Դավթապատումը, ասել եմ, ամենահեշտ գրվող, ամենաանմեղ ու ամենասիրելի բաժինն է իմ բլոգապատումի, որքան հասկացա, նաև ամենակարդացվողը… Պիտի հասցնեմ միայն իմ ու Դավթի՝ տանը միասին անցկացրած ժամերին գրանցել Դավթի կանչերը, կոչերը, մտքերը… Այսպես, փորձենք  գրել-հավաքել այսօրվանը։

– Ապուշ ես ասում, Դավիթ, բայց դու խոստացար՝ էլ չգործածես այդ բառը…
– Հա, խոստացել եմ: Ապուշ չեմ ասում, հայրիկ, ապուշիկ եմ ասում…
– Բայց դու խոստացար հրաշք ասես ապուշի փոխարեն…
– Հա, ասում եմ հրաշք: Հրաշք-ապուշ եմ ասում…

Խաղում է մեքենաների հետ, հիմա էլ մի երկար շարքով շարել է իր բոլոր մեքենաները… Հաշվում է մի քանի անգամ: Իր արած գործն իրեն դուր է գալիս… Նայում է, նայում…
– Հայրիկ, տես…
– Ի՞նչ ես արել Դավիթ, ի՞նչ ես սարքել…
– Երկար, շատ երկար գնացք ոնց որ լինի… Էն երկաթգծի նման, որ մետրոյում տեսանք, որ թունելից էր գալիս…

Մեքենաների հետ խաղում է: Հանկարծ.
– Չէ, ախպերս, ճանապարհը քոնը չի (ենթադրում եմ՝ վարորդ Վահրամից է լսել)…

Հանկարծ մեծ սենյակից անհետացան բոլոր մեքենաները:
– Գետնի տակն անցա՞ն, Դավիթ, հարցնում եմ…
– Վախեցա՞ր, հայրիկ,- ծիծաղում է,- հա՞, վախեցար:
Ցույց է տալիս երկար ու ցածր պահարանը՝ հեռուստացույցի պատի երկայնքով… Քաշում եմ պահարանն առաջ՝ ետևում լցրած են իր բոլոր մեքենաներն ու խաղալիքները:
– Վախեցա՞ր, հա՞, հայրիկ, թող կորչեն գնան, ինձ հանգիստ թողնեն, մայրիկը մեղք է, ինչքա՜ն հավաքի…

Դավիթը լողացել է, ես փաթաթել եմ մեծ սրբիչի մեջ, բերել բազմոցին… Արմինեն ուշացնում է՝ շորերը հագցնի…
– Ախպոր տղեն մրսում է, շուտ արեք,- կանչում է Դավիթը…
Արմինեն էլի չկա…
– Դու տմարդի, վախկոտ ու նենգ,- կանչում է Դավիթը…

– Հայրիկ, տեսնենք՝ վերջը ո՞վ իմ մազերը կկտրի…

– Շուտ արեք, սոված եմ… Ձվածեղ արեք… Հետո՝ մսով, կարտոֆիլով ճաշ… բայց բորշ չէ… Չէ…, ապուշ չեմ ասում, ապուր եմ ասում…

Իմ խոստացած պատումը՝ 1990 թ. իշխանության եկած Հայոց համազգային շարժման մարդկանց վերագրվող սխալների մասին, ըստ ուղղությունների շարունակեմ… Անցած գրում ես խոսել եմ նոր պետության ու խորհրդանիշների ընտրության, դրանից առաջվա իմ գրում՝ սփյուռքահայ կադրերին պետական կառավարման ոլորտում ընդգրկելու մասին… ՀՀՇ-ին մեղադրում են իբր հին կադրերին՝ կոմունիստներին չօգտագործելու մեջ, անգործ թողնելու, միայն իրենց մարդկանց պաշտոններ տալու մեջ… Դժվար չէ ցույց տալը հակառակը… Գագիկ Հարությունյանը, որի վերջին պաշտոնը Խորհրդային Հայաստանում Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեում բաժնի վարիչն էր, 1990թ. դարձավ ՀՀ ԳԽ փոխնախագահ, հետո՝ 1991-ին՝ ՀՀ փոխնախագահ, 1992-93 թթ՝ վարչապետի պաշտոնակատար… Երախտահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտրոնական կոմիտեի առաջին  քարտուղարը, միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ։Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Խոսրով Հարությունյանը 1993 թ.-ին նշանակվեց ՀՀ վարչապետ… ՀԿԿ Գուգարքի շրջկոմի առաջին քարտուղար Վիգեն Խաչատրյանը՝ մարզպետ… Թվարկումը կարելի է շարունակել ու շարունակել… ՀՀՇ վարչության կազմում ևս ներկայացված էին Հայաստանի կոմունիաստական կուսակցությունում երևելի անձինք՝ «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Կարլեն (Կամո) Վարդանյանը, ՀՀԿՄարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի դիրեկտոր Հրաչիկ Սիմոնյանը… Հանրապետության Գերագույն խորհրդում 1990-95 թթ չկար թշնամական-անհաղորդ մոտեցում նոր և հին, կոմունիստ կադրերի միջև. հակառակը՝ հաճախ մարդկային նորմալ հարաբերությունները գերակա էին դառնում կուսակցական հարաբերություններում: Դրա փոխարեն, տեսեք՝ ինչ եղավ 1999թ. ԱԺ ընտրությունների ժամանակ. «Միասնություն դաշինքը»՝ ՀՀԿ ու Ժողովրդական կուսակցություն, ամբողջովին մաքրեց Ազգային ժողովը ՀՀՇ կադրերից, հետո նրանց դուրս թողեցին նաև գործադիր իշխանությունից… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի շռայլություն. 1990-98 թթ ինքնուսուցման, ուսուցման, քաղաքական պաշտոնավարության միջոցով առաջացան նոր սերնդի տասնյակ պատրաստի կադրեր՝ Էդուարդ Եգորյան, Կարապետ Ռուբինյան, Հրանտ Բագրատյան, Արա Սահակյան, Լևոն Իգիթյան, Արամ Մանուկյան… (այս շարքը կարելի է շարունակել ու շարունակել), պատրաստված պատգամավորական գործունեության համար, ու բոլորը, իբր ընտրություններով, իբր չառաջադրվելու հետևանքով, հայտնվեցին ավելորդի, մերժվածի, պարապի կարգավիճակում… Ռուբեն Գևորգյանը հաղթեց Էդուարդ Եգորյանին, Կարապետ Ռուբինյանին դուրս թողեց Հարություն Ղարագյոզյանը… Ի՞նչ իմաստ ունի շարունակելը… Ահա այսպիսի արհամարհական, անտեսված վերաբերմունք՝ շարժման կադրերի նկատմամբ…

Անընդհատ ուզում եմ խոսել-գրել-պատմել Հայաստանի այսօրվա քաղաքականության մասին ու… Ադրբեջանի պաշտպանության ռազմական ծախսերը 2015 թ. պետական բյուջեում կկազմեն մոտ 5 մլրդ դոլար, ավելին, քան, պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բոլոր մուտքերը… Ադրբեջանում, կարդացի, լայնածավալ վերսկսվել են նշանառուների հավաքագրման և ուսուցման աշխատանքները… Սրան ավելացրեք գործողությունը՝ զորավարժությունների ժամանակ հայաստանյան ուղղաթիռի ոչնչացումը… Լսենք հայկական կողմին՝ Հայաստանում և Արցախում… 1992-94 թթ հայ-ադրբեջանական ճակատում կռված կամ չկռված երկրապահը մատ թափ տալով հիշեցնում է, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք, որ ադրբեջանցիներն անհամաչափ պատասխան պիտի ստանան հայկական զինուժի կողմից, երրորդ՝ իրենք պատրաստ են առաջին կանչով մեկնել ճակատ՝ մինչև Բաքու մտնելը չկանգնելու պայմանով… Եթե թարգմանենք մի նախադասությամբ՝ ռուսները մեր կողմից են…

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Բայդենը վերջին՝ Ուկրաիա-Թուրքիա այցի ընթացքում Թուրքիայում Էրդողանի ներկայությամբ շեշտեց, որ Թուրքիան է Ամերիկայի հավատարիմ դաշնակիցը, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գազամուղը Եվրոպայի համար ունի նույն նշանակությունը, ինչ նավթամուղը… Սրան ո՞րն է մեր պատասխանը. որ Պուտինը, մեկ է, այսպես չի թողնի՞… Պատային դրություն ստեղծեցինք մեր հերոսականությամբ, զոհի բարդույթից ազատվելու մեր վճռականությամբ պատային վիճակում ենք հայտնվել. մենք քայլ չունենք… Պատ է, պատ… «Կպակասի մի լավ ճակատ»…

Ապագայի ու ներկայի կամուրջները խորտակված են կամ շարունակում են այրվել. կապն ենք կորցրել… Ապագայի ու ներկայի կապը… Հեռանկարը դադարել է անհատի ու հասարակության առաջադիմության պատվիրատու լինել. անպատվիրատու-իներցիոն ընթացքով կրթության հետ գործ ունենք նաև…

