Վերնագիրն այս Սյուզի Մարգարյանինն է. երբ վրացական նշանավոր Ջավարիա-Մցխեթա կամավոր ինքնապաշարումից կարողացանք «դուրս պրծնել», ժամը 19.30 էր, իսկ մենք պիտի հասցնենք մեկ ժամվա ճանապարհ կտրել Թիֆլիսի մի ծայրից մյուսը, մեր ճամբար բնակավայր Ծխնեթի` թիֆլիսյան հարազատ անկյուն, ինչպես Գլդանի թաղամասը. մեր աշխարհներն են հաստատվել Վրաստանում: Հարազատ բառը չեմ չարաշահում, տեղին է. մենք այս օրերին շրջապատված ենք հարազատությամբ: Հարազատ-պարզ սովորական վրացի-թիֆլիսցի ուսուցչական-հասարակական շրջանի մարդիկ` սովորական նյութական հնարավորություններով, առավելագույն ջանքեր են գործադրում, որ մենք մեզ լավ զգանք այս օրերին… Հարազատության այլ, չափելի-շոշափելի-ակնհայտ դրսևորում գիտե՞ք, ասեք` մենք էլ իմանանաք-գործածենք: Ահա ավտոբուսի մեջ Ծխնեթիի ճանապարհին, որ խցանումների միջով ենք անցնում, ես մտքերի մեջ-ինձ հետ հարցնում եմ` այսօր ուրբաթ էր, չէ՞… Սյուզիի արձագանքը դարձավ իմ այսօրվա պատումի վերնագիր-սկիզբը:

Շնորհակալ եմ իմ սեբաստացի ճամփորդ ընկերներին: Այստեղ տեղին է միայն ընկերությունը. միմյանց մասին հոգ ենք տանում բոլորս, յուրաքանչյուրս՝ սկսած 6 տարեկան Տիգրանից, ավարտած միշտ ընկեր-հիմա նաև հարևան Արմինե Թոփչյանով: Իսկական վայելք է այսպիսի մարդկային ընկերությունը, որից լիուլի օգտվեցի որպես առողջապահություն: Միայն անհրաժեշտությունը, աշխատանքն այս՝ հայ-վրացական հանրակրթական կամուրջների ընդարձակման, նոր հեռանկարների հաստատման աշխատանքը, որպես հեղինակային կրթական ծրագրերով իրականացվող նախագծային ուսումնական աշխատանք, որպես կյանքի գործ, կարող էր ինձ դարձնել ճամփորդ, կտրել ինձ անկողնային ռեժիմից… Այս կարճ ընթացքում քանի˜ անգամ ես փոշմանել եմ, երբ օստեոխոնդրոզը գլուխ է բարձրացրել, հետո… քմծիծաղել հաղթանակած, ինչպես այսօր, երբ Գլդանի թիվ 118 հանրային դպրոցի աստիճաններին մեծով-պստիկով դիմավորում էին մեզ, ինչպես ամենահարազատ-սպասված մարդկանց…

Ուշադիր, անհավատալի բան եմ ասում. մենք բոլորս՝ 50 սեբաստացիներ, առաջին անգամ ենք Գլդանում, նրա այս տարածքում, դպրոցներում: Բոլորին, բացառությամբ անսպառ-գործուն մի քանի ուսուցիչների, մենք հանդիպում ենք առաջին անգամ: Իսկ վրաց ուսուցիչների մի խումբ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի 2015-ի նախագծով չորս օր վերապատրաստվել է կրթահամալիրում, ապրել, ինչպես ինքն ասաց, զարմանալի-ուրիշ-գրավիչ մեր աշխարհում, ու որքան ջանացել են, պատրաստվել, համակել մեր աշխարհից բերած տրամադրություններով, որ այսպիսի հարազատական միջավայր է ստացվել…

Հանդիպում Գլդանիի թիվ 118 հանրային դպրոցում:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի

Մաեստրո Թոփիկյանը, Երևանի կամերային երգչախմբի գործուղված-աջակցող երգչուհիներ, սիրելի քույրեր Մաքրուհին ու Թամարը, Սեյրան Ավագյանի մասին շատ եմ խոսել, բաց եմ թողնում ընկերաբար, դահլիճներ, տոնախմբություններ տեսած մարդիկ են… Շփոթված են մարդիկ մեր, անակնկալի են եկել վրացական պարզ-մարդկային, այո´, այո´, Օրագրի իմ ընթերցողներ, վրաց մարդկանց անկեղծ-շիտակ ընդունելությունից: Մեզ մեծարեցին, պատվեցին և դա արեցին մարդկայնորեն անկեղծ, խանդավառ, անմիջական. վկայում են մաեստրո Թոփիկյանը, Մաքրուհին ու Թամարը, անշրջանցելի Սեյրանը, տասնյակ բանգլադեշցի մեր ծնողները…

Ինձ այս ամենը թանկ պիտի արժենար. հազիվ կարողացա ընթրիքից պոկվել, աննկատ հասա իմ սենյակ, փակեցի դուռն ու չեմ հիշում… շորերով ես մահացել եմ, քանի ժամ, թե քանի օր իրոք վերացել եմ աշխարհիկ կյանքից: Իմ մարմինը պրկվելու, համախմբվելու, ունեցած-չունեցածը ժողովելու բացառիկ շնորհքը ցույց տվեց. շաբաթ՝ ժամը 10-ին, մենք «Սեբաստացիներ» երգչախմբով Վիրահայոց թեմի ծառայողների, սրբազան հոր ներկայությամբ Հավլաբարի, Թիֆլիսի հավատացյալ մեր ժողովրդի հետ, նրանց համար ու նրանց առաջ պիտի հանդես գանք հոգևոր ներկայացումով. երգենք սուրբ Նոր Էջմիածին եկեղեցում՝ կարևոր-սպասված: Ոչինչ չի կարող խանգարել մեզ:

 Հանդիպում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի

Ու հիմա, նորից ծնված, նստած եմ իմ սենյակում Ծխնեթիի, շարունակում եմ իմ աշխատանքը, ուշադիր, կարծես ոչինչ չի եղել. պատմություն է, օր է, կյանք է, եղել է այսպես, պատմում եմ, խոստացել եմ, չէ՞, իմ տեսածի, ապրածի մասին պատմել ու պատմել. Օրագրի իմաստն էլ օրն է, եթե պիտի կյանքի-ապրածի-եղածի նման անընդհատ լինի. ես հո գրո՞ղ չեմ, հատկապես որ քանի˜ անգամ Գրիգոր Խաչատրյանը գրողի ծոցը ուղարկած կլիներ: Ես, սիրելիներս, ինձ հարազատ մարդիկ` Թիֆլիսում թե Երևանում, Գլդանում թե Բանգլադեշում, գրող չեմ, ես պատմում եմ, պատմիչ էլ չեմ, պատմիչը գրողի պես մի բան է…

Ես հիմա, չգիտեմ ժամը քանիսն է, մի բաժակ եմ գտել ինձ երեկ նվիրած, վրացական խեցու մի բաժակ, սովորական ծորակի ջուր եմ լցրել, խմում եմ ու պատմում… Իմ պատուհանից դուրս Ծխնեթին է, խորը-խաղաղ շինական քնի մեջ իմ ընկերներն են. ի՜նչ պայծառ-լուսավոր-սիրելի դեմքեր… Ու վերևից ասես ժպտում է Աստված…

Առավոտյան զբոսանք Ծխնեթիում, ընդհանուր պարապմունք:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի

Պատումի ու ելույթի, գրավորի ու բանավորի, օրագրի ու հոդվածի տարբերությունների մասին, որպես մանկավարժական մոտեցումների, պետականի ու հեղինակային կրթական ծրագրի էական տարբերություններ` ես դեռ կներկայացնեմ… Այ, թիվ 118 դպրոցից դուրս եկանք, ժամը 4-ին մոտ էր, երեք ավտոբուսով, անխոնջ-հմայիչ Վիկտորյա Բալավաձեի, Քեթի Աբեսաձեի հետ, մեզ միացան մի քանի մարդատարներ` վրաց ուսուցիչներով, շարժվեցինք դեպի Ջվերի-Մցխեթա. ես այս անգամ ուսուցիչ-սեբաստացի երգչախմբի անդամների ավտոբուսում, պատմում եմ, թե ելույթ եմ ունենում, սեմինար պարապմունք եմ անցկացնում. ջնջվել են բոլոր սահմանները. ինձ լսում են. ինձ հետաքրքիր է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

153-րդ գիրը՝ որպես ֆիննական բաղնիք

— Հայրիկ, իմացի, քնելու եմ, արթնանամ, առավոտը գա, լողանամ-սրբվեմ, սիրուն շորեր հագնեմ, գնամ Բ-4-ի պարտեզ, մեծերի խումբ… Իմացա՞ք,- Դավիթ Բլեյանը երեկոյան հրապարակում է իր ողջ ծրագիրը։ – Իմացա, Դավի՛թ տղա,

«Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի մասին արտահայտող ուրիշ բառ է․․․

Սրանց, Կարլ Յունգի՝ «Թարգմանիր»-ի հայերեն դարձրած, մեդիա բերած 20 մտքերից 19-րդը վերնագիր սարքիր ինձ հետ ու հետևիր իմ 824-րդ գրին, ընթերցող։ Պրահայում անցկացրած երեք գիշեր ու երկուսուկես օրը  մոգական-սպասված, ազդեցություն ունեցան

Օրվա այս գիրս՝ պատասխան հեռախոսազանգերին

Իմ օրագիրն այսօր ունեցավ երեսուներորդ եթերը, բեմելը, թե հրապարակումը… Ուռա՜. սա հենց այն առիթն է, որ մեզ կհավաքի վաղը՝ նշելու աշխատանքային կարգով։ Հետաքրքիր կապ է հաստատվում ինձ ծանոթ-անծանոթ մարդկանց հետ. արձագանքում