— Հիմա դեկտեմբեր է՞, հայրիկ,- ավելի ու ավելի հաճախ է հարցնում Դավիթ Բլեյանը:
— Դեկտեմբերը գա, հետո դեկտեմբերի 12-ը. ծնունդ անենք, մոմեր վառենք, դնենք տորթի վրա… Իմ մեքենա-մոմերով շնորհավորե՞նք… Два, три, четыре, восемь, девять, десять…
Լիլիթ Բլեյանի նվիրած մոմ-մեքենաների տուփը, համոզվեց, չբացեց, տուփով է մեքենաների հետ խաղում և… սպասում է ամեն օր դեկտեմբերին, հետո 12-ին…
Գեղարվեստի կրտսեր դպրոցում իրենց բակի աշունն են վայելում և աշուն են նկարում սովորողները։
Երեկ իրիկունը մեր տանն աղմկոտ էր՝ Տաթևիկն ու Արևիկը, Լիլիթն ու Սոնուլիկը, Աննան ու Առնոլդը, Էդիտան՝ նորից առանց Սերժի-Գոռի, Ստեփան եղբայրս ու իմ հարս Անահիտը, Մելինե-Մարիամիկը, Դավթի մորաքույր Ռուզանը… Սուսանն ու Նազենի կրտսերը, ինձ, Արմինեին ու Դավթին էլ որ գումարեք, լավ աղմկոտ, սիրելի միջավայրի պատկերացումը կունենաք… Ծնունդը հենց սա է, որ սիրելիներդ հավաքվում են. որքան շատ, այնքան լավ, ու… աղմկում են… Արմինեին մերոնք բոլորը սիրում են, մարդկայնորեն կապված են։ Դավիթը հերոս է, էս ե՞րբ հայտնվեց, ե՞րբ դառավ երեք տարեկան, մեծացավ, մտավ բոլորիս կյանք, որ (ո՞վ ձևակերպեց մերոնցից) իր քույր-մորաքույր-եղբայր-հորեղբայրների գրկից գիրկ է անցնում, բոլորին սիրում և անհատապես սիրվում յուրաքանչյուրիցս…
Արմինեի սրտո՞վ եղավ օրը. հախուռն, մի շնչով, առանց նախօրոքի, օրը՝ իր հոգսով-ջանով-ջիգյարով տեղավորվեց իր մեջ: Ասենք շնորհավոր: Շուշան Բլեյանն էլ իր սկայպով, չէ (պլանշետն էլի փչացրել է), էն «վայբրով» խոսեց հերթով բոլորի հետ… Կեցցե մեր սիրելի Կարինե Խառատյանը այս տեսանյութով Դավթի շնորհավորանքը մայրիկին հասցնելու համար…
Երեկվա խոստումս կատարում եմ՝ սկսելով «Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցները» շարքի առաջին բլոգապատումը։
Վիլյամ Սարոյանի հետ հանդիպումը 1976-ին կարող էր լինել. Սարոյանը Երևանում էր այդ տարի աշնանը, Ուջանում այցելելու էր Զորավար Անդրանիկի հուշարձանին… Մենք՝ գրականասեր-սարոյանասեր ֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսեցի մի խմբով՝ ձեզ ծանոթ Սիմիդյան Կարոն, Գրիշան Գևորգյան, Պետրոսյան Ռաֆայելը, ես, էլի ես… հանդուգն որոշում կայացրինք հանդիպելու Սարոյանին Ուջանում, մեր Գրիշա Գևորգյանի ծննդավայր-բնակավայր գյուղում, ու Սարոյանին Գրիշայի բիթլիսցի ապուպապերի անունից, Գրիշայի ազդեցիկ հոր՝ Հունանի, և քնքուշ Աղունիկ մայրիկի ուժով բերել ուջանցի Գևորգյանների տուն՝ նախապատրաստված քեֆի…
Ամեն ինչ այդպես եղավ, հատկապես որ Սարոյանին հայաստանյան ուղևորության ժամանակ մշտապես ուղեկցող, այն ժամանակ բոլորին հայտնի խումբը՝ Վարդգես Պետրոսյան, Ռազմիկ Դավոյան, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, համաձայն էր մեր որոշմանը. բոլորը բոլորիս ճանաչում էին, ու խոստացված աջակցությունը ստացանք ամբողջությամբ… Սարոյանին ու իր խմբին մենք հետևում էինք, գիտեինք՝ որ ժամին պիտի լինեն Սարդարապատում։ Այն պահին, երբ Սարոյանը մոտեցավ հուշարձանին, զանգերը հնչեցին ի պատիվ նրա… Հետո, Ուջանում սա դարձավ կարևոր գործոն՝ Սարոյանի վճռի վրա ազդելու.