Գիտեք, որ մենք ապրում ենք Չայկովսկու փողոցում, և մեր բնակարանը նայում է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցին, որի տանիքին  իրենց այնքան լավ են զգում տատրակ-աղավնիները. երևի երաժշտությունից է։ Առավոտյան և երեկոյան Դավիթի հետ մենք հսկում ենք երաժշտական դպրոցի շենքը, ողջունում տարտրակներին։ Դավթի սիրած ստեղներն են երաժշտական դպրոցի մուտքի երկա՜ր աստիճանները, նա սիրում է դրանց վրա ոտքերով նվագել։ Եվ ահա հարևաններով հանդիպեցինք՝ այս անգամ Բանգլադեշում, համերգի ձևով։ Մեդիա կենտրոնում հերթական, խանդավառություն առաջացնող և մեծաքանակ հադիսատեսով համերգը կայացավ՝ որպեսՄերի ԱռաքելյանիՍվետա Ճաղարյանի ու ընկերների, Կարեն ԽաչատրյանիԼուիզա Քեշիշյանի…, ավագ դպրոցների ակումբների հաջողված ուսումնական նախագիծ… Կրթահամալիրի փոխտնօրեն Նառա Նիկողոսյանին սազում է այսպիսի համերգների, կամուրջների համակարգումը… Գրավում, հարազատ ու սպասելի է դառնում Բանգլադեշի նոր ու հայտնի համերգային դահլիճը. Լիլիթ Եդիգարյանի գործը՝ մեծաքանակ ժպտերես դպրոցականներով, լավ երգով, ու ճաշակով երգչախմբի ստեղծումը, հիացմունքի է արժանի. ինչ լավ է, որ մաեստրո Հարություն Թոփիկյանն այսպիսին է՝ խոսքով ու կարևոր ներկայությամբ ոգևորող ու ոգևորվող գործընկեր: Բռավո՜ Լիլիթ ու Սպենդիարյանի անվան երաժշտության դպրոց՝ իր մեծով-փոքրով, հատկապես, հոգատար ծնողներով… Իսկ համերգից հետո երկար ժամանակ մեր կենտրոնն իսկական ակումբի էր նման. «Տիեզերք» ակումբի աշխատող-անդամ Վահե Ղարիբյանն առավելագույն ջանքեր գործադրեց, որ երգող դպրոցականներն աստղացուցարանի տիեզերքում ճամփորդեն…

Լիլիթ Բլեյանի հետ օրեր առաջ խոսում էինք դեռահաս-պատանիների համար Երևանյան ակումբային միջավայրի՝ ոչ ֆորմալ կրթության-զարգացնող-մատչելի ժամանցի կազմակերպման բացակայության ու դրա անհրաժեշտության մասին… Պատանեկան երգչախմբերը, երաժշտական-գործիքային ամենատարբեր խմբերը, պատանեկան թատերական խմբերն այդպիսի ակումբային միջավայրի ներուժով լուծումներ են… Մենք միշտ շեշտել ենք մեր կրթահամալիրի ուսումնական ակումբների բաց՝ մայրաքաղաքային լինելու հանգամանքը, մեր դեպքում՝ բաց, այլոց ընդգրկմամբ գործելու անհրաժեշտությունը… Իմ սիրելի Մարգարիտ Սարգսյանի, մեր մշտարթուն Վիկա Մարկոսյանի հետ այսօր ոտքի վրա, բայց էական խոսակցություն ունեցանք… Ինչպե՞ս հայտնաբերել, հայտնի դարձնել այսպիսի ներուժով պատանեկան դրսևորումները քաղաքում, ինչպե՞ս ճանաչել ու ճանաչեցնել տալ, դառնալ կամուրջ ու հաղորդակցություն… Կդառնա՞ն այսպիսի ջանքերն ուսումնական նախագծեր: Վստահ եղեք իմ համակողմանի աջակցության վրա…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրկնակի ազատման խորհուրդ

Ուղևորություն, որ չի ավարտվում, նորամուտներ սկսվող… Ես, իմ երեկվա օրը՝ սրանց արանքում, ու իմ գիրը՝ թվով 1148-րդը, սկսեց գրվել երեկ երեկոյան, Տաթև աղջկաս ուղարկած այս տեսանյութով… Սպասված, ամեն օր, քանի՞

Կյանքի ներդաշնակությո՞ւն եք փնտրում, համեցե՛ք…

Յոգայի գուրու Ար Սանտեմայի կողմից կազմվել են կյանքի ներդաշնակությունն ապահովող կանոնները՝ 12 բնական օրենքների տեսքով։ Այնքա՜ն պարզ, որ յոգայից հազար կիլոմետր հեռու ձեր տիարին էլ է ընդունելի, ու իմ նոր

Կոնկրետ ու փոքր քայլերով առաջ գնալու մեր ժամանակի մասին է իմ գիրը

Հիմա ես կարդում եմ Մարիա Մոնտեսորիի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում» աշխատությունը՝ մեր Գևորգ Հակոբյանի թարգմանությամբ մեր «Դպիր» ամսագրում, մեր mskh.am-ում։ Ահա ինչպիսի գործուն-սոցիալական-կրթական-մշակութային բաց համակարգ է մեր mskh.am-ը, հեղինակային կրթական