Գյումրիում եղանակը՝ ոնց որ Երևանում, լրիվ աշնանային․․․ ձյան ոչ մի հետք, թաց, մեղմ, արևը՝ ծառերի ճյուղերի մեջ խճճված․․․ Այդպես և երեք ժամ տասնհինգ րոպե տևած ողջ ճանապարհին։ Լավագույն դեկտեմբերի 31-ն է․ այսպես էր մեկ էլ տարիներ առաջ Նոյեմբերյանում։ Դավթի ու Արմինեի հետ թափառում ենք մեզ ծանոթ ու անծանոթ Գյումրիում և անընդհատ շրխկացնում. արդյունքը կտեսնեք ֆոտոխմբագիր Արմինե Թոփչյանի ընտրությամբ։
Իմ հունվարմեկյան գիրն էլ, որքա՜ն սովորական-հերթական, որ անընդհատությունը՝ 2017-ի ելքով, 2018-ի մուտքով ապահովված լինի, կրում է փոփոխություններ, ինչպես ամեն մի կրթահամալիրային մշակում՝ ծրագիր, օրացույց, ուսումնական, թե աշխատանքային պլան, նախագիծ․․․ Հատուկ տոնական աուդիո-վիդեո ողջույնի ոչ մի խոսք չեք լսի․․․ ինչի՞ համար, երբ լրագրող Վարդ Սիմոնյանի վերջին նախագիծը, այդպիսին ներկայանալու բոլոր հատկանիշներն ունի. և՛ ամփոփում-անդրադարձ է անցնող 2017-ին, և՛ հայացք 2018-ին․․․
Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին ու Սուսան Մարկոսյանին. որքան էլ դժվար, աջ ու ձախից միշտ ունեմ անհրաժեշտ աջակցություն։ Ում քիչ կթվա այս հիշեցումը, քանզի անձնական ինչ-ինչ հարցերի պատասխաններն է փնտրում, վստահ եմ, կգտնի տիարի՝ կրթահամալիրի լրագրական խմբերի այս օրերին իրար հերթագայող շուրջկալների սղագրություններում՝ ժամանակին, սիրով մատուցված․․․ Բառաքամ եմ եղել, խնայեք, օգնեք ինձ՝ ընթերցելով ամանորի սեղանի հետ մատուցվողը, խնդրում եմ, որ գործը խոսքից մեկ քայլ առաջ անցնի․․․
Ժամանակակից հասարակությունն արդեն փակում է արդյունաբերական կոչված ժամանակի դուռը, ուր առաջնային էին համարվում բնական, ֆինանսական և նյութական ակտիվները: Այսօր արդեն բացառված են համարում այն երկրները, ուր չկա կրթությունն ու գիտությունն առաջին պլան մղելու բավարար գիտակցություն, ուժ և կամք: Ծերացող, հոսող Հայաստանն օր առաջ պետք է ստեղծի մրցունակ գիտակրթական կապիտալ, վերապրոֆիլավորի մասնագիտական հին բանկերը, կրթական շուկան կողմնորոշի նորագույն մասնագիտացումների ուղղությամբ, հակառակ դեպքում՝ գործազրկության նոր ալիքը վերջնականապես կուտի երկիրը:
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Աստղիկ Ղազարյան
Եվ իմ պատասխանները՝ առաջադրված հարցերին
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Ես ո՛չ կառավարման-կրթության փորձագետ եմ, ո՛չ վերադաս պաշտոնյա։ Գնահատելը, առավել ևս ոլորտում տարվող պետական քաղաքականության արդյունավետության որոշումը որևէ բալանոց համակարգով, իմը չէ։ Դրանից իմ գիտակից կյանքում ես հետևողական խուսափել եմ։ Իմը խրախուսելն է, հասարակական առաջընթացին նպաստող որևէ գործողությունը, առաջացած հնարավորության բացահայտումը, դրա լիարժեք օգտագործման ճանապարհը բացելը՝ միշտ, որպես կանոն, առջևից գնալով, ուղի հարթելով։ Հատկապես որ, որպես պետական քաղաքականություն բացակայում է հանրային ջանքերի-նախագծումների-լուծումների-ծրագրերի հերոսիկրթությունը՝ իր ազատ ընտրությամբ, որի