Ամենաշատը հիմա չեմ սիրում փուչիկի ճռճռոցը գիշերվա ժամը 3.00-ին, 4.00-ին, 5.00-ին, երբ սենյակից սենյակ խարխափելիս (հո բոլոր լույսերը չե՞մ վառելու, երբ Երևանը քնած է) նրանք հայտնվում են հողաթափերիս տակ՝ հակառակ իմ ձեռք առած բոլոր արտակարգ զգուշություններին… Իմ օրն այսպես է սկսվում՝ կենսական տարածքներն ազատագրելով Դավիթ Բլեյանի՝ հատուկ կարծես հենց ինձ համար ստեղծած մեքենա-լեգոյական թակարդներից… Երբ ես քնած եմ լինում, ինչպես այս անգամ, Դավիթը փոխում է թակարդ-ականների դիրքերը… Զգուշությունը լավ բան է՝ ինձ համար է ասված, թե չէ իրիկունվա պես կլինի… 1 կմ-ոց շարքը ձգվում է բնակարանով մեկ, սկսած «Քինդեր» ձվիկից դուրս եկածով, վերջացրած… վերջ ունի՞ որ… Ես ու Արմինեն պատահմամբ կպանք ոտքով…
– Ա՛յ համբալներ, ավտոշարքս մի խառնեք…
Արմինեի վիճակն ավելի աննախանձելի է լինում հաճախ…
– Չպատմես, խնդրում եմ…
Տո, հենց պատմելու բան է…Առանց այսպիսի պատմությունների՝ օրագիրս կզրկվի իր համ ու հոտից էլ, ընթերցողից էլ…
Դպրոց-պարտեզները, երբ շենքում օրգանապես լուծված-ներառված են 2-4, 5 տարեկանների խմբերը, 1-3-րդ դասվարական դասարանները, 4-5-րդ դասարանները, կոկոսի համը առնելուն՝ օր առաջ հասունության հաջորդ աստիճանը (խումբը, դասարանը, տարածքը, հարթակը) նվաճելուն մղված երեխաների համար գտնված լուծումներ են՝ փրկելու աստիճան… Ես այսպիսի բազում դեպքեր-պատմություններ գիտեմ, երբ 3-4 տարեկանը մի շրջան հայտնվում է հինգ տարեկանների, 1-5-րդ դասարանցիների աշխարհում՝ քույրիկի-եղբոր, դաստիարակ մոր կամ ծանոթ-հավանած դաստիարակի խմբում, դասարանում… Ահա, Դավիթը հայտնվել է մայրենիի ուսուցիչ մայրիկի 4.2 դասարանում, ընտանիքով սեբաստացիներ Կարմիրշալյանների (իմ ողջույններն ու հարգանքները բոլորին՝ մեծով-պստիկով) Վահեի կողքին… Վահեի կողքի նստարանին… Վահեի եղբայր Ալեքսը Դավթի ընկերն է պարտեզում… Մինչև Դավիթը կհոգնի կամ կկարոտի, կգնա մեծ աշխարհի իր անկյունը, կամ դաստիարակ ընկեր Կարինեի-Տաթևիկ քույրիկի դեսանտը կկարողանա «գերել-տանել պանրի հոտով», որքան էլ Դավիթը, ինչպես իր մայրիկը պանիր չի ուտում… Զվարճալի տեսարան՝ Վահեն ու Դավիթը կողք կողքի, մայրիկ-ուսուցիչը դաս է վարում, ոգևորվում է, սովորողներին դիտողություն անում, հանդիմանում-զուգահեռներ անցկացնում… Վահեն քրթմնջում-թաքնվում-թաքցնում է… Արմինե ուսուցիչ-մայրիկն ավելի է լարվում… Ու Դավիթը՝ բոլորին լսելի, դասարանով մեկ.
