Իբր ես մի քնող եմ, հիմա էլ Դավիթը… հարու է տալիս… Հա, հա, հենց հարու, էն էլ՝ գիշերվա 2.30-3.00-ի արանքում. արթնանում եմ քացու կսմթոցներից: Քունս առել եմ, կնշանակի… Ես քնում եմ մեռելի պես. ինձ պես մեկ էլ իմ հարազատներից քնում է իմ Էմմա քույրիկը… Շա՜տ վաղուց, երբ ես ու քույրս ապրում էինք նույն տանը, նույն ընտանիքում, այնտեղ, որտեղ մենք ծնվել ենք, Երևանի Սևանի փողոցի 3-րդ փակուղում. ես պատմել եմ իմ գրերում. ստուգեք: Մեր տունը երկհարկանի էր, նշանավոր, շինարար ավագ եղբորս կառուցածը։ Երևի 1968-69 թթ… ես ու Էմման 2-րդ հարկի մի ընդարձակ հարկաբաժնում գիշերով քնած ենք լինում… Ես՝ 13-14 տարեկան, Էմմային՝ 5 տարի գումարեք… Արթնացանք. իրարանցում՝ տնեցիք են լցվել սենյակ, ոստիկաններ, լույս է արդեն… Պարզվում է՝ գիշերով մեր հարկաբաժին գող է (գողեր են) մտել… Անցել են ընդարձակ հյուրասենյակով, որտեղ ես եմ քնած եղել-հսկել, մտել քրոջս ննջարանը, փնտրել-գտել են, երևի, ու նույն ճանապարհով հանգիստ հեռացել…
Ո՞նց է հայտնվել էս գոճին իմ կողքին. երբ քնեցի, չկար… Սովորեց…
Դավիթը չի իմանում, մի քիչ սիրում եմ, փորձում եմ ծածկել. չի թողնում… Բաց է քնում… Շան տղա… Մեկ էլ՝
– Հայրիկն իսկական նեղացավ…
Խոսում է քնի՞ մեջ… Քնից առաջ էս գոճու երես-ձեռքերը շոկոլադապատ ուզում ենք լվանալ՝ չի թողնում… Արմինեն՝
– Ուզում ես՝ բարկանա՞ հայրիկը, նեղանա քեզնից…
Դավիթն աչքի տակով ինձ է նայում…
Ես խոժոռ եմ, իբր…
Արմինեն՝
– Ես էլ կնեղանամ քեզնից իսկական… համ էլ, նոր օճա՜ռ ունես…
– Դու իսկական չես նեղանա, մի՛ ասա,- սրտնեղում է,- հայրիկն է իսկական նեղանում… Չեմ ուզում՝ նեղանա…
Իջավ, եկավ, բռնեց ձեռքս.
– Հայրիկ, կտանե՞ս ինձ հիմա նոր օճառով լվացնես…
Գոճիի քիթն ու մռութը լավ պրտեցի… շողշողաց… ինչպես հիմա՝ ննջարանի պատուհանից ու միջանցքի կողմից ընկնող լույսերի խաչումից… Հետո ես ինչպե՞ս եմ քնել, որտեղի՞ց եմ սկսել ու որտե՞ղ հայտնվել, չեմ հիշում… Կյանք է, այս շրջանն էլ այսպես ենք ապրում, լիարժեք, իհարկե, գիշեր-առավոտ, մութ ու լուս, քուն-արթունն իրար խառնած, գրկած…
Հիմա ես արթուն պահակ՝ հսկում եմ բոլորիդ քունը…
Օրագրի այս մի ընթերցողը նեղացել է (իմ նմա՞ն). իբր իր առանձին նամակին անհատական չեմ պատասխանում… Իբր իմ ամենօրյա գիրը քիչ է, հիմա էլ՝ անհատ-անհա՞տ պատասխանեմ… Կարդա, սիրելիս, բայց իմ բարեկամ Ժիրայր Չոլաքյանի նամակը… Ես գործում եմ. պատասխան կա, որ պիտի գործ դառնա, ոչ թե խոսք, դրա համար ևս մեկ-երկու օր է պետք…
Փարիզի իմ հեռու հեռավոր Ժիրայր, ո՞ւր ես, արձագանքիր…
«Օրագրի» անցած շաբաթվա ֆոտոխմբագրին՝ հմայիչ Բաբուջյան Կարինեին՝ իմ պաչիկները… Կեցցես, Բաբուջիկ, ես ու իմ բլոգը ստացանք. դու էլ կպատմե՞ս քո ստացածի մասին, միշտ սիրելի-հմայիչ, մոբիլ ու ստեղծական քույր իմ, որպես փորձ. քեզնից էստաֆետն այսօրվա գրով ընդունող Սոնա Փափազյանին, իհարկե, պետք կգա… Տեսե՜ք, ինչ մեկնարկ է նախապատրաստել Սոնան երեկվա իր էջում պիժոն-Դավթի այս նկարներով… Սոն ջան, Դավթի հետ լավ հիացանք, քո հրճվանքի ձայնն էլ՝ իմ ականջում էր…
