Ինչին դժվար է հավատալ, կասկածեք ու անցեք առաջ 

04-ին մոտ է, օրը՝ կիրակի. օրվա գիրն իմ առջևում է: Այսպես օր օրի մոտենում ենք հուլիսի տասնյոթին՝ իմ բլոգ-կայք օրագրի ընթերցող-բարեկամ-աջակիցների հավաքին: Օրը սրանով է որոշվել` հունիսի 17-ի ժամը 04-ին ես սկսեցի իմ օրագրի առաջին գիրը: Դժվար է հավատալ, որ ես անընդհատ, ամեն օր գրելու եմ. կասկածեք ու անցեք առաջ: Ապրելու եմ հարյուր տարուց ավելի. ոչ թե պատկերացնում եմ իմ երկար ապրելը, այլ չեմ տեսնում իմ մահը:

Օրվա՝ հուլիսի 13-ի արտասովորությունը ապրեցի մեկ օր առաջ. խառնել էի շաբաթն ու կիրակին: Արթնացել էի հուլիսի 12-ին, ինչպես կիրակի օր, օրվա գիրն էի հանձնել, որպես կիրակնօրյա գիր… Աղոթք որակեց իմ օրվա թղթերը Սյուզի Մարգարյանը, ում ես այնքան անսպասելի հանդիպեցի Մարմարյա սրահում. այնքան անսպասելի, որ  շփոթմունքս ծածկելու համար խնդրեցի ինձ ուղեկցել Մեդիակենտրոն:  Գործատուի իմ հարցին, թե ինչով էր զբաղված, պատասխանեց` աղոթք կարդալով:  «Աղոթք կարդալո՞վ»-, հարցնում եմ և ուղիղ նայում աչքերին:  Սա Սյուզիի հնարքն է, մանկությունից շա՜տ ծանոթ. «Դե, նայիր աչքերիս ու ասա»: Նայում է մեր փոքրիկը. «Ճիշտ եմ ասում, ձեր օրագիրն էի կարդում»:

Շուշան Բլեյանի` ժամանակագրությամբ իմ երրորդ աղջկա ծննդյան օրն է հուլիսի 13-ը: Օր չէ, այլ աղոթք: 1978-ին, հունիսի 1-ի 2-ի արանքում ծնվում էր իմ առաջնեկը, մեծ խումբ ընկերներով վստահ էինք, որ տղա է ծնվելու: Բլեյանից որ տղա չի ծնվելու, էլ ի՞նչ… չգիտեինք ու վստահ էինք: Տեսա՞ք` ինչ տղա ծնվեց` Լիլիթ Բլեյանը: Ու Աստված ասաց. «Շնորհ է», ու շնորհ եղավ: 1980-ին, մարտի 11-ին, իրիկունը, Արեշի ծննդատանը ծնվում էր իմ երկրորդ զավակը: Էլի ընկերներով սպասում էինք: Ուզում էի, որ աղջիկ լինի, անունն էլ ամիսներ առաջ Տաթևավանքում որոշել էի, ու այդպես եղավ՝ Տաթև ծնվեց: Աստված ասաց. «Ջիգյար է», ու սիրտ եղավ:  1995-ին Հանրապետական ծննդատանը ծնվեց Շուշանը. գիտեի, որ աղջիկ է, և ուրիշ այլ բան, քան երրորդ աղջիկը, չէի ուզում: Եվ այդպես եղավ: Ոչ մի կերպ չէի կարողանում որոշել անունը. շնորհակալ եմ Կարինե Ջանոյանին, որ անվանակոչելու իրավունքը նվիրել էր ինձ: Տաթև-Լիլիթը չափահաս էին ու միջամտում էին, վիճարկում իրենց նախարար հոր իրավունքը: Ծննդատան գլխավորն ընդառաջ գնաց իմ խնդրանքին: Իմ երրորդ աղջկան բերեցինք տուն, ու մեկ-երկու օրից բնական գտնվեց, կպավ անունը: Այդ ընթացքում քանի՜ անուն փորձեցինք, չէր սազում:  Հետո Շուշանը, Շուշոն կպավ ու սազեց: Եվ Աստված ասաց. «Ծաղիկ է», ու ծաղիկ էլ կա` ինչպես ծնունդ ընդունող տղամարդ բժիշկն ասաց` այսքան նման իր հորը:

Այսպես շփոթած պատրաստ էի շարունակելու օրը, երբ հնչեց Գայանե Առաքելյանի զանգը: Դժվար է հավատալ. այսքան ուժ, գործողություն, անկեղծություն ու նվիրում նույն մարդու մեջ: Արձակուրդ է, հուլիսի 12, շաբաթ-կիրակի է, առավոտ 09-ին մոտ: Գայանեն գործում է Գեղարվեստում, ոչ միայնակ՝ շուրջը սովորողներ, աշխատողներ, հյուրեր… դժվա՞ր է հավատալ. կասկածենք ու անցնենք առաջ: Նորից շփոթմունքս հաղթահարելու նույն ձևը. քայլենք` առաջարկում եմ Գայանեին, ու Գեղարվեստ-Մայր դպրոց մեր ճամփան որ գրի առնվի, է՜… Ա՜յ, մանկավարժությունը սա է: Իսկ ավարտը` լսե՛ք: Գայանեի՝ ճանապարհին հանկարծ հասած շփոթը. լռեց, այլայլվեց, չի կարողանում խոսել: Զանգել է Սոֆին, մեր մայրենիի ու մեր բոլորիս Սոֆյա Այվազյանը, տվել է տղայի անունը՝ երաժիշտ Տիգրան Այվազյանի, ու չի կարողացել շարունակել: Պարզվում է, երեկ հայտնի կիթառահար Տիգրան Այվազյանը, որ օրերս միություն կազմեց իր հայտնի դարձող խմբի մենակատարուհու հետ, պատրաստվում էր ընկերների, հարազատների հետ նշելու իր ծննդյան օրը, գիշերը սրտի հետ կապված ուժեղ խնդիր է ունեցել, երկրորդ շտապօգնությունը բժկուհու կատեգորիկ պահանջով Տիգրանին տեղափոխել է հիանդանոց, ու շտապ կատարվել է սրտի միջամտություն: Հիմա ամեն ինչ լավ է, հուսանք` ավելի լավ կլինի: Սոֆյայի այնքան ուշադիր ամուսինը երախտիքի խոսքեր էր ուղղում շտապօգնության բժշկին, վիրահատող բժշկուհուն: Պետք էր տեսնել, թե ինչ էր կատարվում Գայանեի հետ: Դժվար է հավատալ:

Տարիներ առաջ, երբ ողջ էր Համո Սահյանը` իմաստուն, խաղաղված սիրելի գրողն ու մարդը, ես առիթը բաց չէի թողնում նրա հետ շփման: Մի անգամ նա կարդում էր իր նշանավոր բանաստեղծությունը`

Ժամանակները խառն են ու խրթին.
Ինչ-որ տագնապ է ամպն իր հետ տանում,
Ինչ-որ սարսուռ կա անտառի շուրթին,
Ինչ-որ խորհուրդ կա, որ չեմ հասկանում:
Ժամանակները խառն են ու խրթին.
Հողմը ննջում է, հովն՝ ըմբոստանում,
Ինչ-որ հառաչ կա քարափի շուրթին,
Ինչ-որ բողոք կա, որ չեմ հասկանում:
Ժամանակները խառն են ու խրթին.
Հողը գժվում է, ջուրն իմաստնանում,
Մեռած հույսերը ծնվում են կրկին,
Ու սիրտս կրկին բան չի հասկանում:
Լեռների վրա և տափաստանում,
Լույսի մեջ անգամ խորհուրդ կա մթին,
Օրերն իրարից բան չեն հասկանում,
Ժամանակները խառն են ու խրթին…

Հարցրի. «Վարպետ, գրածի մեջ իսկապե՞ս Ձեզ անհասկանալի բան կա»: «Տո, լավ էլ հասկանում եմ, Աշոտ ջան»: Հիմա ես ասեմ` տո, լավ էլ հավատում եմ: «Դժվարանում եմ ասել», «դժվար է հավատալ»-ը երանգավորող բառ են թե բառակապակցութուն. լավ էլ հեշտ է հավատալը, երբ սեբաստացիներին ավելի ու ավելի միավորում է կենսախնդությունը, անմիջականությունը, մարդկային հավատարմությունը և մանկավարժական մասնագիտական հավատարմությունը գաղափարներին: Ու թող կիրակնօրյա աղոթք հնչի. «Ինձ շրջապատում են այդպիսի մարդիկ»: Իմ շաբաթ-կիրակին նշանավոր դարձրած Շուշան Բլեյանը, Գայանե Առաքելյանը, Սոֆյա Այվազյանը, Կարինե Մացակյանը հենց «դժվար է հավատալ» շարքից են, ու իմ սիրտը դրանից փառավորվում է:

Շաբաթն անցավ փութաջան պատրաստությունների մեջ, առաջին կեսը՝ կրթահամալիրում, «Սեբաստիա» մարզահամալիրում, գործ, որն ինձ ավելի ու ավելի շատ է զբաղեցնում, խանդավառում, իսկ օրվա վերջում՝ տանը, Կարինե Մացակյանի, վարպետ Վարդանի, իմ բարեկամ Վահրամի, Ռուզանի ու Արմինեի հետ Շուշանի սենյակը բնակելի վիճակի էինք բերում: Մինչ մենք մեր տոնական պատրաստությունների մեջ էինք, Արմեն Մարտիրոսյանը, Դպրոց-պարտեզի Լուսինե Պետրոսյանի սանը, համակարգչով նկարում էր Շուշոյի դեպի բեմ ճանապարհը:

Սենյակը երգչուհուն վայել է, յուրահատուկ: Սենյակի դուռը՝ դեպի ընդարձակ բակ-պատշգամբին է նայում, «Դեպի բեմ» համերգային պաստառով, իսկ սենյակի պատշգամբ-պատուհանը՝ դեպի Նորքի բլուր և Օղակաձև այգի: Դավիթն իր նվերն է պատրաստել իր աննման, խուճուճիկ քույրիկին, ում հաճույքով «Շուշո՜», «Շուշա˜ն» է ասում: Հավքի պես, մեր բլբուլ աղջիկը… Առավոտյան ավազանում ցուցադրեց քույրիկի` Վիեննայից բերած ջրային կիթառը: Ծը՜նգըլը-մը՜նգըլը ծի՜վ-ծի՜վ-ի համար ուշքը գնում է:

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա, որ Շուշանի գովքը անեմ՝ ծի՜վ-ծի՜վ…

Հետո պատշգամբի իր ծորակից… Ուշադիր, ցուցադրում եմ նոր, անհրաժեշտ կրթական գործիք` Դավթի հասակին հարմար ծորակ-լվացարան պատշգամբում. ինքնուրույն մոտենա, բացի ծորակը, քիթիկը մաքրի, ջուր խմի, ցնցուղը լցնի, ինչպես հիմա, ու քույրիկի նվեր վարդերը ջրի-ցուցադրի, իր բանջարանոցն անջուր չթողնի: Դժվար չէ երևի: Արտաշես պապիկն ու Նեկտար հորաքույրը շատ հավանեցին մեր մանկավարժական այս հնարքը:

Ես անընդհատ ներս ու դուրս եմ անում` այս անգամ սահմանափակելով ինձ Մայր դպրոց-Գեղարվեստ-Մեդիակենտրոն եռանկյունիով: Դրախտի պատը պիտի ցուցադրվի հուլիսի 17-ին, գծանկարի նոր սրահի կազմակերպումը հետ է ընկել, Մայր դպրոցում 2014-ի գլխավոր իրադարձություններն են՝ սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, քարը պատռվի, հասե՛ք, աջակցե՛ք:

Իմ աչքն, իհարկե, ճամփեքին է. Կողբի Զիկատարից, Արցախի Շուշիից դեպի Երևան են շարժվում մեր բնապահպան, հայրենագետ-ազգագրագետների խմբերը: Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում:  Կեցցե՛ք, ես գրկում եմ վաթսունհինգ ճամփորդ սեբաստացուց յուրաքանչյուրին, իսկ ձեր ծափողջույնների ներքո` ճամփորդությունների ղեկավարներ Մարթա Ասատրյանին և Ազնիվ Հովհաննիսյանին: Բարի վերադարձ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արատեսի դպրական կենտրոն

Երեկ, այսօր, վաղը ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծել է ՀՀ կառավարությունը 1989թ.։ Կրթահամալիրի պետական լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը,

Մանկավարժության գյուտարարի տղան՝ գյուտարար…

Ամանորյա ուսումնական նախագծերը՝ հանդես-ցուցադրություն-ներկայացում-ընդհանուր պարապմունքները սեբաստացիական աշխարհում՝ ներսում-դրսում, զարգացումների նոր փուլ են մտնում՝ Մարմարյա սրահով, «Սեբաստացիներ» համերգային դահլիճով, կրթահամալիրի դպրոցներով-նախակրթարաններով, «Հայաստան» կինոթատրոնի բացօթյայով-պուրակով, «Բոհեմ» համերգասրահով... Ծաղկունքի բաց դպրոցով, ամանորի-Սուրբ Ծննդյան

Ապոգեյում գտնվող լուսին․․․ Կվերադառնա՜․․․

Խե՜ր լինի․․․ Իմ օրագրի՝ օրվա գրի առաջին տողը-գլխագիրը սկսել է Դավիթ Բլեյանը որոշել․․․ Այսօրվանն էլ։ Երեկ առավոտյան կրթահամալիրի Բանգլադեշով իմ ու Արմինե Թոփչյանի աշխատանքային փաստագրական-արձանագրային հեծանվաայցը մեր արևմուտքի դպրոց-պարտեզում ավարտվեց ․․․ Ես