Դավիթ Բլեյանը վերջին օրերին հաճախ է գործածում «Երբ ես փոքր էի, հիշո՞ւմ ես»… Երեկ ձեռքին հայտնվեց ծծակով ջրի շիշը, այն դեպքում, որ երբեք ծծակ չի գործածել… Ծծակով շիշը, չամաչեց, տանից դուրս գալիս հետը վերցրեց։ Իմ զգուշացումը՝ Դավիթ, դու մեծերի խումբ ծծակով ես գնում, ի՞նչ կասեն, ետ չկանգնեցրեց նրան… Ես Արմինեին ու Դավթին ուղեկցեցի Դպրոց-պարտեզ. Արմինեն, գիտեք, 4-5-րդ դասարաններում մայրենի է դասավանդում… Դավիթն էլ գնաց մայրիկի հետևից դասի՝ ծծակով ու իր շշով… Կպատահի, կրթահամալիր է… իր հեղինակային մանկավարժությամբ… Ես ծանոթացա Դպրոց-պարտեզի ամանորյա ձևավորումներին ու բակով թափառելով, այգով, մանկական-վերգետնյա անցումով եկա Մայր դպրոց…
Այգում միայն իմ ոտնահետքերն են, որ գիշերը տեղացած ձյան բարակ շերտը տպում է… Ինչո՞ւ, երբ ժամը ինն է արդեն. այգու հարևանությամբ մի ամբողջ թաղամաս է բնակելի, հայտնի ծննդատուն և աշխարհահռչակ դպրոց՝ իր պարտեզով կամ պարտեզ ստեղծած դպրոցով… Այգիները, բացօթյա տարածքները Երևանում այդպես էլ շուրջտարյա բանուկ չեն, ընդամենը սրճարաններ են՝ կարուսելներով, մայիս-սեպտեմբեր ամիսների համար… Շո՞գն է բերում… Իսկ նոյեմբեր-մարտ, անգամ ապրիլ ամիսներին ցո՞ւրտ է, կանաչն էն չէ՞… Տո, Երևանում ի՞նչ ցուրտ, ի՞նչ ամառ-ձմեռ. տարի է՝ իր չորս պայմանական եղանակներով… Դուրս եկեք դուրս…
Մայր դպրոցի դաշտում ինձ ուրախացնում է վարժարանցիների դեկտեմբերյան (ձմեռային) ֆուտբոլը… Հա, մի քիչ թաց է, հա, թող ձյուն գա, անպայման տաք լինի մեր տներում, աշխատավայրերում, ուսումնական հաստատություններում, բայց ամառ-ձմեռ մեր բնական կենսագործունեության մի երկար ժամանակ անցկացնենք բացօթյա՝ ներս ու դուրս անենք, դուռը չփակվի, հեշտ հանենք-հագնվենք… Ի՜նչ լավ ամանորյա մաղթանքներ են սրանք՝ հեղինակային… Չգիտեմ միայն, Վարժարանի Դավիթ Սարգսյանը սրանք նորանոր մտքեր կհամարի՞… Դավթի բարեմաղթությունը Վիկա Մարկոսյանի հեղինակային հաղորդումով ինձ անակնկալի բերեց. Դավիթն ինձ ցանկացավ նորանոր մտքեր… Իհարկե: Ու կբերի: Իսկ ձեզ, սիրելի սեբաստացիներ, ուժ, կարողություններ… դրանց իրագործմանն առավելագույն մասնակցելու… Թե չէ դրանք հայտնի աղվեսի պոչի նման՝ «զարդ չեն ու զարդարանք, այլ ձեր գլխին պատիժ-փորձանք»…
Իրիկունն արդեն, տանը, ես իմացա՝ Դավիթ Բլեյանի «հիշում ե՞ս, երբ ես փոքր էի» արտահայտությունն ու ծծակով շիշն ինչ շարունակություն են ունեցել պարտեզում… Դավիթը կամավոր մտել է փոքրերի խումբ, գրկել ընկեր Նորային՝ իր մսուրի հայտնի դայակին… Այն Դավիթը, որ ամիսներ շարունակ զոռով փոքրերի խմբի դռանն անգամ չէիր մոտեցնի, անունը որպես բոբո էր ընկալում… Վայ, Նորա ջան, քո այսօրվա չափ հուզվեցի… Թե չէ անհանգստանում էի, թե «անաղուհաց քրդի շուն է» մեծանում…
Իսկ Դավթի «դու մի՛ լսի բարկացի» մի քանի անգամ արտաբերած ցանկությունը, թե հորդոր-հանդիմանությունը… ի՞նչ է… Ո՞նց են այսպես, հավատարիմ-զգայուն լինում, ինչպես շուն…
։Ես հաշվապահությունում առավոտյան մեր ավանդական աշխատանքային հանդիպման ժամանակ Դավթի ասած՝ լսեցի-բարկացա ու տեղս չեմ գտնում, ոնց որ դեմքս կորցրած մարդ… ուզում էի դրանից հետո յուրաքանչյուրին գրկել-փարվել… Ու, տեսեք, դեռ չեմ հաղթահարել… Ի՞նչ անի խեղճ Ձմեռ պապին: Մեր «Առականի» բլոգում կարդացի. «Ցավոք, դու չես կարող ոչ մեկին օգնել, քանի դեռ չես կարողանում օգնել ինքդ քեզ»… Անգամ Բուդդա ուսուցիչը… Իսկ «Առականու» հեղինակները, ռադիո «Բանից» իմացա, լավ են որոշել՝ հենց այսպիսի գործերի, նախաձեռնությունների համար է որպես բաց ստուգատես-հարթակ մտածված Հանրակրթական