Դավիթ Բլեյանը ո՞նց պիտի արձագանքեր կատարվածին, երբ երեկ՝ կիրակի առավոտ, ինձանից լսեց Նեկտար իմ քույրիկի-իր հորաքրոջ մասին․․․ Ասում էինք՝ Արտաշեսը պապիկ է, ամենատարիքով ապրողը մարդկանց-գիտցածի մեջ Դավթի, իսկ Նեկտարը տատիկ չէ, իմ քույրիկն է, իր հորաքույրը․․․
— Հանգավ, Դավիթ ջան, ոնց որ ապրեց, մոմի պես, լույս է տալիս․․․
— Հանգա՞վ, մոմի պես, բա Արտաշես պապի՞կը․․․
— Չէ, Արտաշես պապիկը՝ չէ․․․
— Բա ի՞նչ է անում Արտաշես պապիկը․․․Բա ո՞նց է ապրելու…
Վաթսունութ տարի միասին, միշտ միասին, անընդհատ, ինչո՞ւ բաժանես և ոնց․․․
Երբ կեսգիշերը քիչ անց մտա Նորքի IV զանգվածի հայտնի բնակարանը, Արտաշես պապիկի ու Նեկտարի սենյակում ճերմակ սավանի մեջ փաթաթվածը քույրս էր, Արտաշես պապիկը հորդ արցունքներով, շփոթված երեխայի պես կնոջ ոտքն էր տրորում․․․ Չի մոռացվի։ Չի մոռացվում․․․

Երբ եկավ շտապօգնությունը, ու Արտաշես փեսայիս համոզելով-բաժանում էինք, միջանցքում շուռ եկավ, անպաշտպան երեխայի պես, աչքերիս նայելով, արցունքախառն-մեղավոր-խնդրեց․
— Ախր, տանո՜ւմ են, է՜․․․
Ու էս «է՜»-ն է, որ կմնա․․․ այս տնակյաց զույգի բաժանումից, որպես կոմիտասյան «Հազար ու մի խաղի» ձայնի ելևեջ․․․ Է՜․․․

Նեկտարը Նեկտար է, Էմմա չէ, շատ տարբեր ու նման, շա՜տ նման. որքան և տարբեր՝ այնքա՜ն ազդեցիկ-երկարատև-մշտական են նրանք իմ կյանքում։ Անքույր ո՞նց կլինի, չի լինի․ կան-կլինեն իմ կյանքում նեկտարով*-լույսով․․․

Բազեյան Արտաշեսի բնակարանը երեկ մարդաշատ էր։ Նեկտար քույրիկիս կյանքը անժամկետ-անպայմանագիր մի ծառայություն էր բոլորիս՝ Արտաշեսի հայր Բազեյան Գառնիկի ութ զավակներին՝ չորս եղբայր-չորս քրոջը, Բլեյան Շամխալի վեց զավակներին, մեզանից յուրաքանչյուրին ու իր ընտանիքին։ Նեկտարը ոչ միայն Բլեյան-Բազեյան չբաժանեց. ինքը շենքի, շրջապատի հորաքույր-մորաքույրը եղավ․․․ Այս մարդիկ՝ հավաքված, եկող, ներկա-բացակա, յուրաքանչյուրն այնքա՜ն բան ունի պատմելու, լուսավոր հիշողություն, քաղցր եղելություն, որ բնակարանը շատ արագ լցվեց լույսով-օրհնությամբ․․․ Քրոջս հետ սուգը կապ չունի, նա այդ իրավունքը ներկաներից բոլորից վերցրել է, ինքը կարո՛ղ էր յուրաքանչյուրիս կորուստը սգալ…

Հարազա՛տ մարդիկ, կներեք, ես նստել այսպես չեմ կարող․․․ Ու Արմինեի հետ դուրս ենք գալիս․․․ Արմինեն ու Նեկտարը իրար կապված էին, այնքա՜ն, որ երկուսով իրար կարիք ունեին։ Չեղավ այդպիսի շրջան, որ քույրերիս հետ միասին՝ առանձին լինեինք։ Ասելու շատ բան կա, բայց հիմա ուզում էի մեկուսանալ, ու վարորդ Արմինեի մեքենայի ղեկը շուռ ենք տալիս հին Ավան․․․ Քրոջս խոստացածը գոնե այսպես կատարեմ․․․

