժարանի 6-րդ շրջանավարտը, որ Հայաստանում Ամերիկյան համալսարանի 2015-ի ուսանող է, Ալեքյան Հովհաննեսը Դիլիջանի միջազգային քոլեջի սովորող մեր առաջին շրջանավարտն է… Ես անդրադառնալու եմ 2015-ի մեր յուրաքանչյուր շրջանավարտին՝ ձեր օգնությամբ, այնպես, որ ինձ հասկանալի լինի յուրաքանչյուրի ընտրությունը՝ աշխատանքային գործունեությունն սկսելու, կրթության շարունակության իրավունքի ընտրության ձևը, կապը, նրա ընտրության ու կրթահամալիրում, կրթահամալիրի հիմնական ու ավագ դպրոցում ուսումնառության, լրացուցիչ կրթության ջանքերի… Այս բոլորը բաց պիտի արվի, մեր շրջանավարտի մասնակցությամբ, փաստացի: Մեր շրջանավարտի իրավունքն է, իհարկե, այդ ընտրությունը. որքանո՞վ է այն ազատ, ինչպե՞ս են դպրոցական միջավայրը և ուսուցումն ազդել այդ ընտրության վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ու հարսանիքը՝ որպես հանրային անճաշակության ժայքթում…

Օրը՝ երեկվա իմ օրը, իմ ականջներում չմարած իր ձայներով, որ հիմա վերարտադրեմ-վերադարձնեմ ընթերցողին, որպես իմ 1065-րդ անընդհատ գիր, ի՞նչ կստացվի, չգիտեմ. է՜հ,  կկարդաք կամ չեք կարդա, բայց ինձ սկսեց զբաղեցնել,

Ո՞վ կլինի առաջին Նոբելյան մրցանակակիր սեբաստացին

— Մեկ-մեկ կբերի կախարդական գուլպան, հո բոլոր մեքենաները չի՞ հավաքի բերի,- կրկնում է Դավիթ Բլեյանը (հիշո՞ւմ եք մեր տանը Ձմեռ պապի ներկայացուցիչ կախարդական գուլպային), երբ, արդեն, խնդրել-ապսպրել է աշխարհի բոլոր

Ամռան ծով գործի և այն մասին, թե ինչու Երևանում ծովը չի շատանում…

Կրթական միջավայր ուսումնական տարածքը, որին Գեղարվեստ եմ անվանում, Րաֆֆու 69/1 հասցեում է (Հարավարևմտյան զանգված, Բ-1 թաղամաս, շատ մոտ կրթահամալիրի Մեդիակենտրոնին)՝ տիպային 14 խմբանի նախկին մանկապարտեզի շենք՝ իր 6970 քառակուսի մետր