Սեղանի վրա նախշուն, ինքնաշեն, կիսաբաց, ձեռագիր բացիկը գրավեց-տարավ․․․
Դավթին․․․ Ադրիանայից․․․ Իմ երազկոտ դասընկեր․․
Երազկոտը, թվում է, հե՛նց սազ է գալիս Ադրիանային. նա մեր տղայի մեջ է տեսել երազողին․․․ Դավիթ երազող՝ 6 տարեկան։ Լավ է։ Իսկ Ադրիանան հագնում է Դավթի նվիրած ծննդյան օրվա շորիկը․․․ Իսկական շորիկ, ուրիշ բառը շատ կլինի․․․ ու չի մրսում, սքանչելի աղջիկը մեր։

Արմինեի հետ մեր խոսակցության սիրելի ուղղությունը հայացքն է 2018-ին, Ձմեռ պապին. ինչ չեղավ-չունեցանք-չբերեց հին տարում՝ Պապին մեզ պարգևի Նոր տարում… Ես ասում եմ՝ և՛ տղա, և՛ աղջիկ, Արմինեն՝ տղա չեղավ՝ աղջիկ․․․Դավիթը, խոսքի մեջ, ծղրտում է․
— Ես արդեն եկել եմ, ուրիշը էլ ո՞նց կգա․․․

Գույների տոնական ֆլեշմոբ Արևմտյան դպրոցում:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի և Արմինե Աբրահամյանի:

Նամակ է գրել, բացիկ պատրաստել Ձմեռ պապին․․․ Ուսուցիչ Լուսինե Փաշայանի առաջադրանքն է։ Պատրաստել է, կիսաբաց թողել սեղանին, անցնողը չի կարող չկարդալ․․․ Գուշակելով՝ բացում եմ․․․
Դավիթ Բլեյանը, Ձմեռ պապ…. գնդակ է ուզում, գնդակ բեր․․․ Լավ զգացի, որ անգուշակելի են Ադրիանայի երազկոտ դասընկերոջ և՛ գործողությունները, և՛ ցանկությունները․․․ Այդ իրիկուն, պարզվեց, իր եղբայր Արմեն Մարտիրոսյանի հետ մեր տանը ֆուտբոլ են խաղացել․․․ Գնդակը նայեցի, կարող էր շատ ավելի ուրիշ լինել, Ձմեռ պապ․․․

Խաղո՞ւմ են ֆուտբոլ ձմռանը, անձյուն դեկտեմբերին, կխաղա՞ն ձյունոտ հունվարին, ճամբարական կրտսեր դպրոցականները․․․ Լավ նախագիծ է ձմեռային ֆուտբոլը, ինչպես հեծանիվը․․․ Վստահեցնում եմ՝ ամռանը, շոգին-տոթին դժվար է։ Իսկ այ, երբ ցուրտ է կամ ուժեղ արև, ինձ ձգում է։ Այդպես են և՛ ֆուտբոլը, և՛ լողը․․․ արշավը․․․ Ի՞նչ անես, տարին չորս եղանակ ունի ընդամենը, 12 ամիս․․․ ճիշտը անընդհատն է։

Վահանապատում: Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Դավիթը շարունակում է ռուսերեն բառերի-կապակցությունների յուրացումը․․․ Դա անում է հետևողական, իր օրվա մեջ, վարժությունների միջոցով․․․ Ագարակում մեր հանդիպում եմ Մելինե Սիմոնյանի երկարօրյա խմբին, Դավիթ Բլեյանին․․․ Շնասերի ակումբի պարապմունքն է անցկացնում Խորեն Հազարումյանը․․․ Դավիթը սիբիրական-ցեղականի պարանը, քայլեցնելուց-վարժեցնելուց հետո, փոխանցում է ընկերներին․․․
— Առե՛ք, պառկովկա* արեք,- բարձր կանչում է․․․

— Դավի՜թ,- կանչում եմ տանը․․․
— Ի՞նչ, պարա՞պ ես մնացել․․․
— Չէ՛, կարոտել եմ, արի սիրեմ իմ միակ տղային․․․
Թափով գալիս, դիմացս տնկվում է, ուղիղ-խեթ աչքերիս մեջ․․․
— Դե, սիրի, տենամ ո՞նց ես սիրում․․․
Դավթին իմ սիրելը նրան նայելն է, երբ քնած է, ուղիղ, մեջքին պառկած, երբ խաղում է, համակարգչով տեսանյութեր դիտում՝ ինքնուրույն զրույցի բռնվելով հերոսների հետ, կրկնելով ու շարունակելով, խորհուրդներ տալով ու բացականչելով հիմնականում ոչ եթերային արտահայտություններ․․․

