Տարին գոնե երկու անգամ, ծննդյան օրը՝ հունիսի 14-ին և դեկտեմբերի 20-ին` մահվան օրը, իմ քույր Էմման մեզ՝ իր ընտանիքին, մեր ընտանիքներին ու էլի հարազատների, շարունակում է հավաքել ֆիզիկական միջավայրում, ու մենք, մեր երեխաները, թոռները, միասին ենք նորից… խնկարկում ենք: Էմմայի շիրմին խնկարկելուց հետո մենք Նազենի աստղ Հովհաննիսյանի բնակարանում, խելացի-խնամված հյուրընկալությամբ, մարդկային շփման վայելքի մեջ էինք: Նազենին շնորհքով է և խելացի խոհանոցում ևս. առանց ջանքի երկու աման հարիսա կերանք: Նազենին, տեսե´ք` ինչ տնտեսող է. նկարահանում ունի. Ես աշխատանքի եմ, Լիլիթն ու Շուշոն՝ ձայնագրման… 2-3 ժամը սեղանի շուրջ, լիարժեք բավարար էր հաղորդակցվելու, իրար ուժ տալու, Հովհաննիսյան-Բլեյան մեկ դառնալու… Քրոջս հավատարմությամբ ու երախտագիտությամբ հատուցելու… Նազենին լավ ընկեր է. Սոֆի Մխեյանը, Դավիթը` մեր տան անդամների նման հարազատ, կարևոր…
Այսպես իմ քույրը շարունակում է իր կյանքի գործը՝ հսկում-խնամում է մեզ, միավորում, նորոգում հարազատական կապերը, մարդկային ջերմություն փոխանցում: Իմ քույրը այսպես, իր լավագույն մարդկային որակներով փոխանցում է՝ Նազենի կրտսերին, Գոռին-Սերժին, Դավիթ Բլեյանին, ով Էմմա հորաքրոջ օրհնությունն ունի, ով կազդի «Էհե՜յ, Դավի՜թ, որտեղ ես դու…» կանչով, նեղության մեջ յուրաքանչյուրին հասնելու, ով ազդում է այսպիսի հավաքներին իր անխտիր մասնակցությամբ, իր աստղը զորավոր դարձնելով…
«Գնա մեռիր՝ արի սիրեմ»-ը, որ հայոց մեջ շատ է գործածվում, Էմմայի համար չէ, հաստատ. Իմ անուշիկ քույրիկը նշանակալից-գնահատված-պահանջված եղել է միշտ… Ափսոս, որ որպես ճամփորդ` իմ ու Էմմայի ընկերությունն ընդհատվեց… ու սկիզբ առան, կենդանի են մեր հուշերը… Որքա՜ն իմաստավոր կդառնար մեր` Արցախից հետո նախատեսած ճամփորդությունը դեպի հին Բայազետ ու Վան, մեր ապուպապերի երկիր…
Մարդը՝ իր բոլոր արժանիքներով, իր ողջ հասակով, իր իրավունքներով ներկայանում է մահից հետո… երբ կարող է մոռացվել, չազդել… չլինել… և կարող է լինել… Էմման, տեսե՛ք, երեք սերնդիս էլ ներկայանում է չմարող, բարձրացող իր լույսով… Իմ պայծառ, անուշիկ քույր Էմմա, միշտ շնորհակալ եմ, որ կաս իմ ու իմ երեխաների՝ իմ ընտանիքի կյանքում…
Ես ինձ չեմ ներում իմ զայրույթի՝ որքան էլ այն լիքն է սիրով (ասո՜ւմ են), իմ բռնկումների համար, որքան էլ դրանք հիմքեր ունենան: Նկատել եք՝ ես խոսքի կեսից կարող եմ հեռանալ զրուցակիցներիցս… Ես ցասման հետ ուզում եմ լինել, ավելի հաճախ եմ լինում մեկուսի… Ես երեխայի պես դժգոհում եմ, գոռում, ինձ ինչու լսեն…
Մայր դպրոցում այս շաբաթ օրվա կեսին, երբ Մարմարյա սրահի տոնական արդուզարդը չի երևում, սպասում էի մեծ բազմություն տեսնել՝ սովորողների և ուսուցիչների, աշխատողների մեծ բազմություն… Պայմանավորվել ենք, դե, դրա համար ի՞նչ հրաման է պետք, ո՞ւմ հրամանը… երբ դեկտեմբերի 22-ից մեր մարզամշակութային կենտրոնը դառնում է կրթահամալիրի 6-12-րդ դասարանցիների դիմակահանդեսների, ամենատարբեր ուրախ նախաձեռնությունների կենտրոն… Բա նախաձեռնողականությո՞ւնը, բա «Ամանոր և Սուրբ ծնունդ» համալիրային ուսումնական նախագի՞ծը, բա «Գեղարվեստը կրթահամալիրում» ցուցադրությունը Կամերայինի աճուրդով ավարտվե՞ց, բա միջին, ավագ դպրոցների տեխնոլոգների ընտրության խմբերը, ակումբները՝ ամենատարբեր, մի՞թե մեր Մարմարյա սրահի 7-8 մետրանոց կենտրոնի գմբեթը մեր տիեզերքի կենտրոնը չէ, հարգելի «Տիեզերք» ակումբ, ռոբոտիքսներ… Իսկ ո՞ւր է մարզամշակութային կենտրոնը՝ իր Ամերիկա տեսած Առնոլդ ղեկավարով, երաժշտական լաբորատորիան՝ նշանավոր Կայով… Ինչո՞ւ չէր կարելի Մարմարյա սրահը վերածել ձայնի, գույնի, շարժումի, մտքի թվայնացված աշխարհի, մի անիմացիոն լաբորատորիայի… Այո՛, շաբաթ-կիրակին մարդունն է՝ սովորողինը և ուսուցչինը, ինչպես՝ Ամանորը, Սուրբ Ծնունդը, Ձեր կյանքը… Եթե պիտի շարունակենք հատվածական այս մոտեցումը, մեր կյանքը բաժանել ուսումնականի և արտուսումնականի, դպրոցականի և արտադպրոցականի՝ կհայտնվենք պետական կրթական ծրագրում, որտեղից 25 տարի առաջ Հեղինակային կրթական ծրագրի ետևից, որպես Հազարան Հավքի որոնողներ, դուրս ենք եկել… Վե՞րջ, ինչպես մյուսները, ճանապարհին քարացա՞նք…
– Դժվար է, տիար,- ասում է Կարինե Մացակյանը` խոր հարգանքով իմ նկատմամբ ու միշտ անկեղծ, ինձ իր տեսակով թևաթափ-ուժազուրկ դարձնող: Դժվա՞ր է մեր երանելի կյանքը, որով երազել-երազում ենք ապրել, վերածել-կազմակերպել որպես ուսուցում, համատեղ ուսումնական աշխատանք: Ինձնից լավ ո՞վ գիտի սա, ո՞վ է կրել-կրում այս դժվարությունը ինձնից շատ: Հեշտ է, իհարկե, Առնոլդի նման բոլորին պուպուշ Բլեյան երևալ, Միջին դպրոցի աղջիկների ու ղեկավարի նման հավաքվել ու կեսից… գնալ լիբանանյան ռեստորան՝ ուտուշի… Կհասկանայի, եթե Կարինեին ու Թամարին էլ տանեիք, Կորյունին էլ ճանապարհեիք տուն… Փոխանակ Արտյոմ Խաչատրյանի հետ Մեդիայում սեղանի շուրջ նստելու, պետք էր Գրիգոր Խաչատրյանին գտնել, երեքով իջնել Մայր դպրոց, շուրջը հավաքել վարժարանցիներին և ոչ միայն, ակումբների ղեկավարներին ու նրանց հետ, Կարինե Մացակյանի, շնորհի-նվիրումի ուժով տոնական դարձնել Մարմարյա սրահը… Հեշտ է, իհարկե, Գևորգ Հակոբյան, հերթական էլեկտրոնային հորդորը, ամոթը, պահանջը գրել բոլորին, որ կա´մ չեն բացում-չեն կարդում, կա´մ չտեսնելու են տալիս ձևականությունը…
Եվ դու, Սյուզի Մարգարյան, համարյա Գրիգոր Խաչատրյանի նման ես, ով այս օրերին Ամանորը նշանավորում է գունեղ-տոնական հեղինակային արտաքնոցների նոր սերնդի մշակումներով…
