— Ա՜խ, էս ի՜նչ համով է, մարդիկ,- Լիլիթ Ազիզխանյանի նվիրած տուփից վերջին կոնֆետն ուտելով՝ բացականչում է Դավիթ Բլեյանը…

– Հեռուստացույցով մուլտ նայեմ, չի բարկանա հայրիկը, համակարգչով նայեմ՝ կբարկանա՞…,- հարցնում է մայրիկին։

– Պապա, տես ոնց եմ շունիկի պես ականջս քորում… Մամա, շունիկի պես քայլում եմ: Դարպասները փակեցի,- շրխկացնում է գրապահարանի դռները…

Դավիթը զգուշանում է ննջարանի պատի ժամացույցից, նրա թխկթխկոցից:
– Մայրիկ, մի վախեցի ժամացույցից, ապուշը լավն ա:
– Հա, բալես,- սիրում է ասել Արմինեն:
Դավիթը՝ զայրացած-պահանջկոտ.
– Չէ, դու մի՛ ասա ինձ այդպես, «հա, բալես» մի՛ ասա…

– Պապա, էս մոմ-մեքենաները էն սև դարակից պատահմամբ գտա… Ուրախացի, տես:

– Պապա, դու կեր, ոչինչ՝ ինչ ա եղել… Պապա, դու տեղով համբալ ես:

– Մայրիկ, ուզո՞ւմ ես այս ծաղիկից հոտ քաշեմ, նկարես…

– Հայրիկ, ժամը քանի՞սն է,- բարձր հարցնում է:
– Ժամը 10-ն է ուղիղ:
– Վա՜յ, ուղիղ ժամը 10-ն է, ո՞վ է գալիս քնելու: Մայրիկ, դու գալի՞ս ես:

Սևակի խոսքերն ե՞ն. «Պարտականության ու սիրո միջև այդ ես եմ տնկված ուղեփակոցի գերանի նման»…  Այսպիսի վիճակում էի երեկվանից. պարտականությունս էր մասնակցել Բնության համաշխարհային հիմնադրամի՝ նոյեմբերի 19-ի մեկօրյա ներկայացուցչական այցելությանը Սպիտակ-Վանաձոր, որի ընթացքում հիմնադրամը ցուցադրեց անտառի վերականգնման ծրագրերով կատարված աշխատանքները։ Իմ սերը Երևանում, Մեդիա կենտրոնում «Կադանս» խմբի համերգ-ներկայացմանն էր, որին չէի լսել ու շատ-շատ էի ուզում լսել:

Տնօրենի պարտականությունը իմ պաշտոնավարման երկրորդ ժամկետում (2012թ. փետրվարի 1-2017 թ. փետրվարի 1) կատարում եմ մի ուրիշ բարեխղճությամբ: Մարթա Ասատրյանի՝ մեր ավելի ու ավելի ինքնավստահ, մասնագիտական միջավայրում հանրաճանաչ դարձող էկոակումբների  ղեկավարի հետ օրվա վերջում, վերադարձին ամփոփեցինք օրվա արդյունքները։ Արձանագրեցինք՝ մեր մասնակցությունը տեղին էր, սպասված. ներկայացանք հիմնադրամի գերմանական ներկայացուցչությանը, ծրագիրը ֆինանսավորող Եվրոմիության ներկայացուցչին, միջազգային այլ ոչ կառավարական կազմակերպությունների, մեծ թվով լրագրողների, ծանոթացանք անտառի գծով մասնագետների և «Հայանտառի» ղեկավարների հետ…

