Իսկ ինչո՞ւ սպասենք… Չնայած օրվա հետ կապված բոլոր սպասելիքները արդարացան-կատարվեցին։ Լիքը օր եղավ, այնպես որ օրագիր չի դառնա իմ ասելիքը, այլ մամուլի օրվա հաղորդագրություն։ Գնացինք։
Դեկտեմբերի 29-ի առավոտյան տանից դուրս եկա՝ Դավթին քնած թողած. ուժասպառ էր արել անցած կիրակին… Գիտե՞ր նաև այսօր գլխին գալիքը. գիտեր։ Ահա ինչու շարունակ իմ ու Արմինեի խոսակցությունների արանքում Դավիթն ասում էր.
– Ուզում եմ՝ վաղը մենակ Սոնան ու Արևիկը գան։
Մայր դպրոցում բանվորական-շինարարական ուժը կազմ ու պատրաստ ինձ է սպասում. մինչև տնօրենի ամփոփիչ ասուլիսի մեկնարկը պիտի պատեր քանդվեն Մայր դպրոցում և Հիմնական դպրոցում. «Տիգրան Հայրապետյան» ընթերցողի ակումբի, «Մայր դպրոցի նոր խոհանոց», «Հիմնական դպրոցի նոր արտաքնոց» 2015-ի նախագծերի իրականացումն սկսված է։ Կեցցեն կրթահամալիրի շենք-շինությունների շահագործման խմբի աշխատողները, որ օրվա առաջադրանքն ամբողջությամբ կատարեցին… Ինչո՞ւ հիմա… Նախ՝ ավարտվող-մեկնարկող-անընդհատ տարին պիտի թափ հաղորդի քո ջանքերին-գործողություններին սկսածն ավարտելու-կիսատ չթողնելու համար, հետո՝ նախատեսվածը հաստատ, ասել է թե՝ օր առաջ սկսելու համար. հակառակ դեպքում նոր տարվա հետ կապված ակնկալիքներն ինչպե՞ս կարդարանան։ Նկատե՞լ եք՝ ամենագործուն-լեցուն վիճակում եմ լինում օգոստոսին և դեկտեմբերին…
Մեր կրթական ծրագրի անվանումը՝ բաց-մոբիլ-ստեղծական, չի կարող բովանդակություն չլինել. նախ և առաջ՝ գործելու կերպ է, ինչ-որ բան անելու, ցանկացած ուսումնական գործ անելու համապարփակ մեթոդ… Կրթահամալիրի տնօրենի ասուլիսը մի օրվա նախագիծ դարձավ Մեդիակենտրոնում իր այսպիսի կազմակերպմամբ՝ բաց-մոբիլ-ստեղծական… Ինչպե՜ս գրանցվեցին ասուլիսին մեր ինֆո-խմբերը, ինչպե՜ս ոչ սովորական՝ ամփոփիչ-տոնական միջավայր ստեղծեցին Կենտրոնում՝ բաց-գրավիչ, ինչպե՜ս գտնվեց անցկացման ձևը՝ ինքնիրեն-անկաշկանդ. մոբիլ ու ստեղծականի ծնունդ էր նաև հյուրասիրության սեղանը… Այս ամենին՝ տեսարա՜ն, հետևում էի կողքից-վերևից… Տեսեք, թե «Մեխակ» խորհրդային ռեստորանի բերդանման (ինչպես Նուբարաշենի կլոր բերդը) ինտերյերն ինչպես կրթահամալիրի Բանգլադեշի կենտրոնի վերածեցինք… Բռավո՜…
Երբ ջնջվում է 2014-2015-ի սահմանը, 2014-ի ամփոփումը դառնում է 2015-ի մեկնարկ, հիմա… Անկաշկանդ-կենդանի խոսակցություն է՝ հարց ու պատասխանի ձևով. «Տիեզերք» ակումբի՝ Մայր դպրոցի տանիք տեղափոխելը, Մեդիակենտրոնում Բանգլադեշ արվարձանի համերգային-թատերական դահլիճը, Գեղարվեստի «Արտասահման» նկուղային պատկերասրահը, Թբիլիսիի Գլդանի թաղամասի հանրակրթական դպրոցների հետ հունվարին կրթական փոխանակումների նոր ծրագիրը՝ նոր նախագծեր են, որ որպես մեկնարկ-առօրյա ներկայացվեցին…
