Իրանցի պատգամավորը Հայաստանին մեղադրում է Արաքս գետն աղտոտելու և դրա հետևանքով Իրանում քաղցկեղային հիվանդությունների աճի համար… Իսկ իմ մտքից չի ելնում Աշտարակի մայր առուն, որ սկիզբ է առնում, իհարկե, Քասաղ գետից, որ անցնում է նաև Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի պարսպով… Օրեր առաջ էր. առվում ջուր չկար, որ ընդգծում էր նրա խորությունը-հնությունը-ազնվությունը. առուն տուֆի քարերով սալարկած էր։ Ուշքս գնում է ջրի՝ հողի ու պարտիզպանի (ջրվորի) հետ բերք ու բարիք ստեղծողի համար։ Հայացքն առան առվի բերանի վիշապաքարերը… Սա է ինձ համար անդաստանը՝ Աշտարակում, թե կրթահամալիրի Բանգլադեշում։ Հարավի մեր դպրոցից Արևմտյան մեր դպրոց երկաթուղով-գծերով անցումին ուղեկցող առուն էլ երեկ դատարկ էր, կեղտի մեջ կորած… Սա էլ սկիզբ է առնում Հրազդանից… առանց վերաբերմունքի, մոռացված… երբ լավ շրջան է իստակ մաքրելու… Ո՞վ կմաքրի… կխնամի մեր գետերը, գետերից սկիզբ առնող ջրանցքները, դրանցից ճոթ տվող առուները՝ հարյուրավոր կիլոմետրերով, հարյուրավոր բնակավայրերով ձգվող… Որքա՜ն մեղադրական բան ունեն մեր հասցեին, որքա՜ն ամոթ է հոսում, երբ անգամ դատարկ են լինում, անջուր… Ու որքան ուսումնական են։ Մեր հայրենին՝ մեր շրջակա աշխարհը…
Հեծանվային խաղեր. Հյուսիսային դպրոց, 2-3-րդ դասարաններ։
Իրիկունը ութի մոտ մեր տան դուռը թակեց (լավ բառ է, փչացած զանգի հետ տեսեք ի՜նչ բառ ու ձայն՝ թակոց է գալիս) ինձ անծանոթ մեր «գազի մարդը». կիրթ, շնորհքով, բարևեց, հարցրեց, ներս եկավ՝ ձեռքին մի չափիչ գործիք… Գիտեր, իհարկե, ում տուն է եկել. պարզվեց՝ առաջին անգամ չէ։ Ժամը ընտրել էր ինձ հանդիպելու համար… քիչ հետո, ժամը 9-ը չեղած, ես մահճում էի-մեռած… Այսօր ես սկսել եմ ժամը 00։00-ի հետ։
Հարգանքով-կարևոր ժպտաց.
— Շատ նուրբ սարք է, ամեն մի փոքր արտահոսք գազի գրանցում է…
Անցավ իր գործիքով գազի-բաքսիի-խոհանոցի սարքերով-գծերով… Գովեց մեր ինժեներական ենթակառուցվածքի բացությունը… մատչելիությունը-տեսանելիությունը… Կարևորը՝ մեկնաբանում էր հընթացս իր գործողությունները…
— Բողոքներ չունե՞ք,- հարցնում է…
Ժպտում եմ.
