Առավոտյան յոթն անց կես դեռ չգիտեմ՝ Դավիթ Բլեյանն արդյոք ապաքինվե՞լ է հարկ եղածին չափ, թե ոչ, բայց ճար չկա, պիտի ընտանիքով դուրս գանք տանից. ստուգատեսյան ճամբարն իր իրավունքների մեջ է… Ես, ավարտած օրվա գիրը, վճռական մտնում եմ ննջարան.
– Դավիթ Բլեյան, էհե՜յ, Դավիթ Սեբաստացի, Դավիթ Սասունցի, Դավիթ ջան, վեր կաց՝ քեզ սպասում են Հանրակրթական դիջիթեքը, Բնագիտատեխնիկական ստուգատեսը, Մարմնամարզականը…
Դավթի հումորը հավանում եմ. դիրքը կտրուկ փոխելով՝
– Չէ հա՜, հա չէ՜… Ես հիմա լողանում եմ ու…
Վայրկյաններ հետո ցնցուղի տակ է՝ ավազանում. վայե՜լք իսկական… Սա հոր և որդու ամենօրյա թարմացնող, մաքրող, ուժեղացնող՝ կազդուրիչ ծես է, որ ես ցանկանում եմ յուրաքանչյուր սեբաստացիական և ուրիշ ընտանիքներին. դրանից հետո ոչ մի լարում՝ իսկական առավոտ…
Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին—քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։
Ջերմաչափն ու ժամացույցն ընկերացան
Առաջ անուժ էինք Դավթի կամայականության առաջ, մոտ չէր թողնում որևէ ջերմաչափ… Վերջապես Դավիթն ու ջերմաչափը հանդիպեցին. ես հանգիստ ցույց եմ տալիս Դավթին, ներկայացնում նոր գործիքը, պատմում՝ ընդարձակվող, մեզ մեր մարմնի ջերմությունը ցույց տվող սնդիկի մասին, կարդում թվերը՝ 36 և 1, 36 և 2… 37, 38. Դավիթը բարձր ջերմություն չունի՝ 36 ու 5, հայրիկն էլ չունի՝ 36 և 4, մայրիկն էլ՝ 36 և 6. մեր ընտանիքի անդամների մարմնի ջերմությունը չափեցինք… Դավիթը, նստած բազմոցին, ապակե սրվակը թևի տակ, ակնապիշ նայում է ժամացույցին՝ երեք րոպեն պիտի անցնի. հաշվում եք 1-ից… 60-ը, մեկ րոպե՝ 60-ից 120-ը, 2 րոպե (րոպեների սլաքը, տեսա՞ր, հայրիկ, շարժվեց, մեկ քայլ արեց)… Բնագիտատեխնիկական ստուգատեսի այս տարվա ձեռքբերումն էր, ինչպես Աիդա Պետրոսյանն է իր «Պարտեզ» ամսագրում նշել՝ ստուգատեսյան սահմանների ջնջումը… Ընդարձակվեց երեխաների գործունեությունը մեր պարտեզներում, խումբ մտան նոր չափիչ-սարքիչ գործիքներ… Մեր տանը պակասում են թվերով, տեսանելի քայլերով՝ մեծ-գրավիչ, ինչպես խաղ-նկար՝ ժամացույց, ջերմաչափ, երկարաչափ, կշեռք… Տիար Գևորգ, Օրագրի խնդրանքները չես կատարում. առաջարկիր՝ մեր ընթերցարանում մի նոր տոնավաճառ կազմակերպենք…
– Ես ուզում եմ Շուշանի, Սոնուլի, Արևիկի ջերմությունը չափեմ,- վճռական իջնում է բազմոցից, ապակե գործիքն իր ձեռքով դնում ապակե տուփի մեջ՝ պատրաստ՝ ստուգատեսային ճամբարային գործունեության…
Հենց նոր իմացանք, որ իմ թոռնուհի սեբաստացիներ Արևիկն ու Սոնան համատեղ ստուգատեսների նյութ են պատրաստել։ Հարմա՞ր է միասին դիտելը։
Իսկ կախարդական գուլպան Դավթի խնդրած՝ քար ու բետոն ջարդող, ապառաժ կտրող շինարարական մեքենա է բերել…
– Տանեմ՝ իմ կուկուների հետ խաղամ,- հավաքում է իր մեքենաներն ու վճռական շարժվում դեպի դուռը…
Իսկ իրիկունը, տանը, նորից կհարցնի.