Այսպիսի միջավայրում չեն կարող լինել անտեր-արհեստական հարցեր, պատասխաններն էլ այնքա՜ն հեշտ է ստուգել-ենթադրել… Հարազատների ծիսական խորհրդով-բուժիչ (թերապևտիկ) նշանակության հավաք է… Արի, Նոր տարի, քո գալը բարի… Մենք գիտենք, որ վաղը այլ խմբով շարունակելու ենք մեր գործը Մեդիայում, որ այս պահից սկսած՝ մեր ուսումնական աշխատանքը մեդիա-համացանցում, մեր ունեցած mskh.am-ում դատապարտված է լինելու բաց, մոբիլ ու ստեղծական. կրթական ծրագիրը տեսնենք՝ ինչեր կգործի մեր սեբաստացիների ընտանիքներում, տեսնենք ինչ ձևափոխությունների կենթարկվեն «Սեբաստացի» ռադիոն, TV-ն, ինչ զարգացում կունենա «Ամանորի հեքիաթ» համերգային նախագիծը Art.tv-ի mskh-ի եթերում…
Հիշո՞ւմ եք մեր հանդիպումը կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում 2001-ի հուլիսի 16-ին… Նոր-նոր էի դուրս եկել-վերադարձել 2 տարի, 2 ամիս կամ 791 օր տևած գործուղումից արտասահման… Արձակուրդային օրեր էին… Ինչքա՜ն մարդ կար դպրոցում… Ի՜նչ տոն էր… Ինչպես ֆիննական բաղնիք. ես թոթափեցի, իհարկե, «իմ ոտքերի հավաքած փոշին»… սա ներառող նշանակություն ունեցավ… Բայց ես խնդիրներ ունեի և չէի կարող ջանքեր չգործադրել լուծելու համար…
Ես, գիտեք, կրակի միջից մերկ ձեռքերով հայտնի շագանակ հանող եմ, եթե դա է ուղին, ճարը, հնարը… ինչպես 1990-ին, 1992-ին, 1998-ին…
2001-ին, հայտնվելով ֆիզիկական քաղաքական դաշտում, ես անհրաժեշտ համարեցի 1998-ի ՀՀ նախագահի հրաժարականով խոցված, երկրապահի հանրապետականացմամբ, ՀՀ նախագահի 1998-ի արտահերթ ընտրություններում իրենց սկզբունքներին դավաճանած Հայոց համազգային շարժում կազմակերպության (ՀՀՇ) և այլ լիբերալ-դեմոկրատական ուժերին մի քաղաքական ուժի մեջ միավորելու՝ հավակնոտ և պատվաբեր ծրագիր։ Հեղինակային իրավունքի հղումը պարտադիր է. միասին էինք լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարՎիգեն Խաչատրյանի հետ… Մոտենում էին ՀՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները. իսկ հանրապետական ընտրությունները քաղաքական ուժերի ձևավորման-կենդանացման խթան են՝ որոշելու աստիճանի՝ կա՞, թե անունը կա, ամանում չկա… Մեր առաջարկը գայթակղելու աստիճանի պարզ էր. Երրորդ հանրապետության ստեղծման ակունքներում կանգնած, 1995-ի ՀՀ Սահմանադրությանը հավատարիմ, նույն ուղղությամբ նայող բաժան-բաժան եղած, առանձին գործող-չգործող քաղաքական-պետական-հանրային գործիչներից, նրանց իբրև ղեկավար ընդունող խմբերից մեկտեղմամբ՝ որպես նախընտրական դաշինք, ձևավորել ուժ… Հավաքման մեխանիզմ էր սա։
ՀՀ ԱԺ ընտրությունների մեծամասնական ընտրակարգով ընտրական պայքարի մեջ մտնելու համար 41 գործիչ պիտի ընտրվեր՝ յուրաքանչյուր ընտրատարածքի համար՝ մեկը։ Նրանք իրենց անձով քաղաքական նոր դաշինքին կշիռ պիտի հաղորդեին, նախընտրական քարոզը, բուն ընտրությունները նոր քաղաքական ուժի հանրային ներկայացմանը և ձևավորմանը ծառայեցնեին… Եթե ակունքներում ենք, եթե հավատարիմ ենք, եթե ուզում ենք իրականացնել մեր քաղաքական պատասխանատվությունը, ուրիշ էլ ե՞րբ, ուրիշ ինչպե՞ս… Քննարկման ժամանակ էլ ունեինք, մեկ-մեկուկես տարի կար մինչև 2003թ. ընտրությունների մեկնարկը… Ընդհատեմ այստեղ. մի օրում չի պատմվում. և՛ ինձ համար հեշտ չէ, և՛, թվում է, կարդացողի։ Պատվիրատու եք՝ արտահայտվեք…