Ավանում լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Ես ակնհայտ շփոթված եմ․․․ Իմ երևակայության ուժով ես հին Ավանից պահել եմ այլ տեսարաններ․․․ Երկու զարդեր՝ Սուրբ Հովհաննեսն ու Ծիրանավորը փրկում են երկիրը Արարատի, որ ես համառորեն կրում եմ․․․ Ծիրանավորն ի՞նձ էր սպասում․․․ Այնքան մարդ, ջերմություն․․․ Շնորհակալ եմ, կհատուցեմ։ Մամիկոն Հովհաննիսյանն իր հարևանների հետ ծառ է տնկում։ Ես ընտրում եմ այս մեկը՝ սալորենին․․․ թող նեկտարը մեր աշխարհում, ձեր մեջ, ձեր շուրջ շատ լինի․․․ Մարդիկ սեղան են գցում, ողորմաթաս բարձրացնում, փառաբանության խոսքեր են հնչում․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Նազենի Հովհաննիսյանն է զանգում Թբիլիսիից․ մենք շատ կարևոր քննարկում ենք Նեկտարի հոգեհանգստյան կարգի հարցը․ Նազենին ուզում է, որ իր Նեկտար մորաքրոջ արարողությունը տեր Մաշտոցը կատարի․․․ այսօր, Մալաթիայի Սուրբ Աստվածածնի եկեղեցում․․․

Ու մենք շարունակում ենք քայլել Ավանով․․ իջնում ձորը, անցնում Գետառը․․․ Բոլորիդ ես պատմում եմ իմ քրոջ՝ Նեկտարի մասին, բոլորիդ որպես մատաղ բաժանում նրա լույսից, նրա նեկտարից․․․ Այս Բլեյանները՝ Շամխալ բեկի բոլոր վեցս էլ, մի տնքոց ունենք, մի չասված բան՝ ձայնարկության տեսքով․․․ միայն մենք գիտենք, մորիցս փոխանցված․․․ Մենք կիսվեցինք․․․ մնացինք երեքս՝ Գագիկը, Ստեփանը, ես․․․ ամենատափուկը․․․
Ու երգում եմ.

Երկնից, գետնից սուրբ զորությունով
Այն ծառըն ծաղիկ էր.
Ծառ ծաղկեցավ,
Ծառ բազմեցավ,
Կանաչ ու կարմիր:

Նեկտարը իմ քրոջ պայծառ-շարունակական գոյությամբ թող շատանա մեր շուրջ…

Ծիրանավոր եկեղեցու մոտ Մամիկոն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կապվեցի Երևանի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի տնօրենի՝ Գայանե Մարտիրոսյանի հետ, եկանք համաձայնության, որ ապրիլի 4-ին՝ Խրիմյան Հայրիկի ծննդյան օրը, Խրիմյան Հայրիկի ամենամյա խնկարկումը վերածենք Սուրբ Կաթողիկե եկեղեցում Խրիմյան Հայրիկի ձոնի, փառաբանության… Դպրոցը, գիտեք, որ իմ ջանքերով 1980-1985 թթ դարձավ հայագիտական խորացված ուսուցման, մայրաքաղաքի ամենահին դպրոցներից է, և իր գործունեությունն սկսել որպես Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից ծխական դպրոց… Իսկ մեր սիրելի Հայրիկը մեր օրացույցից, հանրային-հանրակրթական  ուշադրությունից դուրս է մնացել ու կա մի դպրոցում, որպես անուն ու խնկարկում, ընդամենը…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1332

* Նեկտար

  1. Հունական դիցաբանության մեջ՝ անմահություն պարգևող խմիչք, որ խմում էին Օլիմպոսում ապրող աստվածները:
  2. Շաքարային հյութ, որ արտադրում Է բույսերի նեկտարանոցը:
  3. Շատ համեղ, քաղցր, ընտիր խմելիք:
  4. Առհասարակ՝ շատ քաղցր, հաճելի բան, չափազանց հաճելի զգացում առաջացնող բան:
    Աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ շրջակա միջավայրը դպրոց է բնության գրկում՝ բաց, ամառային, միջազգային, փառատոնային…

Չգրել-գրելու հարցը (ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ) միշտ կա, ուղեկից է երկար ժամանակ իմ օրագիր-անընդհատ բլոգապատմանը… Այսօր ինձ համոզելու վրա քիչ «յուղ վառեցի». երեկ որոշել-պատրաստվել էի, նշումներ արել… Վերջում կերևա,

Մեր Աշխենի արջ տեսած պապերի մասին է իմ գիրը

Շարունակեմ իմ մանկության ուժեղ հիշողությունները բլոգապատում բերելը… Ինձ հաճախ դիմում են որպես ծնունդով սիսիանցու և զարմանում, երբ ես հերքում եմ։ Իմ նախնիք Բլե իշխան նախապապի առաջնորդությամբ 1828-29 թթ. ռուս-թուրքական, ռուս-պարսկական

Ինչպես օրվա գիրս պատումից ընթերցարան դարձավ…

Ի՞նչ էր ուզում տեսնել, ի՞նչ էր փնտրում կրթահամալիրում աղա Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի ղեկավարը, որի այցը երկու ամիս շարունակ հետաձգվում էր: Եկավ վերջապես… ու