– Մայրիկ, ես ինչո՞ւ գնացի գազանանոց, որ ի՞նչ անեմ…
Պիտի որերորդ անգամ, ինչպես առաջին անգամ, իրար հետ պատմենք՝ ինչպես Ստեփան հորեղբոր, Անահիտ հարսիկի ու Դանիել եղբոր հետ գնացին… Գազան առ գազան… Նա ոչինչ չի մոռանում, կրկնում-ամրապնդում-ճշտում-հաստատում-վերապրում է բոլոր դրական պահերը…
Էմմա Իսախանյանի «Հոդված թ. 1. մեր ժամանակակիցը»-ը բարով է «Դպիր» մանկավարժական ամսագրով գալիս մանկավարժություն՝ սիրելի-անվերջ-պրպտուն Էմմա Իսախանյան, ում մայրիկը, պատմել եմ, շարունակում է ինձ զարմացնել… «Սկսեմ նրանից, որ առաջին անգամ եմ փորձում հոդված գրել, այն էլ՝ մանկավարժական… համ էլ, անկեղծ ասած, այս հոդվածն ուզում եմ ներկայացնել Դիջիթեք 2015-ի «Մանկավարժական հոդված» անվանակարգին… Խոսելու եմ մի նախագծի մասին, որին, երևի, բոլորդ էլ ծանոթ եք՝ Մարգարիտ Սարգսյանի ղեկավարությամբ իրականացվող «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծը»:
Կարդում եմ նորից Մարգարիտ Սարգսյանի տողերը. «Արամազդ Ղալամքարյան… վարպետության դասից առաջ խնդրում ենք ծանոթանալ հարցազրույցին, դասի թեմային: Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ գրելով նախագծի համակարգող Գոհար Սահակյանին»:
Նախակրթարանն ու 5-6 տարեկանների խմբերն անփոփում են Դիջիթեք 2015-ը և Բնագիտատեխնիկական ստուգատեսը: Դիջի-բնագետ. մե՜ծ ստուգատես…
Ես հիացած եմ Մարգարիտի, Էմմայի, Գոհարի, Աիդայի շիտակությամբ, դիպուկությամբ, շնորհքով:
Արսեն Մինասյանին՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի 3-րդ դասարանի սովորողին, շաբաթներ առաջ հանդիպեցի Գեղարվեստի դպրոցի իր անհատական ցուցահանդեսում… Նա ձեռքերո՞վ է մտածում… ինքնագլուխ են, տեսեք, մեր Արսենի ձեռքերը… Ճամբարային այս օրերին ես, որ այնքան ուզում էի հանդիպել Արսենի հայրիկին, առերեսվեցի ողջ ընտանիքին… Տեսադաս «Օրիգամի». Արսենից, նրա եղբայր Արենից, ինչպես ստուգատեսներն են ցույց տալիս, պրծում չի լինի… Առաջադեմ հայր և մայր, ստեղծական ու մոբիլ բաց միջավայր՝ տանը և դպրոցում… Հիմա ես չեմ կարողանում ուշքս կտրել Արսենի ձեռքի շարժումներից… Ծրագրավորող հայր և լրագրող մայր, երկու՝ անսպառ հնարավորություններով տղաներ… Մեր հեղինակային մանկավարժության համար իսկական մեդիագրադարան են ընդունակ ստեղծել…
Վարպետության դաս էր անցկացնում քանդակագործ-արվեստագետ, սքանչելի 6-րդ դասարանցի Օվսաննայի (իսկական արևիկ) մայրիկ Նունե Թումանյանը: Հետո, երբ ես, վերացած, հետևում էի մեր դասվարներիմարմնամարզական ելույթին, դահիճում մենք հանդիպեցինք, ու ես ստացա իր հմայիչ ժպիտն ու բարձր ճաշակով արած ալբոմը…