Լիլիթ Բլեյանը խոստացել է ու իր գործելաձևին համապատասխան (ասածն արած է) ինձ համերգից համերգ ներկայացնում է… Երևանի ակումբները։ Հիմա էլ՝ Ուլիխանյան… Իդիլա՜. ես իմ հարազատների մի խմբի հետ՝ աջից Շուշանը, թիկունքում՝ պահապան Տաթևը… Բեմում՝ Լիլիթ Բլեյանը… Հավանում եմ Լիլիթի պատմությունը. ժամերով կլսեմ՝ ինչ է պատմում իմ ավագ դուստրը, ինչ է ներկայացնում, ինչպես է դա անում… Լիլիթի հումորը, նրբանկատությունը, ճաշակը, բեմական լինելը… Նաև խելացի է իմ աղջիկը… Բա խո՜սքը, հայերենը… Ափսոս, որ ծխում են ակումբում. ախր ո՞նց կարելի է… Ծխողների մեջ են երաժիշտները, ում համերգի ընթացքում պարբերաբար ծափահարում եմ… Փոքրիկ Իշխանի աղվեսի նման հոգոց հանեմ այս անգամ՝ ափսոս, որ աշխարհում ոչինչ կատարյալ չէ…
Արմինեի ընտանեկան նախագիծը չէր կարող հաջողություն չունենալ. շնորհակալ եմ Արմինեին՝ իմ դիրքը, իր դիրքը ճիշտ գնահատելու և դրան համապատասխան գործելու համար… Երեք սերունդ, ահա.. իմ քույր-եղբայրների մեջ ես կրտսերն եմ, բայց քեռու-հորեղբոր-պապիկ-հայրիկի, որ գումարում եք տիար-տնօրենի կոչումը, նույնքան լեգիտիմ, իմ պատասխանատվությունը հասկանալի է դառնում. ես գործում եմ այս պատասխանատվության ողջ գիտակցմամբ… Մեր անմիջական զավակներին՝ երկրորդ սերնդին, սեբաստացի ընթերցողը քաջածանոթ է՝ Արթուրից, Լիլիթից մինչև Առնոլդ ու Շուշան Բլեյաններ… արանքում՝ մի խումբ հետաքրքիր Հովհաննիսյաններ… Եվ երրորդ սերունդը՝ սեբաստացի այսօրվա սաների կերպարով, Դավիթ Բլեյանի հասակակից-սերնդակից խումբը՝ Սոնուլով սկսած, Նազենի կրտսեր, Գոռ, Արևիկ ու… գնացինք… Արմինեի ջանքերը՝ բաց-մոբիլ-ստեղծական պատշաճ արձագանք-աջակցություն գտնում են, իհարկե, Բլեյան-Հովհաննիսյանների երկրորդ սերնդի կողմից…
Օրվա վերջում, երբ Արմինեն խորասուզված է եղել «Սեբաստացի» ռադիոյով, իսկ մենք 2-րդ սերնդով Ուլիխանյանների ակումբում Լիլիթ Բլեյանի համերգ-ընդունելությանն էինք, Լիլիթի Սոնան ու Արևիկը փորձել են երգ ստեղծել, նվիրել Արմինեին… Ես հուզվեցի…
Դավթին քնած գտանք, երբ համերգից հետո մի խմբով մտանք մեր տուն… Ջախջախված է մեր տղան այն աստիճանի, որ կոմպի առաջ քնի ու չգիտակցի, որ հայտնվել է, վերջին շրջանում առաջին անգամ, իր մահճակալին… Գիշերը ժամը չորսին հիշեց այդ մասին ու իր սխալն արագ ուղղեց… Այնքան տպավորություն քույր-եղբայրների այսպիսի աղցանում, Ձմեռ պապ-Ձյունանուշի ու նրանց սքանչելի խմբի սպասում-ներխուժում… Սա փորձություն է մեր միշտ կենտրոնական դիրքում հերոսացածի համար… Օգտակար… Ինչպես սաստել է ու իր տեղը դրել Արևիկը, հորդորելով Արմինեին խիստ լինել Դավթի նկատմամբ.
– Հո ամեն ինչ իր ասածով չի՞ լինելու, հո բերնին (լեզվին) եկածը չի՞ ասելու…
Իսկ Դավթի առաջին բառերը գիշերը ժամը 4-ին, երբ իր մահճակալից անցում արեց ընտանեկան մահիճ, «Սոնան» ու «Արևիկն» են…
– Գնացե՞լ են, հայրիկ, որ էլի գա՞ն… Ե՞րբ են գալու… Ուզում եմ՝ հիմա գան…