Տեսեք՝ այսքան տարեկան դարձավ իմ թոռնուհի Արևիկը՝ Դավթի երկու ձեռքերի մատների քանակով՝ տասը տարեկան։

Իսկ Արևիկը, ինչպես բլոգում հայտարարել է՝ «Ես պոետ եմ»... Կարդանք միասին։

Վախ
Խորը գիշեր էր, մտածում էր՝
Ինչ է  ահը։
Լսվում էր մի ձայն՝
Թըխկթըխկթըխկ

Մեր Միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանը եթե տեսներ, թե ինչ ուրախություն պարգևեցին Արևիկին դպրոցի կայքում տեղադրված իր բանաստեղծությունները, նկարը…

Դավթի հետ Արևիկին այցելելը Դավթի համար կրկնակի տոնական էր դարձրել կիրակին։ Առաջ մենք դա անում էինք մեքենայով, հիմա անցանք այդ ճանապարհը նախ՝ ոտքով։ Օղակաձև այգում, անձրևից հետո նոյեմբերյան սիրելի աշուն էր… Քայլեցինք: Ափսո՜ս, որ մեր սրտակեր-երկարամազ հերոսը ցերեկը չի քնել և առույգության, մարդկային կայտառության ներարկման կարիք ունի, իսկ դա կարող են անել իր քույրեր-եղբայրները՝ անմիջական շփմամբ… Հետո՝ նստեցինք մետրո-գնացքը. Դավիթը չի դադարում մետրոյով հրճվելուց։ Բոլորը լսում էին, թե ինչպես է Դավիթը ներկայացնում մետրոն… Մարդիկ դադարել են զարմանալուց. լավ չէ, լավ չէ… Մետրոյի «Գործարանային» կայարանից մենք որոշեցինք տրոլեյբուսով շարունակել ճանապարհը. քաղաքը՝ մեծ պատուհաններից… հետո՝ նորից ոտքով…

Արևիկին Դավիթը շշեր է նվեր տարել՝ լիքը, դատարկ… իսկ վերադարձավ կարմիր ավտոմեքենայով։ «Ի՞նչ նվիրենք քեզ» հարցին մեր տղան մի պատասխան ունի՝ մեքենա, հետո՝ հեծանիվ… Ճանապարհին Էդիտան մեզ համոզում էր, որ հրաժարվենք մեր վերգետնյայից. բա ինչի՞ համար է մեքենան։ Այսպիսին է մեր Էդիտան. միշտ շտապում է։ Ո՞ւր ես շտապում, քույր իմ, երբ քեզ հետ են քո արմանք-զարմանք սեբաստացիներ Գոռն ու Սերժը (որոշեք՝ ով է արմանքը, ով՝ զարմանքը)։ Ես ու Դավիթն անշտապ-կարևոր բարձրանում ենք վերգետնյայի աստիճաններով։ Նրան ուժ տալու համար մղում եմ թվարկելու հավաքի մասնակիցների անունները… Դավիթը թվարկում է.
– Ես, դու, Գոռը, Սերժը տղաներ ենք, Տաթևը, Լիլիթը, Կարինեն, Էդիտան, Սոնան, Նազոն, Սուսանը, Արևիկը՝ աղջիկներ…
Ինձ սիրելի մարդկանց անունները գլորվում են… Ստացվեց… Հետո էլ թե.
– Տանն էլ մեզ սպասում է Արմինե անունով աղջիկ…

Տուն մտանք, ու Դավիթը՝ ձեռքին կարմիր ավտո, մոտեցավ հյուրասենյակում իր թողած «մեքենայակույտին» ու… դադար. մտածում է, դրեց կարմիրը մի տեղում.
– Իմ ավտոծաղիկը տեսե՞լ ես, հայրիկ…
– Ոչ… Ես գիտեմ՝ մեքենաների կույտ է…

Մի՛ շտապեք, երբ երեխաների հետ եք։ Մենք շտապում ենք ու փչացնում «գյոզալ» մանկավարժությունը։ Սրատես լինենք. պիտի կարողանանք կույտը ծաղկից զանազանել…