«Կադանս»-ի ելույթն իրադարձություն է դարձել կրթահամալիրում. Նառա Նիկողոսյանի, Սուսան Մարկոսյանի, Կարեն Խաչատրյանի և «Կադանս»-ի հայտնի պրոդյուսեր Նիկ Բաբայանի ձայներն այնքա՜ն զիլ էին, ոգևորված… Կարևոր է, որ հայտնի երաժիշտները և պրոդյուսերը լսել են «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի, երաժշտական լաբորատորիայի, ավագ դպրոցի երգչախմբի կատարումները… Կեցցե համերգ-նախագծի կազմակերպիչ «Երաժշտական լաբորատորիան»՝ իր ընդունակ, մարդամոտ ղեկավարով։ Ահա այս ճանապարհով մեր Մեդիա կենտրոնը որպես համերգային դահլիճ ճանաչում է գտնում Երևանի հայտնի երաժիշտների շրջանում: Մեր խոստումը՝ կարճ ժամանակում ստեղծել մշակութային-ակումբային կենտրոն, հեռու չէ իրականությունից. գործող կենտրոն է՝ Անի Սարգսյանի և Մարինե Մկրտչյանի ֆոտո ցուցադրություններով, ակումբի առաջիկա հավաքով, երեկվա նշանավոր համերգով, Առնոլդ Միքայելյանի շախմատի մեծացող ակումբով, աստղացուցարանով, կինո-ֆոտո տաղավարով ու մոնտաժի սրահով…

Ընթերցողը հարցնում է՝ ի՞նչ խոսքեր եմ ասել Գեղարվեստի դպրոցի հինգ տարեկաններին, որ ափսեները բոլորի պլպլացել են հայելու պես… Մոգական, իհարկե, նայելով դրանց գործած արդյունքին. Արմինե Թոփչյանը շշմելու հնար է կիրառել՝ խոստանալով ու նկարելով ամեն մի հինգ տարեկանին՝ իր կերած-պլպլացրած ափսեի հետ: Նախ՝ ես կերա հինգ տարեկանների հետ ոսպի-բրնձի՝ իմ սիրած ու համեղ պատրաստված փլավը… Կերա մինչև վերջին հատիկը, հացով մաքրեցի հատակն ափսեի, ցույց տվեցի հինգ տարեկաններին: Հիմա մոտենում եմ այսպիսի ափսեով խոհարար Նունեին. պետք է՞ ասել՝ շատ համեղ էր կամ համեղ էր, երբ պլպլան ափսեն այդ մասին ճչում է, թե՞ միանգամից շնորհակալություն: Թե՞ շնորհակալությունն էլ կա այս ճչացող ափսեի մեջ… Հիմա մեր հինգ տարեկանն է մոտենում կիսատ կերած ափսեով և… ի՞նչ է ասում. ես առաջարկեցի, որ խոհարար Նունեն ընտրի…
– Շնորհակալ եմ, որ թույլատրում եք համեղ փլավը փչացնե՞լ…
Կամ.
-Շնորհակալություն, տիկին Նունե:
– Ինչի՞ համար:
– Որ վատ փլավ եք եփել, ես չեմ կերել…

Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների առանձին ներկայացուցիչներ իմ երեկվա այցն օգտագործեցին՝ իմ միջոցով կրթահամալիրն ավելի լավ ճանաչելու համար։ Օրը երկար էր, եղանակն ու միջավայրը՝ տրամադրող, ես, իհարկե, պատրաստակամ. երիտասարդ, գործ ունեցող, կրթված մարդկանց հետ հետաքրքիր է: Փորձեմ կոնցեպտի բերել իմ խոսքը: Ինչո՞ւ են գյուղական դպրոցները միայն որպես պասիվ իրազեկվողներ ընդգրկվում անտառավերականգնման, անտառի ձևափոխման (որակի բարելավման), նոր անտառների տնկման այսպիսի կրթական-ուսուցողական իրական բովանդակությամբ ծրագրերում: Ինչո՞ւ առանձին այսպիսի ծրագրեր չի կարելի հենց գյուղական դպրոցի հետ անել, անտառատնկման-ստեղծման ծրագիրն ինչո՞ւ չդառնա գյուղական դպրոցի վերակազմակերպման իրական պատվիրատու-կազմակերպիչ…