Ինչո՞ւ այսպիսի գիր․․․ Երևի, չէ, հաստատ կարոտել եմ իմ Դավիթ որդուն կամ նրա կարիքն եմ զգում․․․ Որդին հոր պաշտպան չէ՞․․․ Ումի՞ց։ Վերջին գիրը չէ․ հետևե՛ք իմ պատումին անընդհատ, իսկ ինձ համար կարևոր է Դավթի ուրախությունը, որով նա ամեն առավոտ Արևմուտքի դպրոց-պարտեզի՝ Լուսինե-Մելինեի՝ իր երազանքների աշխարհ դասարանի ճամփեն է բռնում․․․

Ամանորի տրամադրություն: Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Ինչպե՞ս են մեր երեխաները դպրոց մտնում․․․ սկսած երկու-երեք տարեկանից, հայրիկ-մայրիկի ձեռքը բռնած, ինքնավստահ-հանդիսավոր զրույցով կարևոր, անցնում սրահով, միջանցքով մինչև վերջ․․․ Թաքնված տեսախցիկը այսպիսի հետաքրքիր-սպասված ուղիղ եթերներ ինչո՞ւ չի պարգևում․․․ Կամ սովորողները՝ տարատարիք խմբերով, անարգել ընթացքով, պաշտպանված․․․ Մեր մեդիայում՝ իր mskh.am բլոգներով, դիտումներով, մեր Սեբաստացի TV-ում, ռադիոյում, մեր մանկավարժական աշխատողների ուղիղ եթերներում ինքնաբուխ դրսևորումների բազմազանության պակաս չե՞ք զգում․․․

Ո՞ւմ դիմեմ, Ձմեռ պապի՞ն։ Դիմում եմ։

Ես իմ պատումն այսօրվա ուշ սկսեցի։ Դավիթը շուտ արթնացավ, եկավ պառկեց բազմոցին։
Հագնվել, ակնոց-ձեռնոց դրել, գնում-գալիս սպասում եմ զանգի, որ հեծանվով դուրս գամ։
— Դավի՜թ,- կանչում եմ,- ա՛յ երազկոտ ընկեր, արի ճամփու դիր, հեծանվով եմ…
Նորից տնկվում է առաջս՝ նոթբուքը թևի տակ.
— Քեզնից էլ լավ երազո՞ղ… երազողը դու ես։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1240

*Парковка (ռուսերեն նորաբանություն)՝
1. ավտոմեքենայի կայանում, ավտոմեքենան կայանատեղիում կանգնեցնելը.
2. տրանսպորտային միջոցների կայանատեղի
3. մեքենայի, մեխանիզմի՝ ոչ աշխատանքային վիճակով կանգնեցնելը, դնելը
4. համացանցային դոմենի գնում՝ ոչ թե կայքի, այլ ժամանակավոր գովազդի կամ հետագա վաճառքի համար
5. երկարաժամկետ ներդրում կատարելուց առաջ դրամական միջոցների ժամանակավոր ներդրում ռիսկ չպարունակող գործարքների մեջ։
Աղբյուրը՝ ru.wiktionary.org

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թե «սովեստ» չունես, մահանա՝ ինչքան ասես…

Ամենաշատ ծառ-թուփ Երևանում մահանում (չորանում) է օգոստոս-սեպտեմբերին: Քանի՞ սովորող կլինի ըստ դասարանների ամեն դպրոցում, ո՞վ գնաց, ո՞վ եկավ՝ կարձանագրվի-կփաստվի մինչև սեպտեմբերի 4-ը. քանի՜ պաշտոնյա և ուսուցիչ կյանքով է կապված սովորողների

Ստեղծագործ իմ դեկտեմբեր…

Տարին որ գալիս է՝ 2018-ը,  դու էլ գնալո՞ւ ես, 2017, որպես հի՞ն տարի, ու ողջ դեկտեմբերին այսպես ստեղծագործելո՞վ… Սրա համար պե՞տք է մի ամբոջ բաց լաբորատորիա՝ ներսում-դրսում… Իրականում ես իմ

Երբ մոռանալու միակ ձևը ամբողջական ներառումն է…

Այդպես իմ գիրը-պատումն է անում իմ կյանքի հետ: Հերթական վճիռը՝ չգրել-չպատմելու, տղայական նեղացկոտ էր. ու դուրս մղվեց։ Օրը ես սկսեցի առտու-գիշերվա 4-ի 5-ի արանքում, մեջքով դեպի Արմինեից յոթ տարի անբաժան,