Մայր դպրոցի Մարմարյա սրահում սեպտեմբերի 1-ով, առավոտ 9.00-9.15-ի արանքում՝ ընդհանուր պարապմունքին, սեբաստացի դեռահասներով (վեցից ութերորդ դասարանցիներ), պատանիներով (իննից տասներկուերորդցիներ), նրանց ծնողներով և ուսուցիչներով լեցուն, հազարից ավելի լսող-տեսնող խորագետների՞՝ ասում եմ ես, այսպիսի քանակ Մարմարյա սրահում լինում է և մայիսի վերջին, տասներկուերորդի շրջանն ավարտող սեբաստացիների «Ձոն»-ին, «Ցնծությանը»… Ես առջևից եմ գնում՝ ուղղորդող ձեռքի բացած-ցույց տված ճամփով. այստեղից և՛ վստահությունը, և՛ իրավունքը… Ես խոսում-գործում եմ Ուսուցչի պատգամի ուժով, ես փոխանցում եմ, քանզի ասված է արդեն.
Զի ոչինչ է ի ծածուկ, որ ոչ յայտնեսցի, եւ գաղտնի՝ որ ոչ ծանիցի: Վասն զի զոր ինչ ասիցէք ի խաւարի, լսելի լիցի ի լոյս. եւ զոր յունկանէն խօսեցարուք ի շտեմարանս, քարոզեսցի ի վերայ տանեաց: (Աւետարան ըստ Ղուկասու, ԺԲ)
Հավաք Մարմարյա սրահում:
Մինչ այդ իմ նշան-հեծանվով կրթհամալիրի Բանգլադեշի Կենտրոնից իջել էի Գեղարվեստի արևելյան թևով, զմայլվելով պարտիզպանի ջրած ճիմապատ կանչող-ծաղկող լանջով, որ այնքա՜ն ուրախություն է սկսել պարգևել Քնարիկին Ներսիսյան ու իր ընկերներին (ողջո՜ւյն, Գեղարվեստ), Քոլեջի հարավարևելյան ճակատի նորաստեղծ լանջերի ստեղծման փաստը վայելելով, որ այնքա՜ն ջանք պահանջեց Անահիտ Մելքոնյանից-Էլյայից ու պատանեկան աշխատանքային ջոկատից (վայելե՜ք այսուհետ լիուլի, ձեր վարձքը սա է), Նոր դպրոցի հարավարևմտյան նորաբաց ճակատում էի… աչք շոյող նոր լանջերով, ընդարձակվող «Վահան Ասատրյան» պուրակով (տեսնեմ՝ ո՜նց եք ետևից հասնում, Վահանի ընկերներ), Մետաքսի մեր ճանապարհի նոր անցումով…
Բարի՜ օր, ծանոթ-անծանոթ, ասում եմ ես՝ ինձ հանդիպող-ողջունող ծանոթ-անծանոթին, չեմ թողնելու, որ երկու տարեկան երեխայի ձեռքը բռնած մտնեք պարտեզ՝ ծխախոտը մյուս ձեռքին. չլինելու բան է, սքանչացե՛ք ձեզ պարգև-ծնունդով ամբողջությամբ, հարգեք երեխայի դպրոցը, ու մեքենան կանգնեցրեք հիսուն-հարյուր մետր հեռավորությամբ… Քայլե՛ք ձեր երեխայի հետ՝ որպես առավոտվա ուխտ, մի՛ շտապեք, ճիշտ այնպես, ինչպես ես չեմ շտապում, մեկ ժամ շուտ քնեք ու շուտ արթնացեք դրա համար…
Ողջո՜ւյն, Նոր դպրոց… Ես մեկ ժամից այս ճամփով արդեն Մայր դպրոցից ու Արմինե Թոփչյանի հետ նորից կանցնեմ ավելի մանրամասն-գործնական, և Նառա Նիկողոսյանի, մեր նոր պարտիզպան-մասնագետ-պապիկ Կարոյի հետ քննարկելով պարտեզի ստեղծման առաջիկա գործերը… Ընդամենը երկու-երեք օրից ոչ միայն Նոր դպրոցի հարավ-արևմուտք նայող պուրակը պատշաճ անցում կդառնա, այլև կսկսվի լանջերի ճիմապատումը, ու Նոր դպրոցի բարձունքը «կանաչ ֆեյշն*» միջավայր կունենա…
Նոր դպրոց-Մայր դպրոց:
Հեծանիվն իմ ոչ միայն ազատության-անկախության, այլև… ինքնաբուխության-սպոնտանության լծակ է… Որքան էլ մութը շուտ է ընկնում ամեն օր, որքան էլ մանկավարժության լաբորատորիայում այսօրվա մեր մանկավարժական հավաքի ու սեպտեմբերի 8-ի խորհրդի հարցերը լուծում են պահանջում… կանչն ուժեղ է, զորանում է այնքան, որ ես թռչում եմ Գևորգ ընկերոջ ձիու մեջքին (իմ ձին ո՞ւր եմ թողել), ու միացնում լույսերը… Եվս մեկ ժամ ճամփա ունեմ անցնելու, ու հարթակները՝ դադարներով իմ, դիտակներով, բլուրներով, սարով, գետով, կիրճով, լճով, Սեյրան բարձունքի իմ քարով, խորասուզման-առանձնացման-մեդիտացիայի ծեսով… կանչում է: Մամա ջա՜ն, այս ընթացքը դարձավ կապը՝ իմ հայրենիի-մայրենիի, իմ ժամանակի ու ձեզ հետ, սեբաստացինե՛ր-հարազատնե՛ր, պարանն է իմ վերելքի… այնպես որ.
— Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,
Ե՜վ փառքը, և՜ գանձ,
Ե՜վ քեն, և՜ նախանձ —
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին:
Եվ էն ամենը, արդ նայում եմ ես —
Տեսնում եմ նորից
Իմ լերան ծերից —
Էնպես հասարա՛կ, դատարկ են էնպե՛ս…
Հովհաննես Թումանյան
Ավելի երկար առանձնացա երեկ իմ քարին… ու թև առած՝ մտա տուն… Դավիթը հատակին ջիպ է քշում.
— Սրա նման ջիպով էի՞ր Աժդահակ գնացել, պապ…
Արմինե մայրիկն իր տղայի սեպտեմբերի 1-ը ներկայացնում է հատուկ կարևորությամբ…
— Հայրի՜կ, գիտե՞ս, մեր Դավթից ընկեր Մարինեն շատ գոհ է… Ինձ առանձին ասաց, որ…
— Դավիթ ջան, ոգևորված եմ, էս ո՜նց ես գրավել ուսուցչուհուդ սիրտը մեկ զարկով… Հլը պատմի…
Դավիթը, շարունակելով, Աժդահակի ջիպով իր ընթացքը.
— Պա՛պ, ասեց «պայուսակից հանեք մատիտները, նկարե՛ք», հանեցի-նկարեցի, ասեց «հանեք ձեր ջրաներկը՝ պատկեր-գույներ ստացեք», հանեցի, նկարեցի, ստացա, ասեց՝ պլաստիլինով…
Ու այսպես՝ երկա՜ր, հումորով իր նշանավոր…
Դպրոց-պարտեզի խոհանոցում 5 տարեկաններն են:
Առավոտ չորսին, մեղավոր, գրից առաջ, նայեցի Դավթի պայուսակ-ուսապարկը… Ինչպես պատմել էր մեր անդուլ-անձայն ուսուցչուհու սանը, օգտագործած-հավաքած պիտույքները տեղում էին…
Միացե՛ք ինձ, մեզ, ընկերներ, հարազատներ, Բլեյան-Հովհաննիսյան-Սերոբյան… Երեկ ես Գևորգ Հակոբյան առաջնորդի պահանջած հայտը՝ Արագածի հյուսիսային վերելքը, լրացրել եմ, ու հիմա, հենց ավարտեցի գիրը, դասավորելու եմ ուսապարկս: Սեպտեմբերի 3-ին, առավոտյան 8-ին Սուրբ երրորդություն եկեղեցու մոտից շարժվում ենք Արագած… Եկե՛ք միասին քայլենք մինչև հարավային գագաթ, հետո այնտեղից՝ ամեն մեկը՝ իր ճամփով… Բյուրականի սկաուտական ճամբարում սեպտեմբերի 3-ին-4-ին Արմինեն ու Դավիթը խոստանում են ընտանեկան հարմարավետություն, իսկ Գևորգ Հակոբյանը՝ հարավային գագաթից ապահով վերադարձ Բյուրականի սկաուտական ճամբար։ Ապրե՛ք Ամբերդով, Արագածի փեշերին… Ես ձեզ կհսկեմ-կհետևեմ՝ Արագածի արևելյան, հյուսիսային գագաթներից… կերևա: Ճամփորդի՝ գնալն է իրենը, գալը՝ Աստծունը:
# 779
* fashion — ձև, կերպ, եղանակ, նորաձևություն, կաղապար, օրինակ, ձև, տարազ, ազնվականութիւն….