Ընթերցողը հարցնում է. «Ես տեսնում եմ ձեզ՝ Դավթին ու տիար Բլեյանին (հավանում է այս դիմելաձևը. «Բա ես, բա ես»՝ կհավելի առողջացա՞ծ Գրիգոր Խաչատրյանը) առավոտյան 8.30-ին մոտ, Խանջյան-Չայկովսկու փողոցների անկյունում տեղադրված աղբարկղերին տոպրակով մոտենալիս… Տեսել եմ հաճախ՝ երաժշտական դպրոցին կպած կրպակին մոտենալիս. հետաքրքիր է, ի՞նչ եք գնում Դավթի համար առավոտյան»… Դավթի համար կրպակից՝ ոչինչ… Զիզի-բիզի բաներին կողմնակից չեմ, դրան փող տվողներից չեմ, հազար Դավիթ լինի, նման սովորույթ չեմ ստեղծում: Գնում եմ, որպես կանոն, օրաթերթ՝ «Հրապարակ», «Հայկական ժամանակ», երբեմն, «168 ժամ»… Օրաթերթի լավ-վատն ուրիշ օրվա խոսակցություն է. որպես ընթերցող՝ մասնակցում եմ, որ ինձ համար կարևոր, կյանքով կապված (Արմինե Օհանյան, Նիկոլ Փաշինյան) անձանց առնչվող թերթերը շարունակեն լինել… Նաև կան լրագրողներ, որոնց կարդում եմ. նրանց տեքստերի պահանջն ունեմ…
Անհրաժեշտ է կարդալ. ավա՜ղ, ոչինչ մեր ազգային-հանրային կյանքում չի ավարտվում, որ ասես՝ անցած է. մեզանում չի անցնում, վերջին երկու հարյուր տարվա պատմությունը պատմություն չի դառնում. ո՛չ ռուսները կթողնեն, ո՛չ մեր մեջի մեռելը, ո՛չ մեր հարևան ադրբեջանցիներն ու վրացիները… Իրար, ի դեպ, մի՛ նեղացեք, արժանի ենք… Թուրքերն ուրիշ են. նրանք… մոդեռն են. ո՜նց են կենսունակ, միշտ ներկա՝ որպես հավաքանի, պետություն… Ժողովուրդ ասածն իր ստեղծած պետությունն է… Ի՞նչ, հարգանքի արժանի չե՞ն թուրքերը, 1908-ից փլուզվող Սուլթանական Թուրքիայի փլատակների վրա, նրա խորքում ստեղծվող նոր Թուրքիայի՝ Թուրքիայի Հանրապետության համար… Ինչպես գերմանացիները՝ պարտված Ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայի արդյունքում՝ 1945-ից ստեղծած այսօրվա համար…
168.am-ում կարդացի հուշարձանագետ-պատմաբան Արգամ Այվազյանի հետ «Շաբաթ-կիրակի Վերնիսաժում կարելի է տեսնել, թե գանձախուզության արդյունքում գտնված ինչ իրեր են վաճառվում» նյութը…
Նոր Ջուղայում, որ Իրանի Սպահանի հայկական թաղամաս է, ես չեմ եղել. ուզում եմ լինել, և 2015-ին: Լավ ուսումնական նախագիծ է. ո՞վ կազմակերպի… Իսկ այ, Հին Ջուղայում, որ Նախիջևանում էր, եղել եմ տպավորիչ մի այցով, այնքա՜ն, որ ահա սկսում եմ պատմել… 1990-ի աշնանը, թե 1991-ին… սկսեցի կրկին ափսոսալ, որ օրագիր-համառոտագիր չեմ պահում. հիշողության մեջ ժամանակի ընթացքում ջնջվում են կարևոր մանրամասներ, մի օր պետք եկող տեղեկություններ, թվային տվյալներ…
