— Դավիթ, դու սրիկա ես,- զայրացած է մայրիկը…
Դավիթը չի թողնում՝ լողանալուց հետո ականջները սրբի, դեղը չի խմում, որքան էլ՝ այն քաղցր է մոշի հյութի պես… Ամբողջ գիշեր մորն անհանգիստ է պահել…
– Մայրիկ, դու ես սրիկա, ես սրիկա չեմ,- խաղաղ, կարծես ոչինչ չի եղել, հակադարձում է Դավիթը…
– Լսո՞ւմ ես, հայրիկ, ես Դավթի հետ չեմ խոսում, գնացեք՝ երկուսով ապրեք…
– Բանը հասավ դիվանբաշուն,- ասում է Դավիթն ու մոտենում ինձ:
– Չէ, Դավիթ, մենք երկու տղամարդով թույլ չե՞նք տա, որ մայրիկն այսպես նեղանա…
– Որ չնեղանա, ի՞նչ անենք, հայրիկ…
Դադար եմ առնում. մեր տղայի խելք-լեզուն տեղն է՝ հեշտ հաղթվողներից չէ… Պիտի շրջանցել… Ռուսերենից շատ եմ հավանել. «Умный в гору не пойдет, умный гору обойдет» բանաստեղծորեն-իմաստային-տպավորիչ-ներդաշնակ խրատը: Դավիթը շարունակում է.
– Արթնացել եմ, լողացել եմ ցնցուղի տակ, ուժեղացել եմ, քցվել եմ ջուրը… Սանրվել եմ, չորացել եմ, խնձորի հյութ եմ խմում… Ինչո՞ւ է մայրիկը նեղանում…
– Ինչո՞ւ եմ ես նեղանում քեզնից, Դավիթ. ես էլ եմ, չէ՞, նեղանում քեզնից…
– Հիմա չես նեղացե՞լ…
– Հա, չեմ նեղացել, Դավիթ, այսպես լավ է:
– Հետո վաղը կնեղանա՞ս, հայրիկ…
Ու այսպես, համարյա ժամերով…
– Հիմա ես ուզում եմ շիլա ուտեմ…
– Բա շիլան ո՞վ եփի,- հարցնում եմ։
– Գնամ, մայրիկից ներողություն խնդրեմ։
Գնում է, քսվում մորը՝ մյաո՜ւ, կատվի պես…
Մեր Վարժարանի 2014թ. շրջանավարտ, ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր Սոնա Հովհաննիսյանը, ով Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի է, այցելել էր մեզ… Առավել հմայիչ. ինքնավստահությունից է, երևի… Սոնայի հետ հանդիպեցի Մեդիակենտրոնում. տեսագրելու-ձայնագրելու արժանի բան էր իմ զրույցը Սոնայի հետ՝ ինտերվյու. Վարժարանի շրջանավարտը գնահատում է ավագ դպրոցում, կրթահամալիրում իր ուսումնառության (Սոնան ասում է՝ ապրելու 3 տարին), զուգահեռներ անցկացնում իր բուհական միջավայրի, իր ուսանող ընկերների ներկայացրած դպրոցական պատումների հետ…
– Տիար Բլեյան, ես պատմում եմ, իրենք չեն հավատում, չեն հասկանում, որ այդպիսի ուսումնական կյանք հնարավոր է, կա, այն էլ՝ հիմա ու Բանգլադեշում… Դպրոցում իմ ազատությունը, ընտրելու իմ հնարավորությունը, անհատական մոտեցումը, գրավիչ ու հետաքրքիր միջավայրը՝ ոչինչ ես չեմ մոռացել, շատ կարևոր էին իմ կյանքում…
Սոնային, իհարկե, հաճույքով եմ լսում։ Մեդիակենտրոնը, որպես ակումբային հանդիպումների, նախաձեռնությունների միջավայր, առաջարկում եմ, որ գործածեն մեր՝ Սոնայի նման շրջանավարտները. ինչպե՞ս կարող է կրթահամալիրը՝ իր ողջ հնարավորություններով չծառայել… Օրեր առաջ այսպիսի վստահություն, դպրոցի արժևորում, դպրոցում ստացածի անհատական ձևակերպում լսեցի զինծառայությունից վերադարձած Ռազմիկ Պետրոսյանից, ծառայությունից արձակում ստացած Վիտալի Գրիգորյանից… Էյնշտեյնի ձևակերպումը՝ «Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռացվում է դպրոցում սովորածը», հուշում-պարտադրում է այս ամենը հավաքել իր նշանակությամբ ու կարևորությամբ ծավալուն-սկզբունքային նախագծի մեջ՝ «Պատմում են սեբաստացի շրջանավարտները՝ 1 տարի հետո, 2 տարի հետո… 10 տարի հետո»…
Օրագրի ընթերցողը հարցնում է.
– Ձեր ավարտած դպրոցի մասին չեք պատմում…
Կարճ ասեմ՝ ինչու. դպրոցը միայն դու չես քո կյանքով… այն ընթանալու- լինելու է ամեն դեպքում, որ դպրոցում էլ լինես. ո՛չ էլ ընկերներդ, դասընկերներդ միայն. նրանք էլ լինելու են քեզ հետ և´ դպրոցում, և´ բուհում… Դպրոց կոչվածն առանձին՝ վատ կամ լավ ուսուցիչն էլ չէ… Դա էլ անխուսափելի է… Դպրոցը՝ բոլորը միասին են միմիջավայրի մեջ, որի ստեղծմանը դու մասնակցում ես՝ դրա հնարավորությունը քեզ տրվում է որպես ծրագիր, կամ չունես, չես մասնակցում … Դպրոցական կյանքը, որով և որում ապրում ես, ազդվում և ազդում է, ձևավորում շնորհիվ այդ յուրահատուկ միջավայրի, որում ամեն ինչ այլ է դառնում. փոխելու և փոխվելու հնարավորությունն է դպրոցը՝ քո ազատ ընտրությամբ, քո անհատական կյանքով… Այստեղ և՛ ընկերներն են, և՛ ուսուցիչները, քո սերերը… ռեպետիտորական պարապմունքներն են անգամ, որքան էլ դա իմ սրտով չէ… Բոլորը միասին՝ միջավայր, որի ազդեցությունը դու շարունակում ես կրել ավարտելուց հետո անգամ… Գուցե ավելի ուժեղ… Ինչպես մանկությունդ, ընտանիքը, այնպես և դպրոցը պաշար են. կարող ես օգտվել դրանից, դրա ազդակներից…
Օրագրի ընթերցողը խնդրում է վերականգնել իմ հասարակական-քաղաքական գործունեության ընդհատված պատումը… Կոնկրետ՝ ինչո՞վ էի զբաղված Նուբարաշենի քննչական մեկուսարանից դուրս գալուց հետո…
Մեկուսացման ես մտա (ինձ տարան) 1999-ի մայիսի 14-ին և դուրս եկա 2001-ի հուլիսի 13-ին՝ 2 տարի, 2 ամիս կամ 791 օր՝ անընդհատ, ինչպես իմ օրվա գիրն է… Հիշում եմ՝ Նուբարաշենի կլոր բերդի մատույցներում ինձ դիմավորողների մեջ Արմինե Օհանյանին, Նիկոլ Փաշինյանին, Ստեփան Բլեյանին… Հետո եկան ու եկան… Հատկապես նրանք են թանկ, իհարկե, ովքեր այդ ընթացքում ինձ հետ են եղել անընդհատ՝ մտքերով և գործողություններով, միասին ենք շարունակել ապրել այդ շրջանը… Մենք այսօր էլ կանք, որպես հավաքանի, շնորհիվ այդ համատեղ-շարունակվող կյանքի, շնորհիվ հարազատության… Դժվար է պնդել, որ ես որոշումներ ունեի կայացրած` շարունակության վերաբերյալ` աշխատանքի, քաղաքական-հասարակական գործունեության… Ոչ թե որովհետև վատ գիտեի դրսում այդ շրջանում կատարվածը… Նախ` մեր թսթըս իրականության մեջ կյանքն այնպիսի մի ծույլ ընթացք ունի իր խորքում, որ 2 տարին չգիտեմ ինչ չէ… Հետո էլ երբ իրադարձությունների մեջ ես, դրանց կենտրոնում՝ ամբո՞ղջն է երևում, ամբողջակա՞ն է ընկալումը… Ոչ, իհարկե, դիրք է մի, ինչպես կողքից ես երբ նայում, կամ ավելի հեռվից… Պարզապես, երկարատև-փակված մեկուսի կյանքը նոր կյանք է ստեղծում. խախուտ են այդտեղ կայացրած որոշումներդ, բավական է հայտնվես նոր կյանքում մեկ ամիս, անգամ, էլ չեմ ասում՝ մեկ-երկու տարի, ու այդ որոշումներդ պիտանի չեն այլևս… Նամակներ կալանատնից ես շատ եմ գրել՝ շա՜տ… Դրանց մի մասըհրատարակվել է, իմ բլոգում էլ կան. մեծ մասն անձնական բնույթի են եղել՝ Արմինե Օհանյանին ուղղված (միշտ շնորհակալ եմ, երախտապարտ), իր սեփականությունն են, եթե անգամ չկան… Մի մասն էլ Արմինե Օհանյանի միջոցով բարեխիղճ հասել է հասցեատերերին… Իմ ձեռքի տակ, իմ արխիվում քիչ, շա՜տ քիչ կա այդ շրջանի ձեռագրերից. մեկ-երկու նմուշ՝ հետաքրքրության, ամբողջականության, համեմատության համար կներկայացնեմ, իհարկե… Վերջնական կորստից դրանք փրկելու համար… Ես այնքա՜ն անփույթ եմ եղել իմ ունեցածի նկատմամբ… պատմելու բան չէ…
Իմ հանրային-հասարակական գործունեության սկիզբ համարեք 1973թ.-ը, երբ մեկնեցի իմ ընկերների հետ Ղազախստան՝ շինարարական ջոկատներ, դարձա լավագույն մարտիկ (боец), վերադարձա, ընտրվեցի ֆիզիկայի ֆակուլտետի 200 հոգանոց կուրսի կոմերիտական կազմակերպության քարտուղար… Մի երկար շրջան, ոչինչ, եթե այս միտքը կրկնվել է, 1973-ից 2003-ը (ուղիղ 30 տարի) ես ապրել-գործել եմ համոզումով, որ իմն են եղել, իմ անմիջական պատասխանատվության ներքո՝ ողջ Խորհրդային Հայաստանը՝ իր Խորհրդային Միությունով, հետո Հայաստանի Հանրապետությունով…
Ի՞նչ թիվ է 2003-ը… Հետևեք իմ օրագրին…
Կիրակին՝ 2014-ի վերջին կիրակին, ես ու Դավիթը միասին էինք ու տանը՝ անընդհատ… Չդավաճանեց իրեն մեր հերոսը և չքնեց, բոլորի հետ խոսեց հեռախոսով, կարդացինք բո՜լ. Արմինեին օգնում էինք, որ դեկտեմբերի 29-ի մարտահրավերին՝ «մահացու համարին»՝ Դավիթ Բլեյանի հարազատ-բարեկամ սերնդակիցներին տանը ընդունելուն պատրաստվի… Դավիթը, իհարկե, գերադասում է մեկուսի հանդիպումները՝ Սոնայի, Արևիկի, Նազենի կրտսեր կամ ավագի հետ… Բոլորը միասին՝ մեկ ստեղծագործական նախագծի մեջ… Կպատմեմ վաղը, թեև ամենաանհամբերը ես եմ… Իմը օրագիր է, լրատվական կայք չէ…
Իմ շուշեցի Խաչատրյան-Նալբանդյան բարեկամների մասին ես պատմել եմ. մեր բարեկամությունը մեկ տարով էլ ամրապնդվեց. ի՜նչ լավ է։ Ընտանիքի անունից մեզ այցելել է պայմանագրային զինծառայության մեջ գտնվող Կարինե Խաչատրյան քույրիկը, ով զրնգուն տրամադրության մեջ է. լավ ծառայության համար արձակուրդ է ստացել և Նոր տարին դիմավորելու է Շուշիում՝ հարազատների հետ։
2014-ի «սեղանի գիրքը» մնաց «Սասունցի Դավիթ» էպոսի թումանյանական պատումը, Թումանյան պապիկի հաստ գիրքը… Ամենաբանաստեղծությունը՝ «Իրիկունը»…
Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»….
Իսկ Դավիթը չի քնում. կեսգիշերին մոտ է, ու այսքա՜ն առույգ, թարմ, շատախոս… Գրել չի լինի, թե ինչ բաց տեսարաններով է խոսում… Շփոթված ենք… Դավիթ, քնիր կամ թող՝ քնենք… Որ Նոր տարին գա… Արի, Նոր տարի, քո գալը բարի…
Իսկ այսօր, հո չե՞ք մոռացել, երեկոյան Շուշանի, Տաթևի հետ Ուլիխանյան ակումբում Լիլիթ Բլեյանի հետ երազանք ենք պահելու… Ինչքա՜ն բան կա վաղվա գրում պատմելու…