Ի՜նչ լավ բան է ասուլիսը, գտնված… Հայտարարում եմ, որ ասուլիս եմ տալիս. 2014-ը ամփոփելու եմ ասուլիսով։ Մեկը հարցնի՝ ո՞նց ես տարին ասուլիսով ամփոփելու։ Կգաք՝ կիմանաք… Չեք գա՝ էլի կիմանաք… կլուսաբանեն mskh.am-ի լրատվականները… Կարևոր իրադարձություն է սպասվում դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12.00, կրթահամալիրի Մեդիակենտրոնում, որ այդպես էլ կոչվում է՝ կգաք-կիմանաք։ Ամփոփիչ ասուլի՜ս… տեսնես՝ ո՞վ է ստեղծել… Համարյա օրագրի պես, որ վարում եմ ահա հունիսի 17-ից. այսօրվա գիրը 190-րդ է։ Ինձ ասում են.
– Կպատասխանե՞ք մի քանի հարցի։
Ասում եմ՝ ես այդ մասին գրել եմ…
– Հո չե՞մ դնելու 190 գիրն էլ կարդամ,- հակադարձում է հարցնողը։
Ես էլ թե՝ հո չե՞մ կրկնելու, արդեն գրել եմ… Բա գիրն ինչի՞ համար է, եթե ոչ ասելիքը պահելու-փոխանցելու… Ինչո՞ւ ընկերներիս հետ չարչարվեցինք իմ բլոգի ստեղծման վրա. որ հեշտացնենք արդեն ասվածը, նորը, որ հենց հիմա եմ ասում, պահելու-փոխանցելու՝ որոնելու գործը… Հատկապես որ որոնման համակարգ ունի իմ կայքը, օրագիրը… Ուշքս գնում է այս համակարգի համար. իսկը ինձ համար է։ Այլևս առաջվա Բլեյանը չեմ, որ ամեն ինչ հիշում էր… ու հիշաչար չէր։ Հիմա էլի հիշաչար չեմ. ուղղակի ոչինչ չեմ մտապահում, էլ ի՞նչ չարություն… Հղում եմ անում իմ օրագրին, իմ բլոգին, բլոգապատմանը…. Այսպիսով՝ ձեր հարցը նոր է, եթե դրա պատասխանը չի բերի իմ բլոգի որոնման համակարգը։
Ձմեռ պապի 2015-ը չէր կարող շռայլ չլինել սեբաստացիների՝ սովորողների և ուսուցիչների 2014թ. գործունեության նկատմամբ. տարին, հիշում եք, հոբելյանական էր… Առանց մեզ Ձմեռ պապը գլուխ չէր հանի. մենք համոզեցինք Ձմեռ պապին, որ 2014-ի համար մրցանակները շնորհելիս անհատական պահանջի՝ ով ինչի, որ գործունեության համար… Գործունեությունն էլ՝ իրականացված նախաձեռնություն. մարդը՝ սովորող թե մանկավարժական աշխատող, նախաձեռնել ու ավարտին է հասցրել գործը, որ մենք համարում ենք նշանակալի 2014-ի համար… Ձմեռ պապն այսպիսով իր ֆիրմային նվեր-տոպրակները հավասար բաշխեց կրթահամալիրի հինգ նախակրթարանների 2-4 տարեկաններին, 5 տարեկաններին, և 1-3-րդ, 4-5-րդ դասարանցիներին, որ սովորում են կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում… Ձմեռ պապը շնորհավորեց բոլորի Նոր տարին՝ կրթահամալիրի ութ դպրոցներից յուրաքանչյուրին նվիրելով նրանց՝ նամակով խնդրածը… Այ, մեր կրտսեր դպրոցները խնդրել էին փոշեկուլ կամ ջեռոց, ստացան Ձմեռ պապից։ Ի՜նչ լավ է, չէ՞, ձմեռը կարծես չկա՝ տա՜ք-չո՜ր-գները կայո՜ւն, բայց Պապը՝ իր նվերներով ու տոնական հանդեսներով կա… Ինչպես բոլորս մեր տներում ենք հատուկ վերաբերվում մանկան սնունդին, այդպես էլ մեր կրտսեր դպրոցներում, դրանց նախակրթարաններում… Ամեն տուն իր թխոցով, համ ու հոտով…
