Իմ գի՞րն է այդպիսին։ Շաբաթը շաբաթ օրով՝ երեկով ավարտվում, այսօր՝ կիրակիով սկսվում է հաջո՞րդ շաբաթը, թե՞ շաբաթը կիրակիով այսօր ավարտվում, երկուշաբթիով է սկսվում նոր շաբաթ, իսկ երեկ, անցնող շաբաթվա վեցերորդ՝ «շաբաթ»  անունով օրն էր․․․

Լավ խառնեցի, ինչ է թե մի նոր սկիզբ լինի իմ կիրակնօրյա գրի, ուրիշ մի սկզբով սկսելու համար պատումը կիրակիի։ Բարի կիրակի։ Կիրակի օրերը ես սովորաբար տանն եմ ու նախաձեռնությունների դժվար եմ տրվում․․․ եթե միայն արշավ-բարձունքի նվաճում չի լինում․․․

Դավիթ Բլեյանն էլի լողաց, վայելեց, առանց շնորհակալություն հայտնելու. սրբիչի մեջ փաթաթած՝ լողարանից բերում եմ հյուրասենյակ, բազմոցին ոտից գլուխ չորացնելու-հագցնելու․․․ Դե, ողջ կյանքն առջևում է, կհայտնի, քոնը խնամքն է՝ խնամիր, սուրճ խմիր ու էս հնարավորությունը, որ կիրակին լիուլի ընձեռում է, վայելիր, Արմինեի հետ երեկվա-մի ողջ շաբաթի չասվածը փոխանակեք-դուրս տվեք, թող 2017-ում մնա, որ 2018-ի համար նոր ազատ տարածք բացվի մտքի-սրտի-հավեսի․․․

Երևանյան ծառաշար․․․

Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով մասնակցեց-ստեղծեց «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի, Աշտարակի դեկտեմբերյան շրջանը՝ իր համերգային հարթակով երեկվա․․․ Յուրայինների հանդիպում էր արդեն… Ոչ թե ճանապարհ-մայրուղուց աջ թե ձախ ընկած բնակավայր Աշտարակը, այլ մեր քաղաքը, Առնո Բաբաջանյան փողոցից ամենաշատը 30 րոպեով հեռու, յուրային դարձած մի քաղաք, ուր 2018-ի հունվարյան նախագիծը կիրակիի նման և՛ սկիզբ է, և՛ շարունակություն․․․

Հիմա, այսօր՝ կիրակիով ընտանեկան, երկուշաբթիով սկսվող՝ դեկտեմբերի 18-23-ի ուսումնական շաբաթի հետ եմ, իմ կարդալու-գրելու-ուղարկելու լեցուն ծավալի… Արմինեն կիրակիի գրի-օրվա համահեղինակն է. որքան էլ վատառողջ՝ հասցրեց շաբաթ-կիրակիով իր այֆոնում նոր, համակարգչում, մեդիայում կուտակվածը հեղինակային տեխնոլոգիական մսաղացով անցկացնել ու ստացված արդյունքը-շարքը սիրով համաձայնեց պտտել նաև որպես իմ կիրակնօրյա գրի հղում ու արժանիք։ Շնորհակալ եմ։ Սրան լրացնող թե շարունակող հավելում ունեմ, իհարկե՝ «մոլորեցնող» Նելի Արղությանի պատումը իր բլոգում՝ «Թույլ տվեք ապրել այս խենթուխելառ աշխարհում» թևավոր դարձած խոսքով, շաբաթ-կիրակիի թե կիրակի-երկուշաբթիի նման իրար շարունակող-սկսող վերապատտրաստումների շարքից՝ դեկտեմբերի 4-8-ի վերապատրաստման խմբի ստեփանակերտցի վարիչ Սուսաննա Ավշարյանի ամբողջական խոսքը, թե դեկտեմբերի 11-15-ի խմբի գյումրեցի դաստիարակ Մարինե Գրիգորյանի անընդհատ գնահատումը

Դեկտեմբերի 16-ին Աշտարակում․․․

Պատումն իմ, որ ձգվեց, հասավ կեսօր, ես, թույլ տվեք այսպես, ոչինչ այդպես էլ ինձ ու ձեզ հասկանալի չասած՝ ավարտել, տեղ թողնելով օրեր հետաձգած, էլ ո՞ւր, խոստումս չեմ դրժի, սիրելի Վարդ Սիմոնյան, մտքերս-կամքս, անհրաժեշտ ժամանակը ժողովել եմ քո Ամանորի հարցախեղդից կենդանի պրծնելու համար․․․ Դե, խնդրեմ, իմ գրով հասցեագրում եմ ձեզ՝ որպես լրացուցիչ կամավոր աշխատանք, կիրակի-նախագիծ. ժամանակ ունեք, կատարեք, պատասխանեք, ինձ էլ օգնած կլինեք, Վարդին էլ պիտի որ հետաքրքիր լինի ստեղծվելիք խճանկարը։ Իմ բանավոր՝ մեկուսի, թե դահլիճային խոսքում ավելի ինքնավստահ եմ-խոսքաշեն, գրավորը-գիրը պատասխանատու-սահմանադիր է՝ յոթ անգամ չափել, յոթանասունյոթ անգամ կտրել է ուզում, կոկում․․․ Չասես՝ ասում է, գիր է, էն էլ՝ համացանցում պահվող, պտտում է ու օրեր, տարիներ հետո, առը հա՝ դեմ է տալիս․․․ Ամոթից փակում եմ աչքերս․․․ մամա ջա՜ն, էլի խոսքն իմ առաջ ընկավ․․․ Ախր ինչի՞դ է պետք, ա՛յ տիար-մարդ, տիար-տնօրեն, տիար-ընկեր։ Պետք չէ, լսո՞ւմ եք․ իմ դիրքի-կարողության-կենսափորձի մարդու համար հարկ է, որ գործը գոնե մեկ քայլ առաջ ընկնի խոսքից։

Աշտարակյան ծառաշար․․․

Օրագրի լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

#1241

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վերից եմ նայում արծվի ճախրանքին…

Լեւոնն ու Հրաչը 5 օր իրենց դպրոցի կազմակերպած ճամբարում էին, Սեւանի «Ժայռ»-ում … ես, Նարեն ու «Տիեզերք բենդն» (կրթահամալիրի ծնո՞ւնդ) էլ նախավերջին օրվա երեկոյան այցելեցինք իրենց։ Բայց այլ բան եմ

Օրագիր. գրի՛ր օրը

Մարդը գոյություն ունի այնքանով, որքանով իրեն դրսևորում է։ Ժան Պոլ Սարտր Եվ քանի որ, ըստ Նունե Մովսիսյանի բլոգի, ֆրանսիացի իմ լավ բարեկամ Ժան Պոլ Սարտրը ծնվել է հենց այսօր. իրենով