Գիտեք, «շատ»-ը «լավ»-ի հետ ես ոչ միայն խուսափում եմ գործածելուց, այլև տիարի իմ իրավունքով հանում եմ այն ձեր խոսքից, երբ իմ ձեռքն եք ընկնում․․․ Սա այդ դեպքը չէ․ ուզում եք՝ շատ լավ լինի, լսե՛ք իմ շաբաթ օրվա ավարտի մասին պատմությունը․․․

Ինձնից խլված Երևանում անելիքս ավարտած՝ կրթահամալիրի Բանգլադեշի ու լանջերի-պուրակների թավուտ կանաչի նկատմամբ պարտքս կատարած, ես վճռական մտա Մեդիակենտրոն` թամբած, ինձ սպասող, ճամփորդության պատրաստ հեծանիվս «խոդի» տալու․․․ Սուսանի կողքին, նույն սենյակում, նույն ռեժիմում Սյուզիի ներկայությունը՝ անակնկալ, աշխատանքային-անաղմուկ, ինձ ռեստարտ հուշեց. սեբաստացու օրերի մեդիաուրբաթ-ցնծությունը կրթական կասկադում մեր Արևելքի, առաջիկա ուրբաթ, որպես տոնական ներկայացում-ինստալյացիա, ինձ զբաղեցնում է․․․ Երկա՜ր ենք պատրաստվել սրան ու հիմա մոտիկությունից՝ վճռական-խիզախ-ագահ։ Ամբողջական մի ներկայացում է սիրտս ուզում, մինչ այս չլսված-չտեսնված մի բան մեր Բանգլադեշում, աշխարհում․․․ Սյուզին կգաղտնազերծի մեր երեկվա մշակումները այսօր-էգուց, օր չի մնացել․․․ Հազա՜ր-հազա՜ր մարդ, որ պարերգ բռնեն, հազա՜ր-հազա՜ր մարդ, որ թմբուկ-ծնծղա զարկեն, հազար-հազար մարդ, որ փողեր փչեն, հազա՜ր-հազա՜ր մարդ, որ զմփիկ-զմփիկ զարինա կանչեն, հազա՜ր-հազա՜ր մարդ, որ գույներ ճոճեն․․․

«Իմ քաղաք, վստահի՛ր դու նրան, որ գիտի քեզ ընդերքդ մինչև…»
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Ո՜նց մինչ սիրուն Զանգի անցա հեծանվորդի իմ ճամփան՝ հիմա չեմ հիշում․ ժամադրության էի սլանում, սիրուհիս ինձ էր սպասում, տեղում էր, ու իմը ընթացք էր, չկար աջ ու ձախ, ոչ էլ ետ, իմը սլացք էր․․․

Սեբաստացու օրերին կարո՞ղ եք այնպես անել, որ ոտով, հեծանվով, խմբով, դասարանով, ապրեք այսպիսի սլացքով ձեր սիրուն Զանգվի հետ հանդիպումը, որ անցնեք-թափառեք Զանգվի կիրճով, որ կանգնեք դեմքով վարա՜ր-վարա՜ր գետին, որ հայացքով-օբյեկտիվով ֆիքսեք ամեն մի ծառ, պուրակ, քարափ, բարձունք, արահետ․․․ գույնե՜ր ու գույնե՜ր, Զանգվի քչքչոց ու խշշոց․․․ Ձայներ ու գույներ, պատկերներ Զանգվի, լինեք ինքներդ ձեզ հետ, ձեր սիրելիի, վերուվար անեք, աջ ու ձախ․․․ Կլինի լավ, շատ լավ, ու դուք կունենաք այդ ապրումը, որ ես ունեցա երեկ Զանգվի կիրճում, ոտքով գնաք, թե հեծանվով․․․ Ձեր հայտնագործությունները կունենաք, ձեզ մինչ այս անհայտ Զանգին։ Միայն արագ անցեք, կենցաղ-«ռուտինա» չբերեք Զանգու․ ինքներդ ձեզ հետ եղեք, ձեր տարերքով, ձեր մեջ եղած աշնան թափառումի ողջ ուժով, նոյեմբերին բնորոշ հազար գույնի ողջ կարոտով․․․

Զանգվի կիրճը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

Զանգի՛, սիրելիդ իմ Զանգի, շնորհակալ եմ, որ կաս, սպասում ես ինձ, ու ես գնալու տեղ ունեմ այս քաղաքից, որ ամեն օր, ամեն ժամ ինձնից ավելի հեռանում է։ Եվ ես պատրաստվում եմ դեպի Մարգարա հեծանվաերթին․․․ Մարգարայի կամրջով Արաքսն անցնեմ․․․ Սահմանն անցնելու օրեր են մեր դիմաց․խիզախե՛ք, բոլոր կարգի սեբաստացիներ․․․ «Եւ այլ որչափ միտք քո եւ քաջութին հասանիցեն. զի սահմանք քաջաց ասէ՝ զէնն իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի»։

Ջրափոսերում երկինքներ են, աշուն է․․․
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

#1206

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գոհություն՝ կյանքով-ուսումով-օրով… գրով…

Հիմա, երբ 9։30 միջին ու ավագ դպրոցի սովորողներին՝ Իվետա-Անահիտ-Սմբատ երրորդությամբ, ճանապարհել եմ Աշոցքի լեռնադահուկային, «Չաչանակներ»-ի Կարինե Գոմցյանի ու Շուշան Փաշինյանի լրատվական ապահովմամբ, 10։50՝ միջին դպրոցի՝ Ստելլա-Մենուայի Արատեսի խմբին, նախագծային պատրաստության ստուգմամբ, հասցրել

2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում

Նոր տարին իմ օրագրի համար սկսվում է Սուրբ Ծննդով. հիմա Սուրբ Ծննդյան արձակուրդ է իմ բլոգում, օրագրում։ Հիշեցնում եմ իմ հրավերը՝ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագից հետո Սուրբ Ծնունդը Մեդիակենտրոնում տոնելու։ Այդ

Ես եմ ստեղծում իմ հեքիաթը․․․

Թե հեքիաթն է մեզ կանչում… Բանգլադեշում, ամեն օր, հունվարյան ուսումնական ճամբարում՝ իմ որպես ճամբար գործող կրթահամալիրում, դպրոցում, ջոկատում, իմ ընտրած, ստուգատեսում, ճամփորդություններով-խաղերով-բաց-պարապմունքներով․․․ Ուռա՜․․․ ձյուդոյիստ Նարեկ Կարապետյանն էլ՝ 2020-ի պատերազմում տանկիստ