Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի հունվարի 19-ի համարում
Անհատի ազատության ապահովումն իրականում յուրաքանչյուր մարդկային միավորման (ենթադրում ենք՝ նաեւ Հայաստանի ժողովրդի) նպատակն է: Անհատի ազատության վրա է հիմնված ե՛ւ հասարակական, ե՛ւ անձնական բարոյականությունը, ե՛ւ բարեկեցությունն ու արդյունավետ տնտեսությունը: Առանց անհատի ազատության մարդիկ չեն կարող ունենալ ո՛չ խաղաղվածություն, ո՛չ արժանապատվություն, ո՛չ երջանկություն: Անհատի ազատության մասին Սահմանադրության հռչակումները իհարկե անբավարար են՝ անհրաժեշտ են անհատի ազատության պաշտպանության գործուն միջոցներ:
Վրացահայ Պողոս Պողոսյանը, մինչեւ 2001թ. սեպտեմբերի 24-ը, ենթադրում եմ, Երեւանում իրեն ավելի վստահ է զգացել, ավելի ազատ ու յուրային, քան, ասենք, Թիֆլիսում: Այնքան յուրային, որ 2001թ. սեպտեմբերի 24-ին իր ընկերների հետ «Առագաստ» սրճարանում ջազ լսելով՝ իրագործված է համարել իր ազատությունը: Դաշնակցական գյուղապետը, ով 1998-99թթ. ընտրությունների ժամանակ իր նպաստն է բերել Ռ.Քոչարյանի իշխանության հաստատմանը Հայաստանում: «Առագաստ» սրճարանի «Հայաստանում» սեպտեմբերի 24-ին այնքան նույնացրել է իրեն իրականությանը, որ թույլ է տվել բարձրաձայն՝ «դու»-ով դիմել Շառլ Ազնավուրին ու Ռոբերտ Քոչարյանին: Դիմել է այնպես, ինչպես, ասենք, ամերիկացի պլեբեյը կդիմեր իր երկրի նախագահին (ողջույն, Ռոբ), կամ իր աշխարհի հերոսին (ողջույն, Շառլ):
Ո՛չ Շառլ Ազնավուրի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի համար պիտի որ դժվար չլիներ մտերմիկ պատասխանել մարդուն, ասենք, մոտենալ Պողոսի սեղանին, ձեռքով բարեւել, հետաքրքրվել նրա անձով: Այսպես էլ կլիներ, եթե անհատի ազատության երաշխավորն ես՝ դե ֆակտո: Մեր ժամանակում, սակայն, Պողոս Պողոսյանին վերապահված է հպատակի (եւ ոչ քաղաքացու) դերակատարում եւ դատարանում հպատակին ոչ վայել վարքը դառնում է Պողոսի մեղքը եւ թիկնազորի հանցագործության արդարացումը:
Որ հասարակական վայրերում երկրի ղեկավարին կարող են անվանարկել, սուլել, տորթ-ձու-լոլիկ շպրտել վրան, հեռուստաէկրանին տեսել ենք բազմիցս: Հայաստանի 3-րդ Հանրապետության 10-ամյա պատմությունը եւս ղեկավարների նկատմամբ բազում նման, հաճախ արտառոց դրսեւորումներով է հայտնի: Ռ. Քոչարյանի հասցեին ոչ պատշաճ (թիկնազորին ու նրա շեֆ Գրիշկային) անախորժ արտահայտություններ հնչել են ե՛ւ Երեւանում, ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Վանաձորում: Այս հարցը վերջին շրջանում, ենթադրում եմ, բազմակի քննարկվել է թիկնազորում: Ունեզրկված, անապագա մարդկանց օրեցօր չարացող ու շատացող խմբերի զայրույթի դրսեւորումները չէին կարող չանհանգստացնել Ռ.Քոչարյանին ու իր թիկնազորին, անվտանգության ծառայությանը:
Հասարակական անպաշտպանությունը որքան էլ բացահայտ, որքան էլ Ռ.Քոչարյանի իշխանությունը կամայական, բայց հպատակներին պիտի շատ կոնկրետ օրինակներով ու պարբերաբար ցուցադրեր «անհնազանդության» հետեւանքները: Իշխանությանը պետք էր հրապարակավ պատժելու այնպիսի մի դաս տար ողջ հասարակությանը, որ մարդկանց (ասենք՝ միտինգավորների, սոցիալական բողոքի ելած քաղաքացիների) մտքով անգամ չանցներ էգուց-մեկել օրը «իրենց շեֆի» ճամփան փակել կամ իրենց շեֆի հասցեին իրենց ներկայությամբ որեւէ թթու խոսք ասել, խմբովին ընդվզել:
Մասնակցե՞լ է այս քննարկումներին Ռ.Քոչարյանը, ի՞նչ դիրքորոշում է ունեցել, ի՞նչ է հրահանգավորել՝ բացահայտ է դառնում Պողոս Պողոսյանի սպանությանը հաջորդած շրջանում, ներառյալ դատավարության այսօրը: Թիկնազորի նախատրամադրվածությունը այսպիսի վայրենություն ցուցադրելու սնվել էր այն ուժով, որ ամեն օր զգացել էր թիկնազորը՝ կամայականությամբ, անպատժելիությամբ, անօրինությամբ: Թիկնազորի ի՞նչ գործն է, թե իր պաշտպանյալին (Ռ.Քոչարյանին) ով ինչպես է դիմում, ինչ է բացականչում, ինչպես է ողջունում, ծափահարում է, թե սուլում: Թիկնազորը եթե պատասխանատու լիներ Ռ.Քոչարյանի անձնական անվտանգության համար, չլսելու-չտեսնելու կտար Պողոսի «ողջույն Ռոբը», քանի որ այդ արտահայտության հեղինակը որեւէ ձեւով վտանգ չի ներկայացրել Քոչարյանի համար, ու նա անվնաս հեռացել է: Բայց պարզվում է, Քոչարյանի թիկնազորը այլ գործառույթ է ստանձնել, այլ կոչում ունի՝ պահպանել Ռ.Քոչարյանի՝ իր Տիրոջ իշխանությունը, ընտրություն չկատարելով միջոցների մեջ:
Հիշո՞ւմ եք Տեր-Պետրոսյանի ընտանիքի (կնոջ ու մինուճար տղայի) հետ կապված միջադեպը: Միջադեպին մասնակցած, ՀՀ նախագահի տղային ծեծած ու ընտանիքին վիրավորած անձինք ոչ միայն չպատժվեցին, այլեւ ՀՀ նախագահը ամեն ինչ արեց, որ միջադեպը արագ հարթվի ու իրավապահը դրանով չզբաղվի. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացառիկ զսպվածություն հանդես բերեց:
Չլիներ այս հաշվեհարդարը՝ սեպտեմբերի 24-ին «Առագաստ» սրճարանում, Պողոս Պողոսյանի նկատմամբ, լինելու էր այն Ռ.Քոչարյանի որեւէ այցի ժամանակ, որեւէ կարմիր ժապավեն կտրելուն նախորդող-հետնորդող ժամանակ, մարդու կամ մարդկանց նկատմամբ: Լինելու էր ոչ պակաս «ափաշքյարա», ոչ պակաս ցուցադրական, նույնքան ցինիկ ու դաժան: Կամայականությունը հայաստանցիներին մատչելի, անպաշտպանության թարմ դաս պիտի տար:
Պողոս Պողոսյանը չէր հասցրել վայելել իր ազատ դիմելաձեւի պարգեւած ողջ հաճույքը, երբ թիկնազորի հայտնի տղաները՝ ՀՀ ազգային անվտանգության հայտնի աշխատակիցներ, լուսառատ «Առագաստում» տասնյակ ու տասնյակ հայտնի մարդկանց ներկայությամբ մոտենում են Պողոս Պողոսյանի սեղանին, հայտնի սեղանակիցների թույլտվությամբ (մատնությամբ) ծեծելով տանում են մարդուն մինչեւ զուգարան, դիակը նետում զուգարանում, կամ դիակ դարձնում Պողոս Պողոսյանին՝ սրճարանի զուգարանում: Ռ.