Անորոշ իրավիճակ է՝ ոչ տեսանելի հեռանկարով ու լուծումներով՝ ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում, Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում… Ահա, այսպիսի անորոշության մեջ, տեսեք, մեր կյանքն է ընթանում. ամենաարժեքավոր կենսական հմտություն է դառնում այսպիսի անորոշության մեջ իրացվել-հարմարվել-տեղավորվելը… Ինչպե՞ս իմանալ, կամ ո՞վ գիտի, թե ասենք, հինգ տարի հետո ինչպիսի մասնագիտություններ են դառնալու ակտուալ-պահանջվող մեզանում… Փորձենք նայել այս հարցադրմանն այսօրվա 12-16 տարեկանների աչքերով, որպես նաև հանրակրթության խնդիր. հենց սրան՝ անորոշության մեջ ապրել-գործելուն պիտի սովորեցնել (պատրաստել) մեր սովորողներին։ Երեք հմտություն մշտապես պետք կգան սովորողին իր այս կյանքում՝

  • անծանոթից չվախենալով՝ հաղորդակցության, շփման մեջ մտնելը.
  • խիզախության հասնող նախաձեռնողականությունը՝ նոր բանը փորձելու անընդհատ մղումը.
  • և իհարկե, հույսը, վստահությունն օրվա, կյանքի հանդեպ, ինքնավստահությունը:

Նշվածին հակառակ՝ դեպրեսիան, սպասենք-տեսնենքը, մեկուսացումը, փոփոխություններից փախչելը, անիծելը… Կարծեմ ռուս գործող հոգեբանի հոդվածում եմ կարդացել այսպիսի ձևակերպում՝ սովորել այսպիսի (անորոշ, անկայուն, անկանխատեսելի) իրականության մեջ՝ նշանակում է սովորել քո կյանքին մոտենալ որպես էքսպերիմենտի: Ասել է թե՝ ամեն մի անհաջող, չստացված, ձախողված քայլի մեջ ողբերգություն չտեսնել, այլ բնական-պարտադրված մի ճանապարհ, որով անցնում է էքսպերիմենտատորը (սովորողն ու իր ծնողը, ուսուցիչը)՝ շարունակելով ընտրել նոր տարբերակներ, փորձարկել նորը, մինչև կգտնվի ճիշտ (մարդուն բավարարող) լուծումը… Նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաները պետք է դիտել ոչ թե որպես մեկուսացնող չարագործներ, թվային աշխարհը՝ մեկուսացման տարածք, հակառակը, որպես լիարժեք կոմունիկացիայի, գործընկերության, կրթության մատչելիության և անհատականացման հարմար գործիքներ՝ ամենատարբեր խնդիրներ լուծելու՝ կյանքում, դպրոցում, որպես ուսուցում… Եվ մեծերիս, ընտանիքի, դպրոցի գլխավոր աջակցությունն է խրախուսել-սատարելը՝ այդ ճանապարհին բնական-սպասված անհաջողություն-ձախողումները ողբերգության, նահանջի պատրվակ չդարձնելով:

Մեզ այս վիճակից հանելու են հաջողակները, նախ և առաջ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրավունքով օրհնության ամենաթափանց զորությամբ

Ավագ հարս Ռոզալիայի օրհնությամբ է Բլեյան Շամխալի մեծ ընտանիքի կյանքը 1961-ից, երբ մեծ-անմոռաց հարսանիքով մտավ մեր տուն… կեսրար-կեսուրով, տալ-տեգրերով, ադե տատով, շեն-հետաքրքիր-բարդ օջախ… Օրհնելով մեզ՝ մի ողջ կյանք ապրեցիր մեզ

Հետաքրքրե՞ց ձեզ: Իմ գործը կյանքում էլ, օրագրում էլ հենց սա է…

— Հնդկաստանում ո՞ր կենդանիներն են ապրում, հայրիկ… — Փղեր, շա՜տ փղեր… — Էլ ո՞ր կենդանիները… — Էլի ու էլի փղեր… — Բա հնդկահավե՞րը, պապ… Իբր դանդաղ է հասունանում մեր տղան.

Ես կհորինեմ քեզ․․․ Դու կլինես իմ ստեղծածը, թվով 1498-րդ գի՛ր, պատում․․․

Հետո հասկացա Մելինե Մարտիրոսյանի նման, որ ես հորինել չգիտեմ․․․ ինքնագլոր է, ինքնախոս-ինքնահոս. սկսում ես, ու մի սահմանափակում կա՝ ծավալը, որ երկարատև մի ժամանակի, չորս և ավելի տարվա պայմանավորվածություն է․․․ Բանջարաբոստանայինով