Մինչ այս եղա Գեղարվեստի կրտսերում… Ինչպես միշտ… ճաշակով-տոնական միջավայր է ստացվել, և շաբաթ օրով աշխատելու անհրաժեշտություն չկա: Արմինե Թոփչյանը վարպետներ Էդիկի և Աշոտի հետ 2-6 տարեկանների խմբասենյակների ջեռուցման համակարգն են բարելավում… Ու չի հասկացվում` ինչու կրտսեր դպրոցի դասվարը, ուսուցիչը, կարողանում են սաների հետ սիրով, հետաքրքիր ու ճաշակով տոն ու տոնական միջավայր ստեղծել, իսկ այ, ավագ-դպրոց վարժարանի ուսուցիչը չի կարող, չի ուզում, իր գործը չէ… Չե՞ն թողնում: Իսկ ո՞րն է իր գործը` թաքցրած (ամոթխած) ռեպետիտորությունն ու առարկայական պարապմունքնե՞րը, որ կարծեմ Երևանի բոլոր ավագ դպրոցներում էլ անում են: Ոչ վատ, վստահ եմ, քան մեր վարժարանում…
Այսօր ես Մայր դպրոց չեմ մտնի. ինձ համար կարևոր էլ չէ` ինչ վերջ կունենա Մարմարյա սրահի ձևավորումը, քանզի այն ուսումնական աշխատանք, ավա՜ղ, չդարձավ, քանզի մենք շարունակում ենք դրամական միջոցներ ու աշխատողի ժամանակ (որ նույնպես կարելի է դրամի վերածել) վատնել ոչ ուսումնական, ոչ հեղինակային, ոչ նախագծային աշխատանքի վրա… Ափսո՜ս…
Դավթապատումն այս, ես սկսեցի գրի առնել իրիկունը. մինչ այդ Մայր դպրոցում էի, դրանից առաջ՝ Գեղարվեստում, աշխատանքային օրվա վերջում ես ու տիար Գևորգը Մեդիայում փորձում ենք ինչ-ինչ տեղեկություններ վերցնել ՀՀ վիճակագրության ծառայության կայքից… Չի բացվում… պարզվում է` այս կայքի հետ հաճախ է պատահում…
Ի՜նչ հարմար աշխատավայր-ընթերցարան-ակումբ է մեր Մեդիան` ջերմ, խնամված, թվային գործիքներով-ինտերնետով, խոհանոց-հիգիենայով… Ափսո՜ս, որ քչերն են օրվա վերջում, շաբաթ-կիրակի, որպես ակումբ օգտվում Մեդիայի ծառայություններից…
Դավիթը խոսում է:
– Տեսե՛ք, ես լողացել-թարմացել եմ արդեն…
– Հայրիկ, ես կծան շուն եմ, հա՛ֆ, ու լպստան փիսիկ՝ մյաո՜ւ…
– Դավիթ, ե՞րբ պիտի դնեք տոնածառը:
– Ամռանը, հայրիկ:
– Ես հայտարարել եմ, որ իրիկունը լողանալու եմ: Դուք լսե՞լ եք:
– Իրիկունն է, ժամը ութը. ո՞ւր մնաց հայտարարությունը:
– Հա, ես խաբլան եմ, առավոտը կլողանամ, թող լույսը բացվի… ոչինչ էլ չի լինի…
-Դավի՛թ, տե՛ս, սեղանը՝ քո առաջի, ինչ կեղտոտ է, թափված: Շո՞ւն ես, կատո՞ւ ես, խոզո՞ւկ ես:
– Հա՛մ շուն եմ, հա՛մ կատու, հա՛մ խոզուկ…
-Մեծանամ, ավտո եմ քշելու, հայրի՛կ, մայրիկ, ձեզ կտանեմ, սարերը ման կտամ, հետո կտանեմ ձեր տուն, որ առանձին ապրեք…
-Տե՛ս, Դավիթ, լույսը բացվել է…
– Ուզո՞ւմ ես` լողանամ հեծանիվով… Դու հիշում ե՞ս, որ մութ էր, ես ուզում էի մանգոյի հյութ խմեմ…
— Կեղտոտ, հեծանիվով մենք ո՞նց գնանք խանութ, ձու-ձու կակա, մանգոյի հյութ ու Շուշո առնենք… խուճուճ Շուշո…