- Ապրում եմ, քանի որ սիրում եմ…
- Սիրում եմ, քանի դեռ ապրում եմ…
Իրիկունն ուշ ես ու Դավիթը հաճույքով թերթում ենք կամերային, մոտ տարածությունից դիտելու համար նախատեսված այդ արվեստը՝ Նունեի՝ փոքր ծավալի քանդակների՝ որակով արված էջերը… Շնորհակալ եմ:
Այսօր ստուգատեսում առանցքային են Մարգարիտ Սարգսյանի «Ճանաչենք մեր սեբաստացի ծնողներին» խորագրով հանդիպում-վարպետության դասերը, որ անցկացնում են Արամազդ Ղալամքարյանն ու Հարություն Մանսուրյանը… Այսպիսով, մեր «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծն իր այս ճյուղով ավելի մարդկայնացավ, կոնկրետացավ, ամբողջական դարձավ Մարգարիտի «Ճանաչենք մեր սեբաստացի ծնողներին» նախագիծը: Նախագիծ, որ երեկ մեծ արձագանքով ընդունեց սիրելի արվեստագետ Նուռին՝ դիզայներ, նկարիչ…
Ահա այսպիսի ընտանիքների պատվերն ենք կատարում. ահա այսպես, սովորող, ուսուցիչ, ընտանիք ու դպրոց իրար ճանաչելով, փոխադարձ ամրապնդվող վստահության ու գործընկերության ճանապարհ է մեր մանկավարժությունը, ինչպես համատեղ ներառական կյանք՝ հասարակ-իսկական արժանավոր մարդկանց ընկերակցություն՝ սեբաստացիական հասարակություն…
Ստուգատեսյան ճամբարի այս օրերին զբաղված էին մեր կացարանային 58 տեղերից 46-ը: Կրթական փոխանակումների համար նախատեսված մեր Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Գեղարվեստի դպրոցի կացարանները, տեսեք, ինչպե՜ս են արդարացնում իրենց, հեղինակային մանկավարժության բաց համակարգի անօտարելի բաղկացուցիչն են: Բաց համակարգն իր ողջ առավելություններով-հմայքով-մշակվածությամբ ցուցադրվեց «Մանուկներ Հայաստանի» հիմնադրամի նախաձեռնությամբ կրթահամալիր այցելած Արմավիրի, Լոռու, Արագածոտնի, մարզերի՝ հիմնադրամի ծրագրերում ընդգրկված 20 դպրոցների ղեկավարներին: Սրանով մենք հաստատում ենք իրողությունը. մեր մանկավարժական նորարարությամբ, հեղինակային կրթության մշակման, իրագործման, տարածման, բաց-մատչելի համակարգով մենք թափանցիկ, մատչելի ենք ֆիզիկական ու մեդիա միջավայրում, եղել և մնում ենք յուրաքանչյուրինը. ով ինչ չափով կօգտվի. գործընկերության որ ռեժիմը կընտրի՝ շնորհքի, իր կյանքի ծրագրի ու դիրքորոշման հարց է. մենք, որպես կրթական գործընկերության հուսալի և անմիջական կողմ, կանք: Համեցե´ք:
Հետգրություն
Երբ, թվում էր, ավարտել եմ գիրն օրվա, ժամը 7.00 է, վայելում եմ իմ պատրաստած սուրճը Շուշվա Քարինտակի մեղրով (լավ եմ անում՝ ես ինձ պարգևատրում եմ), վճռական միացնում եմ նորից համակարգիչը, և ուժեղ ցանկությունս, որպես պահանջ, կարևոր գործ, իրականացնում: