Դավիթ Բլեյանն իր նոր կոշիկներն ամառային, որ մայրիկի հետ է գնել, սկսել է շատ հավանել, այնքան, որ ոչ միայն մինչև քնելը ոտքերից չհանեց-չփոխեց, այլև ուզում էր դրանցով քնել։ Իրիկունը ժամը 11-ին դեռ պետք է բացատրեինք, որ քնելիս կոշիկները հանում են…
— Ինչո՞ւ են քնելուց առաջ հանում, որ կոշիկներով քնեն, ի՞նչ կլինի…
Մարդն ուզում է հասկանալ…

Իրիկունը երկա՜ր երկինքը լուսավորվում էր կայծակի լույսով, Դավիթը պատշգամբից հիացավ աղեղնաձև կայծակով, հորդառատ անձրևով, մեր երկինք հանկարծ խուժած, քաղաքը բռնած այս տարերքի ձայներով, հետաքրքրվեց նրանց ծագումով… Ամեն ինչ՝ անձրևի, ամպրոպի, կայծակի, հորդառատ անձրևի մասին, հետաքրքիր դարձավ…

— Արի երկուսով հիանանք մեր պատշգամբից, հայրի՛կ…
— Ի՞նչ կլիներ, որ հիմա երկուսով հեծանիվ քշեինք դրսում… Հիշո՞ւմ ես, հայրի´կ…

Որքան էլ՝ տեսակով զգույշ է մեր հերոսը, որը խելքի նշան է, կուզեմ՝ տղամարդը, մարդը, ում որպիսության համար ես կրում եմ ուղիղ-անձնական պատասխանատվություն, Սասունցի Դավիթ լինի՝ ուժեղ, խիզախ, ծուռ, հանդուգն, ամենահաս, երկրի իշխան, հայոց պահապան…

Փրփրոտ օր Հիմնական դպրոցի լողավազանում:
Լուսանկարները՝ Գոհար Բալջյանի:

Հեծանվի, վազքի ու լողի (տրիաթլոն) հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարությունն էր այցելել մեզ՝ ուսումնական ճամբարներին, մեր հնարավորություններին, մեր նախաձեռնություններին ծանոթանալու, գործընկերություն հաստատելու համար: Ֆեդերացիան տրիաթլոնի միջազգային ֆեդերացիայի անդամ է. բոլոր երեք մարզաձևերն էլ օլիմպիական  են, բոլոր երեքն էլ՝ մարդուն ուղղված, հանրակրթական, մեր ուղիղ հետաքրքրությունների կիզակետում… Լավ է, որ ֆեդերացիայի ղեկավարները, որ Գեղարվեստի, Մայր դպրոցի, Դպրոց-պարտեզի օրինակով անշտապ պատկերացում կազմեցին կրթահամալիրի և տրիաթլոնի ֆեդերացիայի հարաբերությունների-դրանց ընդարձակման, կրթահամալիր-ֆեդերացիա գործընկերության հեռանկարների մասին, ոգևորված էին, հիացած-զարմացած… հուսամ՝ լավ հիմք է մեր անցնելիք ճանապարհի համար։

Ամենուրեք գործընկերներ ենք փնտրում։ Մենք հուսալի գործընկեր ենք, իսկ կրթահամալիրը՝ իր միջավայրով, հեղինակային մանկավարժությամբ, դրա մշակման-կազմակերպման-տարածման հետևողականությամբ ու կարողություններով գրավիչ ներդրումային դաշտ է ամենախիզախ գործընկերության ծավալման համար…

Ահա, հայտնի են մեր այն դեռահասները, որ ընտրել են հեծանիվը որպես մարզաձև։ Վաղը կկայանա նրանց առաջին պարապմունքը. մեր հեծանվորդները կհանդիպեն մարզիչ Վարշամ Դարբինյանի հետ… Մենք որոշակի ենք դարձնում, կոնկրետացնում կրթահամալիրի համար անհրաժեշտ խմբաքանակի ու տեսակի հեծանիվներ ձեռք բերելը. 2015-16 ուստարին՝ իր նախապատրաստումով, ընթացքի, իր իրավունքների մեջ է:

1-ին դասարանցիներն այցելել են Թումանյանի այգի:
Լուսանկարները` Տաթև Մելքոնյանի:

Ուսումնական ճամբարներն իրենց կազմակերպմամբ ջնջում են սահմանները-պատնեշները մի կողմից՝ կրթահամալիրի դպրոցների, դպրոցների դասարանների, տարիքային խմբերի, անհատների միջև, մյուս կողմից՝ կրթահամալիրի ու թաղի, կրթահամալիրի ու քաղաքի, կրթահամալիրի ու Հայաստանի միջև. իրական կրթությունը, ինչպես քաղաքացիական կյանքը,  ներառական է՝ հասարակություն ստեղծող։ Մեր ճամբարները, նայեք նախագծերին ու դրանց զարգացմանը, այդպիսին են՝ բաց-ներառական… Այդպես է ծնվել Սուսան Ամուջանյանի կինոֆոտոակումբի «Ապաֆունկցիոնալ տարածքների ապամոնտաժում» ցուցադրությունը։ Ա՛յ, այդպիսի միջավայրում՝ թաղային-բակային հրապարակներում են ընթանում մեր առավոտյան ընդհանուր պարապմունքները։ Ճամբարականներն ամենուր են՝  էքսպոներում երևանյան, փողոցներում, այգիներում, թանգարաններում, լողավազաններում… Այդպես՝ տպավորիչ-բաց, քաղաքական միջավայրում, քաղաքացիների մասնակցությամբ, կհնչեն նաև ճամբարների առաջին՝ ուսումնական պլանով որոշված երկշաբաթյա ժամկետի ավարտական ակորդները…