Դիջիթեքը… Ո՛չ օրագրի ընթերցողից կարող եմ պահել, ո՛չ չընթերցող Դավիթ Բլեյանից ու … Դավիթ Սարգսյանից իմ վերջին շրջանի բարկության հիմքը… Ես դինամիկ զարգացող մանկավարժության հեղինակների բազմահազարանոց խմբի ղեկավար եմ… Իրիկունը Գևորգ Հակոբյանի ու Սուսան Մարկոսյանի հետ մեդիայում կլանված լսում էի Բաբուջյան Կարինեի-Թոփչյան Արմինեի պատմությունը ֆեյսբուքյան ծնողական խմբերի գործունեության մասին… Պիտի լսեմ TV ռադիո ուսումնական նախագծերը՝ դրանք ուղղակի կապ են իմ ու տարատարիք սովորողների, նրանց աշխարհների հետ, պիտի էական կարդամ գոնե խմբային բլոգները՝ «Լուսաստղ», «Շողակն», «Առականի», ակումբային բլոգները… «Հայկական կակաչը», «Դպիրը»… թե չէ, քիչ էր մնում՝ բաց թողնեի սիրելի Աիդա Պետրոսյանի (կարդացեք) հոդված-ուսումնասիրությունը, Զառա Ոսկանյանի բլոգը, մեղավոր եմ… Այստեղ կոնկրետ ուսուցիչն է, հետազոտողը՝ ծրագիր ստեղծող, կազմակերպող, տարածող… Ես չեմ կարող ներկա չլինել Բաբուջյան Կարինեի դասարանական համերգին(երևույթ է, չէ՞) կամ Հասմիկ Մաթևոսյանի սաների երաժշտական ցուցադրությունը բաց թողնել, Նոր դպրոցի ոչ սովորական տոնածառերի, ձմեռպապերի անսովոր շքերթը, լինել անարդարացի, խտրական… Ես պիտի պատրաստվեմ չորեքշաբթի օրվա սեմինար-պարապմունքներին, «Խաղարկային դատարանի» հինգշաբթի օրվա նիստին… պիտի պահպանեմ իմ գործընկերային-ջերմ-հարաբերությունները յուրաքանչյուր սովորողի-դաստիարակի (ուսուցչի) հետ… Ես դրա կարիքն ունեմ, դրա պահանջը, առանց այդ կենդանի պրոցեսի կենդանի օրգանիզմը կդարձնեմ մեռած հաստատություն, սրբազան գերեզման…
Գիտեք՝ այս օրերի իմ գլխավոր գործ-անհանգստությունը որն է. մեր հինգ նախակրթարանների, մեր երկարօրյա ուսուցման մեջ ընդգրկված սովորողների սննդի կազմակերպումը 2015թ. հունվարի 12-ից… Երբ սննդամթերքը 15-20 տոկոսով թանկացել է, իսկ ծնողական վարձավճարները որոշել ենք, ուզում ենք չբարձրացնել… բայց ոչ երեխաների սննդի որակի ու քանակի (կալորիականության) հաշվին… Ինչպե՞ս: Սա առակի, թե հանելուկի ժանրից է, զավեշտի ոլորտից…
Իմացաք՝ Մայր դպրոցի տանիքում, շենքերի ջրհորդանների հետ կապված անհետաձգելի խնդիրներ ունեինք (հիմա չունենք)՝ առանց պետական դրամական աջակցության… Բայց կրթական օբյեկտների շահագործման, տնտեսության պահպանման մեջ ներգրավված աշխատողները՝ հարազատ դարձած մարդիկ, պարտադրում են իրենց չփոխվող գործելակերպը… Չեն փոխվում-փոխում այս հսկա տնտեսության խնամքի, շահագործման ֆինանսատնտեսական ծառայությունների վերակազմակերպումը, որտեղ ինձ պիտի մնային միայն նոր մտքերը՝ նախաձեռնությունների տեսքով, մանկավարժության պատվիրատուի վերահսկողությունը… Առողջություն բոլորին, հատկապես՝ տիկին Լյուբային ու Ռուդիկին, բայց այսպիսի բեռով ի՞նչ Նոր տարի…
Սրան գումարեք Եվրասիական տնտեսական միության մարտահրավերները… մեզնից երես թեքած Երևանի քաղաքապետարանն ու իր Մալաթիա-Սեբաստիայի վարչակազմը… Դե, իրենք իրենց բաժին Հայաստանի Հանրապետությունով ԵՏՄ են մտել, իսկ մենք՝ մեր կրթահամալիրի Բանգլադեշով… մեր ազատ զարգացման ուղիով… որ այնքան էլ նոր չէ՝ 25 տարեկան… Միշտ թարմ, բաց, մոբիլ ու ստեղծական…
Իրիկունը Դավիթը բերեց սեղանին շարեց մեկ դյուժին (12) գիրք միասին կարդալու համար՝ բարձրորակ տպագրության, ուկրաինական հայտնի «Մաշա-Արջը», «Կարմիր գլխարկը», «Պապն ու շաղգամը», «Սասունցի Դավիթը», «Շունն ու կատուն», «Չարի վերջը»… վերջում էլ՝ Թումանյան պապիկի հաստ գիրքը, Նառա Նիկողոսյանի կազմած մատենիկն էլ՝ վրադիր…
Ասել է, թե՝
– Դու մի՛ լսի բարկացի, պապ…
Որ էսքանը իրիկունը հանգիստ կարդանք…