գլխավոր մեթոդը ինքնակրթություն-ինքնուսուցումն է, դրա համար հարկավոր գործիքների յուրացում-կիրառումը՝ իր, իր ընտանիքի, մերձավորի, իր պատասխանատվության-ազդեցության շրջանակում գտնվող համայնքի կյանքի խնդիրների-նախագծերի լուծում… Ցավոք։ Այս տեսանկյունից դուք գնահատեք, քանի բալանոց համակարգով ուզում եք, կրթահամալիրում մեր արածը, ուսումնական մեր նախագծերը, որ մեզ՝ մեր ուսուցչին ու սովորողին, մեր շրջապատը փոխում են հաստատ։
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Հանրակրթական անհեղինակ ծրագրի կազմակերպումը, երբ անհատականություն չհարգող, անհատի կենսական ժամանակը խժռող, նյութակեր հաստատության միջոցով ստրկացած-ճորտացած տնօրենը-ուսուցիչը-սովորողը ինքնարտահայտման-ինքնաճանաչման հաճույքից շարունակում են զրկված մնալ…
Մասնագետի պատրաստության պատվիրատուի՝ գործատու շուկայի փոխարինումը պետական որակավորման հանձնաժողովի անունից դիպլոմներ բաժանող հաստատությունով։
Կրթահամալիրի փորձը ցույց է տալիս, որ կրթության գործի մասնակիցներին պիտի վստահել կրթության ծրագրման գործը՝ իր դասընթացը որոշող, ուսումնական նախագծեր մշակող, անընդհատ սովորող ուսուցչին, իր անհատական պլանը կազմող, սովորեցնող սովորողին։
3. Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Իմ՝ արդեն հնչեցրած «վայ»-երից, կարծեմ, հետևում է պատասխանը։ Անպատասխանատվության արմատը ուսումնական հաստատության, նրան ենթակա մասնագետի՝ պետության անունից գործելն է։ Մասնագետը նախ պիտի գիտակցի իր իրագործած ծրագիրը (մասնակցի, համաձայն լինի) պատասխան տա իր գործածի համար, չանի բաներ, որոնց հետ, իբր թաքուն, համաձայն չէ։ «Ինչ արած»-ի, տունը պահելու պատրվակներից զրկված լինի։ Նույնը՝ նաև սովորողի, նրա ընտանիքի դեպքում. ստեղծականությունը՝ որպես առանցք, անցնի կրթության-ուսուցման հյուսիսային բևեռից հարավային բևեռ, այնպես, որ նրա շուրջ պտտվեն կրթական խմորումները։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել․կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չենք կարող ծառայել Աստծուն և Մամոնային․․․»։ Չես կարող անգիրի դպրոցում, նրա գործունեության դաշտում լինել և իբր երազել ստեղծականության մասին։
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
«Եվ իր աշակերտներից մեկն ասաց․ «Տեր, ինձ թույլ տուր, որ գնամ, նախ իմ հորը թաղեմ»։ Հիսուս նրան ասաց․ «Դու իմ ետևից արի և թույլ տուր մեռյալները թաղեն իրենց մեռելներին»»։
Ուսումնական հաստատությունները քննություններ անցկացնելու-շարունակ ստուգելու կենտրոններից վերածել անընդհատ ուսուցողական-հետազոտականի․․․ Վերացնել բոլոր կարգի քննությունները, այդ թվում՝ կենտրոնացված, միասնական, որ ուսուցանողը դառնա ուսուցման ծրագրի կազմակերպման ու բովանդակության հեղինակը։ Վերացնել հավատարմագրումը, պետության անունից որակավորումներ շնորհելը. որ լինի այնպես, ինչպես ասված է Կտակարանում՝ ուսուցանել «ինչպես մեկը, որ հեղինակություն ունի, այլ ոչ թե ինչպես օրենսգետները»։ Վճռականորեն անցում կատարել նախագծերով մեդիաուսուցման, վերացնել խոչընդոտները մանկավարժ աշխատելու վճիռ կայացրած գործող մասնագետի առաջ, վերացնել խտրությունը համատարած տիրապետող առկա ուսուցման և այդպես էլ չկիրառվող, տնային ուսուցման միջև։ Թող ազատ ընտրի սովորողը։ Վերացնել արգելքները պետական և հեղինակային (այլընտրանքային) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև։ Զարկ տալ ամենուր ինքնավարությանը-ինքնուրույնությանը։
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Հարցնում եմ՝ ե՞ս… Ո՛չ կայունություն ունեմ ֆինանսական, և ո՛չ բարեկեցություն, բայց գործում եմ չթուլացող վստահությամբ, որ մեծագույն օգուտ եմ տալիս Հայաստանի Հանրապետությանը, եթե այդ հանրապետությունը իսկապես կոչված է գրավիչ-պաշտպանված բնակավայր դառնալ երեխաների համար։ Պատրաստ եմ նորից նստել՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նորից խցում ընդունել սեբաստացիների բազմապատկված շնորհավորանքներն ամանորյա (միայն թե ոչ Նուբարաշենի քննչական մեկուսարանում, որտեղ եղել եմ երկուս ու կես տարի, այլ Հայաստանի որևէ գաղութում)։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը եղել է և կա հազարների՝ համեստ միջոցներով հասարակ մարդու-քաղաքացու կրթական պատվերը կատարող հաստատություն։ Նրանց կայունություն և բարեկեցություն ենք ցանկանում ամեն նոր տարում։
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
2017-ի սեպտեմբերը սկսեցինք նաև հեռավար ուսուցմամբ սովորողներով։ Բնակիչների ավտոտնակները կարողացանք ներառել մեր բացած-ստեղծած շրջակա կրթական միջավայրում։ Աչք ենք տնկել մեր բնակելի Բանգլադեշի շենքերի, մանկապարտեզների՝ դեռ մնացած չափարներին, մետաղե դարպասներին, անապատացող հողերին, ասֆալտ-բետոններին։ Ուզում ենք ողջը, գոնե 2018-ին, կանաչեցնել, հարմարության, ճաշակի մեջ կորցնել։
Սկսել ենք «Ուսումնական Գյումրի», «Աշտարակը ազգագրության բաց լաբորատորիա», «Երկրագործի կրթությունը խոշորացված համայնքում», «2800 խնդիրներով Երևան», …. նախագծերի իրագործումը։ Ես չեմ սիրում ինձ հայելու մեջ նայել, ինքնահիացման նարցիսականությունից զերծ եմ՝ հեծանվի վրա։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
«Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»։ Երջանիկ րոպե ունեմ, որին սպասել եմ ողջ կյանքում, Խաչատուր Աբովյանին կրկնեմ, «ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ»։ «Սիրեցեք զիրար, շա՛տ սիրեցեք, որպեսզի ապրեք».- այս մեկն էլ Կոմիտասն է ասել։
Մասնակցեք համահայկական անճաշակությունը հաղթահարելու՝ կրթահամալիրի հանրակրթական նախագծերին, հանրային առարկայական դարձող պատվերով դպրոց-պարտեզների ստեղծմանը հանրապետությունով մեկ, «Բարեկամություն» բաց ճամբարի խողովակներով մանկավարժական նորարարության տարածմանը։ Միացեք մեզ։
Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան:
Գյումրուց լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից․․․
#1256