Երեկ Արթիկի Մեղրաշեն (իմ բարեկամ Պետրոս Մակեյանի հարազատ Փանիկ գյուղին կպած) և Պեմզաշեն գյուղերի դպրոցի տնօրեններն էին հանկարծակի այցելել կրթահամալիր. կեցցե Մարի Գաբանյանը, մեր նշանավոր կրթահամալիրի նույնքան նշանավոր «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հիմնադիր-ղեկավարը, որ իր ընկերների հետ հերթական, այս անգամ գրքի ամանորի նվիրատվություն է անում Հայաստանով, Արցախով, Վրաստանով… Համեցեք մեր գրադարանի նվիրատվության ֆոնդ, ընտրեք՝ տարեք. միայն կարդացեք՝ ձեռագիր, տպագիր, թղթի վրա, թե մեդիայում (ինտերնետում) կարդացեք, գաղափարներ տարածելու և այլոց տեսակետներին ծանոթ լինելու, տեղեկացված լինելու (մշակութային և քաղաքական) ձեր իրավունքից լիարժեք օգտվեք՝ գլխավորը սա է… «Գիրք» բառի մեջ արմատը «գիրն» է, գիրք՝ ասել է գրեր… Ինտերնետում, պլանշետների վրա, թե թղթի՝ գրեր են, գլխավորը՝ ինչ և ինչպես եք կարդում,  տարբեր տեքստեր կարդալը, սրա արդյունքում ձևավորվող կարդալու սովորույթն ու կարողությունը… Ուրեմն, փա՜ռք կարդացածը հասկացողին… Պ. Սևակի կոչերից է…

Արթիկցի ընկերները կրթահամալիրում, նրա Մայր դպրոցում առաջին անգամ էին լինում. լավ տպավորություն թողեցին՝ առաջադեմ, անկեղծ ուրախացող, հետաքրքրասեր… Նման դեպքերում անձամբ եմ ուղեկցում, անշտապ պատասխանում-մեկնաբանում… Գործընկերներին միշտ հարգանքով եմ վերաբերվում և միշտ ժամանակ ունեմ, հաստատակամություն՝ շարունակելու սկսած ծանոթությունը, միասին կրթական խնդիրներ լուծելու…

Օրագրի իմ ընթերցողներին խոստացել եմ հղումներ անել այն հոդվածներին-նորություններին, որ առանձնացնում եմ իմ ընթերցանության ծավալից՝ մեդիա, թե թղթային… Հատուկ չեմ օգտագործում «տպագիր» եզրույթը, քանզի մեդիագիրը նույնպես տպագիր է, ձեռագիր չէ:

Ինչո՞ւ Հայաստանում, նրա Ազգային ժողովում, ուր ոչ իշխանական եռյակն ունի մեծաքանակ ներկայություն, չձևավորվեց, փորձ չարվեց ձևավորելու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն հակաիշխանական տեսակետ: Սրանով նախ՝ ԱԺ պատգամավոր անհատներն ինքնուրույն-ազատ, քաղաքական ելույթներ կունենային, չէին հայտնվի նվաստացուցիչ այսպիսի պայմաններում՝ լռելու կամ անհասկանալի, ոչ քաղաքական խոսք ասելու… Սրանով Հայաստանը կկարողանար անդամակցել, այո, բայց նպաստավոր դիրք ու պայմաններ, միջազգային հեղինակություն ու վարկ պահպանել: Եվ սա այն դեպքում, երբ զռռում էր, որ Ռուսաստանը կոպիտ-ցուցադրական ուժով քաշում է Հայաստանին ԵՏՄ: Ոչ իշխանական, իրենց ընդդիմադիր հայտարարած կամ չեզոք պատգամավորների, ոչ խորհրդարանական կուսակցական գործիչների, ավելացնեմ, քաղաքագետների-քաղաքականությամբ զբաղվողների այսպիսի ուժ-իրավունք-մանևրելու հնարավորություն չէի՞ն ԵՏՄ-ին Հայաստանի չմիանալը, գոնե մեկ-երկու տարի ձգելը՝ սրանով նաև Ուկրաինական թնջուկի հետ կապված Ռուսաստան-Արևմուտք հզորների (Թումանյանը կասեր՝ Աստծո անեծքը բոլոր հզորների գլխին) առճակատման, առճակատման հետևանքերը շրջանցելու համար… Խիզախել էր պետք դեպի անկում-անորոշություն՝ Ռուսաստանի գիրկ Հայաստանի իներցիոն այս ընթացքը կանգնեցնելու-շեղելու համար: Շեղելու, թեկուզ, Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը որևէ հիմքով հետաձգելու, կրկնում եմ, ինչպես Ադրբեջանը, ոչ բլոկային՝ քաղաքական չեզոքությունը պահպանելու համար: Սրանով լավ հնարավորություն-հիմք էր ստեղծվում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հայաստանյան նոր նախաձեռնության համար, չեզոք մնալու մի շրջան՝ ուղղակի երկխոսությամբ ինչ-ինչ լուծումներ առաջարկելու… Կապիտուլյատիվ (ձեռքերը վեր) պահվածքն ինձ մոտ, օրինակ, ավելացրեց բացասական վերաբերմունքը բոլորի հանդեպ, բերեց մի եզրակացության, որ բոլորի մտահոգությունը, ցավոք, Հայաստանը չի եղել, այլ Ռուսաստանի իշխանության մոտ իբր դրական տպավորություն, վարկանիշ կոչվածը… Ահա´, ինքնուրույնության կորուստը նաև անձնային-անհատական-խմբային մակարդակում՝ այս պարալիզացնող դրությունը, օրինակը՝ սրանից բխող տխուր-դառը հետևանքներով… Չգիտեմ՝ սրանով պատասխանեցի՞ իմ երեկվա պատումի քաղաքական մասի վերաբերյալ ընթերցողի հարցին, գոնե մասամբ, և շարունակեմ պատասխանն այն տեղից, որտեղ կանգնել էինք իմ երեկվա գրում:

Այս ամենն ասում եմ՝ հաստատելով իմ ինքնուրույն-մասնավոր անձի տեսակետը, որ որպես քաղաքական հայտարարություն և առաջարկցանկություն  հայտնել եմ գրավոր ու խնդրել՝ տարածել այն…

Եվրոպայի խորհրդում որպես լիիրավ անդամ Հայաստանի ներկայացված լինելը, եվրոպական քաղաքական-տնտեսական մոդելին ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը, Եվրոպական միության հետ Արևելյան գործընկերության ծրագրի իրագործումը, Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ միջպետական աշխատանքը, ՆԱՏՕ-ի հետ ամենատարբեր՝ այդ թվում խաղաղապահ ծրագրերին Հայաստանի մասնակցելը, հայ-թուրքական ուղղակի երկխոսության բարձր մակարդակի հանդիպումները, սրանից առաջ՝ 2003թ. փետրվարի 5-ից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցելը, Արցախի խաղաղ կարգավորման միջազգային ընդունված Մինսկի խմբի եռանախագահող երկրների գործող ձևաչափը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), միով բանիվ, եվրոպական ձևաչափով Հայաստանի Հանրապետության գործունեությունը բավարար չէի՞ն թելադրանքի չտրվելու համար… Сотрем заново начнем?… որ ի՞նչ լինի, ո՞ւմ համար։

Դավթապատումին եմ անցնում

Այս օրերին շուտասելուկները շրջում են մեր նախակրթարանների բոլոր տարիքային խմբերում: Երեկ, երբ Կամերային երաժշտության տան՝ բավարարում պարգևող (շնորհակալ եմ, մաեստրո Հարություն Թոփիկյանին ու իր ստեղծած Կամերային երգչախմբին) համերգից վերադարձա տուն, Դավիթը ոչ միայն հասցրել էր իմ հանձնարարությունը կատարել՝ մի քանի ժամում ապաքինվել, այլև խանդավառ, շուտասելուկներով ընդունելություն կազմակերպել:

Ահա այսպիսի գրկաբաց հընթացս արտաբերված ասելուկներ…
– Մայրիկ գլորեմ, հայրիկ ուտեմ, հայրիկ չգլորեմ, մայրիկ ուտեմ…
– Մայրիկ ծեծեմ, հայրիկ կծեմ, մայրիկ ծեծեմ, ծիծիկ ուտեմ…
– Ընկեր Կարինե չուտեմ, ընկեր Մելինե ուտեմ, ընկեր Մելինե-Կարինե խորովեմ, չուտեմ… որ ի՞նչ անեմ…
– Շուտասելուկ չունեմ, շուտանելուկ ունեմ՝ չիշիկս գալիս է…
– Լոշտակ պապա, չուգուն գլխով, բիզ-բիզ ատամներով…

Դավիթը թողել է, որ մայրիկը նոր մկրատով ձեռքերի եղունգները կտրի: Ցույց է տալիս: Ոտքի եղունգները ոչ մի կերպ թույլ չի տալիս:
– Ինչո՞ւ,- հարցնում եմ,- ինչո՞ւ չես թողնում:
– Թող մնա գայլերին, գան ոտքերիս եղունգները կրծեն…

Շուտասելուկի հոմանիշը, այսպիսով, մոբիլ ու ստեղծական, արհեստականությունից զերծ ու միշտ կենդանի գործունեությամբ սեբաստացու շուտանելուկն է: Ահա ինչու, ես ողջունում եմ, լավ նշան է «Շուտասելուկ» TV-ի մուտքը mskh.am եթեր…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայր ու տղա՝ Երևանի տիրոջ իրավունքներով…

«Դժվար է դառնալ անդիմադրելի հմայիչ, եթե դու ծույլ ես»… Իմ կիրակնօրյա գիրը սկսում եմ միայն կնոջ ասված-ասվելիք արտահայտությամբ: Էն էլ ի˜նչ կնոջ` Սոֆի Լորենի, ումով մշտապես հիացել եմ: Սիրեցի Կարապի

Սպասումի մեծ կիրակի՝ ետևում թողած 2016-2017-ի նորամուտի ավագ շաբաթը

Դավիթ Բլեյանն Ադրիանայով սքանչացած ամառ անցկացրեց։ Ադրիանան հուլիս-օգոստոսին բացակայեց քաղաքից, հանրապետությունից, Դպրոց-պարտեզից․․․ բայց սպասել են իրար իմ տղան ու իմ Ադրիանա աղջիկը մի ողջ ամառ․․․ Եվ վերջապես, Մարինե Մարտիրոսյան ուսուցչուհին ժողովի

«Երբ ժամանակ լինի» ասելով չէ՞ր, որ անցավ մեր կյանքը…

Հիմա ժամանա՞կն է… Պրահայում առաջինը արթնանում ենք, իհարկե, ես և․․․ տրամվայները: Մեր պատշգամբից հրաշալիորեն բացվող Կառլովի հրապարակում ամեն ինչ, ինչպես ափում, երևում է․․․ Տրամվայների աշխույժ- երթևեկն ու մեքենաներից-մարդկանցից դատարկ փողոցները