Դուք տեսել եք՝ ինչպես է իմ հարգելի Իսրայել վարսավիր ընկերը (պատմել եմ) իր երկու տարեկան տղայի հետ երկա՜ր-կարևոր քայլում, տղան՝ խնամված-զուգված, ինչպես ցուցադրության հարթակի վրա, Իսրայելն էլ՝ ողջ ընթացքում ճառագայթվող հիացմունքի մեջ… Տեսարա՜ն: Այսպիսի՝ միշտ դիտարժան, միշտ կարևոր պատկերները թաքնված տեսախցիկի թե կինոֆոտոյի առաջադրանքներ են Ավագ դպրոցի-Քոլեջի սովորողների համար՝ հայրության-մայրության կարևորությամբ փոխանցված… Այսպես, հիշեցի, աչքիս եկավ, թե ինչպես էի ես երեսունհինգ-երեսունվեց տարի առաջ քայլում իմ Լիլուկ-Պիլուլիկի հետ…
«Է՜յ, կանաչ ախպեր»… Գեղարվեստի 6 տարեկանները պատրաստվում են փետրվարիկին:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ես մտա Մայր դպրոց ու վճռական շարժվեցի բնագիտության ու տեխնիկայի սրահի ուղղությամբ… Երբ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն օրեր առաջ նկարահանումներ էր իրականացնում կրթահամալիրում, իմ աչքին մի ուրիշ «փայլով» զարնեց քիմիայի լաբորատորիայի կենտրոնում մարկերով կեղտոտած-սևացրած (կներեք, ինչ տեսել եմ, տեսել եմ, մարկեր չէ, որ ջնջվի)՝ առաջին պլանում, ետևում՝ ծածկած, երկար ժամանակ անօգտագործումից մոռացված էլեկտրոնային գրատախտակը… սովորողները՝ փորձասեղանների ու փորձերի վրա կենտրոնացած… Հիմա նույն հայտնի Կամենդատյան Միքայելի ութերորդ դասարանի սովորողների մի խումբ փորձ է անում, մյուս խումբը՝ հարևան ֆիզիկայի լաբորատորիայում է, երևում է՝ նույն գործով է տարված, դասարանի երրորդ խումբն էլ դեռ Միջին դպրոցի ղեկավարի թույլտվությամբ «Բնապահպանական կրթությունը Հայաստանում․ ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները» համաժողովի են մասնակցում… Թվում է՝ պիտի հիմնադիր տնօրենը վայելի այս (մի բան, որին աշխարհն առաջադեմ կարող է նախանձել) տեսարանը, բայց ես որոշում եմ հասկանալ-շարունակել իմ դիտարկումը. ի՞նչ է անում այս առաջ քաշված-պաշտպանված գրատախտակը՝ կարևոր չէ՝ մարկերով, կավճով, թե էլեկտրոնային, առաջին պլանում… Ո՛չ հարգելի ուսուցչից, ո՛չ էլ սովորողներից հնարավոր չեղավ պարզել գրատախտակին մարկերով գրածը. ո՛վ, երբ և ինչ է գրել… Իսկ ինչի՞ համար է այս գրատախտակը, երբ յուրաքանչյուրը՝ խմբում, թե առանձին, իր բնագիտական, նախօրոք որոշված-պատրաստված փորձն է անում… Է՜յ գիտի Հակոբ Հակոբյան, երբ մեդիակրթությունը դեռ այսպիսին չէր՝ ուսումնական ինտերնետ միջավայրում, անհատական գործիքներով, յուրաքանչյուրի համար պատրաստվում էին տպագիր թղթի վրա առաջադրանքներ… Հիմա կարող է դրված լինել ուսուցչի բլոգում՝ փորձով, առաջադրանքով, տեսանյութով… Այդպես էլ արվում է՝ համառում է ուսուցիչը… Ինչի՞ համար է այդ դեպքում գրատախտակը, արդյունքների գրանցմա՞ն… Ո՞ւր են անհատական նոթբուք-պլանշետները, կարծեմ, մեր մանկավարժությամբ պարտադիր՝ սովորողի թե ուսուցչի համար… Իմ պահանջով հայտնվեցին նոթբուքները, միացվեցին, սկսեցին ցույց տալ իրենց առավելությունները՝ հենց փորձարար-հետազոտողի համար… Գրանցե՛ք արդյունքները, ավարտե՛ք առաջադրանքը, տեղադրե՛ք բլոգում ու խնայեˊք ձեր աշխատաժամանակը տանը: Ինչո՞ւ երեք անգամից, երբ այսքան չարչարվել եք, ու միանգամից հնարավոր է: Գրատախտակը ես տարա… Մինչև չհիմնավորեք նրա անհրաժեշտությունը, չի վերադառնա, որ միանգամից լինի, որ հարգենք սովորողի աշխատաժամանակը, և ամենօրյա ուսումնական աշխատանքով ձևավորվեն հետազոտողի կարողություններ:
Նոր դպրոցի 2-4 տարեկանները դդմասերմ են ցանում տիկին Շողիկի հետ:
Լուսանկարները՝ Աննա Հայրոյանի:
Դավիթ Բլեյանը երեկ տան ճանապարհին առևանգել է իր Մելինե Մարտիրոսյան քրոջը, բերել տուն. իսկական առյուծ, որսն էլ՝ Մելինեի նման՝ չուտես-չխմես… Այս վայրի գազանը ողջ իրիկուն խաղաց-սիրեց իր զոհին, բաց չթողեց… Բոլոր հնարավոր զբաղմունքները, մեդիայով, ընթերցանությամբ-նկարչությամբ, խաղերը, օյինները՝ մինչև իրիկունը 11-ը, հետո էլ հետը տարավ լողարան, իրեն լողացնել տվեց… Մելինեն ողջ ընթացքում խաղաղ, իրեն բնորոշ մեղմությամբ, ժպիտով-հմայքով, պատրաստակամ, խելացի-ստեղծական-հորինող-ընդառաջող, իսկը ավագ քույր, ու քնեցրեց Դավթին, կեսգիշերին՝ 12-ի-1-ի արանքում: Դավիթն էլ ոնց որ թարմ վարունգ՝ զվարթ-կենդանի… Ա՜յ, էսպիսի աղջիկների մասնագիտական կրթությամբ զբաղվի մեր Քոլեջը…
— Ի՞նչ է նշանակում կենդանի, հայրիˊկ…
— Կյանք, կենսական, կենդանի, կենդանացնել,- խաղում եմ բառերով ես…
— Կենդանացնել՝ ի՞նչ է նշանակում,- չի նահանջում մեր համառը դպրոցի ճանապարհին, մեքենայում… Հետո էլ թե՝ որ լինո՞ւմ է, լինի՞… Եվ եղև (եղավ)՝ հայտնագործեցինք մենք կտակարանային «կենդանի»-ն…
Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները կառուցում են իրենց աշխարհը:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
Ընթերցարան
- ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց վճարի դիմաց կադաստրի կողմից մարդկանց տեղեկություններ տրամադրելը
- Վիեննան աշխարհի լավագույն քաղաք
- Հայտնի են World Photography Awards-ի առաջին մրցանակակիրների անունները
- 20 տարօրինակ գյուտ, որոնց փորձարկումը ցանկալի է
- Գեյթսը մաքուր էներգետիկայի ոլորտում շուտափույթ հայտնագործությունների հույս ունի
- Ադրբեջանը վերածվել է տրանսպորտային կարևոր կենտրոնի
- 5 պատճառ՝ ինչու է լռությունը հզոր ուժ
Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 593