Ապարանի Լուսագյուղը, ուր մենք այցելել էինք տիար Գևորգ Հակոբյանի, Ռուդիկ Սահակյանցի, Կարինե Պետրոսյանի հետ, որպես ամառային վրանային-դաշտային հայրենագիտական ճամբարի հնարավոր վայր, ծանոթանալու համար, իմ մեջ տպավորված մնաց իր դպրոցով… որպես միջնաբերդ: Թվում է՝ գյուղում ամենուր եղանք՝ բացի դպրոցից։ Ամենակենտրոնում, ամենախնամված շենքով, բակով՝ այն, իսկապես, միջնաբերդ էր հիշեցնում՝ անմատչելի-փակ տարածք, թե՛գյուղի, թե՛ դրսի համար… Իսկական ամառային ճամբար կդառնար՝ հարյուրավոր երեխաների վայելք, հայրենիքի իմացում պարգևելով, կյանք կբերեր մարող գյուղին, իսկ այսպես, քննական «լուրջ կենտրոն» է իրեն զգում ընդամենը հարյուր սովորող էլ չունեցող գյուղի համար:

Լուսագյուղում։
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի։

Մեր կրթական օբյեկտները, մեր կրթահամալիրը՝ իր բոլոր հնարավորություններով բաց ու մատչելի կլինեն ամառային ամենաբազմազան դպրոց-ճամբար-հավաքների կազմակերպման համար. Ամառային դպրոցի  հունիսի 15-ից սկսվող երկրորդ հերթափոխը՝ իր ճամբարային ծառայություններով ու ստուգատեսային հավաքով, կպատասխանի կարևոր հարցի. որքանո՞վ է պահանջված, անհատականացված տարատարիք սովորողի ու նրա ընտանիքի համար մեր «Ուսումնական ամառ» նախագիծը, որքանո՞վ է մեր կրթահամալիրի մանկավարժական աշխատողը պատրաստ նման՝ իր ընտրությամբ ճամբարային-հավաքային աշխատանք կատարելու:

Գեղարվեստի ցուցասրահում՝ ֆոտոէքսպոյում իսկական ամառ էր: Իսկական ամառ էր նաև Մայր դպրոցի մարզադաշտում՝ 4-րդ դասարանցիների սպորտլանդիան էր: Նոր դպրոցի 2-3 տարեկանները յուրացնում էին իրենց նոր լողափն ու լողավազանը. տեսարան՝ ո՜նց են 2-3 տարեկանները նոր լողազգեստներով, նոր սրբիչներով քայլում դեպի ծով, խիզախ լողորդի պես մտնում ջուրը:

Լողափում են 2-4 տարեկանները:
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:

Տեսե՛ք, երաժշտական հանրակրթությունը՝ իր երգող դպրոց, երգող դասարան, դասարանը՝ երգչախումբ, դասարանային համերգ նախագծերով, ինչպիսի՜ զարգացում է ապրում՝ ուսուցումը դարձնելով իրական ներառական՝ նախագծային ուսուցմանը մասնակից դարձնելով ոչ միայն սովորողին յուրաքանչյուր, այլև ամեն մի ծնողի, բայց այնպես, որ կրթությունն ստանում է իր բուն բովանդակությունը՝ իրական հայրենագիտությունը, այսօրվա հայրենիքի ճանաչումը, ծնողի՝ իր երեխայի համար ընտրած մեր հեղինակային կրթության և իր ստացած հանրակրթության անհատականցումը, դրանց համեմատումը մարդկային չափումով, ոչ իրենից օտարված, իբր իրեն չվերաբերող երևույթ: Այո՛, հունիսը մեզ իր քննություններով, իր ճամբարային կյանքով իրականություն է բերում. իրականությունից փախչել չի կարելի. իրականությունը պիտի ճանաչել, կարողանալ այն այլ դարձնել…

Իսկ Տաթև Բլեյանն ու Արևիկ Տատինցյանը արդեն Վիեննայում են՝ Շուշանի հետ… Լուսանկարները՝ Տաթևի ՖԲ էջից։ 

Ֆոտոխմբագիր՝ Գոհար Բալջյան
#356

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ագարակի Հազարան հավքի բնորդը

Օրեր առաջ Ագարակում էի Գևորգ Հակոբյան կրտսերի մեկամյակի առիթով։ Մեր սեբաստացի 2-4 տարեկանների հաճախակի դարձած հավաքները ևս հաստատում են, որ Ագարակը գրավիչ վայր է բոլոր տարիքի երեխաների համար։ 

Ցանկապատի, թե պատնեշի երկու կողմում․․․

Յուրա Գանջալյանն ինձ իմ օրագրի ընթերցողի առաջ սևերես չարեց։ «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համագումարում Ֆրանցիսկոս պապի ուղերձը ամբողջական հայերեն թարգմանելու իմ խնդրանքը նա իրականացրեց իրեն բնորոշ մասնագիտական բարեխղճությամբ։ Ի՜նչ լավ է, որ

Օրվա ղողանջներից

Իրիկունով, իհարկե, հետևում էի պուտինյան Ռուսասատանի նոր ֆարսին… Արթնացա, ինչպես միշտ, մութ ու լուսով: Սրտումս Ծաղկունքի հուլիսյան հարսանիքի այս հինգշաբթիի ավետիսի սեբաստացի ղողանջներն են․․․ Մտքումս՝ լրագրող Ալեքսեյ Ռոմանովի այս աչքալուսանքը․․․