Օրագրի ընթերցողն ի՞նձ է փորձում, հանկարծակիի բերում, թե, պարզապես, հետաքրքրում է, հարցնում է…

– Եթե ձեր 200-ից ավել (213՝ ճշտում եմ ես) գրերից մեկը թողեք, առաջարկեք միայն մի գիրը կարդալու…
– Այսօրվա գիրը,- չեմ թողնում ավարտի հարցը…- Լավագույն օրն այսօր է, ու ամենակարևոր-արժեքավորն օրվա իմ գիրն է, իմ այս պատումը…
– Համաձայն եմ,- նույն կտրուկությամբ ավարտվեց մեր հեռախոսազրույցը:

Վերնագիրը «Շողակնի» խմբագիր, մեր Միջին դպրոցի 8.3-րդ դասարանցի Էրիկ Թելունցինն է. շնորհակալ եմ. կներես, Էրիկ ջան, բլոգի սահմանած կանոն, կարծես, չեմ խախտել… Իսկ հեղինակային իրավունքի վեճ էլ, թե առաջանա, 11-րդ դասարանցի Մերի Թելունցին կդիմենք… Մարգարիտ Մանվելյանն իր «Իմ աչքերով» հրապարակումով և´ հեշտացրեց, և´ ավելորդ դարձրեց իմ ասելիքը… Մանկավարժության մեջ ամենաբարդ գործը, որ պահանջում է ամենանուրբ գործիքներ, գնահատումն է. հատկապես երեկվա-այսօրվա Հայաստանում` նրա հանրակրթական համակարգում: «Ես կարողանում եմ» հունվարի 12-ից 16-ը ստուգատեսյան շաբաթի ընթացքում եղան մեծ թվով ինձ ոգևորող հրապարակումներ: Առանձնացնում եմ սովորողներ Մարգարիտ Մանվելյանի, Նարե ՂալամքարյանիԷմմա ԻսախանյանիԷլիզա ԲաղդիյանիՎահե Պապոյանի հրապարակումներն իրենց ուսումնական բլոգներում` որպես պատանիների կողմից իրենց գործունեության ինքնագնահատման  նմուշներ… Ուսումնական գործունեությունը՝ որպես սովորողի կողմից ինքնուրույն որոշումների կայացում, ժամանակի, ջանքերի և կյանքի ազատ տնօրինում, առաջին պլան է բերում ինքնագնահատականը:

Հա, կարևոր են սովորողի, նրա դպրոցի գործունեության մասին նախարարության, հասարակության տարբեր խմբերի, անհատ մարդկանց կարծիքները, այդ թվում՝ «վարկանիշավորում» կոչվածը, գործուն և օգտակար՝ համեմատության և ամբողջացման առումով, բայց երբ առկա է սովորողի ինքնագնահատականը՝ իր դպրոցի, իր ուսուցչի ու իր գործունեության՝ իր համար ընդունելի-հասկանալի, հավաստի ցուցանիշների հիման վրա… Թե չէ՝ մեկը պատվոգիր կտա, մյուսը՝ շքանշան, երրորդը կփնովի, չորրորդը անտարբեր կլինի… Քո կյանքն է, քո կյանքի գործը, քո ուսումը, և լավ է, որ այս մոտեցմամբ կրթահամալիրում որակապես նոր փուլ է մտնում սովորողի, կրթական ծրագրի, մանկավարժական աշխատողի կիսամյակային գործունեության ամփոփումը, որին հատկացված է հունվար ամիսը: Հիշեցնեմ, որ մեր կրթական ծրագրով 10 ամիս տևող ուսումնական տարին բաժանված է երկու ինքնուրույն կտորի՝ յուրաքանչյուրը՝ 5-ական ամիս տևողությամբ: Հունվար և հունիս ամիսներին անցկացվող ուսումնական ճամբար-ստուգատեսները՝ 1-12-րդ դասարանների սովորողների, ուսուցիչների, դպրոցի, խմբի գործունեության գնահատման՝ ուսումնական կարողությունների դրսևորման, կրթական ծրագրի իրականացման ցուցանիշների հրապարակայնացման միջոցներ են: Գևորգ Հակոբյանի, Սուսան Մարկոսյանի, դպրոցների ղեկավարների հետ պատրաստում ենք և մոտ ենք հեղինակային կրթական ծրագրի, նրա սովորողի և ուսուցչի գործունեության՝ ինքնագնահատման, կրթական ծրագրի իրականացման ցուցանիշների մշակման ամբողջական ու հավաստի համակարգին:

Դավթի քույրիկ Սոնուլիկի դասընկեր 5 տարեկան Աշոտ Մարկոսյանի այս տեսադասն իր պարզությամբ ու անկեղծությամբ շփոթեցրեց.
– Հիմա ես գրում եմ,- ու գրում է. վրիպեց-մաքրեց. գրաճանաչության ճանապարհի ի՜նչ թեթևություն ու մաքրություն… Ու ոչ մի կախվածություն՝ պլանշետից. ինչ սիրով հավաքում է իր մեքենայակույտը՝ ցուցադրելով իր կախվածությունը մեքենաներից, մի մեծ պարկ լեգոներից, հպարտանալով դրանցով…

Այս պահին կրթահամալիրի նախակրթարաններում հեղինակային կրթական ծրագրով ուսուցում-զարգացում-դաստիարակություն են անցնում 125 վեց տարեկաններ՝ 2009թ. ծնված Աշոտ-Սոնաներ… Ի՞նչ են ասում շատ ու շատ մեծեր, որ Աշոտ-Սոնաները այսպես հեշտ ու խաղալով չգրեն-կարդա՞ն, ֆիլմ ու երաժշտություն չլսե՞ն ձեռքի տակ եղած (մենք չենք գնել-նվիրել) թվային միջոցով, այլ մեծերի նախընտրած գրիչո՞վ… Ինչո՞ւ: Նախանձո՞ւմ ենք… Գրելը գրիչը կամ մատիտը չէ. մերոնք գրում են և՛ ավազի վրա՝ մատերով, և՛ թխելով, վրձինով, նկարներով են գրում, պատկերներով… Բոլորը՝ պլանշետից մինչև վրձին, գործիքներ են երեխային հասանելի, նրա ձեռքի տակ… 1995-1996-ին, երբ հայաստանյան հասարակական կյանքը փոթորկեցին հանկարծ բլեյանական անունը ստացած տասնյակ գիրք-տետրեր, սկսած այբբենարանից, թվաբանության, ընթերցանության մատենիկները, գործնական հայոց լեզու՝ 2-4-րդ դասարանցիների համար, խնդրագրքեր, հիշո՞ւմ եք… Մոռանա՞լ կլինի… Ամենադժվարը՝ հայտնի, մունդիրով մեծահասակներին հասկացնելն էր, որ չխառնվեն իրար, դրանք իրենց չեն հասցեագրված, այլ ուղիղ, շրջանցելով հենց ծնողին-ուսուցչին, 6-10 տարեկան կրտսեր դպրոցականին, 7-9-րդ դասարանցիներին… Այո՛, լավ ձեռնարկը նախ և առաջ ինքնուսույց պիտի լինի՝ իր կենդանի խոսքով-նկարով-շարժումով մտքի… Այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ երախտահիշատակ Լևոն Հախվերդյանը բացեց այդ «չարիքներից» մեկն ու կարդաց. «Ի՞նչ կլիներ, եթե ծառերը թարս աճեին» հարցը…
– Ի՞նչ, հիմա սրան ես ո՞նց պատասխանեմ…
Ձեռքի  տակ Մարիետ Սիմոնյանի «Մատենիկ» ընթերցարանն էր` կազմված 6-7 տարեկանների նմանատիպ ռոդարիական հարցերի ամենաանսպասելի պատասխաններից:

Ընթացքի մեջ գտնվող մեր հունվարյան ստուգատես-ճամբարները հնարավորություն են ստեղծում թվային միջոցներով, մարզական-բնագիտատեխնիկական ամենատարբեր գործիքներով ուսումնական տարբեր կարողություններ դրսևորելու և կյանքի խնդիրներ լուծելու: Խոստովանեմ, որ կրթահամալիրի գործունության այս շրջանում ես ուշի ուշով հետևում եմ սովորողի տնային աշխատանքի հետ կապված զարգացումներին, դրանց հեղինակայնացման ուրախացնող ընթացքին: Ես, Դավիթը, Արմինեն պատրաստվում ենք ընտանեկան ստուգատեսյան ցուցադրությանը՝ ներգրավելով սեբաստացիներ Արևիկի և Գոռի, Արմեն Մարտիրոսյանի ընտանիքներին: Ոգևորվեցի, և որպեսզի ոգևորեմ ու հասկանալի լինեմ օրագրի ընթերցողին, շարունակեմ սրա մասին խոսել վաղվա գրում…

Փառահեղ-տպավորիչ կիրակի անցկացրինք Դավիթ Բլեյանի հետ՝ ողջ օրը միասին բնակարանում. Արմինե մայրիկին կարողացանք չխանգարել՝ շաբաթում հավաքված-մնացած բազում կիսատ-պռատն ավարտի բերելու… Ես առանձնանալու պահանջ ունեի՝ գումարած գրել-կարդալու անհետաձգելի ծավալը…

Կլոր բերդում, երբ պարբերաբար առաջանում էր 8-12 հոգիանոց խցից փախչելու (առանց որևէ մեկին վիրավորելու, «օրինական ճանապարհով») պահանջը, մի անակնկալ խախտում էի անում, ու հայդե՝ «կարցեր»… որ ինձ միայնության թագավորություն էր հիշեցնում առօրյա դարձած ժխորից հետո…

Դավթի տնային աշխատանքը՝ ստուգատեսային հանձնառությունները,  իմ ու Դավթի համաձայնեցված աշխատանքն են ենթադրում… Սկսեցինք… Հավաքեցինք մեծ ու փոքր տոնածառերը. որքա՜ն կենսական տարածք բացվեց Դավթի հեծանվի, ավտոերթերի կազմակերպման համար… Դավթի սենյակը մաքրեցինք միասին, հատիկ-հատիկ դասավորեցինք Դավթի խաղադարան-պահարանը… Արմինեն 1-ին նյութն արեց, հոգին ազատեց… Ես ընտանեկան ստուգատեսի կազմակերպման սցենարի վրա եմ աշխատում: Էդիտ  ու Նազենի քույրիկները վերադարձել են արտասահմանից: Ուզում եմ զենիթում գտնվող աստղին և համաշխարհային ճանաչման ուղին բռնած մեր Գոռ Ղազարյանին՝ 5.2-ից, ներգրավել մեր ստուգատեսում…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատմեմ՝ նախանձեք մենթոր-տիարին

Կուզեի տեսնեիք՝  այսօր, ճիշտ ժամը 10։50, Արևելյան դպրոցի Տաթև Սահակյանի 6 տարեկան առաջին դասարանցիներին մեր ծածկած լողավազանում, յուրաքանչյուրը՝ խնամված, լողորդի արդուզարդի մեջ, շողշողուն, երջանիկ ջրի չլմփոցով… Անուշի նման հմայիչ մարզիչով, Տաթևի

Խաչվող-չխաչվող ճամփաներով. հետ-առաջ չկա…

Նվերն այսպիսի է լինում ծննդյան. «Հարգելի՛ տիար, Աստղիկի բլոգը պատրաստ է»,- մատուցում է ինձ Դավիթ Բլեյանի ուսուցիչ Լուսինե Փաշայանը… Հիմա, երբ Դավիթն իր սենյակում քնի մեջ է, Աստղիկը (Արմինեն հենց

Գարունն այս անգամ ձմռանը եկավ

Մեր աշխարհում, մեր կրթական պարտեզում, մեր Էջմիածնում, մեր հոգիներում, որ թևածում է հիմա իմ-ձեր եղբայր Սեյրան Ավագյանի այս ավետիսը. գարո՜ւն է… Իմ շատ սիրելի ու հարգելի յուրաքանչյուր սեբաստացի, հետաքրքիր բան է էս կյանք