– Այ համբալ, ձենդ կտրի…
Պայթյուն, հրճվա՜նք դասարանում… Պարզվում է՝ մեր հոգատար Վահեն, որպես ավագ, փորձել է լսելի չդարձնել, մարել՝ Դավթի ցածր արտաբերած նմանատիպ, մորն ուղղված, կանխարգելիչ արտահայտությունները՝ բնական ծիծաղն-ամոթը զսպելով… Իրավապաշտպան, ընկերասեր, միջոցների մեջ խտրություն չդնող է մեր Դավիթ Բլեյանը…
Իրիկունը տանը Դավիթը հաճույքով կրկնում է ասածները, զարգացնում, զավեշտը դարձնում կատարյալ՝ ողջը նկարելու-տեսագրելու նյութ, ուղիղ եթեր «Սեբաստացի» TV-ում…
Գրիգոր Խաչատրյանը կխոսի (քիչ մնաց՝ կգնա, հետը կտանի էն աշխարհ), չի արվի… Ո՞վ անի… ԻսկՀանրակրթական դիջիթեք 2015-ում նման քանի՜ անվանակարգ կա… Է՛լ «Էլեկտրոնային գիրք, մեդիագրադարանի փաթեթ», է՛լ «Ուսումնական նյութ, այդ թվում՝ հեռավար ուսուցման, Notebook ծրագրով», է՛լ «Դիջիթեքն ընտանիքում»… Ինտերնետ աշխարհի «թոփերին» արժանի քանի՜ այսպիսի պատմություններ-տեսարաններ՝ սեբաստացի ընտանիքներում-դպրոցներում… կյանքերում, այդպես էլ շահառուին անհասանելի են մնում… Մեր կրթական ծրագիրն իր անհապաղության մասով կաղում է իրագործման մեջ… Ես կարողանո՞ւմ եմ ինձ հետ պատահածը, իմ տեսածը-լսածը կենդանի-գրավիչ՝ նկարներով, դրանք շարժելով (անիմացիա) պատմել… «Սեբաստացի» TV-ի, ռադիոյի զարգացումը, միջազգային լեզվով ասած, դրանց գործունեության դիվերսիֆիկացիան (բազմաձևությունը) կարող է-պիտի բերի, ես ասում եմ՝ շուտ բերի, տեսնենք, զրկված չմնանք… Չնայած, զրկվողը չենք, ճիշտ Դերենիկ Դեմիրճյանի Պույ-պույն ենք, հերիք է կոկոսի անունը, հեռանկարը, հնարավորությունը…
Երեկ երաժշտության դաստիարակ-դաշնամուրի ուսուցիչ Հասմիկ Մաթևոսյանի կազմակերպած երաժշտության հերթական տոնը՝ Գեղարվեստի Բաբուջյան Կարինեի դասարան-աշխարհում… Ինչ լավ է, որ ես այդ ժամին աշխարհի այդ քառակուսի մետրի վրա էի, իմ տեղում, որպես հանդիսատես՝ ոգևորող-գնահատող, այս ձևով՝ կոնկրետ խմբի, անհատների դաստիարակությանը-ուսուցմանը մասնակցող, ինչպես դրա առաջին օրը, ինչպես նախորդ օրը մեր Մայր դպրոցի մարմնամարզական դահլիճում՝ բատուտի (ցատկացանցի) ֆեդերացիայի նախագահ, մեր մարմնամարզական ծրագրերի ղեկավար, Գինեսի գրքից Բանգլադեշում հայտնված Դավիթ Ֆահրադյանի մանուկ մարմնամարզիկների տպավորիչ հավաքին… Ի՜նչ կենդանի էր, ի՜նչ մարդաշատ… Այդպիսի տարածքներ Երևան քաղաքի բնակելի արվարձաններում (Հարավարևմտյան, Դավիթաշեն, Էրեբունի, Նոր Նորքի զանգվածներ) 1970-80-ականներին կառուցված 1568 աշակերտական նստատեղով տիպային դպրոցների շենքերում տասնյակներով կան… Միայն Բանգլադեշում՝ ութ հատ… Դրանք բարձր ու ընդարձակ, մեծ ծախսերով, միջոցներով, ջանքերով ստեղծված, աչքի լույսի պես, որպես թանգարաններ պահպանվող հանդիսավոր դահլիճներ են՝ ամիսը մեկ-երկու միջոցառման համար, կամ… Այսպիսի ուսումնասիրություններով զբաղվո՞ւմ են որ… Մայր դպրոցում այս տարածքը, որպես հանրակրթական մարմնամարզության կենտրոն, բանուկ է շաբաթվա բոլոր օրերին, առավոտյան 9.00-ից մինչև երեկոյան 19.00 հաճախում են՝ հինգ տարեկանից սկսած… Երբ տարիներ առաջ երախտահիշատակ մարզիչ-մրցավար-ֆիզկուլտուրայի գործի նվիրյալ կազմակերպիչ Վահան Ասատրյանի նախաձեռնությամբ, աչքի առաջ ունենալով Դավիթ Ֆահրադյանի եռանդն ու շնորհքը, մեր թատերական-նիստերի դահլիճն սկսեցինք ապամոնտաժել, քանդել, շատերն էին տարակուսում… Իսկ հիմա… Տեսեք՝ որքա՜ն ծափերի-գնահատականի արժանացա ես՝ ինձ ծանոթ-անծանոթ, սեբաստացի-ոչ սեբաստացի տարատարիք շահառուների կողմից՝ մասնագետներ, ծնողներ, երեխաներ…
