Միշտ զարմացել եմ, ասենք, Եգիպտոսի կամ այսօր՝ Սիրիայի… Ուկրաինայի վրա… Ո՞նց է, որ երկրի մի մասում պատերազմ է, մարդիկ են զոհվում, ահաբեկչություն է, իսկ քիչ էն կողմում մարդիկ ապրում են այնպես, կարծես այդ ամենն իրենց չի վերաբերում, իրենց երկիրը չէ… Հիմա չթուլացող սարսափով գամված եմ հայ-ադրբեջանական սահմանից ինձ հասնող պատերազմի լուրերին… «Խոշոր տրամաչափի զենքերով ժամը 20-ից ադրբեջանցիները ռմբակոծում են Տավուշի Ներքին Կարմիրաղբյուրը: Իր տան բակում գնդակը մահացու դիպել է գյուղացուն»… «Շփման գծում զոհվել է 1990թ. ծնված զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանը»: Ինձ բռնեցի նրանում, որ ես էլ, մենք էլ սկսել ենք, կարողանում ենք այդպես ապրել, կարծես մի պետությունում չենք, զոհված 60-ամյա գյուղացին թե 25-ամյա զինվորը մեր միս ու արյունը չեն, Ներքին Կարմիրաղբյուր գյուղն էլ մեր հայրենիքը չէ. սահմանամերձ ինչ-որ տարածքներ են, ու այնտեղ հայտնվել են, իբրև վարձակալներ (վարձակալել, ապրում են, չե՞ն ուզում՝ թող չապրեն)… Ի՞նչ անենք, Բլեյան ջան, շարունակե՞նք Համահայկական հռչակագրով հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սաստկացող միջոցառումները, ինչպես օրինակ «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ չծնվեցին»լուսանկարչական շարժումը.

Ես գնացի քնելու… Գիտեմ, որ ուշադիր եք իմ անձի, իմ տրամադրության, որպիսության նկատմամբ՝ հուզելու աստիճան: Այսքան հիացած ձեզնով, տարված սեբաստացիական աշխարհով և այսքան տկլոր-անօգնական-շփոթված… Կյանք է։ Իմ շփոթմունքը իմ անձնական կյանքից չէ, այլ այն վիճակից, որում հայտնվել ենք հասարակությամբ: Ինչպե՞ս է մեզ հաջողվելու այս փուլում՝ երկրի և սեբաստացիական աշխարհի սահմանում բարեհաջող անցնել բազմաթիվ քարերի, խութերի միջով։  Ի՜նչ լավ է, որ կա mskh.am-ի իմաստունը՝ «Առականի»-ն, որ ցույց է տալիս ճանապարհը՝ դեպի էությունը, արմատը, խորքերը՝ անվտանգ նավարկելու համար…

Մեր ամենակրտսեր՝ 6 տարեկան սեբաստացի 1-ին դասարանցիների՝ տիկնիկ Աիդայի 114 սաների՝ հունվարիկների ծրագրային ամենամսյա ստուգատեսային հավաքը Նոր դպրոցում վառ-տպավորիչ խճանկարներից էր, որ հիշում եմ իմ կյանքում: Ակնհայտ կրթական ծրագիր, որպես գործունեություն, որպես առույգ, կայտառ երեխաների երաժշտական-կերպարվեստային կառուցողական մեծ խաղ, որպես համերգ, երբ 114 երեխա՝ նույն մշակույթի-լեզվի մեջ, բերանացի, ինքն իրեն, համերաշխ, ապրումակցվող, 60 րոպե կարդում է Թումանյան, երգում Կոմիտաս, կառուցում, նկարում, խաղում… Ես տեղում «ահաբեկեցի» մեր պատվիրատու, մեզ վստահած (շնորհակալ ենք սրտանց ու, տեսեք, խոսքեր չեն, այսպիսի բան միայն սրտից է պոկվում) ներկա ծնողներին.
– Հիմա եթե դուք փորձեք հանդես գալ ձեր դպրոցական ծրագրով, միասին երգեք-ներկայացնեք-կարդաք դպրոցում ձեր անցածն ու իմացածը, մենք էլ տեսագրենք-ձայնագրենք ու դնենք կողք կողքի այսօրվա ակնհայտի հետ…