— Վարպետ այս խումբն էր, որ զանգերը հնչեցրեց Սարդարապատում…
— Իմ այցն ասոնց համար այդչափ կարևո՞ր է…
Ուջանի կենտրոնում Զորավար Անդրանիկի նշանավոր (Հայաստանում առաջին արձանը, որի տեղադրման պատմությունը յուրաքանչյուր ուջանցի այն ժամանակ մեզ պատմում էր ամենայն մանրամասնությամբ) արձանին ծաղիկներ դնելուց հետո խումբը Սարոյանի որոշումով մտավ մոտակա խանութ՝ գնումներ կատարելու: Սարոյանն ուզում էր իր փողով խանութից մի իր գնել… զննեց ու գտավ չախու (այգեգործական դանակ)… Շատ հավանեց ու երեխու ուրախությամբ բոլորին ցույց էր տալիս: Խանութից դուրս գալիս Հունան քեռին ու Աղունիկ մայրիկը մեր ուղեկցությամբ մոտեցան Սարոյանին ու իր խմբին…
Ամեն ինչ մտածված էր մանրամասնությամբ, ու Սարոյանը համաձայնեց փոխել օրվա ծրագիրը… Բարձրահասակ Սարոյանը քայլում էր դանդաղ, սպիտակ շորերով, որպես Նոյ Նահապետ, ետևից ու առաջից՝ գյուղի մանրն ու մեծը… Տեսարան էր: Ազդեցիկ, ոչ սովորական արտաքինով, անիրական թավ ձայնով, նշանավոր բեղերով ու հայերենով… Յուրաքանչյուրին հարցնում էր պստիկ ու մեծ անունը (ազգանունը), կրկնում, զարմանում-հիանում յուրաքանչյուրի անվան ձայնով… Հունան քեռու տան սեղանը՝ աշնան բարիքով, ու տունը՝ մարդկանցով լեցուն… Մենք յոթերորդ երկնքում էինք. մեր գրական հերոսը ոչ միայն մեզ հետ էր, այլև իր գրականության նման ազդեցիկ՝ բամբ ձայնով, հագուստով շրջապատից կտրվող… Ոչինչ չէր խանգարում հանճարի, իրական հանճարեղ մարդու հետ շփումը վայելելու, ինչպես Սարոյանը վայելում էր գինին, ճաշակում ուտեստները՝ իրենց պատրաստման պատմություններով…
— Հունան, ես քո կնոջը սիրահարվեցա…
Պուճուր, նուրբ, խորոտ, երախտահիշատակ Աղունիկ մայրիկը Սարոյանի պատումներից արբեցած-ոգեշնչված-ամոթխած…
Սարոյանը 1976-ին Ուջանում, Գևորգյանների տանը։ Մնաց՝ գտնեք պատմողին…
2009-ին, երբ Արմինեի հետ Արևմտյան Հայաստանում էինք, ես պնդեցի, որ մեր ճամփորդական ծրագրում Բիթլիսը տեղ գրավի… Վանա լիճը՝ իր Սուրբ Խաչով, Բիթլիսը՝ քաղաքն իր վայրի բնությամբ, քուրդ մարդկանց բնավորությամբ, կատաղած գետն ու կիրճ քաշող բերդի բարձրությունը… Չխամրող տպավորություններ են թողել… Ու Սարոյան անսովոր մարդը կենդանացավ՝ ինձ հետ էր այդ մի քանի ժամվա ընթացքում… Քանի՜ տարի է անցել 1976-ից, 2009-ից… Կունենա՞մ պատեհություն՝ լինել-գիշերելու Բիթլիսում: Բիթլիսը՝ իր Սարոյանով, ինձ ձայնում է…
Գիրն իմ (150+1) հավաքվում է առտու ժամը 6.00-ին: Ես դադար եմ առնում՝ կրթական հատվածին անցնելու համար. իմ ընթերցողը, գրի բովանդակության իր ընտրությամբ, տարբեր է. Արմինե Թոփչյանը, օրինակ, նախապատվությունը տալիս է հենց կրթականին…
Մեկ ամբողջ օր լուրերին՝ հասարակական-քաղաքական անցուդարձին չեմ ծանոթացել ո՛չ TV-ով, ո՛չ թերթով, ո՛չ ինտերնետով… 1-ին am-ի Սիրանույշը հրապարակել է նոյեմբերի 12-ի Մատենադարանի իմ հարցազրույցը… Բլոգը հենց սրա համար է, որ հավաքի նման տիպի նյութերը, ընթերցողին ներկայացնի… Ես, որպես կանոն, չեմ կարդում, աչքի եմ անցկացնում նյութերը՝ կանգ առնելով 10-ից մեկի վրա… Ահա և այդ մեկը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը… Ես երբեք տղայական չեմ արձագանքել մեր հարևան երկրի պաշտոնական հաղորդագրություններին՝ լուրջ-հարգանքով եմ մոտեցել, ինչպես պահանջվում է, որ նրանք նույն լրջությամբ-հարգանքով վերաբերվեն Հայաստանի պաշտոնական հայտարարություններին, օրինակ՝ այս մեկին… Իմ գրելը չի գալիս… 2014-ին լրանում է մի «հոբելյանական» համարվող իրադարձություն ևս՝ իմ քաղաքական գործունեությունն սկսելու 25 տարին. 1989-ի նոյեմբերին ես ՀՀՇ-ի հիմնադիր համագումարում ընտրվեցի վարչության անդամ, ու «пошло-поехало»… Ես իմ օրագրում ամփոփում, ի մի եմ բերում նաև իմ «լուսանցքային» քաղաքական գործունեության տարիները… Սա ի՜նչ փակուղի է, եղբայր, տեսեք՝ ուր հասանք հայ-ադրբեջանական հակամարտության 25-րդ տարում…
Ես քնելու պահանջ եմ զգում ու քնում եմ՝ այդպես, հագուստով… Խոսելս, գրելս, խորհելս չի գալիս…
Արթնանում ու արթնացնում եմ մերոնց ժամը 8-ին։ Մեզ՝ ինձ, Արմինեին, Դավթին, մնում է ընդամեը 30 րոպե՝ հիգիենայի և տանից դուրս գալու համար: Դավիթը պահանջում է.
— Լողանում եմ, պապ:
Ամեն ինչ արագ, ափալ-թափալ: Արմինեն 6 ժամ դաս ունի… Դավիթը շտապում է պարտեզ, ես՝ գործի… Երեկվա հոբելյար Արմինեն տան աստիճանների գլխին ուղիղ 8.30 հայտարարեց՝ մեր մոբիլ համերաշխ սեբաստացի եռյակը պատրաստ է իրականացնելու հեղինակային կրթական ծրագրերով օրվա մարտական առաջադրանքը… Ի գործ… Դավիթն աստիճանների վրա հիշում է իր կաթնաշոռն ու թթվասերը… Տեսեք՝ 3 տարեկան դարձող մեր տղան ինչի է վերածել ավտոմեքենան…
-Մոբիլ է, հայրիկ, մոբիլ…
Մխիթար Սեբաստացու կիսանդրին այս օրերին տեղավորվեց նաև կրթահամալիրի Քոլեջ-արհեստագործական ավագ դպրոցում, Հիմնական դպրոցում, Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում։