Մարի ջան, սիրելիս, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նշանավոր ղեկավար Մարի Գաբանյան, շնորհակալ եմ ինձ արխիվից հայտնի դարձնելու ջանքերիդ համար։ Աչքի անցկացրի երեկվա «Ի բազում ամս տենչեցեալ…» հրապարակումը. մեկ է՝ հավատալու բան չէ՝ ե՞ս եմ գրել… Այսքան բան եմ գրելիս իմացել, այդքան կարդացել-ուսումնասիրել եմ, աղբյուրներ թերթել, հոդվածի համար նյութ հավաքել… Հալալ է ինձ էլ, քեզ էլ, քույր իմ։ Բա էս ողջ ընթացքում ինչո՞վ եմ զբաղվել, ինչի՞ վրա եմ վատնել իմ «հանճարը»։

Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը,
Իր խոհերի նման բազմապիսի,
Խոհեր՝ ուղղած դեպի սերունդները գալիք,
Ծրագիրներ՝ կիսատ, կամ սկսված հազիվ,—
Ո՞ւմ էր թողնում բոլորը, ո՞ր սիրեցյալ սանին,
Որպեսզի վաղը նա այդ թերթերից
Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի
Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին…

Բոլորիս կյանքի ժամերն ամեն օր պակասում են. և որքան չսկսած, ու, որ ավելի վատ է, կիսատ մնացած իրագործումներ, խոստումներ… Գոհունակության և բարեխիղճ, անընդհատ, հետևողական փոքր քայլերի անհրաժեշտ շարունակում… Էս հո մեր Դավիթ Բլեյանի ավտոների բնութագրականի նման եղավ, «բեռնատար մեծ, դեղին, անվավոր բետոնախառնիչ»-ի նման։ Գոհություն տուր, Տե՛ր…

Սեբաստացի, Միջին դպրոցի 8-1 դասարանի Նորայր Գալիկյանի «ափսոս»-ը՝ «Ափսոս, որ ճամբարն ավարտվում է», ինձ գոհություն է պարգևում, ինչպես սրանից հետո՝ Կուրթանի «Հնեվանք» ճամբարի յուրաքանչյուր օրը։ Երեկ իմ սքանչելի թոռնուհի Արևիկ Տատինցյանն էր մեր տան զարդը, ցուցադրեց Զավեն հոր Լոնդոնից ուղարկած ամառային հագուստները, որոնց որակի մասին մի նախադասությամբ արտահայտվեմ՝ Արևիկը հավանում է, իսկ Դավիթ Սեբաստացին իրեն բնորոշ անսպասելի-մեծավարի ասաց. «Ճաշակով են սրանք, Արևիկ»։

Արևիկին Դավիթը զվարճություն է պարգևում. հենց այսպես՝ պարգև զվարճության քեռի Դավիթ… Եվ լավ է, Արևիկ ջան, որ քեռին պուճուր է տարիքով. ասված է, չէ՞, քանի քեռին կա, քո զվարճության պարգևն անպակաս կլինի։ Թե չէ էլ ի՞նչ Սասունցի Դավիթ։

Արևիկն օգոստոսի 7-ին մաթեմատիկոս-պարուհի Անահիտ Բեկյանի ջոկում մեկնում է Կուրթանի «Հնեվանք» արշավախմբային ճամբար։ Արևիկը պատրաստության մեջ է. գիտի ճամբարի 2-րդ հերթափոխի յուրաքանչյուր մասնակցին, այս օրերին ճամբարի մասին նյութ է դիզել։ Այնպես չէ, որ Արևիկն օգոստոսյան ճամփորդության ընտրություն չուներ։ Ուներ, և ընտրությունը կանգնել է Կուրթանի վրա։ Կուրթան, դու Կուրթան, դեռ ինչեր կբերեն սեբաստացիները քո հմայիչ գլխին։ Անահիտն ինձ հիացնում է։ Երջանկությունը, Արևիկ, այսպիսին է լինում՝ Անահիտի ջոկում, քո ընկերների հետ 5 գիշեր-6 օր Ձորագետում… Ինձ որ թողնեին, ես հրեն, իմ պահարանից ուսապարկս ու քնապարկս կառնեի ու հայդե՜, Կուրթանի Ձորագետ, լողայի, կպառկեի գետի ափին, քարերի վրա… Էլի լողայի Ձորագետում, էլի պառկեի գետի քարերի վրա ու տաքանայի… Իսկ իրիկվա կողմ Կուրթանից իջնեի Հնեվանք, նստեի եկեղեցու բեկորներից մեկի վրա ու նայեի Ձորագետի քարափներին, իմ հայացքի մեջ առնեի Ձորագետի կիրճի անհունը… Թե չէ տեղ եք գտել գնալու, Մերի Առաքելյան ջան. Քոբուլեթի, Սև ծովի հայամարմնապատ ափ… Տո, էդ ջրում լողա՞լ կլինի… Այ, քանի օր է՝ ուզում եմ մեջիցս հանել Սևանա լճի ափերից մնացած գաղջը, չեմ կարողանում։