Կամ մեր մարմնամարզական խմբասենյակներն ու դահլիճները առանց ամենօրյա փոշեկլման չես պահի… Հիմա սովորող սաներն իրենց նվեր-գործիքներ-մեքենաները թող քշեն ու հավաքե՜ն… Գեղարվեստի ավագը, Վարժարանը, Արհեստագործականը երաժշտական-տեխնիկական միջոցներ էին խնդրել ու ստացան… Շարունակեք նվագել-երգել, ստեղծել համերգը՝ որպես համերաշխության ու բաց հավաքանու գործունեության արդյունք՝ ինչպես այս՝ 2014-ի 40-րդ Մեդիաուրբաթ-համերգը Մարմարյա սրահում… Չե՞ք հավատում…. Ես էլ։ Բայց իմ ասուլիսի նման պատասխանեմ՝ արի տես, արի՝ իմացիր, արի՝ ճանաչիր, արի՝ դարձի մասնակից ամեն ուրբաթ, ժամը 15.15, սկսած 2015-ի հունվարի 9-ից։
Միջին և ավագ դպրոցների հարյուրավոր սովորողներից Ձմեռ պապը, դպրոցների ղեկավարների ներկայացմամբ բաժանելով 2015-ի մրցանակները, խրախուսեց-հորդորեց-օգնեց որպես անհատականություններ նախաձեռնություններով-գործերով առանձնանալ… Ծննդյան առիթներով մենք արդարացի ու հրապարակային պարգևատրման տարեկան ֆոնդից դրամական խրախուսում ենք կրթահամալիրի մանկավարժական աշխատողներին. այս անգամ, այսօր, հերթը Մարիետ Սիմոնյանինն է, վաղը՝ տիկին Լյուբա Աբրահամյանինը… Ձմեռ պապի մրցանակը, որ ամեն տարի կհրապարակվի այս օրերին, տարվա վերջին Մեդիաուրբաթ համերգին, ինչպես երեկ, նույնպես կլինի դրամական պարգևատրման ֆոնդից, բայց կկարևորի տարվա ձեռքբերումը, նախաձեռնության (ուսումնական նախագծի) իրագործման սկզբունքով… Տեսեք, ուրախացեք՝ այսօր իրենք են, ու ցուցակը բաց է, կփակվի մինչև 2015թ. հունվարի 9-ը. վրիպե՞լ է Ձմեռ պապը` մեծահոգի եղեք, նա մեկն է ու միշտ մեր օգնության կարիքով ու սպասումով… Հա, իմացա, որ Ձմեռ պապն այցելում է նաև սեբաստացիների տները…
Շատ լավ շրջան է, որ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամն էլ խրախուսի կրթահամալիրի արվեստագետ-ստեղծագործ ուսուցիչներին, ում աշխատանքները ունեն մշակութային-գիտական-հասարակական նշանակություն։ 2014թ. մեր ներուժը այդպիսի համերգ-ներկայացման նյութ տալի՞ս է։
Արտասովոր օր եղավ (շատ քիչ եմ գործածում այս բառը)…
Օրը, որ Դավթի հանկարծակի հիվանդությամբ խառնակ սկսվեց, այսպիսին մնաց՝ ոչ սովորական… Ես «կլաս» խաղացի Հիմնական դպրոցի Գոհար Սմբատյանի նախակրթարանում՝ մի խումբ երիտասարդ-հմայիչ մայրիկների խրախուսմամբ… Լավ է մտածել Գոհարիկը՝ հենց մուտքի վրա գծած պատկերներ… Խաղալով մտնում ես… Կլասը, պարանը, ռեզինը՝ պարզ, ակտիվ-էժան ազարտի հասցնող խաղեր, ինչո՞ւ դուրս եկան առօրյայից. այսպես, նախակրթարանով ու կրտսեր դպրոցով կարող են վերադառնալ մեր երեխաների կենցաղ: Տիկին Աիդան, մեր դաստիարակները սրան հավատում են գործով: Կեցցեք: Ծնողների հետ կարճ խոսակցությունը լավ հարթակ էր՝ գնահատելու Գոհարիկին նորից, նրա բարեխիղճ-անկեղծ խելամիտ ջանքերը մեդիայում և ֆիզիկական միջավայրում…
