— Պաˊպ, աˊյ պապ,- լողանալիս ցնցուղի տակից Դավիթ Բլեյանը շատախոսում-ամենախոսում է… Այսօրվա, այս օրերի հիմնական թեման նավերն են՝ մեծ ու փոքր…
— Թույլ քամին ինչո՞ւ չի կարող խորտակել մեծ նավը:
— Ի՞նչը կարող է մեծ նավը խորտակի:
— Ի՞նչ է փոթորիկը, ես ուզում եմ տեսնեմ…
— Ինչպե՞ս է նավն իմանում, որ տեղ է հասել…
— Նավը, որ մոլորվի, ի՞նչ կլինի…
— Ինչո՞ւ են աշտարակի լույսերը վառում… Փարոսների լույսերն ո՞վ է փոխում։
— Ինչպե՞ս է ինքնաթիռը տեսնում աշտարակը…
— Ճանապարհային լապտերների նմա՞ն են փարոսները՝ կարմիր, դեղին, կանաչ լույսերով…
— Ես գիտեմ երգ փոքր նավակի մասին, ես նավակի մասին միայն երգ գիտեմ: Ես մեծ նավ չեմ տեսել. մեծ նավի մասին ի՞նչ երգ կա…
— Պաˊպ, ա՛յ պապ, ես ուզում եմ մեծ նավով ճանապարհորդել՝ ես, Շուշանը, Արևիկը, Սոնան, մայրիկը և դու… Ո՞ր ճանապարհով պիտի գնանք…

Ինձանից լավ պապիկ դուրս կգա ի վերջո. ես չեմ լսել, որ թոռներս բողոքեն, ավելին, խաղի ժամանակ, որ մեր տանը երեկ Սուսան Դավթյանի մեթոդով կազմակերպել էր Արմինեն Սոնայի, Դավթի, Արևիկի հետ, ես ճանաչվեցի ամենապապիկը… ամենատատիկների շարքում Արմինեի անունն էլ կար… Շուշան Բլեյանի երեխաները, իհարկե, կլինեն շահեկան վիճակում: Ես բոլոր տվյալներն ունեմ ու պարտիզպան-պապիկի հեռանկարին սկսեցի կարոտել: Մի ցուցանիշ բերեմ՝ ամբողջ օրն անցկացրի Դավթի, Սոնայի, Արևիկի հետ՝ Խանջյանից «Հայրենիք», «Հայրենիքից»՝ Մանկական երկաթուղի, Մանկական երկաթուղուց՝ թունելով Մաշտոցի պողոտա-կինո Մոսկվա, «Ջազվե» սրճարանով՝ Խանջյանի մեր բնակարան, ողջ երեկոն հետո՝ մեր տանը ու… ոչ մի դիտողություն, ձայնի ո՛չ մի լարում… Ներդաշնակ՝ թոռների հետ, այդ թվում՝ տղա-թոռ Դավթի, ինչպես հասակակիցներ. դիտողություն կոչվածը անմիջական հարցեր են դառնում, որոնցով չիմացածս ուզում եմ պարզել իմ ընկերներից… Եվ հիմա մտածում եմ մեր առաջիկա հանդիպման մասին, ուզում եմ ներգրավել նաև մեծ թոռնուհի Արաքսիկին. ինչպե՞ս…

Գեղարվեստի 5 տարեկանների խմբում շաքարավազանկարչություն է: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Հայաստան-Իրան չեղած երկաթուղու անլուրջ-անհեռանկար նախագիծը ո՛չ ապագա է, ո՛չ ներկա. դեռ մի այս ֆիզակապես եղած, բարոյապես վաղո՜ւց մաշված Մանկական երկաթուղին ընդարձակե՛ք, ավերված երկու-երեք կայարանները կառուցեˊք, մի փոքր արկած հաղորդեք այս ճամփորդությանը, մի փոքր հիգիենա ու գեղագիտություն ապահովեք, որ խոսելու իրավունք ձեռք բերեք…

Վե՞րջ. Դավթի, Սոնայի ու Արևիկի հետ պայմանավորվեցի՞նք՝ Հրազդանի ձոր, մանկական այս տարածքն էլ հետը, կգանք միայն հետիոտն կամ հեծանվով՝ որպես արշավանքի մի մաս… Ո՛չ մի կարուսել, ո՛չ մի գնացք։ Ամենատպավորիչը եղավ մեր բարձունքի նվաճումը… Ձորն այսքան թշվառ-լքված-աներեխա ես չէի տեսել, այսքան անջուր-անխնամ… Այսպիսի կիրակի՝ սեպտեմբերի 27, այսպիսի եղանակ՝ պայծառ-խաղաղ-արևոտ… Կա՞ այս վիճակի, այս անտերության որևէ բացատրություն, երևանցիների, նրանց ընտանիքների ու երեխաների հանդեպ ավելի ցցուն արհամարհանք, մայրաքաղաքային ավելի մեծ թշվառություն… Անգամ այս՝ հակավիճակում, տեսեˊք՝ երկար թունելի գործող գիծը (մյուս գիծը ինչ՜ւ է փակ, ե՞րբ է բացվելու, ո՞վ է վերջին անգամ անցել նրանով) ո՜նց է ձգում, ի՜նչ ուրախություն է պարգևում Սոնային ու Դավթին, որոնց ետևից չես հասնի, իսկ Արևիկը պատրաստ է հենց հիմա սկսել պատի՝ իր նկարազարդումը.
— Մենք անընդհատ կփոխենք նկարները, Աշո՛տ պապիկ, մենակ այս հոտերը վերացնե՜ն…
Օրերս պարգևատրված մեծահարուստների փնջից մեկի ծառայությունը հայրենիքին լիներ եթե ոչ ամբողջ ձորի, նվեր-պարգև իսկական բնությամբ-գետով-կիրճով՝ երկա՜ր՝ քաղաքի միջով ձգվող այս աշխարհի վերադարձը մանուկներին ու նրանց Աշոտ պապիկներին. դե թող մի սիթի-պլազա-պիցերիայի, մի համերգի ու չգիտեմ ինչի փոխարեն միանան, գցվեն ու Ռուբեն Վարդանյանի «ԻԴԵԱ»-ն ծրագիր դարձնեն… Կամ էլ, ես համաձայն եմ, սա «Սեբաստացիներ» հիմնադրամին, ինձ հանձնեք… Ամոթ է: Ահա այս ձորը՝ մանուկների մասով, Մաշտոցի պողոտայից սկսած, թունելով, մուտքով ձորի, ողջ տարածքով, որ կոչվում է «Մանկական երկաթուղի» ՍՊԸ, մեր թշվառությունն է… Սրան ես դեռ կանդրադառնամ… Ինձ ուրախացրեց կիրակին այն փոփոխություններով, որ տեսա, որպես «Բարձրունքի հաղթահարում» սեպտեմբերյան նախագծի  անհատական արդյունք-ցուցանիշ և՛ Արևիկի, և՛ Սոնայի, և՛ Դավթի մոտ…
Ես քանի՜ կածան-արահետ տեսա Հրազդան-Զանգուի ձորից դեպի երևանյան բարձունքներ… Հոկտեմբերին իր մայրաքաղաքային տոնով՝ Էրեբունի-Երևանով, շտապ վերադառնանք, Կարինե Պետրոսյան ու ընկերներ, մեր գարնանային-աշնանային երևանյան նախագծերին… Մեր հեղինակային մանկավարժության բերած այս առողջն է մարդկայնացնում հանրակրթությունը… Նաև սա ենք փոխանցում ամեն օր մեր բաց հանրակրթական համակարգով, սեբաստացիական մատչելի-գրավիչ աշխարհով։

Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները Կոմիտաս ունկնդրելիս: Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Մեծ դժվարությամբ համաձայնեցի կրթահամալիրի կրտսեր դպրոցների բաց լողափերից լողավազանների հավաքմանը… Տեսա՞ք, որ սեպտեմբերն օգոստոսից անունով էր տարբեր, ամառ էր, շոգ էր, ուսումնական էր. շնորհակալ եմ լողափերի հունիս-սեպտեմբերյան գործունեության ապահովման համար յուրաքանչյուր ուսուցիչ-դաստիարակի… Պայմանավորվենք, որ 2016-ին բացօթյա լողուսուցումն սկսում ենք մայիսից. ես չեմ մոռացել Մայր դպրոցի մեծ լողավազանի կառուցման մասին, ավելին՝ դրա նախապատրաստումն ինձ զբաղեցնում է հիմա, դուք կիմանաք ես այս խայտառակությունը երկար չեմ հանդուրժի… Իսկ դուք լիարժեք օգտագործեք մեր 5-11 տարեկանների համար նախատեսված ծածկած լողավազանը. ողջ աշուն-ձմեռ-գարուն նաև որպես լողուսուցման մարզիչ պիտի աշխատեն բոլոր դասվար-դաստիարակները, մարզիչները, մեր լողորդ պատանիները… Իսկ Զարինե Պապոյանն ու Տաթև Աբրահամյանը դեպի Մայրավանք իրենց արշավով՝ հոկտեմբեր ամսվա ամենագրավիչ երթուղին հաստատելով՝ դարձան իմ աղջիկները… Սեբաստացի աղջիկների այսպիսի շարան… Տղանե՛ր, պա՛ր բռնեցեք Ստեփան Թորոյանի հետ, սկսեք, նորեն սկսեք գովել իմ աղջիկներին ու հարս ընտրե՛ք… Այսպիսով 2015-2016-ը պիտի դառնա նշանավոր նաև ամուսնությունների քանակով-ծեսով…

Գեղարվեստի դիզայնի-քանդակի լաբորատորիայում 3-4-5-րդ դասարանների տեխնոլոգիայի, ընտրության միասնական գործունեություն է: Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի:

Մանկավարժական լաբորատորայի շաբաթօրյա քննարկման թեման էլի լրացուցիչ կրթությունն էր, բայց, այս անգամ՝ ուսուցիչներին վերաբերող մասով… Լրացուցիչ կրթության կազմակերպումը պիտի անհատականացվի այնպես, որ ոչ միայն հարմար լինի, դառնա իր կյանքն ու աշխատաժամանակը, իրեն ապրելու-գործելու հավես հաղորդի, ծառայի մարդու-ուսուցչի ինքնադրսևորմանը… Լրացուցիչ կրթությունը, եթե խոսքեր չեն, կամուրջներ պիտի նետի կրթահամալիրի ու հասարակության ամենաընդունակ, հասարակական հեռանկարի պատվերով ապրող-աշխատող անհատների, խմբերի համար: Այս անգամ մենք անդրադարձանք արվեստ և երաժշտություն դասընթացների կազմակերպմանը, օրակարգում են՝ բանավոր մաթեմատիկայի, օտար լեզվի ուսուցման, լողի, հայրենագիտության, … կազմակերպումը:

Իսկ Դավիթ Բլեյանն ուզում է կարմիր վարդ տանել Սոնային՝ մեծ, ուսուցիչ Սոնային՝ իմ Սոնա Փափազյան աղջկան… Շաբաթ օրվա՝ Թեժառույքի, Մեղրաձորի, Մարմարիկի ջրամբարի համար…
— Պա՛պ, ինչքան շատ աղջիկնե՜ր ունես…

Գեղարվեստի նախակրթարանի աղջիկներ Շահանեն ու Մոնիկան: Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

#461

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կտեսնեք ծերացածին` հարվածեք

Ավելացել են նաև կրթահամալիրի կապերով մարդիկ. լավ է, որ բոլորը գիտեն իմ գործը, և կրթահամալիրի նկատմամբ հարգանքը փոխանցվում է ինձ: Այսպես անբաժան՝ ես ու կրթահամալիրը կանգնած ենք. մեզ մոտենում են

Ամառ է, արձակե՛ք ձեզ, ու, հայդե, աստղերը հաշվելու…

— Ի՞նչ եք կարդում հիմա, ի՞նչ է դրված ձեր սեղանին,- հետաքրքրվում է իմ օրագրի համառ ընթերցողը։ Մխիթարյան հրատարակության «Գրական ցոլքեր» շարքից՝ Արփիար Արփիարյան ու Միսաք Մեծարենց։ Այդ շարքի գրքերը «դպրոցական

Փորձանքից ելքը թող այսպես լինի… Զանգ ընկերոջը, մինչև…

Դավիթ Բլեյանը պարտեզում հանկարծ սկսել է ջերմել, քնել է երկա՜ր, մամա՜ ջան… Տանը ես ու Արմինեն տրամադրություն չունենք… ես գնացի քնելու… Հատկապես, որ տան ճանապարհին՝ ռուսաց եկեղեցու մոտ իմ հեծանվի