…Մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն, և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։
Հովհաններ Թումանյան, 1909թ․ «Մեծ ցավը»
Հ․Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածը իմ օրագրի ընթերցարանում է․ կարդացե՛ք հիմա ու նոր շարունակեք ընթերցումը գրի։ Վաղուց ընդհատված կլիներ, չէր լինի այս՝ թվով 751-րդ գիրն անընդհատ, եթե ուղղված չլիներ «ինքնուրույն պատկեր ու բովանդակություն» ստեղծելուն, իմ ու իմ ժամանակի, հասարակության ու նրա կյանքի աղավաղման հաղթահարմանը․․․ 1990-ին «Արևիկ» հրատարակչությունը, ուշադիր, տառերով եմ գրում՝ երեսուն հազար տպաքանակով (դասագրքի տիրաժ) հրատարակեց «Որն է մեր ճանապարհը» ժողովածուն, որի կազմողն ու առաջաբանի հեղինակը ես եմ։ Առանց Կտրիճ Սարդարյանի այս գործը գլուխ չէր գա, իհարկե։ «Բարձր դասարանցիներին ու երիտասարդությանն ուղղված հոդվածները նպատակ ունեին …ինչ-որ չափ լրացնել այն բացը, որ այժմ գոյություն ունի հայրենի պատմության նորագույն շրջանի ուսումնասիրության գործում, նրանց կողմնորոշել Հայաստանի ապագայի խնդիրներում»… Այսպիսին է հրատարակչական նպատակը։ Սրան էր ուղղված նաև իմ նախաձեռնությամբ, կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչության «Հայ քաղաքական միտք» մատենաշարի հրատարակչությունը, որի առաջաբանի գրելու պատիվը ունեցա ես՝ «Պահին ասված ճշմարիտ խոսքը գործողություն է դառնում» վերնագրով․․․
Ամառային նախագծերի ներկայացում. կրթահամալիրի տնօրենի օգոստոսի 4-ի ասուլիսը:
Մատենաշարը, որ Կտրիճի մասնագիտական աջակցությամբ գլուխ եկավ, ունեցավ երեք հրապարակում 1994թ․՝ Լեոյի «Թուրքահայ հեղափոխություն գաղափարաբանություն» Ա և Բ գրքերը, Հ․ Քաջազնունու «Հայ հեղափոխական դաշնակցությունը անելիք չունի այլևս», Եղիշե Ա․ Քահ․ Գեղամեանցի «Տաճիկները Կովկասում եւ Բագուի անկումը» մատենաշարը, որի ամեն գիրքը 5000 օրինակ ունեցավ, ընդհատվեց։ Չունեցանք ընթերցողական աջակցություն, ում դիմել էինք շիտակ յուրաքանչյուր գրքում․ «Ուզո՞ւմ եք օգնել մեր մատենաշարի հարստացմանը։ Մենք ձեր օգնության մեծ կարիքն ունենք։ Ով՝ իր բարի կամքով, ով՝ տարածելով այս գրքերը, ով՝ առաջարկելով նոր գրքեր, նոր մտահղացումներ․․․ Ով՝ նյութապես, մեր կրթօջախի արտբյուջետային հաշվին գումար փոխանցելով-մուծելով»։ Չզորեցի՞նք, չկարևորեցի՞նք։ Մատենաշարն իր գլխագիրն ունեցավ ու մնաց. դրանում և «Նոր ուղու» կոչն է, մեր քաղաքական-հասարակական ջանքերի թիրախը․․․
Կան այնպիսի ժողովուրդներ, որոնց սկզբնական դաստիարակությունն այնքան անբավարար է, և որոնց բնավորությունը՝ կրքերի, անգիտության և կեղծ հասկացությունների այնպիսի տարօրինակ խառնուրդ, որ նրանք չեն կարող ինքուրույն գտնել իրենց փորձանքների պատճառները․նրանք զոհվում են իրենց կողմից չգիտակցվող չարիքների ծանրությունից։
Ալեքսիս Թոքվիլ
Հինգ տարեկանները Մայր դպրոցի ավազահրապարակում:
Ինչո՛ւ եմ այս ամենը պատմում․․․ Վերնագրում դրա պատասխանը կա՝ բարև, ես եմ։ Պատրաստում եմ ընթերցողին. քանի՜ տարի է անցել, իմ գործընկերների, սաների, ընթերցողների նոր սերունդ է եկել, ինչո՞ւ չօգնեմ ինձ ավելի լավ ճանաչելուն։ Եվ վերջին մեջբերումը իմ ու ձեր «Մեծ ցավից»՝ մեզ չճանաչումից․
Մտածում ենք՝ ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել․․․
Ու սկսել է պետք, սկսածը շարունակել է պետք հենց հիմա այս բնակավայրում՝ Հարավարևմտյան զանգված կասեք, Հարավարևմտյան թագավորություն, թե կարճ-ժողովրդական՝ Բանգլադեշ, նրա որևէ անկյունում, մեր անմիջական շրջակա միջավայրում՝ իր աշխարհագրությամբ, մարդկանցով, նրա ստեղծած նյութական ու հոգևոր արժեքներով, կենցաղային մշակույթով․․․ Ինչ ունենք՝ ունենք․․․ Երեկ իմ զրույցի թեման կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում Աշոտ Տիգրանյանի հետ սա էր՝ Քնարիկ Ներսիսյանի «Մեր թաղը» անվանումը ստացած նախագծի շարունակում-զարգացում-ամբողջացումը․․․ Սա է մեր ճանապարհը, մեր ցուպն ու մեր խաչը՝ անդադրում ու բարեխիղճ հետևողականությամբ, սիրով-հարգանքով մեր բնակավայրի, որտեղ մենք չենք աշխատում սոսկ, ապրում ենք։
Ամառային ձայներ Նոր դպրոցի ճամբար-լողափում:
Ահավասիկ իմ երեկվա օրը․․․ Առտու ժամը 7։55 Հանրապետության հրապարակի կենտրոնում էի, 8։00՝ «Սեյրան» բարձունքում, մեր թաղ Բանգլադեշի սահմանագլխին, իսկ սահմանը՝ Հրազդան գետով-կիրճով-Երևանյան լճով․․․ դիմացը Արարատը․․․ Ու Սեյրանի աղբրին ինձ հանդիպած մեր թաղի նոր մարդը՝ վարորդ Ավետիսը, ում հետ աղբյուր էինք մաքրում ու զրուցում… Ծնվել է 1947-ին, ա՜յ, դիմացի բարձունքում, գետի ձախ ափին, ընկուզենիների պուրակում… «Այնքա՜ն պոպոք կար, որ սաղ Երևանին կկերակրեր․․․ Տեսե՜ք, հիմա մի հատ ոչ թե պոպոքի, այլև ծառ չկա…»:
Հիմա 24 համարի երթուղայինի վարորդը, ում բնակավայրի հասցեն Բանգլադեշում է, այգին՝ Առինջում, Գագիկ Ծառուկյանի տան հարևանությամբ (տուն եմ ասել, է՜, ազգս հարևան է)․․․ այս Սայաթ-Նովայի երգեր սիրողն ու կնշանակի՝ Սեյրանի երկրպագուն, ոգևորվեց մտքից՝ իր ծննդավայրի, բնակավայրի դեմ-դիմաց, աշխատանքի ճամփին նշան-բարձունք ունենալու․․․ Բարձունք, որտեղ էինք մենք օրվա վերջում, մեծ խումբ Սեյրանի ընկերներով․․․
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
#751