Ժամը 12.20 արդեն Դպրոց-պարտեզում էի՝ շինարարների հետ, նոր խմբասենյակի նորոգման աշխատանքների ետևից, իսկ Աշխեն Թադևոսյանի 30-ի չափ 6 տարեկանները ոչ միայն հասել էին Բ-4 թաղամաս, այլև բարձր՝ 2-5-րդ դասարանցիների հետ միասնական ընդհանուր պարապմունքի էին… Այ, այսպես, մոբիլ, անիվների վրա, գործուն-անհոգնել:

Նորից մուտք եմ գործում կրթահամալիրի մեդիա աշխարհ mskh.am-ի գլխավոր էջից, ինչպես Մայր դպրոցի գլխավոր դռնից՝ մուտքից: Սա է իմ մուտքը մեր մեդիա աշխարհ. որքա՜ն տպավորիչ է, հետաքրքիր, ուսումնական, խնամված, բազմամարդ մեր մուտքը… Որքան էլ արագ եմ անցնում, մեծ է սեբաստացիներիս աշխարհը, միևնույն է, մեկ ժամ կլանված կարդում-լսում-ծափահարում-հիանում եմ, մտածում, ոգևորվում ու գրառումներ անում… Հուրի, Սարո Իսկանյանների «Արևմտահայ բանաստեղծներ» նախագիծ, կարդում ենք արևմտահայերեն՝ Միսաք Մեծարենց, Մատթեոս Զարիֆյան… Հետո արաբերենից (Միջին դպրոցի 7-8-րդ դասարանցի Սարոն, Հուրին Սիրիայից են, արաբերենի լավ իմացությամբ) մեր խմբագրության ընկերների հետ Վիքիպեդիայում թարգմանել տեղադրել են 2-րդ նյութը… Հետո տիար Տիգրանյանը պատմում է «Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական ստուգատեսին արաբերենից թարգմանական նյութերով ընկերների հետ նրանց հանդես գալու մասին… Թափ եմ ասել, որին ձեր տիարն էլ է նախանձում…Շնորհակալ եմ։

Հիմա, երբ Դավիթ Բլեյանը մեր բոլորիս հոգատարությամբ հաջողությամբ հաղթահարում է 3 տարեկանների դասական ճգնաժամը (հաջողություն չէ՞ 2 ամիս միասնական ճակատում գործելը), ես, ծիծաղելով այդ ճգնաժամի հետևանքների վրա, չունեմ որևէ մտավախություն: Դավթի այս օրերի արկածները՝ թափառումը կրթահամալիրով մեկ, հասունության դրսևորում են. առանց մայրիկ-հայրիկի լիարժեք է իրեն զգում Մեդիայում, Հիմնական դպրոցում, երեկ նաև Նոր դպրոցում… 2015-ին 6 տարեկան դարձած 5 տարեկան սեբաստացիների հետ հանդեսից հետո ինչ սիրով-հիացմունքով Դավիթը զննում էր mskh.am-ում հանդեսին առնչվող բոլոր նյութերը, որքա՜ն կոնկրետ էին ու բանիմաց Դավթի հարցերը… Հանդես-հավաքից հետո Դավիթն ընկեր Կարինեի, իր քույրիկներ Տաթևի և Նազենի կրտսերի հետ վերադարձավ մայրական օջախ՝ Դպրոց-պարտեզի խումբ… Ընկեր Կարինեի-Մելինեի մեծերի խմբում Դավիթն իրեն զգում է, ինչպես… տանը մեր…

– Հայրիկ, ո՞վ է թուրքը, ի՞նչ ասել է «թուրք»,- լողարանում իր սիրելի խաղալիքներով-ցնցուղով ապրող Դավիթը հարցնում է հանկարծ ջրի միջից…
– Թուրքերը, եղբայր իմ, թուրք մարդիկ են. կան հայ մարդիկ, վրացի մարդիկ… էլի շատ մարդիկ կան…
– Հույներ կան,- հանկարծ ավելացնում է նա։
– Իհարկե, հույներ կան, ռուսներ, ադրբեջանցիներ… շատ տարբեր մարդիկ, ժողովուրդներ կան… Ինչպես կա Հայաստան, Վրաստան, Թուրքիա…
– Հունաստան,- ավելացնում է Դավիթը։- Ես տեսել եմ Հունաստանի դրոշը, հիշո՞ւմ ես, հայրիկ, կամրջի վրա փողփողում էր աջից, իսկ ձախից Հայաստանի դրոշն էր փողփողում, հիշո՞ւմ ես:
– Հիշում եմ, իհարկե, Թուրքիան էլ դրոշ ունի, Դավիթ ջան, ինչպես Հայաստանն ու Հունաստանը։  Դու արդեն վրացի ընկեր ունես, հիշո՞ւմ ես, ինչ լավ էիք մեր տանը վրացերեն խոսում… Մենք այս տարի կլինենք Թբիլիսիում, որ գտնվում է Վրաստանում, ինչպես Երևանը՝ Հայաստանում…
– Թուրքիա էլ կգնա՞նք, հայրիկ, ես ուզում եմ Թուրքիան տեսնեմ:
Իհարկե, Սասունցի Դավիթը կտեսնի Թուրքիան, Սասուն աշխարհը կտեսնի…
– Ես, դու, մայրիկը…
– Մեկ էլ Շուշանը, ես ուզում եմ` Շուշանը գա Վիեննայից, միասին գնանք Թուրքիա:
– Իհարկե, Շուշանը գա, համերգը տա… գնանք Վրաստան՝ համերգի, հետո անցնենք Թուրքիա…

– Դավիթ, դու կարող ես քո բոլոր մեքենաները տանել քո կուկուներին՝ պարտեզում խաղաք…
– Մեկը տանեմ, մեկը պահեմ ինձ, հայրիկ…
Այդպես էլ անում է: Ձմեռ պապի կախարդանքի ուժով ամբարած իր ունեցվածքը թող այդպես արդար բաժանի Դավիթ Բլեյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արծվենի հայացք քաղաքին, մեր կյանքին, մեր գործերին…

Անսովոր-անհամեմատելի, իր անսպառ հնարավորությունների, յուրահատուկ ուժի ցուցադրության օր եղավ ուրբաթը։ Ես խոսում եմ, այո, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին. օրն ուսումնական առօրյայով-ժամանակացույցով-ընթացքով՝ կրթահամալիրի հաստատություններում, ինչպես շաբաթվա, տարվա բոլոր օրերին, ինչպես

Անկումների սարսափից…

Եթե ուզում եք մեկ նախադասությամբ, երեկը՝ դեկտեմբերի 12-ը, շնորհիվ Դավիթ Բլեյանի, տարվա 365 օրերից առանձնակի դարձած ծննդյան օրով. մեր տուն-Արևմտյան դպրոց-Ագարակով կրթահամալիրի երեկվա օրվա աշխույժը վկա։ Դավթին լսեք. երբ չորս

Խոսքի դադար-ֆոտոպատում

Հիշում եք` հուլիսի 27-ի իմ գրում խոստացել եմ. «Իմ օրվա ամեն ինչը՝ իմ կյանքը, իմ օրվա գիր չեմ բերելու, հետևե՛ք իմ օրագրին, այն անընդհատ է՝ մինչև սեպտեմբերի 4-ը 2015-ի, հետո՝