Կոմիտասի անվան երաժշտանոցի դիմաց՝ Կոմիտասի պուրակի աստիճաններին, Կոմիտասի արձանի հարթակին Կոմիտասյան օրերի համերգային մեկնարկ-ներկայացումից հետո Լոռվա մարզի մի քանի գյուղերի դպրոցի տնօրեններից, ուսուցիչներից, պատանիներից, հանրային գործիչներից կազմված մեծ խմբին, որպես հրաժեշտի խոսք թե պատասխան Մայր դպրոցի Մարմարյա սրահում հնչած «ինչից սկսենք» հարցին, հետները դրեցի՝ մանկավարժությամբ զբաղվեք, վերջապես… սրա ժամանակը եկել է։ Նրանք երեկ և այսօր կրթահամալիրում էին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «Սեբաստացիներ» հիմնադրամի գործընկերությամբ… Նույնը թույլ տվեք իմ օրվա գրում՝ ութհարյուրերորդում, ասել յուրաքանչյուր սեբաստացի գործընկերոջ, ինձնից նեղանալ-խռովել չի կարելի ոչ մի դեպքում, հատկապես, երբ վստահ եք, որ ես անարդար եմ եղել, վրիպել եմ, շարունակեք կամ սկսեք մանկավարժությամբ զբաղվել, լսո՞ւմ եք, սիրելի Մարինե Մարտիրոսյան և ընկերներ, ինձ հետ վիճելու, շտկելու, համոզելու, ինձ օգնելու լավագույն եղանակը՝ մանկավարժություն գործեք ու պատմեք… մի՛ զիջեք ձեր գործը, ձեր ճշմարտությունը…
Յուրի Բախշյանի անվան այգում ընթերցասերի ժամ է, ընթերցողները՝ Դպրոց-պարտեզի 4.2 դասարանցիները:
Լուսանկարները՝ Հայարփի Տոնոյանի:
— Ես ուզում եմ ընկեր Մարինեին ծաղիկներ տանեմ,- Դավիթ Բլեյանի երեկ առավոտյան կայացրած որոշումն էր… Մենք մեր պատշգամբի վարդերի մեջ հարմարները չգտանք… Այն Դավիթը, որ ինձ հետ ուսուցչի ընտրություն էր կատարել… «Ո՞ւմ միջև եմ ընտրելու»,- հարցնում է՝ առանձնացնելով լողի մարզիչ Տաթև Համբարյանին ու երաժշտության ուսուցիչ Տաթև Մանվելյանին.
— Նրանք իմ ուսուցիչներն են արդեն… Այո՞։
— Բոլորն են քո ուսուցիչները, այո, Զառաները, Շողիկը, Անուշները…
— Հայրիկ, գիտե՞ս, ընկեր Մարինեն իմ ավագ ուսուցիչն է…
Սինխրոն լողուսուցման փորձեր:
Լուսանկարները՝ լողի մարզիչ Տաթև Համբարյանի:
Իսկ երեխաներին պաշտպանել է պետք հենց մեզնից՝ ծնողներից, իհարկե, ուսուցիչներից, մեծահասակների բռնությունից, իբր, լեգիտիմ միջամտությունից՝ նրանց աշխարհին, նրանց գործերին, նրանց ինքնուրույնության, սուվերենության ոտնահարումից, նրանց բնական-անհատական զարգացման համար…
Ի դեպ, լոռեցիները զարմացած էին, հիացած էին հե՛նց երեխաների կրթության իրավունքների պաշտպանությամբ, մեր փորձով.