Թարմ պատգամավորներ էինք՝ նոր իրականություն կերտելու առաքելությամբ պետական իշխանություն՝ ՀՀ Գերագույն խորհուրդ… Շարունակ տեղեկություններ էինք ստանում, որ ադրբեջանական կողմն ավերում է Հին Ջուղան, նրա խաչքարերով նշանավոր գերեզմանոցը… Որոշվեց ստուգել տեղում: Պետական անվտանգության համակարգի նշանավոր դեմքերից Մարիուս Յուզբաշյանը խորհրդարանում պատասխանեց պատգամավորների հարցերին։ Պատասխանները, բնական է, մեզ չէին բավարարում. քննարկումը մի խմբով տեղափոխվեց ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանի կաբինետ, ու… որոշվեց պատգամավորական դեսանտ իջեցնել Հին Ջուղա՝ ադրբեջանական Նախիջևանի սրտում… Ես, Վարդգես Պետրոսյանը՝ Օրագրի իմ հերոսներից, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը, հատուկ շորերով, հատուկ ուղղաթիռով՝ Մարիուսի ուղեկցությամբ նստեցինք ուղղաթիռ և իջանք (ցավոք, ոչինչ չէինք տեսնում թռիչքի ընթացքում. այդպիսին էին պահանջ-պայմանները) Հին Ջուղայի գերեզմանոցներ… Հիմա, երբ ասում են, չեմ ուզում լսել-հավատալ, ես խռովվում-գազանանում եմ այդ մտքից, որ Հին Ջուղան դաշտ է այլևս, հողին հավասարեցված… Մենք քայլեցինք հնարավորինս երկար, ունեցանք հանդիպումներ, հանդիպեցինք, աղաչեցինք, խաղաղեցրինք… Այդ էր մեր առաքելությունը… Ստացվե՞ց, չգիտեմ, մինչև 2005-2006 թվական…
Առաջ մի՛ ընկեք. կպատմեմ, իհարկե… Չգիտես ինչու՝ միայն 1992-ի Բաքու նոյեմբերյան իմ այցն է դառնում հետաքրքրության-քննարկման նյութ… Բա 1990-ի փետրվար-մարտի Ռիգայի բանակցություննե՞րն Ադրբեջանի ընդհատակում գտնվող Ժողովրդական ճակատի ղեկավարների հետ: Հին Ջուղա իմ այցի մասին թռուցիկ հիշատակեցի, բա վրաց-աբխազական պատերազմի թեժ շրջանում պատգամավորական խմբով իմ այցելությո՞ւնը կրակի գոտի՝ Սուխում-Նովի Աֆոն, Պրիմորսկոյե-Գուդաուդա… Բա 1992-93-ի իմ հանդիպումնե՞րը նշանավորԱրձինբայի հետ, Վրաստանի նախագահի պաշտոնը նոր-նոր ստանձնած Էդուարդ Շևարդնաձեի հետ, Վրաստանի դաշտային հրամանատարների հրամանատար դոկտոր Ջաբա Իոսելիանիի հետ, Պաշտպանության կոմիտեի նախագահ Կիտովանու հետ… Էլ չեմ ասում՝ 1992-93 թթ ձմռանն իմ հետախուզական-վերահսկողական գործունեությունը հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության-պատերազմի ողջ երկայնքով… Շտապում եք, բայց չեք շտապեցնի. բոլորը պատմելու եմ՝ էլ այսպիսի հնարավորություն մեկ էլ ե՞րբ լինի. մեդիան է, ու չքացավ… ԵՏՄ-ում… փակվեց… մնացինք շիվար… Լսե՞լ եք, ասում են՝ Պուտինը… Շշուկներն են սկսելու, որպես դաշտային հրամանատարներ, իշխել մեր իրականության մեջ…
Բաց աշխարհ Հայաստան…
Իմ քաղաքական համոզմունքը՝ կրեդոն, բաց, ամբողջությամբ աշխարհի առաջ ու ինքն իր ներսում բաց Հայաստանն է եղել՝ մոբիլ ու ստեղծական, մշակութային-լեզվական հայկական միջուկով…
Ես Դավթի համար այդ մշակութային միջուկն եմ ստեղծում՝ Թումանյան +Կոմիտաս, Ջանի Ռոդարիով բստրելու, ստեղծագործական երևակայությունը խթանելու, բառերի հետ ազատ, բոլոր կապանքներից ազատ խաղալու, հորինելու, խաղալով պատմելու, (հավեսով) ապրելու սովորույթը… Թուր Կեծակին… Դավթի միտքն է, ուժը, Քուռկիկ Ջալալին՝ աշխարհն արարչական հանճարով նվաճելու, իր ժողովրդին այս վախի աշխարհից հանելու մոբիլ զորությունը…