Այսպիսի միջավայրում այսպիսի պատվիրատուի համար Տոն կոչվածն իրոք ծես է, հանրային երևույթ, որ թարմության ու միասնության աղբյուր է… Տարին այսպիսի ծես-տոներով՝ Զատիկ, Ձոն կնոջը (տեխնոլոգիական), հունիսյան, սեպտեմբերյան կրթական շքերթ, նոյեմբերյան կրթահամալիրի տոն, դեկտեմբերյան-ամանորյա, կարելի-հնարավոր-պետք է աջակցել մեր պատվիրատուին՝ որպես հավաքանի-հանրույթ կայանալու… Ես այսօր Գրիգոր Խաչատրյանի, Նառա Նիկողոսյանի, Առնոլդ Բլեյանի, Սուսան Մարկոսյանի հետ շատ ակտիվ սրա մասին էի խոսում… Սրանք կամուրջներ են, որ գցում են դեռ անջրպետով բաժանված կողմերի միջև… Առանց սրա հաղորդակցություն ո՞նց հաստատես…
Կրթահամալիրի կենտրոնը՝ իր համերգային դահլիճով, թատրոնով, ակումբների սրահով, մեդիակենտրոնով, տնօրենի գրասենյակով, մեդիագրադարանով ու մանկավարժության կենտրոնով, իր նվերն ունեցավ՝ թատերական-երաժշտական լույսեր ու բարձրախոս… Ես ու Քնարիկ Ներսիսյանը (բա, Ձյունանուշ ջան, բոլոր մեր տարիների) խոստանում ենք՝ 2015-ին կմեկնարկեն մշտական գործող թատրոնը, համերգը…
Ո՞վ կհանդգնի նավսել, Սյուզի Մարգարյան,Կարեն Խաչատրյան, Սվետա Ճաղարյան… Առնոլդ Բլեյանն էլ թող միանա մեզ. բաց նախագիծ է, համազգային իրագործում… Ես ու Սյուզին հայտարարում ենք 2015թ. առաջին Մեդիաուբաթը 50-50 սկզբունքով՝ որքան սովորող, նույնքան ուսուցիչ ու ծնող… Իսկ դրանից հետո մեր համերգ-ներկայացումներում ամբողջանալու ենք մասերի գումարումով՝ 1/3+1/3+1/3… Էլ մաս մնա՞ց, թող միանա՝ մենք ներառող, մեր հեղինակած կրթությամբ բաց հասարակություն ստեղծող ամբողջ ենք. տեղ կճարվի…
Հիմա այլ ռեժիմով եմ գիշերն ապրում. քնում եմ երեկոյան 10-ից գիշերվա 2-ը, գրում կարդում եմ, ինչպես հիմա, 2-ից 5-6-ը, հետո քնում էլի 1-2 ժամ: 7-ից ես ու Դավիթն արթուն ենք… Դավիթն ուզում է գիշերով սովորական ջուր, 2-3 անգամ, ուզում է-չի ուզում լողանալ, հիմա՛ է ուզում, մեքենաների մուլտիկն է ուզում նայել, փոքր մեքենաներն ուզում է դասավորել շարքով, իսկ իր նոր տնակում կենդանիների լոտո խաղալ Նազենի կրտսերի հետ… Ինքը ուրիշ բան չի ուզում… Մնացածը՝ երբ լույսը բացվի… Ու այս գիշերային եռուզեռի մեջ խլանում է Արմինեի՝ քնի մեջ լսվող բողոքը.
– Աստված իմ, ես ի՞նչ անեմ. գիշեր է, գժեր… քնեք։ Թողեք՝ քնեմ:
– Համբալներ, կամ այ հոգնածներ,- ավելացնում եմ ես…