Քոչարյանի թիկնազորը սպանում է Պողոսին՝ ջազից, շամպայնից, «Ռոբի ու Շառլի» ներկայության վայելքը եւ սեփական գերազանցությունը գիտակցող տասնյակ ու տասնյակ հայտնի երաժիշտների, մատուցողների, «Առագաստի» տերերի, ոստիկանների, նախկին ու ներկա հայտնի պետական պաշտոնյաների, նախկին ու ներկա հայտնի մտավորական մարդկանց ներկայությամբ: Անպաշտպան հպատակներին, պաշտոնյա հացակերներին, տասնյակ ու տասնյակ մարդկանց ժանտախտը պատել էր ամբողջությամբ: Մարդիկ միշտ խուսափում են ցավից, երբ վտանգը սպառնում է նրանց մտերիմներին, մարդիկ կամ հեռանում են (չտեսնելու-չլսելու են տալիս հաշվեհարդարը) կամ պաշտպանում են նրանց: Պողոսի սեղանակից ընկերները, սրճարանում հայտնված հայտնի մարդիկ չեն պաշտպանել Պողոսին, հեռացել են: Ե՛ւ նախաքննությամբ, ե՛ւ դատաքննությամբ այդ մարդիկ պիտի ստեն՝ կույր ու խուլ ներկայանան:
Հիմա ես գրում եմ, ու անպաշտպան, անակնկալի եկած, զարմացած-շփոթված-անզոր Պողոսին հասցված հարվածներն ու հայհոյանքները խլացնում են ինձ: Ես չեմ կարողանում անցնել այդ «Առագաստի» կողքով: Ինչո՞ւ է ինձ թվում, որ այն փակ է այլեւս, որ այնտեղ ոչ ոք չի լինում, չի կարող լինել:
Դե ինչպես կարելի է մտնել ժանտախտով վարկված այդ որջը, լսել ժանտախտ սփռող երաժիշտներին: Կամայականությունը ավերում է Բարոյականությունը, քանի որ չկա, գոյություն չունի Բարոյականություն առանց պաշտպանվածության, անվտանգության:
Ժանտախտով բռնված քաղաքներում, երեւի գիտեք, վարքն ու բարքերը արագ այլասերվում են այնպես, որ մարդիկ զբաղվում են դիակապտությամբ, թալանում են ժանտախտից մեռածներին: Կամայականությունը Բարոյականության ոլորտի նկատմամբ նույն գործն է կատարում, ինչ ժանտախտը մարդու մարմնի նկատմամբ՝ կազմալուծում է, ավերում է: Մեր քաղաքում, մեր հանրապետությունում բռնկված ժանտախտը մեզ անբարոյականացրել է այն աստիճան, որ մենք՝ հրապարակային դատավարության կոչվածի մասնակիցներս, լրագրողներս, ընթերցողներս շարունակում ենք հանգուցյալ Պողոս Պողոսյանի դիակապտությանը:
Այդպես է, երբ Կամայականության նկատմամբ ցուցաբերում են ներողամտություն, երբ հանդուրժում են Կամայականությունը իր կոնկրետ դրսեւորումներով, այն տարածվում է այնքան արագ, որ որեւէ մեկը նրանից խուսափել չի կարող:
Մեր հայրենակից, գյուղապետ, դաշնակցական, քոչարյանամետ (մնում է ավելացնել՝ մոլի հակահհշական) Պողոս Պողոսյանը ինչ մտածեր, որ «Առագաստ» սրճարանում սեպտեմբերի 24-ին Կամայականությունը հասնելու է իրեն: Հիշեցնեմ մնացյալներին, որ լրիվ անբավարար է Կամայականությունից հեռու մնալ եւ թույլատրել, որ Կամայականությունը հարվածի ուրիշներին: Որեւէ պահի, որեւէ տեղում կհասնի քեզ Կամայականությունը- չես փախչի: Կամայականությունն անհամատեղելի է քաղաքական կառավարման հետ, այն ոչնչացնում է կառավարման ամեն մի ինստիտուտի (մարմնի) հիմքերը: Այս դեպքում ունենում ենք այնպիսի կառավարում, ինչպիսին ունենք երբ, ինչպես Կիպլինգն է ասել, ոչ թե հաշվում են մարդկանց գլուխներով, այլ կտրում են մարդկանց գլուխները:
Աշոտ Բլեյան