Ուֆ, ձեզ պիտի պատմեմ իմ տեսած Սևանի մասին, հա՞… Դրան մենք Դավթի հետ իջևանյան խմբով մոտեցանք։ Սևանից ծուխ էր փչում, մասնավոր լողափը խորովածանոց է ասիական. «այստեղ բոլորն ասիացիներ են»՝ սրա՜նք, իրենց մուզի՜կը, հագուկա՜պը, ու ծո՛ւխը, ծուխը… Իմ եղբայր Ստեփանն ուշադիր է իմ նկատմամբ. շուռ եկանք ու Սևան քաղաքին հարող ափը որոշեցինք փոխարինել դեպի Գավառ տանող ափով։ Բազում անուններ. առաջին պատահածը, ամենահամեստը, ու նորից… վանող, ոչ լողափային տեսարան։ Սրա անունը Սևա՞ն է։ Սա իմ վրա նույն ազդեցությունն է գործում, որպես հանրային տարածք, ինչ 500 հոգիանոց պճնված հարսանիքը, որ մեր առօրյան է դարձել… Սևանն այսպես հեշտ չենք հանձնի. դեռ կվերադառնանք, հետևեք իմ գրին։

Արի գնանք, տիար ջան, արի տանենք… Տանողները կան. հրես Դավիթն ու Արմինեն հանգիստ չեն տալիս։ Օգոստոսի 23-ի հայտարարված խոստումը՝ «Սեբաստիա» մարզադաշտերի բացումը, հանգիստ չի տալիս։ Լսո՞ւմ եք, բոլոր տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ լինեք, ինչպիսի հիմնավորումներ էլ որ բերեք՝ չի լսվում… Ես ձեր օգնության կարիքն ունեմ. օգնեցեք ինձ, խնդրում եմ, որ օգոստոսի 23-ին միասին վայելենք դաշտերի՝ բացօթյա մարզահամալիրի բացումը։ Միայն այս պայմանով ես կունենամ գոհության զգացում։

Գեղարվեստի դպրոցի շիֆերապատ տանիքը, որ 30 տարվա է, ֆիզիկապես ու բարոյապես մաշված է. մի ուժեղ արտաքին ազդեցություն (քամի, կարկուտ, հորդառատ անձրև կամ տեղատարափ ձյուն), և անտանիք կմնանք… Թվում էր՝ ճանապարհը շիֆերի «ապրած» թիթեղները նոր այլումինե կամ ցինկապատ մետաղե թիթեղներով փոխարինելն է… Կարելի է կղմինդրե սալիկներ, որոնք անմատչելի թանկ են: Ես որոշեցի օգտագործել տանիքը՝ որպես պլեներային բացօթյա տարածք, որպես տիպային շենքի բլոկները միավորող հանգույցներ… Ահա ինչու լուծումն այլ էր`հարթ բաց տանիքը: Այս տանիքը հատկապես շենքի կենտրոական հատվածում օր օրի տանելի չէր դառնում: Ես արվեստագետ չեմ, ես «Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրերի մշակումը, իրականացումն ու տարածումն ապահովող կրթահամալիրի  գործադիր մարմնի ղեկավարն եմ, որոշումները, լուծումները թելադրված չեն իմ քմահաճույքներով, արտիստիզմով… Մենք մի տարի պատրաստվել ենք այս օրվան՝ և՛ շենքի կենտրոնական հատվածի աջ բլոկից, և՛ ձախ բլոկից… Ուզո՞ւմ եք այլ պատմություն. լսեցե՛ք: Երբ հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունն հասավ իր պիկին, շիֆերները պայթեցին, ու սկսեց լարվածության մարումը սահմանի ողջ երկայնքով…

Խորհրդային շրջանում մեր աչքը հարթ տանիքներից վախեցած է. նորակառույց բնակելի զանգվածների թե՛ բազմաբնակարան բնակելիները և թե՛ ուսումնական հաստատությունների տիպային շենքերի հարթ տանիքների ծածկերն անորակ էին, շենքերը տարին բոլոր չռռում էին՝ սրանից բխող բոլոր հետևանքներով… Որքա՜ն ջանք ու միջոց էր ծախսվում օր առաջ թեք թիթեղապատ տանիքներ ունենալու համար… Մեկը՝ մեր կրթահամալիրի յոթ, բոլորն էլ կաթող տանիքներով շենքերը, և մեր կյանք մաշող ջանքերը՝ շենք-շենք դրանք թիթեղապատելու վրա…

Եվ վերջին պատումը։ Երկուշաբթի առավոտյան, հայտնի իջևանյան շրջագայությունից հետո, եկա, բարձրացա Գեղարվեստի դպրոցի տանիքին հարող հարթակ ու ասացի՝ տանիք կենտրոնական, ты труп, դու չկաս, քեզ սկսում ենք քանդել… Ու սկսեց…Մնացածը՝ Արմինե Թոփչյանի (այս քանդումի ընդհատակյա գործիչ)՝ հատուկ իմ օրվա գրի համար արած ֆոտոշարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուռա՜… ընտրություններ են

Սեբաստացիներ կրթական բաց համայնքի սահմանված կարգով առաջադրում և էլեկտրոնային քվեարկությամբ ընտրում է կրթահամալիրի խորհրդի նոր անդամների. մանկավարժական աշխատողների խորհուրդը՝ իր, սովորողների-սաների ծնողական ընկերակցությունը՝ իր թեկնածուին:

Իմաստն է, որ պիտի գտնվի… Տեղին մտքեր

Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն

Լավ է լինել հմուտ դարբին, քան․․․ ոսկերի՞չ

Այսպես էլի է եղել․ արթնացա անձրևի ձայնի ուժից, ինձ համար, ավա՜ղ, սովորական դարձող ժամին՝ 3-4-ի արանքում․․․ Լա՛վ է ունենալ Սուսան Մարկոսյանի նման կյանքի—աշխատանքի ընկեր․․․ Գեղարվեստում մեր դարբնոցի բացումն առիթ էր,