Կրթահամալիրի դպրոցները հնգօրյա շաբաթով են գործում արդեն 25 տարի՝ կրթահամալիրի հիմնադրումից սկսած: Սրանով մենք շեշտել ենք մեր կրթության պատվիրատուին, սովորողի-սանի դերը, շաբաթ-կիրակին ընտանիքում անցկացնելու կարևորությունը՝ դպրոցում տարածք ազատելով լրացուցիչ կրթության և ինքնուսուցման համար, ինչպես նաև բոլոր մանկավարժական աշխատողների հնգօրյա աշխատանքային շաբաթի իրավունքի հարգումը: Արմինեի օրինակով գիտեմ, թե որքա՜ն կարևոր է շաբաթ օրը, երբ ինքնուրույն ես այն տնօրինում…

Շաբաթ օրերը ես տրամադրում եմ կրթահամալիրի շահագործման ծառայություններին. մեծ տնտեսություն է, գործեր կան, որ պիտի արվեն շաբաթ օրը, երբ շենքերը ուսուցումից ազատ են…
Հարկ կլինի երաժշտության ուսումնական կենտրոնը շաբաթ օրերին ջեռուցել… Խնդիր է. ինչպե՞ս…
Մայր դպրոցի հարթ տանիքը մասնակի նորոգումներով չես փրկի. 2015-ի առաջնահերթություն է պարտեզ-տանիքի կառուցումը՝ Գեղարվեստի «Տանիք» ուսումնական նախագծի փորձի հաշվառմամբ:
Վերջապես սկսեցինք պակասող անհատական պահարանների կառուցումը. Միջին դպրոցի և Ավագ դպրոց վարժարանի սովորողների պահանջը պատվեր դարձավ:

Շաբաթը-կիրակին հնարավորություն է նաև ծավալուն ուսումնական նյութերը կարդալու, տեսանյութերը դիտելու համար: Շաբաթ օրերը ես աշխատում եմ ավելի շատ հեռանկարի՝ հաջորդ տարվա և զարգացման միջնաժամկետ ծրագրերի վրա… Ինչպես այսօր՝ անհատական հադիպումներ, զրույցներ, այցելություններ դպրոցներ՝ առօրյայից ազատ խնդիրներ քննարկելու: Շաբաթ-կիրակիներով դու ավելի շատ ես պատկանում քո հարազատներին… Ինձ որ մնա, ես շաբաթ-կիրակին, տոն օրերն ամբողջությամբ կնվիրեմ երկօրյա-եռօրյա ճամփորդություններին… Հանգստյան օրը (օրերը) բուն նշանակությամբ անցկացնելուն աշխատանքն ու հարազատները խոչընդոտ են՝ անհաղթահարելի ինձ համար…

Արևիկ թոռնուհիս պայծառ տրամադրության մեջ էր. ինչպես ինքը սեղանի միակ բաժակաճառում ասաց, ցանկանում է նման տրամադրություն՝ մեր բոլորիս ծննդյան օրը: Արևիկը, Տաթևիկ մայրիկի ուղեկցությամբ, կիրակի ցերեկն իր ընկերուհիների մի խմբի հետ անցկացրել է «Երևան» մոլի զվարճանքներում, իսկ երեկոյան բարձր տրամադրությամբ ընդունեց մեզ: Արևիկն իր բլոգից մեզ համար կարդաց սեփական հինգ բանաստեղծություններ… Ի՞նչ ավելի լավ նվեր կարող էինք ստանալ ես, Կարինե տատիկը… Դավիթ քեռին, Էդիտ, Սուսան, Լիլիթ մորաքույրերը, Սերժ ու Գոռ եղբայրները, Նազենի կրտսերը… Մենք համակ ուշադրությամբ, երկու-երեք անգամ լսեցինք Արևիկի կատարումները, իսկ ես տուն վերադառնալուն պես վերընթերցեցի մի քանի անգամ ամենը, ինչ Արևիկը տեղադրել է իր բլոգում…

Դավիթը, ինչպես միշտ, շրջապատված քույրիկների և հարազատների անսահման ուշադրությամբ, միանգամից կռվում էր մի փնջի հետ՝ Տաթևի, Լիլիթի և Կարինեի, կամ Սոնայի, Նազենիի և Արևիկի…
– Ես տղա եմ, ես ուժեղ եմ, մեծ եմ…

Դե, Սերժն ու Գոռն էլ, որպես եղբայրական համերաշխության նշան, չեզոքություն էին պահպանում, նույնն է թե՝ խրախուսում…

