Եղավ, ինչպես գիտեի. արթուն եմ գիշերվա ժամը 2-ից, բայց ի՞նչ անեի, երբ իրիկվա ժամը իննին մի կարողություն էր մնացել՝ քնելը… Բողոքելու ի՞նչ ունեմ, երբ ստացել եմ քնի իմ հինգ ժամը… Երկու ժամ գիշերային ընթերցանությունը միակ հնարավորությունն է իմ, որ մնացել է հիմա:Ի՞նչ էի անում ես մինչինտերնետյան ժամանակաշրջանում… Այնքա՜ն հեռու է, բայց հիշում եմ… Նուբարաշենի քննչական մեկուսարանի (կլոր բերդ) շրջանում ինչքա՜ն չարչարեցի իմ հարազատներին՝ թերթ-գիրք, գիրք-թերթ, թուղթ-գրիչ պահանջելով՝ իմ տված ցուցակով… Պիտի փնտրեին, գտնեին, հետո հասցնեին ինձ խուց և … վռազ… Շնորհակալ եմ: Բա օրվա գրերս՝ նամակների, հոդվածների տեսքով հասցեատերերին հասցնելը… մի քրեական պատմություն… Հետո էլ ասում ենք` ինտերնետը կալանավայր մտնի… Էլ դուրս եկողն ո՞վ է…Կերակրում են, քնելու տեղ կա, ոչ մի պարտականություն. պետությունն է՛լ, հարազատներն է՛լ, հասարակություն կոչվածն է՛լ կալանքի մեջ եղողին լուրջ հիվանդի-խնամքի կարոտ ունեցողի տեղ են դրել, կարգավիճակ տվել. ոչինչ քեզնից չի պահանջվում, թույլ տուր քեզ խնամեն, պահեն, կերակրեն… ուզում ես՝ կարդա, չես ուզում՝ մի՛ գրի… Այս պահին Հայաստանում քանի՜ մարդ անկարողության ռեժիմում է ապրում… Երբ դրսում հարազատները, հազար ու մի զրկանքով կաշվից դուրս են գալիս, որ նրան խնամեն…
Կրթահամալիրի զարգացումը պայմանավորելու են, կրթահամալիրի որպիսությունը որոշում են ավելի ու ավելի մեծացող-զարգացող ուսումնական կենտրոնները, ակումբները, ճամբար-ստուգատեսները… Երաժշտության, գեղարվեստի, տեխնոլոգիայի, բնագիտության ու տեխնիկայի, մարզական, գրադարանային, ծեսերի-հանդիսությունների ուսումնական կենտրոնները նոր տարվա առաջին օրերից իմ ուշադրության կենտրոնում են: Երեկ Սվետա Ճաղարյանի հետ հանգիստ-կոնկրետ երաժշտության կենտրոնի պայմանների, նյութական միջավայրի ամբողջականությունն էինք առարկա դարձրել՝ իր համերգային դահլիճով, ակումբ-խոհանոցով, երաժշտության պարապմունքների սենյակներով, պարտեզով…Երաժշտական հանրակրթության գրավիչ-հարմար միջավայր, մասնագիտացված պատշաճ միջավայր երաժշտության լրացուցիչ կրթության՝ թե՛ տարատարիք սովորողի, թե՛ ուսուցիչների համար, երաժշտական-արվեստի ամենատարբեր նախաձեռնությունների՝ կյանքի կենտրոն… Արհեստների դպրոցը ավելի ու ավելի խելամիտ կազմակերպված ու խնամված միջավայր է, տեխնոլոգիական բազմաբնույթ հանրակրթության և մասնագիտական լրացուցիչ կրթության համար… Գեղեցկության սրահը, ջերմոց-լաբորատորիան, կար ու ձևի մոդելավորման արհեստանոցը, գործիքաշինության-ինժեներիայի արհեստանոցը, դիզայնի լաբորատորիան… համեցե՛ք ճամբարի օրերին, հիացե՛ք, համոզվե՛ք, իրենց այսօրվա տեսքով, պայմաններով, և՛ քաղաքում նախանձ կարող են շարժել, և´… վատ են օգտագործվում… Կարինե Մացակյանը և Արտեմ Խաչատրյանն ի՞նչ օգնության կարիք ունեն, որ չեն ստանում կրթահամալիրի տնօրենից, դպրոցների ղեկավարներից. պիտի ձևակերպեն: Ինչո՞ւ եմ հիմա խոսում ես մեր կենտրոն-ակումբ-ճամբար-ստուգատեսների մասին, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք…
Երկուշաբթի մեկնարկում են մեր ուսումնական, հունվարյան ճամբարները՝ որպես ուսումնական աշխատանքի կազմակերպման ձևեր: Թափ, ծավալ ու խորք են հավաքում տարատարիք սովորողների ուսումնական կարողությունների դրսևորման ստուգատեսները… Գեղարվեստի, Արհեստագործական, վարժարանային ավագ դպրոցներում ճամբարային կյանքի հեղինակային-ուսումնական լինելը որոշելու են հենց ակումբները՝ իրենց ղեկավար-կազմակերպիչ ուսուցիչներով, ակումբի անդամ սովորողների ինքնավարության-ինքնուսուցման-ինքնուրույնության-նախաձեռնության ձևավորված կարողություններով… Իսկ որտե՞ղ, եթե ոչ կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, կրտսեր ու միջին դպրոցականների ճամբարային գործունեությունը թարմ-ուսումնական կազմակերպում ստանա… Տեսնե՜նք- տեսնե՜նք… Որպեսզի Գրիգոր Խաչատրյանի ծանր աշխատանքը քիչ ավելի տանելի դառնա, Գեղարվեստի ավագ դպրոցի ճամբարը կղեկավարի Գայանե Առաքելյանը, սրանով Գրիգոր Խաչատրյանին այս ընթացքում հնարավորություն տանք կենտրոնանալու Գեղարվեստի ուսումնական կենտրոնի գործունեության վրա:
Իմ աշխատանքային շաբաթ օրվա առաջին կեսն անցկացրի Պաշտպանության նախարարությունում. մասնակցում էի քննարկմանը…Տպավորիչ է, գիտե՞ք, մեր պաշտպանության գերատեսչության շենքը, տարածքը. այդպիսին է՝ և մե՜ծ-մե՜ծ հանդիսությունների դահլիճը… Շնորհակալ եմ, նշվեցին կրթահամալիրի հեղինակային ձեռքբերումները այս ոլորտում, անցած տարում՝ դաշտային ռազմամարզական ճամբարը, Ստեփանավան-Կուրթանի դաշտային-արշավախմբային ճամբարը, Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին մեր ավանդական մասնակցությունը՝ միակը Հայաստանից, մեր ռազմամարզական նորացված միջավայրը՝ իր դաշտերով, հրաձգարանով, կաբինետներով, ուսումնահայրենագիտական, մարզական-հայրենագիտական ճամփորդությունների կազմակերպման մեր փորձը… Հատկապես, որ մեկ անգամից ավելի ոչ մի հաստատության անուն չհնչեց, իսկ մեր այնքա՜ն հարազատ դարձած ձայնը հնչեց չորս անգամ, բայց… Սովետը մեզանում չի հաղթահարվում. այդքա՜ն մարդ` աշխատանք ունեցող, կառավարության վեց անդամ, հավաքվել ու…
Ազգովի քննարկում ենք ոմն Պերմյակովի, որ ինտերնետում մի նկարով է հայտնի, ինչպես գտնելու, ինչպես հարցաքննելու հարցը… իսկական «ուրու հալածական»: Տեսե՛ք ո՜ւր հասանք. մեր երկրում, քաղաքում, ափաշքյարա յոթ հոգիանոց խաղաղ ընտանիք է իր տանը գնդակահարվում, ու ազգային եռանդ ենք մսխում… Ամեն ինչ ունենք՝ սարսափազդու իրավական համակարգ, բայց ահա՝ կարողություն` լիարժեք քննություն կատարելու, չունենք… սրա փոխարեն մի համազգային, ինտերնետային, եթերային քննություն է ընթանում: Սկսվել է մի համազգային-ինտերնետային-եթերային «քննություն», երբ հասարակությունն իր բոլոր ինստիտուտներով պիտի խոսեր կատարվածի քաղաքական գնահատականից՝ ինչո՞ւ, ինչպե՞ս այսպես հնարավոր եղավ… Սա, բարեկամներ, ինքնիշխանության կորուստ է: Այսպես մի քիչ էլ, ու կատարվածը կհաստատվի որպես դժբախտ պատահար…
– Ի՞նչ էիր անում, հայրիկ,- հարցրեց Դավիթը, երբ իմացավ` որտեղ էի…
– Դիմանում էի, համբերում…
— Չե՛մ ուզում դիմանաս, համբերես… ,- սկսեց հայտնի «նըվ-նըվ»-ը իր զվարճանք պարգևող նվնվոցը…- չե՛մ ուզում…
— Բա ի՞նչ անեմ, Դավիթ, իմ գործն է…
— Ուզում եմ հարձակվես…
Իսկ գիշերը ինտերնետ-կայք լրատուն բայղուշեց հերթական զոհի մասին՝ հայ- ադրբեջանական սահմանում…
Դավիթ Բլեյանը հենց հիմա, գիշերը ժամը 4-ին, ուզում է ավտոների մուլտը նայի…
– Ա՜յ ախպեր ջան, ա՜յ իշխան ջան, թող լույսը բացվի, մայրիկը քունը առնի, էլի նայի, քո կիրակին է, քո անձեռնմխելի հանգստի իրավունքը…
– Երկուշաբթի միասին գնում ենք գործի՞…
– Հա՛, ախպեր ջան, այսօր կիրակի է, մանկապարտեզ չկա, ինչ որոշեցինք` ես, դու, մայրիկը, կանենք… Տոնածառը կհավաքենք, թող Ձմեռ պապը տանի, քանի՜ անգամ հետևից եկած կլինի…
– Չեմ ուզում` հավաքենք, որ գա տանի… Ուզում եմ` մնա տոնածառը… Մեծ տոնածառը հայրիկն է, փոքր ծառը՝ ես…
Գեղարվեստի նախակրթարանի սան Սարգիսը
իր տան ավտոկայանն է ցուցադրում ու պատմում