Ի դեպ, պատահական չէ, որ երաժշտության ու մարմնամարզության մասին խոսում եմ, որպես հանրակրթական ֆենոմեններ՝ կողք կողքի… Երկուսն էլ, ցավոք, արտաքսված-այլասերված-չհասկացված են հանրակրթության մեջ: Մեր՝ հեղինակային մանկավարժության (դաստիարակության) ծրագրերով նրանք ներառված-մեկտեղված- կարևորված են՝ սկսած երկու տարեկանների դաստիարակությունից. մեր հինգ նախակրթարաններում բոլոր 15 խմբասենյակները մարմնամարզական-երաժշտական դահլիճներ են՝ իրենց միջավայրով-գործիքներով, ծրագրերով, կազմակերպմամբ, մասնագետներով… Մեր չորս կրտսեր դպրոցներում էլ ամենաբանուկ-խնամված գոտիներ կան՝ մարմնամարզական-երաժշտական պարի սրահի ձևով, հայելիներով, անգամ հանդերձարաններով, սանհանգույցներով… Իսկ մեր կենտրոնական մեծ մարմնամարզական դահլիճն ու «Սեբաստիա» մարզադաշտը, մորս ասած, «ասելիք» են, իհարկե… Համերգային դահլիճները՝ Մեդիակենտրոնի, «Սեբաստիա» մեծ դահլիճը, փոքր դահլիճը, Գեղարվեստի դահլիճը, Մարմարյա սրահը, «Տանիք»-հրապարակը, խոհանոց-ակումբները, բավարարում են բազմաձև (ճաշակը մեկն է՝ անճաշակությունն է շատ) երաժշտության պահանջը, խթանում, առաջացնում այսպիսի պահանջ՝ սկսած 2 տարեկանից… Որովհետև երաժշտությունն «ամենեն մաքուր հայելին է ցեղին» մտավոր զարգացման՝ սրտի և ուղեղի միջով, կարճ ճանապարհով… Վերաբերմունքը, խնամքը, առողջ մարմնի կարևորումը՝ նույն է թե մարմինը մարզելու կուլտուրան սկսվում են գլուխկոնծիից, իհարկե, ու երբ հատուկ շորերով, մարմնամարզիկի կեցվածքով 5 տարեկանը քայլում է՝ հայելու մեջ իրեն նայելով… Ահա այս մարմնամարզական քայլքը ու համերգի պատրաստվող երեխայի մղումն են դպրոցը, հանդիպման վայրը՝ առողջ մարմնի և հոգու… Ես ասում եմ՝ Ոգու հայտնություն՝ հանրակրթության միջոցով ու արդյունքում… Ահա ինչու ես կրկնում եմ իմ հրավերը, որպես կոչ՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի, կրթահամալիրի կողմից՝ մեր բազայի վրա անցկացնել մարմնամարզական հանրակրթական օլիմպիադա՝ հանրապետության սովորողների և ուսուցիչների համար՝ միասին կամ առանձին-առանձին… Ահա ինչու, ես անհամբեր սպասում եմ, մենք տենդագին պատրաստվում ենք մեր մարմնամարզական ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսին և երաժշտության ուսումնական կենտրոնի ամանորյա համերգին՝ «Սեբաստիա» կենտրոնական համերգային դահլիճում… Համեցեք, բա ինչու ենք մենք բաց գործում…
Արտասովոր տոնածառերի շքերթը իմ բլոգում շարունակվում է։
Համեցեք դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14.00, Մայր դպրոց՝ անսովոր տոնածառերի, աքսեսուարների տոնավաճառին…