Ինձ հարցնում են՝ ինչպես ես կքվեարկեի «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին»պայմանագրին, եթե լինեի Ազգային ժողովում: Օրագրի հարգելի ընթերցողը խնդրել է կարճ պատասխան՝ կողմ կամ դեմ:
Իհարկե, դեմ կքվերակեի: Իմ քաղաքական հայացքներով և 1990-95 թթ պատգամավորական գործունեությամբ դեմ եմ եղել Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պաշտպանությունը Ռուսաստանին հանձնելուն, Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղադրմանը, ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպություն) անդամ լինելուն… Այսօր էլ, երբ վավերացված պայմանագրով Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանում տեղակայված է Ռուսաստանի թիվ 102 ռազմաբազան, երբ, նույնպես միջպետական պայմանագրով, Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի պաշտպանությունն իրականացնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը, ես անընդունելի եմ համարում արտաքին քաղաքականության մասով ինքնիշխանության զիջումը որևէ երկրի, իսկ տնտեսական անվտանգության առումով՝ ինքնիշխանության զիջումը Ռուսաստանին՝ ԵՏՄ անդամ դառնալով: Չի կարելի Ադրբեջանի հետ մեր չկարգավորված վեճի միջնորդ դատավոր կամ ռազմական անվտանգության երաշխավոր դարձնել Ռուսաստանին, չի կարելի այսպես անհույս աղքատացնել երկիրը՝ դատարկելով այն մարդուց, բնակչից, քաղաքացուց: Այս միության անդամակցությամբ, ասել, կրկնել, կրկնում եմ՝ մենք այրում ենք կամուրջները ներկայի (իր բոլոր դժվարություններով հանդերձ) և ապագայի միջև. սրանով մենք մեզ դատապարտում-հարկադրում ենք ապրել առանց հույսի-հեռանկարի: Ե՞րբ եմ ասել, 1992-ի՞ն, անապահով հողը հայրենիք լինել չի կարող: Այս շրջանում Ռուսաստանի հետ այսպիսի միության մեջ չէր կարելի լինել. սրանով մենք, ուզում ենք թե չենք ուզում, մենք կրում ենք Արևմուտք-Ռուսաստան տնտեսական-քաղաքական-ռազմական հակամարտության բոլոր հետևանքները՝ ոչինչ չշահելով: Ավելին եմ ասել, ասում՝ պետք է պահպանել հետևողական չեզոքություն, ինչպես Ադրբեջանը, որ չմտավ ԵՏՄ, չստորագրեց Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագիրը: Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակն ու միջպետական պայմանագրային բազան տնտեսական քաղաքականության համար անհրաժեշտ ու բավարար էր: Այսօրվա, երեկվա, վերջին շրջանի իմ ընկճված, անվստահ վիճակը միայն այս անհատույց կապիտուլյացիայով է պայմանավորված։ Անկախությունը բացարձակ արժեք հայտարարած և 1991թ. հանրաքվեով Հայաստանի ինքնիշխան հանրապետությունը գլխավոր ձեռքբերում համարած հին ու նոր քաղաքական ուժերն ու գործիչները՝ իշխանական, ոչ իշխանական թե ընդդիմադիր խորհրդարանական ուժերը ներկայացնող պատգամավորները, պատրաստ են ձեռաց, որպես անայլընտրանք մի վիճակ, օտարել իրենց քաղաքական պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության համար։ Եվ դեռ հիմնավորում են, խոսում, պարտադրում լսել… Տեսեք՝ ուր հասանք…
Շնորհակալ եմ, որ լսեցիք: Սա ընդունեք որպես ՀՀ հիմնադիր քաղաքացի Աշոտ Բլեյանի հայտարարություն և տարածեք:
Տարածաշրջանի ամենամեծ դդումը, որ Արտեմ Խաչատրյանի նվերն է, արդեն 3-րդ օրը մեր մենյուի հիմնական բաղադրիչն է։
Հիմնական դպրոցի հինգ տարեկանները՝ նոյեմբերիկները հիմա էլ փայտիկով են գրում-կարդում՝ խմբասենյակում, կանաչ գորգիկի վրա… Տեսարան է, նայեք: Հոկտեմբերին հինգ տարեկանները գրում-կարդում էին ծովի ավազի վրա՝այսպես… Անհամբեր սպասում եմ, Տաթևիկ Մելքոնյան ջան, տիկին Աիդայի խոստացած ու հայտարարած կրթահամալիրի 122 հինգ տարեկանների դեկտեմբերի 4-ի ամենամյա՝ թվով 3-րդ հավաքին… Ուրախության, տոնի, ոգևորվածության մեծ բաժին եմ ակնկալում ստանալ… չեմ թաքցնում…
Այսօր Արմենիա TV-ի «Հատման կետ» հաղորդմանը գնալուց առաջ իմ աշխատասենյակի հարևանությամբ գործող կանաչ հեռուստատաղավարը նորից գերեց… Արտիստական եռուզեռի մեջ էր 4-5-րդ դասարանցիների այս խումբը. Սուսան Ամուջանյանն ու Անի Սարգսյանն իրենց տարերքի մեջ էին… Ինչ «որսագող» է մեր Զառան. այս րոպեներն ինձ առողջացնող հաբեր դարձան… Կայանում են և՛ «Սեբաստացի» TV-ն, և´ ռադիոն, քանզի անցնում ենք ավետարանային նեղ դռնով… Իսկ իմ օրվա մասին՝ անցկացված «Արմենիա TV»-ի տաղավարում, կխոսեմ վաղվա-մեկէլ օրվա գրում, հաղորդումը նայեք, հետո…
Ի՜նչ լավ է, որ մեր մեջ, մեզ հետ ապրում է Նարե Ղալամքարյան անուն ազգանունով այս արմանք-զարմանքը, մեկ բառով՝ արմաղան Նարեն… այսքա՜ն նրբիկ ու այսքան ուժեղ-շիտակ… Կարդացի «Հեռու ինձնից, Միկի» գիրը Նարեի. ի՜նչ էլ վերնագիր է գտել, ու մեխվեցի բազկաթոռին համակարգչի… Նարե ջան, էս մեր մեծերն ինչո՞ւ են այսքան դաժան իրենց երեխաների նկատմամբ՝ գլուխ չեմ հանում. մարդ էլ սեփական երեխային փող տա, տանի այդ ժխորի, սպանդի, անիրավ աշխարհը, որ մանկական սրճարան ու չգիտեմ՝ ինչ է կոչվո՞ւմ… Ու դեռ անունն էլ զվարճանք են դնում, երեխաներ են ուզում… Ա՜յ, խեղդվեք դուք, որ կուլ եք գնում կամ կուլ տալիս… Այսպիսի մի «օյին» էլ իմ գլխին, Նարե ջան, Հասմիկ Նալբանդյանը սարքեց երեկ Երևանի կամերային թատրոնում… Մամա ջան, մեկ ժամ ինձ սպանում էին, մորթում-սղոցում… Ընդմիջումը փրկություն էր՝ փախա, էն փախչելն էր… Վա՜յ, Հասո աղջիկ…
Միշտ ուզել եմ, ուզել ենք, չէ՞, որպես ուսումնական կենտրոն իսկական, գործող մանկական սրճարան ունենալ… Օր ծերության բացելու եմ, մատուցող-խաղավար աշխատեմ… Շնորհակալ եմ, սիրելի Նարե… Գոնե ծնողներիդ չափ երեխաներ ունենաս, լսեցի՞ր՝ չորսից ոչ պակաս…
Մայր դպրոցում ամենօրյա ընդհանուր պարապմունքների խառնակչություն էպոպեային ուշադիր հետևում եմ. բաց չեմ թողնում ոչ մի տող՝ ուսուցչի-սովորողի գրած… Էս ի՞նչ եղավ ձեր համարձակությունն ու ինքնուրույնությունը, բարձր ու հատո՛ւ խոսեք, որ լսվի, տեղ հասնի… Այսօրվա ուրբաթն էլ թող անցնի՝ իր կեսօրյա պարապմունքով և 15.15-ի համերգով, 16.15-ի ծնողական հանդիպումով, դիմացը շաբաթ-կիրակի է՝ համաժողով արեք՝ հասկանանք, էսպես չի մնա…
Աշուն է, օ, շուն իմ… Կրթահամալիրի վարդաստանում էլ…
Շարքը՝ Մարիետ Սիմոնյանի
Իմ օրվա գրի Դավթապատումը մնաց… Ես դրա մասերն օրվա ընթացքում եմ հավաքել, հիմա դրա դիզայնն անեմ արագ, ինչպես Դավիթը, որ մայրիկի մի քանի ժամ դասավորած պահարանի ողջ պարունակությունը մի քանի րոպեում կրեց բերեց հյուրասենյակ… Ու Արմինեի դեմքի սարսափը տեսնեիք.
– Վա՜յ, Դավիթ, այս ինչ արեցիր, մեղք եմ, չէ՞…
– Խցանում է, էլի, Սասունցի ապուշ Դավիթն արեց…
Ես, որ փռթկոցս մի կերպ պահած, տեսարանով հիանում եմ աննկատ ու մտածում, թե ինչպես ֆիքսեմ տեսարանն օրագրի համար, «անմեղ» հարցնում եմ.
-Դավիթ, էս խցանումը, որ դու ես սարքել, ո՞նց ես բացելու…
Ու Դավիթը բացեց խցանումն էլի շատ արագ… ոտքերով. սկսեց տշել սենյակով մեկ խցանում-կույտի մեքենաները, տուփերը, տոպրակները…
Նոր խճանկար մեր մեծ սենյակում…
Լավ է՝ Վահրամենք եկան. խոստացել են մեր բացակայությամբ կտրել Դավթի մազերը…
– Հայրիկ, արի այս ապուշ երգն անջատի՝ չլսեմ. ես սրա հավեսը չունեմ…
– Դավիթ, ումի՞ց ես սովորել էս բոլոր չարությունները…
– Մսրա Մելիքից, «Ну погоди»-ի գայլից, Արմենից (սիրելի մորաքրոջ երրորդ դասարանցի տղան է):
– Պապ, ես գնում եմ, գրկում եմ իմ մեծ խմբի ընկերներին, սիրում եմ, հետո… ծեծում եմ…
– Արմեն… Արմենակ… կարող ա ծեծ ուտես…
– Տեսա՞ր, ես ինքնուրույն թեյը տաք թեյնիկից լցրեցի բաժակի մեջ, չվնասեցի ինձ, չթափեցի, տեսա՞ր, հայրիկ, ինչ մեծ եմ…
Դավիթն առավոտյան 8.00-ի մոտ լողավազանում է. երկար վայելում է ջուրը, խաղում, իր մեքենաներից մի քանիսը լողացնում… Ազատեցի ավազանն ամեն ինչից… Գլուխկոնծի տվեց ջրի մեջ… Տեսարան…