— Իշխանությունից ու գազի տնտեսությունից՝ ոչ… Ա՛յ, Արմինե՜ն… ինձանից…
— Էդ գործիքը ցույց չի տալիս։ Մի բան լինի, զանգեք, ես կգամ, կվերացնեմ…
Հենց սրա համար էլ եկել էր. մարդը բան ուներ ասելու՝ եկավ։ Բարով…
Իսկ Դավիթ Բլեյանը երեկ օրվա վերջը է՛լ ավելի ոգևորված է անցկացրել… Դավիթը՝ դպրոցում, դասարանում, խմբում երկարօրյա… հավեսի մեջ է մշտական, ողջ կրակով-ներքին, եռանդուն… Երեկ մեր սիրելի Ադրիանայի ծննդյան օրը նշել են մի մանկական սրճարանում, Ադրիանայի ընտրությամբ, Դավիթն ու հինգ աղջիկներ… Պատկերացրի՞ք, այս բնածին դոնժուանին՝ Ադրիանայով ու հինգ գոզալներով շրջապատված…
— Դավի՜թ, բա նվե՞րը…
— Բերել եմ, պապ…
Ձեռքին սիրուն տոպրակ է՝ գիպսի իր նկարազարդած պատվանդանով, ապակե հավաքած խաղալիքով ամանորի… Ադրիանայի ծնողները այսքան ուշադիր-շնորհքով հոգացել են անգամ Դավթի նվերը. շնորհակալ ենք: Վաղվա գրում Դավթի պատասխանն է։
Ջրափոսեր…
Ճիշտ անձրև է, ճիշտ ժամին, որ ներխուժեց ննջարան, հետո բնակարանով մեկ, բաց պատուհանով դեպի հարավ-արևելքի բաց դռնով պատշգամբ, չի լռում… Այս ձայնը՝ գետի-լճի-ջրանցքի-առվի ջրի ձայնի նման, որքա՜ն հաստատում-խաղաղվածություն է բերում: Շնորհակալ եմ, անձրև ջան, գիշերվա այսպիսի ապրումի, ընկերության համար: Բան ես ասում, լսելի: Առավոտյան, թաց փողոցներ Երևանի, դուք իմ հեծանվաարշավը չեք կանգնեցնի…
Տաթև Աթոյանին հանդիպեցի երեկ երեք անգամ, առավոտյան՝ քոլեջի իմ ամենօրյա դարձող ճանապարհին, բաց արվեստանոց-դպրոցի օրվա մեկնարկին, ժամեր հետո՝ դեպի Հարավ երկարօրյա կազմակերպիչների ամենշաբաթյա սեմինարի ճանապարհին, երբ ես կատարել էի իմ հեծանվային աշխատանքային շրջայցը Քոլեջ-Նոր դպրոց-Մայր դպրոցով-Մեդիակենտրոն, ու կարևոր էր ինձ համար, թե բաց արվեստանոցով դպրոցում ինչ է կատարվում օրվա մեջ, երբ ես չկամ, ավելին, ինձ չեն սպասում, և երրորդ անգամ՝ օրվա վերջին, մեր մանկավարժական հավաքից հետո, երբ Տաթևը իմ խնդրանքով ներկայացնում է բաց արվեստանոցով դպրոցի օրվա աշխատանքները՝ որպես ցուցադրելի արդյունք… Արմինե Թոփչյանը, կեցցե, մեթոդական շարքը, որ Նելի Արղությանով, Բաբուջով գովելի հաջողությամբ սկսել է, շարունակելու է Տաթև Աթոյանի նախագծով… Յուրաքանչյուր մեր մանկավարժական ձեռքբերում 2017-ի ունի իր հարթակը՝ պատվավոր ներկայանալու՝ 2018-ի հունվարյան ուսումնական ճամբարի գիտագործնական-մանկավարժականը՝ հեղինակային, սովորող-ուսուցիչ, խառը խմբերով… Ես որ մեծացող անհամբերությամբ սպասում եմ…
Դպրոցը բաց արվեստանոց…
Ամեն մի խումբ երկարօրյա, ամեն մի երկարօրյա ճամբար այսօրվանից գործում են բաց արվեստանոց դպրոցի կազմում, նախագծով… և լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ, զվարթ տեսապատումներ՝ որպես ցուցադրելի արդյունք… «Այն միտքը, որ նկարածը գուցե դժվարությամբ ջնջվեր, նրանց ավելի է ուրախացնում»,- գրում է մեր տան մշտական ձյունանուշիկ Մելինե Սիմոնյանն իր ընթեռնելի բլոգում… Շարունակելով հաստատեմ, քո՛ւյր իմ, նկարած կերպարն այնքան է ուրախացնում-դուր գալիս, որ Դավթին երրորդ օրն է չեմ կարողանում լողարան տանել. ինչ է թե կջնջվի ձեռքին նկարածը՝ չի բռնվում…
Մեր տունն էլ կսկսի՞ գործել որպես բաց արվեստանոց, Արևիկ քույրիկ, Տատինցյան, Արմեն եղբայր Մարտիրոսյան, Մարտիրոսյան քույրիկներ, Արմինե մայրիկ ու Զառա ուսուցիչ-տեխնոլոգ… Ես՝ ձեր Ցոլակ Հակոբյան գնումների համակարգողը։ Ձմեռը, հիշեցնում եմ, տարվա եղանակների մեջ, դեկտեմբերը՝ տարվա ամիսների, դեկտեմբերի 12-ը՝ 365 օրերի մեջ… Դավթի ծնունդով ժամանակի և ընտրության այլընտրանքի տեղ թողնո՞ւմ են… Չուշանանք հանկարծ…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1224