Ավագ դպրոցում “Teach Surfing” նախագծի մեկնարկին հետևեցի ընթերցարանի այս կողմից՝ վայելելով բաց-թափանցիկ միջավայրի առավելությունները. Մարթա Ասատրյանի մեկնաբանություններն ինձ լիուլի բավարար էին, ինչո՞ւ խանգարել… Ես հաճախ եմ օգտվում դիտորդի այս կարգավիճակից, և ինձ համար կարևոր է, որ ավելի ու ավելի շատ դեպքերում սովորող-ուսուցիչները չեն նկատում, թե չնկատելու են տալիս իմ հետախուզական շրջայցները… Մեր հեղինակած միջավայրի հետևողական-շարունակական զարգացման-ամբողջացման առումով կարևոր են հատակի՝ նոր արված ֆաներայով հատվածների ակտիվացման՝ Կարեն Մկրտչյանի, Գագիկ Չարչյանի ու իր ընկերների նախագծերը Գեղարվեստում… Մայր դպրոցում էլ կան այդ գրավիչ նկարչությանը հարմար տարածքներ, Քոլեջում էլ, Նոր դպրոցում էլ… Ինչպիսի՞ զարգացում կունենան այս նախագծերը, գուցե հենց Գագիկն ու Կարենն էլ համակարգե՞ն շարժումը… «Դպիր»-ում սիրով կկարդայի կատարված աշխատանքի մասին նրանց մասնագիտական խոհերը… «Դպիրի» խմբագիրն օգտվո՞ւմ է պատվիրատուի իր գործիքներից, ինչպե՞ս…

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Վահրամ Թոքմաջյանի՝ բաց-թափանցիկ միջավայրի սկսած ուսումնասիրությունը շարունակություն ունի՞… Սրա մեջ կընդգրկվե՞ն սովորողներ-ուսուցիչներ, իհարկե, նախագծի հեղինակի, հեղինակային իրավունքի հարգման ճանապարհով… Երեկ Գեղարվեստի կրտսերում Արմինե Թոփչյանի, Կարինե Մացակյանի ու դաստիարակների հետ՝ վարպետ Մանուկի անմիջական անհապաղ համագործակցությամբ ցույց տվեցինք միջավայրի շարունակական ներուժը… Ինչքա՜ն բան կարելի է փոխել մեր աշխարհում, եթե կաբինետ-արհեստանոց-արվեստանոցի ղեկավարը գործուն վիճակում լինի, ակտիվ…

Հիմնական դպրոցի 3-4 տարեկանները քնից առաջ:
Լուսանկարները` Շամիրամ Պողոսյանի:

Կներեք, հարգելի ընթերցող, բայց ես պարբերաբար անդրադառնալու եմ Սիրիայի պատերազմին. իմ օրվա, իմ մտածումների մեջ այն կա այնպես ու այն չափով, որ ազդում է իմ տրամադրության, ինքնազգացողության վրա… Ամերիկայի Միացյալ Նահանգները, Պենտագոնի ղեկավարի հայտարարությամբ, չի համագործակցի Ռուսաստանի հետ… Սիրիայում։ Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրել է հնարավոր «համընդհանուր պատերազմի» մասին՝ Մերձավոր Արևելքում սիրիական հակամարտության պատճառով, իսկ ռուսաստանցիների մեծ մասը պատրաստ է որդիներին ուղարկելու Սիրիա՝ պատերազմելու… «Умом Россию не понять»… Ֆյոդոր Տյուտչևի հեղինակած քառյակի այս տողը մտքիս եկավ նորից: Այնքա՜ն կուզեի լուրջ ուսումնասիրության արդյունքների ծանոթանալ՝ ինչպես են ապրում, ներառվել Սիրիայի մեր հայրենակիցները Հայաստանում… Սկսենք մեր կրթահամալիրից. ինչպե՞ս են զգում-ապրում կրթահամալիրի դպրոցների՝ Սիրիայից տեղափոխված տարատարիք սովորողները կրթահամալիրում, Երևանում…

Սովորողի ընտրությամբ գործունեություն Միջին դպրոցում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Մեդիաուրբաթը չորեքշաբթի տեղափոխելուն կտրուկ դեմ է իմ միջնեկ թոռնուհին՝ Արևիկ Տատինցյանը: Երեկ երեկոյան ընտանեկան միջավայրում Արևիկը հինգ առարկություն բերեց այդ որոշման դեմ՝ հերթով փակելով աջ ձեռքի մատները: Որքան հասկացա, նրա առարկությունները կհերիքեն նաև ձախ ձեռքի մատների համար… Արտահայտվեˊք. կրթահամալիրում ժամանակացույց-օրացույցը միասնական է, իմ իրավասությանն է հանձնված… Աշնանային արձակուրդից հետո կարելի է անդրադառնալ… Չորեքշաբթին չխանգարեց Դպրոց-պարտեզին՝ Մարմարյա սրահում հանդես գալ ուրախ-գունեղ-երաժշտական համերգ-ներկայացումով… Տաթև Բլեյանի՝ Դպրոց-պարտեզի ղեկավարի առաջին մասնագիտությունը դերասանի վարպետությունն է, երևաց…

Հոկտեմբերի 18-ից սկսվող աշնանային արշավախմբային ճամբարը նախատեսվում է Խոսրովի արգելոցում՝ Վեդի-Ուրցաձորի կողմից… Ճամբարի ղեկավար Գևորգ Հազարումյանը և հայրենագիտության ուսումնական կենտրոնի  ղեկավար Կարինե Պետրոսյանը բոլորիս աջակցությամբ զբաղված են մեր անդրանիկ արշավախմբային ճամբարի կազմակերպման հարցերով… Հետևեք այս ընթացքին ո՛չ պասիվ…

Դպրոց պարտեզի առաջին դասարանցիները:
Լուսանկարները` Տաթև Բլեյանի:

Իսկ Դավիթ Բլեյանը շարունակում է զարմանալ.
— Լավ, կոկորդիլոսի հախից ոչ մի կենդանի չի՞ կարող գալ, բոլորին հերթով կուտի՞ կոկորդիլոսը… պաˊպ:
Այսօր իր ընկերների հետ շարժվում է կենդանաբանական այգի՝ նաև այս հարցը տեղում պարզելու համար։ Հետևեք իմ օրագրին… Ամենաթարմ տպավորությունները կիմանաք։

Տաթևիկ ու Արևիկ քույրիկները Դավիթ Բլեյան եղբորը դինոզավրիկի թեթև բաճկոն էին նվիրել, որ անձրևառատ օրով տեղին դարձավ. Դավիթը միանգամից հավանեց (քիչ է լինում), հագավ ու դինոզավր դարձավ… Դպրոց-պարտեզի ճանապարհին սկսեց իսկական դինոզավրի նման կուլ տալ հանդիպածին, մորաքույր Ռուզանին, Մելինե-Մարիամ հմայիչ քույրիկներին… Իմ ներկայությամբ, հենց խմբասենյակում՝ դաստիարակ Կարինե Խառատյանին… Ես փախա. որսի դուրս եկած դինոզավրի համար ի՜նչ հայր, ի՜նչ հիմնադիր-տնօրեն… Երեկոյան, երբ իմ դինոզավր տղայի հետ որոշեցինք այցելել Արևիկին-Սոնուլիկին, դինոզավրը ուրախությունից հանկարծ մարդկայնացավ այնքան, որ որոշեց հանել իրեն փոխակերպող բաճկոնը, որ քույրիկներին չվնասի… Շատ էր կարոտել քույրիկներին «իսկական», Արևիկ-Սոնուլիկն էլ իրենց «իսկական գժուկ եղբորը»… Տեսարան՝ հարազատության վայելքի…

Ավագ դպրոց-վարժարանի պարատուն ակումբ:

Ֆոտոխմբագիր՝ Մարթա Ասատրյան
#469

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոտքեր․․․ ինչի՞ս եք պետք, եթե ես թևեր ունեմ․․․

Առավոտ շուտ, պատահաբա՞ր, ես նայում եմ Ֆրիդա Կալոյի մասին ֆիլմը։ Դերասանուհի Սալմա Հայեկից մի մեջբերում՝ «Տարիքի հետ մենք նոր դերեր ենք ստանում: Ինձ դուր է գալիս մայր լինելը, և ես

Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք․․․

Մանկապատանեկան գրական-մշակութային երկշաբաթյա  «Լուսապսակ» հանդեսի խմբագիր Ծովինար Տիրատուրյանը, իմ անզուգական հարսիկ, «Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք» խորագրի խմբագիր` Սվետա Դանիելյանը, առաջարկել են հանդես գալ իմ խոսքով… Ու ես ուզում եմ 

Նոր ուղու հաստատումների շարքից

Գրառում 1․ Նոր սահմանների առաջ․․․