— Իսկական արտասահմանում ենք, Եվրոպայում, Ֆինլանդիայում, ա՜յ քեզ Բանգլադեշ…
Դավիթն այսօր արթնացել է 6-ին, հրաժարվել մոր տաքուկ ծոցից, հագնվել ու հիմա իմ կողքին է… Անձրևը երկա՜ր, ողջ գիշեր ոչ միայն մաքրել է փողոցները, սրտե՞րը մեր, այլև խառնել իմ օրակարգը… Դավիթը խաղում է տանը մնացած մեքենաներով, շարել է մի գծով…
— Պա՛պ, ոնց որ փողոցում շարված լինեն, մայթեզրին… Ո՞նց ես հեծանիվովդ անցնելու։
Ըներցասերները ։
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Ինչո՞ւ մեր երկուսից չորս տարեկանների խմբերում չկան հինգ տարեկաններ, ինչո՞ւ բոլոր հինգ տարեկանները լինեն մի խմբում, երբ նրանք այնքա՜ն տարբեր են տարիքով՝ 2011-ի դեկտեմբերին ծնված Դավիթն ու հունվարին ծնված… Երեսուներկու հինգ տարեկան՝ մի խմբում, այո՛, մեծ ու լուսավոր, ու մի ուսուցիչ-դաստիարակ… Դժվար-անհնարին չի լինի ապահովելը սպոնտան-անվտանգ-զարգացնող-անհատականացված-ներառող ու հիգիենիկ միջավայր… Ինչպե՞ս փոխել հինգ տարեկանների կյանքի կազմակերպումը մեր դպրոց-պարտեզներում, որ յուրաքանչյուրը մասնակից դառնա, ու ընկեր Մարինեն լինի-մնա գործի որպես ավագ ուսուցիչ… Իսկ Դպրոց-պարտեզի կյանքին ընկեր Մարինեն ներառվա՞ծ է սրա համար անհրաժեշտ չափով… Իսկ մենք անհրաժեշտ չափով իրար ճանաչո՞ւմ ենք, ընկեր Մարինե ջան, երեսուներկու ընտանիքով, ուսուցիչներով… Ա՛յ, այս օրերին պարզեցինք, որ ոչ. այստեղից չէ՞ այդ նեղանալը՝ «դե, որ այդպես է… գնացի»…
Հիմա, երբ Դավթի հետ վերսկսեցինք «Սասունցի Դավթի» հեղինակային ընթերցումը ու միասին իր ընտրությամբ Կոմիտասի երգերն ենք լսում, շարունակում եմ մեր զրույցը՝ այս օրերի… Մանկավարժությամբ զբաղվելը ենթադրում է ամբողջական ներառականություն, որպես միջավայր բոլորիս լիարժեք հաղորդակցության՝ մտքերի, առարկությունների, լրացումների, կասկածների, գնահատականների, նախաձեռնությունների, օգնության կանչերի, ազատ-անընդհատ տեղաշարժի… Հակառակ դեպքում, ի՞նչ ասել է բաց՝ ֆիզիկական թե մեդիամիջավայրում, իրավահավասար, պաշտպանված… Իսկ Արմինե Աբրահամյան մենթորը, Զառա Առաքելյանը, էլ չեմ ասում Դպրոց-պարտեզի ու դրանից դուրս մյուս գործընկերների մասին, տեղյակ էլ չէին քեզ հանկարծ պատած ցավից… Ինչո՞ւ, կարելի՞ է հարցնել, չէ՞ որ ես անձնական կյանքից չեմ խոսում, այլ մանկավարժությունից, մեր ընդհանուր կյանքից… Գովել-պատմել կարելի է, Մարինե, տե՛ս, իմ օգոստոս-սեպտեմբերի գրերը, իսկ անհամաձայնություն՝ ո՞չ: Ինչո՞ւ:
— Պա՛պ, դու ժամերը խառնել ես, արի՛ տես՝ հիմա քո ասած առավոտը չի…
«Կոմիտասյան օրեր» նախագծի համերգային արտագնա մեդիաուրբաթ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։
Ես օրագրով չեմ կառավարում երբեք, ես պատմում եմ, ես արտահայտվում եմ… Սիրելի Մարինե, Դավիթ Բլեյանի, մեր ընտրած ուսուցիչ… Եվ նորմալ է, ենթադրվում է դրան հաջորդող շարունակությունը որպես քննարկում-իրագործում-հրաժարում-ձևափոխում… Ինչո՞ւ քո անհամաձայնությունները իմ գրին որպես «քոմենթ» չես արձագանքում, դեռ մի բան էլ ավելի, ինչո՞ւ հրապարակային չես դարձնում քո մանկավարժական վեճը, ծածկում ես այն քո դպրոցի ղեկավարից, մենթորից, քո սաների ծնողներից, քո ընկերներից։ Իսկ քո պայմանագիրն աշխատանքային, որպես գործատու, իմ ստորագրությամբ է, բայց կա նաև երեսուներկու ծնողների հետ պայմանագիրը, նրանց երեխաների: Վստահ եմ՝ դու սա գիտես և գործում ես այդ պատասխանատվությամբ: Իսկ ես ավելի ու ավելի մեծ ժամանակ եմ հատկացնելու հե՛նց մանկավարժությանը, իմ ու քո շփմանը-խոսակցությանը Դավիթ Բլեյանի ու իր ընկերների մասին:
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
# 800