Կիրակի ցերեկը ես, Դավիթն ու Արմինեն մեծ ժամանակ հատկացրինք Անուշ Աթայանի, Օլյա Մանդալյանի Գեղարվեստի կրտսեր դպրոցի հինգ տարեկանների՝ մեդիայում գործունեության ուսումնասիրությանը: Ես խոստացել եմ ու սիրով կատարում եմ խոստումս՝ անհատական ծանոթություն, խորացում խմբի, դասարանի, ակումբի գործունեության մեջ: Առիթ դարձավ mskh.am-ի 1-ի էջի նյութը. Դավիթը տեղում մեխված նայեց մինչև վերջ. յոթ րոպե 18 վրկ. տևողությամբ տեսանյութի ընթացքում ես պատասխանեցի Դավթի տասնյակի չափ հարցերին…

Հիմա՝ առտու ժամը 06.00-ին, ես մեղադրում եմ ինձ իմ ծուլության համար. պետք էր գրանցել իրական շահառուի այսպիսի սպոնտան արձագանքները… Հետո ես որոշեցի նայել խմբի «Youtube» էջի բոլոր 20 տեսանյութերը՝ սկսած սեպտեմբերի 4-ի լողուսուցման ճիչից-ցնծությունից … Ավելի լավ նվեր, որքան էլ թողարկման օրը պատահական համընկներ իմ ծննդյան օրվա հետ, դժվար է մտածել: Այս կիրակի ու երկուշաբթի առտու դիտած տեսանյութերի համար, իմ կրկնակի սիրելի, հմայիչ, միշտ զվարթ ու կոկիկ Օլյա, Անուշիկ՝ կեցցեք: Կրկնակի եմ ասում, քանզի Օլյան և Անուշիկը մեր Ավագ դպրոցի ու Գեղարվեստի, Քոլեջի մեր շրջանավարներն են. լավ է, երբ սեբաստացի շրջանավարտներն արդարացի, բաց մրցակցության պայմաններում դառնում են մեր գործընկերները՝ գործում-ստեղծում-տարածում են մեր մանկավարժությունը, որպես սեբաստացի ուսուցիչներ:

Արմինե Թոփչյանը՝ կրտսեր դպրոցի ղեկավարը, ղեկավարում է կրթական ծրագիր, որը ոչ միայն յուրացրել է՝ իրենն է, այլև, հինգ տարեկանների օրինակով, տեսեք՝ ինչպես է գործածում «փոքր քայլերի արվեստը» ծրագրի մշակման, կազմակերպման ու տարածման ուղղություններով… Ես չեմ սիրել որևէ ձևով հակադրվելն իմ աղջիկներին, ես ուզեցի, որ այս անգամ մենք ուրախանանք Գեղարվեստի հինգ տարեկաններով… Արմինե, Աիդա, «Կլոր սեղանի» շուրջ ստեղծեք մանկավարժական խոսակցություն, շարունակեք…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորեցնում ենք վատ դպրոց քանդել, լավ դպրոց սարքել

Դավիթ Բլեյանն ու իր ընկերները՝ արդեն վեց տարեկան, 2016-ի մայիսից, երբ ուսուցիչ Մարինե Մարտիրոսյանը թվով 25 և ավելի հինգ տարեկաններին հավաքեց իր դասարանում, այս՝ հեղինակային գործն են սովորեցնում ընկեր Մարինեին…

Երանի˜ ինձ այսպիսի շաբաթի համար․․․

Ես նկատի ունեմ և՛ ողջ շաբաթը, և՛ հենց շաբաթ օրը․․․Ոչինչ  չեմ չափազանցնում, հավելագրում. օրագրի ընթերցողի աչքի առաջ, սեբաստացի մեծ ու պստիկի հետ է իմ օրը ողջ… Հուլիսյան արևն ինձ սնուցում է,

Բազում իրականություններ (տիեզերքներ) միաժամանա՞կ… արդյոք հնարավո՞ր է

Օրեր շարունակ մեր իրականության մեջ փնտրում եմ Կամենդատյան Միքայելին… Քույրիկին գտա՝ Լիդիային, հարցնում եմ՝ ո՞ւր է կորել, ուրիշ իրականությո՞ւն է տեղափոխվել… Ախր 2015-2016-ին օրն առանց Միքայելի՞, այն էլ՝ մի քանի